ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ Ա. Բ. Լվով քաղաքի պատմությունը ներկայացնող https://photo-lviv.in.ua կայքէջում հոկտեմբերի 19-ին լույս է տեսել Յուրի Յամաշի «Լվովի բեմական դպրոցը. որտեղի՞ց սկսվեց ամեն ինչ» հոդվածը (ուկրաիներեն): Հեղինակն օրինակ է բերել «հայ համայնքը, որի ներկայացուցիչները եղել են Գալիցիայի թագավորի կանանց մեջ: Հայ թատրոնն ունի իր թատերական պատմությունըՙ ավելի քան երկու հազար տարվա վաղեմությամբ: Հայաստանում ամֆիթատրոններ կառուցվել են ավելի վաղ, քան Հին Հռոմում: Երբ հայերը հայտնվեցին Լվովում, այս հնագույն ավանդույթները վերացած չէին, ինչի մասին վկայում են տարեգրությունները: Ժողովրդական ծեսերի հետ կապված թատերական մշակույթը եղել է նախկինում: Բայց առաջին քայլը դեպի պրոֆեսիոնալ թատրոն, դեպի թատրոնՙ որպես հաստատություն (եւ այս քայլը կարեւոր է Ուկրաինայի ողջ մշակութային ժառանգության համար) կապված է Լվովում 16-17-րդ դարերում բազմաթիվ դպրոցական թատրոնների գոյության հետ»: Յուրի Յամաշը չի նշել, սակայն հայտնի է, որ 17-րդ դարում Լվովի հայ կաթոլիկ դպրոցում է դրվել հայ նոր թատրոնի հիմքերը. այստեղ 1668 թվականին բեմադրվել եւ ներկայացվել է «Մարտիրոսութիւն սրբոյն Հռիփսիմէի» հայերեն չափածո ողբերգությունը, որը հայոց լեզվով գրել էր նույն դպրոցի ազգությամբ ֆրանսիացի տնօրեն, հայերենագետ, մանկավարժ, գրող Ալոյիսիոս (Լուի Մարի) Պիդուն : |