RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 29-10-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-10-28 23:46:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 795, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ «ԹԱՆԳԱՐԱՆԻ ԶԻՆՎՈՐԸ»

ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, Արվեստաբան

Վախճանվեց Շահեն Խաչատրյանըՙ հայ արվեստաբանության եւ արվեստի քննադատության վերջին մոհիկանը:

«Թանգարանի զինվոր»: Այսպես է կոչել նրան Սարյանը, այսպես է Շահենը խորագրել իր գիրքը, որի էջերում պատմում է իր ամենեւին էլ ոչ թեթեւ կյանքի մասին:

Շահենի ընտանիքը հայրենադարձվել է 1946 թվականին եւ այստեղՙ Հայաստանում նա ճաշակել է այս կյանքի լեղին, նրան դաժանորեն ծեծել են Չարենց արտասանելու եւ «Կիլիկիա» երգելու համար:

Շահենի հայրական ընտանիքը ազնիվ ու պարկեշտ ընտանիք էր. քարգործ-վարպետ հայրը իր հացը վաստակում էր իր արհեստով: Այդպիսի աշխատավոր էր նաեւ Շահենը իր ողջ գիտակցական կյանքում:

Երկար տարիներ նա եղել է նորաստեղծ Սարյան թանգարանի տնօրենը:

«Խնդրում եմ Շահենին նշանակել թանգարանի տնօրեն...»,- գրել է Վարպետը մշակույթի նախարարին: Եվ չի սխալվել: Շահենը բառացիորեն իր ողջ օրը, իր քսանչորս ժամը, ցերեկ թե գիշեր, անց էր կացնում թանգարանում, աշխատելով ոչ թե պարտավորվածությամբ, այլ խղճի մտոք: Թանգարանի կայացումը երկար ու ծանր ընթացք է, եւ Շահենը լիովին նվիրվեց այդ գործին, ծառայելով մեծ Վարպետին ու նրա արվեստին:

Բավարար չափով տիրապետելով ռուսերենին, Շահենը ընդունվեց Լենինգրադի գեղարվեստի ակադեմիանՙ դառնալով իսկական պրոֆեսիոնալ: Նրան զարմանալիորեն հաջողվում էր համադրել գրասեղանային-գրասենյակային աշխատանքը թանգարանային եւ ցուցահանդեսային գործնական գործունեությունը: Նա կազմակերպում էր ցուցահանդեսներ եւ ցուցադրություններ, գրում էր անհաշիվ հոդվածներ, դասախոսություններ էր կարդում, հրատարակում էր գրքեր եւ ալբոմներ:

Շահենը արվեստում ուներ իր նախընտրությունները եւ համակրանքները: Ամենից առաջ դրանք Մարտիրոս Սարյանը, Այվազովսկին, Մինասը, Հակոբ Հակոբյանն էին եւ սփյուռքահայ նկարիչները: Թե քանիսին է նա հանել անհայտությունից, քանիսին է գտել ու հայտնաբերել, նրանց որքան գործերն է բերել Հայաստան, դժվար է հաշվել ու ասել: Հայաստանի ազգային պատկերասրահը նա հարստացրել է չորս հարյուր գործով, որոնցից շատերը հայ արվեստի գլուխգործոցներ են:

Շահենը չէր խորշում ոչ մի աշխատանքից: Ե՛վ պատկերասրահում, ե՛ւ Մարտիրոս Սարյան թանգարանում, նաՙ հիմնարկի տնօրենը, բարձրանում էր բարձր աստիճանին եւ նկարներ էր կախում, շրջանակներ էր նորոգում եւ, եթե դա պետք էր, առնում էր ներկարարի թիակն ու վրձինը: Այդպիսի մարդ էր: Բարեհոգի էր, բարեկիրթ եւ օրինավոր: Կարող էր եւ սխալվել,- արվեստաբաններից ո՞վ չի սխալվել, բայց նրան մեղադրում էին, ինչքան կարող էին: Ընդ որում, մեղադրում էին մարդիկ, որոնք արվեստում իրենցից ոչինչ չէին ներկայացնում: Շահենը վաղուց մոռացել էր նրանց, ներել էր:

2004 թվականից հետո, երբ Շահենը հարկարդաբար,- այդպես էր պահանջել իշխանությունը,- թողեց պատկերասրահում իր աշխատանքը «..... իր ...... Կաթողիկոսի հրավերով զբաղվեց Մայր աթոռում «Խրիմյան» թանգարանի կազմակերպումով: Նրան հաջողվեց ժամանակակից հայ նկարիչների, այդ թվումՙ սփյուռքահայ նկարիչների մեծ թվով գործեր հավաքել: Դրանք հիմնականում նվերներ էին:

Շահենը, ինչպես ոչ ոք, կարողանում էր համոզել նկարիչներին կամ նրանց ժառանգներին նկարներ նվիրել հարազատ երկրին: Նրա ամեն այցը արտասահման,- նախանձներն ու չարախոսները շատ էին,- ավարտվում էր մեր թանգարաններին տրված նոր նվերներով: Իհարկե, նախ եւ առաջ Ազգային պատկերասրահին: Եվ, իհարկե, անշահախնդրորեն:

Եվ այդպես էլ ընկերություն եւ բարեկամություն էր անում: Նվիրվում էր անմնացորդ ձեւով, փոխարենը ոչինչ չպահանջելով ու չակնկալելով:

Շահենի հեռացումով մի անլցելի անդունդ գոյացավ: Արվեստի այդպիսի ջատագով մեր մշակույթի մեջ մեզ պատկերվող ապագայում չի էլ լինելու: Կմնան իր գրքերը, կմնան այն թանգարանները, որտեղ նա աշխատել է, կմնա իր բարեշնորհ հուշը:

Գնաս բարով, Շահեն, հալեպցի բարի հա՛յ մարդ:

Հ.Գ.- Մի անգամ Շահենն ասաց, որ ինքը ապրելու է 87 տարի: Այդպես էլ եղավ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 29-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ