RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 29-10-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-10-28 23:46:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 966, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՍՏԾՈ ՍԻՐԵԼԻՆ ԵՎ ՍԱՐՅԱՆԻ ԸՆՏՐՅԱԼԸ

ՀՐԱԶԴԱՆ ԹՈՔՄԱՋՅԱՆ

Անմնացորդ այրվող մարդը

Պարտված ապրելը աստիճանաբար դարձավ սովորական: Պարտված ոչ միայն թշնամուց, այլեւ համավարակից: Պարտվածՙ մեր օրերում անցյալի ու ներկայի անպտուղ բախումից ու ապագայի անորոշությունից: Պարտվածՙ անցած օրերը ջերմությամբ ու ուրախությամբ լցրած մարդկանց կորստով:

Շահեն Խաչատրյանը իր սերնդի ամենահայտնի հայերից մեկն էր: Իր արվեստագետ ընկերների ստեղծած «լեգենդի» անբաժանելի մի մասնիկը: Մեր կերպարվեստում մի հաղթական շրջան կա, որին մի շարք հրաշալի նկարիչների ու քանդակագործների, արվեստաբանների կողքին իր կարեւոր մասնակցությունն է բերել Շահենը: Այն Շահենը, որը դեռեւս պատանի, հայրենադարձվել էր Սիրիայից ու հայտնվել Խորհրդային Հայաստանում:

Նվաղուն ձայնով տասնամյակներ շարունակ ազգային մշակույթը գովերգող, ամեն տեղ հասնող եւ իր ներկայությամբ գոտեպնդող Շահենը նմանը չուներ: Գործին նվիրված, կենսասեր, եռանդուն հայի իսկական օրինակ: Մեր` ուսանողներիս համար նրա խոսքն ու գաղափարները ամբողջությամբ ներդաշնակ էին իր ռոմանտիկ մարդկային կերպարի հետ: Նրա խոսքը համոզիչ էր ու վարակիչ:

Տարիներ անց Շահենի առաջարկով ես աշխատանքի մեկնեցի Սիրիա` իր ծննդավայր Հալեպ քաղաքը: Այլ խոսքով ասած` կյանքիս ամենամեծ փոփոխությունը կապված է իր հետ: Այժմ, երբ սիրելի Շահենը մեզ հետ չէ, սրտի ցավով, ափսոսանքով, ջերմությամբ ու կարոտով եմ հիշում իր բազմաթիվ այցելությունները Սիրիա: Նրա մարդկային հմայքը կախարդում, ճանապարհ էր բացում յուրաքանչյուր նոր գաղափարի համար: Անթիվ-անհամար դասախոսությունները, շնորհանդեսները, հրատարակությունները, ցուցահանդեսները իմաստավորում էին մեր ծանրաքայլ առօրյան:

Չգիտեմ` արվեստաբանության մեջ կա՞ ուրիշ մեկը, որ այդքան մեծ ներդրում ունենա սփյուռքահայության` սեփական մշակույթի հետ կապը ամրապնդելու գործում: Բազմաթիվ կազմակերպությունների, անհատների առաջարկ-խնդրանքների ոչ մի մերժում չեմ հիշում: Չէր մերժում ոչ ոքի: Գրեթե միշտ մոռանալով Ազգային պատկերասրահի եւ Սարյան թանգարանի տնօրենի լրջագույն հանգամանքը` ընդառաջ էր գնում բոլորին: Մարդկանց հետ հարաբերվելու մի զարմանալի ազատություն (անզգուշություն) ուներ:

Մենք արվեստաբաններին հաճախ արժեւորում ենք իրենց ակադեմիական աշխատություններով, սակայն, կարծում եմ, նվազ տաղանդ պետք չէ ժողովրդի հետ հմտորեն աշխատելու համար: Քանի՜-քանի՜ խանդավառ դահլիճներ է տեսել Շահենը: Իր խոսքի ուժով քանի՜-քանի՜ անտարբեր սրտեր են վառվել արվեստի հրով: Քանի՜-քանի՜ կյանք տեսած, ամեն ինչից ձանձրացած ունկնդիրներ են վառվող աչքերով մոտեցել դասախոսությունը ավարտած Շահենին: Այն, ինչի մասին հաճույքով հիշում եւ գրում եմ, չի վերաբերում միայն Հալեպին, Դամասկոսին, Բեյրութին: Նրան սպասում էին Կանադայից Ֆրանսիա, Միացյալ Նահանգներից Ռուսաստան եւ այլուր: Նրա եռանդն անսպառ էր: Իր սրտին խոսող որեւէ գաղափարի համար օվկիանոսներ ու մայրցամաքներ անցնելը` սովորական բան:

Վերջին գոնե երեսուն տարիներին Շահեն Խաչատրյանը եղել է իմ ընտանիքին հարազատ, ամենասիրելի մարդկանցից մեկը: Այդ պատճառով հասու ենք եղել ոչ միայն նրա ուրախություններին ու հաջողություններին, այլեւ ցավերին ու դառնություններին: Նա Հալեպ գալիս էր ոչ միայն որպես պետության ներկայացուցիչ` միջպետական ծրագրերով ու այլազան կազմակերպությունների հրավերով: Երբեմն գալիս էր մենակ, երբեմն` ընկերների խմբով: Ամեն անգամ նախեւառաջ նա գալիս էր իր ծննդավայրը: Աշխարհի ցավերից ու դավերից հեռու (այն ժամանակ) իր «սկիզբը»: Աստծո ողորմածությամբ շեն ու առատ այս քաղաքը մի լուսավոր կետ էր իր համար:

Հիմա չեմ հիշում` քանի անգամ, բայց յուրաքանչյուր այցի ժամանակ, երբ Նոր Գյուղում` մարաշցիների ակումբի մոտ, իջնում էինք մեքենայից, մի քանի քայլ ետ գնալով ցույց էր տալիս այն տեղը, ուր եղել է իր հայրական տունը: Սա փոքրիկ ծեսի պես մի բան էր դարձել: Ես էլ, ինքն էլ լավ հիշում էինք տան տեղը: Բայց միասին մի քանի րոպե պետք է կանգնեինք փողոցում եւ հետո հաստատեինք, որ այստեղ է եղել տարագրության օրերին վարպետ Գեւորգի շինած տունը: Ինձ թվում է` Հալեպը Շահենի մանկության «պաղ աղբյուրն» էր, որտեղից խմած ու եռանդ ստացած հեռանում էր:

Մարդկանց լավ գործերը եւս մոռացվում են, երբեմն` շատ արագ: Առավել եւս մոռացվում են պայմանները, որոնցում գործել են մեզ նախորդող սերունդները: Քարի վրա քար դնելու համար պետք էր ապրել ստալինյան ռեժիմը, խորհրդային կարգերը, նորանկախ Հայաստանի դժվարությունները:

Մեր տուն վերջին այցելություններին Շահենը արդեն վատառողջ էր, շատ չէր խոսում: Մի անգամ գրպանից հանեց նոր տպված հայկական քսանհազարանոց թղթադրամը, որի վրա Հովհաննես Այվազովսկու նկարն էր... Այո՛, փոխվել էին ժամանակները: Տարիներ առաջ ո՞վ կմտածեր, որ հայերը դրամ կտպեն` այն էլ` Այվազովսկու նկարով: Չգիտեմ` հիշվելո՞ւ է Շահենի` տասնամյակներ շարունակ տարած աշխատանքը Այվազովսկու հայկական ինքնության հաստատման եւ տարածման գործում:

Այսօր, երբ հրաժեշտի պահն է, սիրելի Շահենի մասին մտածում եմ հետեւյալը. իր նորաստեղծ թանգարանը Սարյանը վստահել էր Շահենին: Նրան ընտրել էր մեծն Սարյանը: Նա Սարյանի ընտրյալն էր: Իսկ այն, ինչ կապված է Սարյանի հետ, իր մեջ անպայման խորհուրդ ունի: Եթե կարելի է այդպես ասել, ինքը «ձեռնադրվել» էր մեծ Վարպետ Սարյանի կողմից:

Երկրորդ բանը, որ մտածում եմ իր մասին, այն է, որ Շահենը որոշակի ներքին զգացողություն, պայծառատեսություն ունեցող, Աստծո սիրելի մարդ էր: Իր հախուռն կյանքին հակառակ` քայլ առ քայլ, աստիճանաբար հեռացավ մեզանից: Թերեւս չզգաց ո՛չ մեր հայրենիքի ծանր վիճակը եւ ոչ իսկ իր մոտալուտ վախճանը:

Վերջին տարիներին Չարենցից մի քառյակ էր շուրթերին: Երբեմն հուսահատ օրերին կրկնում էր քթի տակ, երբեմն սեղանի շուրջ, բաժակը ձեռքին, որպես կենաց, ամենայն ապրվածությամբ արտասանում էր.

Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,

Կյանքը դարձավ անմխիթար

զառանցանք,

- Մենք կժպտանք, գո~հ կժպտանք

մեռնելիս,

Որ երազում երազեցինք ու անցանք»:

Դու էլ, սիրելի Շահեն, ամբողջ հոգով վառվեցիր, երազեցիր ու անցար...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 29-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ