ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՐԵԿՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՌՈՒԲԵՆ ՓԱՇԻՆՅԱՆ Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ստեղծագործական երեկո` նվիրված հայտնի կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի 75 -ամյակին: Տոնական համերգին մասնակցեցին Հայաստանի պետական կամերային նվագախումբը Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի փայտա-փողային կվինտետը, « Նաիրյան »վոկալ անսամբլը, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարներ Մագդա Մկրտչյանը , Ալինա Փահլեւանյանը , ինչպես նաեւ միջազգային փառատոների եւ մրցույթների դափնեկիրներՙ թավջութակահար Արամ Թալալյանը , շեփորահար Դանիել Մելքոնյանը , ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանը , ջութակահար Անի Խաչունցը , բարիտոն Արտակ Ստեփանյանը , դաշնակահարներ Լիլիթ Արտեմյանը , Լեւոն Ջավադյանը , Անահիտ Դիլբարյանը եւ Լիլիթ Զաքարյանը : Կատարվեցին կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունները, ներկայացվեցին նաեւ նոր ստեղծագործություններ: Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը , Հայաստանի հայկական երաժշտական համաժողովի նախագահ, կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանը : Երեկոյին ներկա էին մշակույթի, արվեստի, գիտության հայտնի գործիչներ, հոգեւորականներ, հասարակության ներկայացուցիչներ: Կոնստանտին Պետրոսյանի հեղինակային համերգը, անկասկած, նշանակալի իրադարձություն է դարձել Հայաստանի երաժշտական կյանքում: Կոմպոզիտորների միությունը հրատարակել է հատուկ հանդես նվիրված կոմպոզիտորին: Հիշեցնենք, որ Կոնստանտին Պետրոսյանն արդեն մի քանի տարի է, ինչ ապրում ու աշխատում է ԱՄՆ -ում, մեծ աշխատանք կատարելով ի նպաստ հայ արվեստի զարգացմանը եւ տարածմանը: Նա ակտիվորեն մասնակցում եւ օգնում է Կոմպոզիտորների միության եւ Հայաստանի երաժշտական ասամբլեայի նախագծերին: Նա Բոստոնում գործող «Երեւան» հայտնի երգչախմբի եւ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է, ելույթներ է ունեցել ՄԱԿ -ում, Կարնեգի Հոլում, Լինքոլն կենտրոնի համերգներում: 80-ականների կեսերին նա մեծ համբավ ձեռք բերեց որպես գործիքային, վոկալ եւ կամերային ստեղծագործությունների հեղինակ: Կոնստանտին Պետրոսյանը հեղինակն է աշխարհում միակ Կոնցերտի ձայնի եւ ջազ նվագախմբի համար: Նա նաեւ բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է, այդ թվում ՙ սիմֆոնիկ, երգչախմբային, կամերային, գործիքային, վոկալ, որոնցից շատերը հրատարակվել ու կատարվել են աշխարհի տարբեր երկրներում: Հայ մշակույթի զարգացման գործում ունեցած բացառիկ ավանդի համար Կ. Պետրոսյանը պարգեւատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ եւ Մեսրոպ» շքանշանով, Կոմիտասի անվան մրցանակով: Նա նաեւ ճանաչվել է Ռոդ Այլենդ նահանգի տարվա մարդը: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտը տպագրել է կոմպոզիտորի կյանքի եւ ստեղծագործության մասին մենագրություն: Մեզ հետ զրույցում Կոնստանտին Պետրոսյանն ընդգծեց, որ առանձնահատուկ պատիվ ու պատասխանատվություն է իր երաժշտությունը, հատկապես նոր ստեղծագործությունների պրեմիերաները ներկայացնել Հայաստանում: Կոմպոզիտորը ունի ստեղծագործական մեծ ծրագրեր: Մաղթում ենք նրան քաջառողջություն եւ նորանոր նվաճումներ: |