RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 29-10-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-10-28 23:46:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 750, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇԱՔԵ ՄԱԿԱՐՅԱՆ. ՕՊԵՐԱ, ԴԱՇՆԱՄՈՒՐ ԵՎ ԻԿԵԲԱՆԱՙ ԻՐԱՆՈՒՄ

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Իրանական օպերային արվեստի եւ դասական երաժշտության պատմության մեջ իր տեղն ունի երգչուհի (լիրիկական սոպրանո) եւ դաշնակահարուհի Շաքե Մակարյանը: Ծնվել է 1931 թվականին, Իրանի Քերման քաղաքում, դուստրն է հայ համայնքի գործիչ, Իրանի առաջին արհեստավարժ դիմահարդարուհի Արաքս Մակարյանի (1907-2010): Թեհրանի բարձրագույն երաժշտական դպրոցում ստանալով դաշնակահարի մասնագիտությունՙ 1951 թվականին մեկնել է Իտալիա, ուսանել Հռոմի Սանտա Չեչիլիա կոնսերվատորիայի դաշնամուրի եւ վոկալի բաժիններում: 1957-ին վերադառնալով Իրանՙ Շաքե Մակարյանը դասավանդել է դաշնամուր, որպես երգչուհի հանդես եկել Թեհրանի տարբեր դահլիճներում եւ հեռատեսիլով, գործուն կերպով մասնակցել համայնքի միջոցառումներին: 1971-ին ավարտել է «Թեհրան» համալսարանի երաժշտագիտության բաժինը: 1973-1978 թթ. եղել է Թեհրանի «Ռուդաքի» համերգասրահի օպերային երգչուհի, մասնակցել մոտ տաս ներկայացումների: Նաեւ պարբերաբար վերադարձել է Իտալիաՙ կատարելագործվելու եւ երգելու: Ելույթներ է ունեցել Իտալիայում, Հունաստանում եւ ԱՄՆ-ումՙ կատարելով օպերային արիաներ եւ հայկական երգեր: Շուրջ 35 տարի Թեհրանում ուսուցանել է դասական վոկալ եւ դաշնամուր:

Իմ հանդիպումը տեղի ունեցավ երգչուհու եւ նրա քրոջՙ դաշնակահարուհի Ռուզաննա Մակարյան-Հովհաննիսյանի երեւանյան բնակարանում:

- Սիրելի՛ տիկին Շաքե, ես մեծ հաճույքով կարդացի ձեր մոր հուշագրությունըՙ «Մոխրացած հուշերը», հրատարակված 1998-ին, Բոստոնում: Այն մեծապես հանձնարարելի գիրք է հայ Սփյուռքով ու իրանահայոց պատմությամբ հետաքրքրվողների համար:

- Մայրսՙ Արաքս Մակարյանը, այդ գիրքը գրել է 82-83 տարեկանում, հիշողությամբ է գրել, առանց նոթեր ունենալու: Նա ապրեց 103 տարի եւ վեց ամիս: Այն բանի համար չեմ ասում, որ նա մայրս էր, բայց իրականում նա շատ փայլուն անձնավորություն էր, շատ ուժեղ, գիտեր լեզուներ, հաճախել էր հայկական եւ ֆրանսիական դպրոցներ, մշտապես մասնակցել գեղարվեստական եւ ազգային ձեռնարկների: Հորս մահից հետո նա մենակ գնաց Փարիզ, սովորեց դիմահարդարում եւ Իրանում Փարիզի մասշտաբով դիմահարդարման սալոն բացեց: Առհասարակ, մեր ընտանիքում քիչ չեն եղել ազգային եւ մշակութային գործիչները: Հայրական պապս 19-րդ դարի վերջին Ագուլիսից գաղթել է Պարսկաստան ու հիմնել երկրի երկրորդ հայալեզու թերթըՙ «Աստղ արեւելյան» անունով: Թեհրանի հայ համայնքի կյանքում իր հանրային ու մշակութային գործունեությամբ հայտնի է եղել նաեւ Սաթենիկ Ասրյանը ՙ մեծ մորաքույրս:

- Ինչպե՞ս կբնութագրեք օպերային երգչուհի լինելն Իրանում:

- Սարսափելի դժվար էր: Թատերական սովորական ինտրիգներն անպակաս էին, բայց օպերային բեմն արտակարգ տեղ է, որի վրա մոռանում ես բոլոր այդ դժվարությունները :

- Իսկ հանրությունն ի՞նչ աչքով էր նայում երգչուհիներին:

- Նայած ի՛նչ դասակարգի էին, կախում ուներ մարդկանց մակարդակից: Հայերն ավելի շատ էին հետաքրքրված արվեստով, հարգում էին, պարսիկների մեջ էլ այդպիսիք բավականաչափ կային:

- Ձեզ չե՞ն առաջարկել փոխել ձեր ազգանունը:

- Ո՛չ, միգուցե այն պատճառով, որ համաշխարհային համբավ չեմ ունեցել: Օրինակ, թագավորի քրոջ ամուսինը, որն Իրանի կրթության նախարար էր, Լորիս Ճգնավորյանին առաջարկել է միայն Լորիս անունը գործածել: Այդուհանդերձ, մամուլի մեջ իմ մասին գրելիս առանձնապես չեն շեշտել իմ հայ լինելը, բայց անհրաժեշտության դեպքում հիշել են:

- Այն թվականներին ընդունվա՞ծ էր, որ իրանցիները դասական արվեստի կրթության մեկնեն Եվրոպա:

- Այո, շատերն էին գնում: Ես նախապես Իտալիա գնացիՙ քրոջս հետ դաշնակահարության մեջ խորանալու, բայց այնտեղ ձայնս հայտնաբերվեց, ու ես սկսեցի հաճախել վոկալի դասերի: Բախտ եմ ունեցել բեմ բարձրանալ իտալական օպերայի ճանաչված երգիչների հետ: Մի անգամ իմացա, որ իտալացի նշանավոր բարիտոն Ջուզեպպե Տադդեին հանդես է գալու Պուչչինիի «Ջանի Սկիկկի» օպերայում, խնդրեցի, որ փոքր դերերգերից մեկն ինձ տան: Զարմացան, որ նման փոքր դեր եմ խնդրում. ասացիՙ այո՛, Տադդեիի հետ բեմ բարձրանալն ինձ համար պատիվ է, ուզում եմ սովորել նրանից:

Սանտա Չեչիլիա կոնսերվատորիայում ուսանելուց բացիՙ հաճախել եմ Սիենա քաղաքի ամառային երաժշտական ակադեմիան, նաեւ մասնակցել եմ Տոսկանայի Բարգա քաղաքի միջազգային փառատոնին, որտեղ մեկ ամիս պատրաստվում էինք ելույթներին: Առաջին ներկայացումը, որին գլխավոր դերերգով մասնակցեցի, Բենջամին Բրիթենի «Եկեք օպերա ստեղծենք» օպերայի բեմադրությունն էր: Փառատոնի վերջին օրը մասնակիցներով գնացինք Բարգայի եկեղեցինՙ հոգեւոր երգեր երգելու: Այնտեղ մի շատ հին, լարից ընկած կլավեսին կար, ամենը սկսեցին Հայդն ու Բախ երգել: Ու քանի որ շատ վատ ակուստիկ էր, ես էլ նվագակցող չունեի, ասացի, որ հայ եկեղեցական երգեր կերգեմ: Նրանք շատ ուրախացան: Ես սկսեցի պտտվել դատարկ եկեղեցումՙ տեսնելու ո՛ր մասի ակուստիկն է լավ ու մեր պատարագի երգերը սկսեցի երգել: Այդ քաղաքում մեզ ճանաչում էին որպես օտարերկրացիներ եւ կուրսերի մասնակիցներ, ուստիեւ հաջորդ օրն ինձ ասում էինՙ ձեր պարսկական հոգեւոր երգերն ի՜նչ հետաքրքրական էին: Ստիպված բոլորին բացատրում էի, որ պարսիկները մահմեդական են, իմ երգածները հայկական են:

- Ձեր մոր հուշագրքից իմացա, որ Հռոմում հանդիպել եք Արամ Խաչատրյանին:

- 1960-ականներին Արամ Խաչատրյանը մի շատ հրաշալի համերգ ունեցավ Վատիկանի գլխավոր համերգասրահում: Շատ զարմանալի էր տեսնել, որ Իտալիայի տարբեր քաղաքների հայությունը եկել էր այդ համերգին: Հայերս հավաքվեցինք մի սրճարանումՙ Խաչատրյանի հետ հանդիպման, ինձ ասացին, որ ապահովության համար նոտաներս վերցնեմ: Եվ երգելու առիթ եղավ, կատարեցի Կոմիտասի «Գարուն ա» երգը, իսկ Նինա Մակարովանՙ Խաչատրյանի կինը, նվագակցեց ինձ: Խաչատրյանն ինձ հարցեցՙ ո՞րտեղ ես սովորել երգել: «Նախ Իրանում, հետոՙ Հռոմում»,- պատասխանեցի: «Մի՞թե Իրանում դուք կոնսերվատորիա ունեք»,- զարմացավ Խաչատրյանը: «Ունե՛նք»: «Մի՞թե համերգասրահ, սիմֆոնիկ նվագախումբ ունեք»,- նորից հարցրեց Խաչատրյանը: «Ունենք, մեզ մոտ ձեր դաշնամուրի կոնցերտը նվագել է Րաֆֆի Պետրոսյանը , Ռուբեն Գրիգորյանն էլ ղեկավարել է: Բայց, ներողություն, վարպե՛տ, ինչո՞ւ եք զարմանում»: Արամ Խաչատրյանն ասաց. «Մոսկվայում մի անգամ հանդիպել եմ Իրանի շահի մի գեներալի հետ, որն ինձ ասացՙ ափսոս, մենք համերգասրահ ու նվագախումբ չունենք, այլապես ձեզ կհրավիրեինք: Հիմա ես չգիտեմ ո՞ւմ հավատամ»: Ես էլ ասացի. «Կապ ունի քաղաքականության հետ»: Այդ խոսքիս վրա Արամ Խաչատրյանն ասաց. «Գնա տե՛ղդ նստի, ա՛խչի» (ծիծաղում է):

- Իսկապես, հիմա էլ շատերը դժվարությամբ են հավատում, որ անցած դարի կեսին Թեհրանն ունեցել է եվրոպական դասական արվեստի կենտրոններ: Իրանի օպերայի թատրոնի պատմությունը գրվե՞լ է:

- Կասկածում եմ: Շատ քչերի մոտ է ինչ-որ բան պահպանվել, քանի որ իսլամական հեղափոխությունից հետո մեր ձայնագրությունները, լուսանկարները ոչնչացրին: Հիմա որոշ երիտասադներ հետաքրքրվում են, դռնեդուռ ընկած սկսել են ներկայացումների աֆիշներ, ծրագրեր եւ նկարներ հավաքել: Երեւի թանգարանի պես մի բան են ուզում ստեղծել: Ի դեպ, տարբեր ժամանակներում Իրանի օպերայում երգել են Մարիցա Սանոսյանը , Հակինթ Վարդանյանը , Հիլա Ղարախանյանը , Ալենուշ Մելքոնյանը , Սարգիս Ղուկասյանը , Ռուբեն Աղաբեկյանը ՙ հորաքրոջս որդին, Վահե Ադամյանը : Իսկ առհասարակ գրելու շատ հետաքրքրական բաներ կան: Թեհրանի «Ռուդաքի» համերգասրահում օպերաներ են ներկայացվել ինչպես բնագրերի լեզվովՙ իտալերեն, չեխերեն, այնպես էլ երբեմնՙ պարսկերեն թարգմանությամբ: Ի դեպ, Սմետանայիՙ չեխերենով ներկայացված «Վաճառված հարսնացուն» օպերայում էլ կատարել եմ իմ ամենասիրած դերը: Երբեմն Իրանի հեռատեսիլը նկարահանում էր օպերային բեմադրություններ, օրինակՙ «Մադամ Բաթերֆլայը», որտեղ ես կատարել եմ Սուձուկիի դերը: Պարսիկ երգահաններն էլ գրել են օպերաներ, Դավիդ անունով մի ավստրիացի գրել էր պարսկերեն մի օպերա:

Ամենակարեւոր բանն այն էր, որ «Թեհրան» համալսարանում երաժշտագիտության գծով իմ թեզը ես պարսկերեն գրեցի Կոմիտասի մասին: Առաջին անգամ էր, որ այդ լեզվով թեզ գրվեց Կոմիտասի մասին: Առանձին գրքով հրատարակվեց մի 10-15 տարի առաջ. օրինակներ բերել եմ Երեւան, հանձնել եմ կոնսերվատորիայի գրադարանին, որպեսզի օգտվեն պարսիկ ուսանողները:

- 1978-ից հետո միայն դաշնամուր դասավանդեցիք...

- Այո, չնայած համայնքում հազվադեպ համերգներ էին լինում: Գործունեությանս ամենալավ ժամանակ հեռացա բեմից, քանի որ երբեք չեմ սիրել, երբ ծերացած երգիչ-երգչուհիները բեմ են դուրս եկել, ժողովուրդն էլ ասել էՙ նրան պիտի ջահել ժամանա՜կ տեսնեիք...

- Իսկ ինչպե՞ս մտերմացաք Շառլ Ազնավուրի ընտանիքի հետ:

- Մայրս Փարիզ եղած ժամանակ ծանոթացել է մի հայ ընտանիքի հետ, որը շատ մտերիմ է եղել Շառլի մորՙ Քնարի եւ քրոջՙ Աիդայի հետ: Այդ ընտանիքն էլ մորս ծանոթացրել է Ազնավուրյանների հետ: Նրանք մի տարի մորս ու քրոջսՙ Ռուզանին, հրավիրել են Ֆրանսիայի հարավում գտնվող իրենց տունը: Ազնավուրի հայրը լավ երգում ու թառ էր նվագում, ու քանի որ մայրս նույնպես լավ էր երգում, մի անգամ երգի մրցում են կազմակերպել: Այդ ամառանոցում շատ հյուրեր են եղել, ամեն օր 30-40 հոգով են ճաշի նստել: Մի անգամ Շառլը , մայրս եւ Ռուզանը սեղանի շուրջ հայերեն են խոսել, ներկա գտնվող մի ֆրանսուհի ասել է. «Այսպես ճիշտ չէ, մի լեզվով եք խոսում, որը մենք չենք հասկանում»: Շառլն ասել է. «Սա հայի տուն է, մենք մեր տանը մեր մայրենի լեզվով ենք խոսում»:

Շառլը երբ Թեհրան եկավ, ամեն օր հանդիպում էինք: Նա շատ պարզ բնավորություն ուներ, առանց ավելորդ հովերի: Մի անգամ Շառլն ասաց, որ գնում է իր պատվին կազմակերպված կոկտեյլի մի շատ հարուստ հայ ընտանիքի ամառանոցում, որ գտնվում է Թեհրանի հայաբնակ Վանաք շրջանում: Գնաց, բայց 15 րոպեից հետ եկավ մեզ մոտ ու ասաց. «Ամենքն ուզում էին իրենց ունեցվածքն ինձ ցույց տալ, ես այնտեղ անելիք չունեմ...»:

- Հայաստան հաճախ եք գալիս, այստեղ հանդես եկե՞լ եք մշակութային գործերով:

- Մեկ բան հիշեմ: Ժամանակին Հայաստանում միտում կար իտալական օպերաները երգել ռուսական առոգանությամբ: Մոտ 15 տարի առաջ մի անգամ այդ առթիվ մտահոգությունս հայտնեցի Հայաստանում Իտալիայի դեսպանատան մշակութային կցորդին: Նրա կնոջՙ սինյորա Նուչելլոյի հետ գնացինք կոնսերվատորիա եւ ղեկավարությանն ասացինք, որ պատրաստ ենք իտալերենի ճիշտ առոգանության վարպետության դասեր տալՙ անվճար: Վեց շաբաթ երկուսով դասավանդեցինք, բայց ո՛չ դասախոսները, ո՛չ ուսանողները շատ չոգեւորվեցին, բոլորը կարծում էինՙ իրենք ամեն ինչ գիտեն: Վերջում մի տարրական շնորհակալության էլ չարժանացանք:

- Բացի երգից եւ դաշնամուրիցՙ դուք գեղեցիկի մեկ այլ բնագավառում էլ եք հանդես եկել...

- Իկեբա՛նան: Ճապոնիայում մի պարսկուհի մասնագիտացել էր իկեբանայի Սոգեցու դպրոցի մեջ ու վերադառնալով Թեհրանՙ դասընթացներ կազմակերպեց: Ութ-տաս տարի է տեւում այդ դասընթացը, բոլորը զարմանում են, որ ծաղիկն ու ճյուղը ծաղկամանի մեջ դնելը կարող է այդքան ժամանակ պահանջել: Ես մասնագիտացա ոչ միայն իկեբանայի մեջ, այլեւ արժանացա իկեբանայի դասավանդման բարձր տիտղոսիՙ դառնալով այդ կարգը ստացած առաջին հայուհին:

- Շնորհակալությո՛ւն, տիկին Շաքե, հետաքրքրական զրույցի համար: Հուսով եմ, որ մի օր ձեր գործունեությունն ըստ արժանվույն կգնահատվի Իրանում:

- Այո՛, արդեն գնահատում են: Հինգ տարի առաջ Իրանի Կրթության նախարարության եւ երաժշտության տան նախաձեռնությամբ տեղի ունեցավ դասական վեց հայտնի երգչուհիների, նաեւ իմ մեծարման երեկոն: Մեզ արժանացրին շքանշանների: Այդ վեցի մեջ մի ուրիշ հայ էլ կարՙ երգչուհի Շաքե Հարությունյանը ...

- Կարծում եմՙ հուսադրող է, որ մի երկրում, որտեղ կինն իրավունք չունի բեմ բարձրանալ, այսօր մեծարում են երգչուհիներին: Մաղթեմ, որ ավելի հաճախ լինեք հայրենիքում եւ առողջ հասնեք ձեր երջանկահիշատակ մոր տարիքին...

Նկար 1. Ռուզաննա Մակարյան-Հովհաննիսյան, Արծվի Բախչինյան եւ Շաքե Մակարյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 29-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ