«ԷՐԴՈՂԱՆԸ ՀՌՈՄ ՄԵԿՆԵՑ, ՈՐ ԸՆԴԱՄԵՆԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՎԻ ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀ ԲԱՅԴԵՆԻ ՀԵՏ» ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ Եզրակացնում են թուրք վերլուծաբանները, մեկնաբանելով Բայդեն-Էրդողան հանդիպումը Ամեն անգամ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որեւէ հայտարարություն է անում կամ ունենում հանդիպում այլ պետության ղեկավարի հետ, թուրք հասարակության մեջ իրարարանցում է առաջացնում կամ տեղիք է տալիս սկանդալի: Վերջերս նա իրարահաջորդող երկու հայտարարության արեց եւ այդ նույն օրը երկու անգամ թուրքական լիրայի նկատմամբ բարձրացավ դոլարի ինքնարժեքը: Գալով սկանդալին, ապա դա ընթացիկ տարում արդեն առաջացել էր ԱՄՆ-ի, ապա ՌԴ նախագահի հետ Էրդողանի հադիպումներից հետո: Հոկտեմբերի 31-ին Հռոմում Թուրքիայի նախագահը շնորհիվ համառ ջանքերի կամ աներեսության «մեծ քսանյակի» համաժողովի շրջանակում կարողացավ կրկին հանդիպել նախագահ Ջոզեֆ Բայդենին : Երկրորդ հանդիպումը, ի տարբերություն առաջինի, առանձնազրույցի ձեւաչափով չէր ընթացել, դրան ներկա էր եղել նաեւ արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն , որովհետեւ նախագահ Բայդենը հանդիպմանը ներկայացել էր պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ուղեկցությամբ: Թուրքական իշխանամետ լրատվամիջոցները, «Sabah» թերթի գլխավորությամբ, այս հանդիպումը ներկայացրին Էրդողանի համար շատ նպաստավոր տեսանկյունից, իսկ հանդիպումից հետո նույնիսկ գրեցին, թե Էրդողանը իբր կարգի է հրավիրել եւ ծնկի բերել Բայդենին: Սակայն այնուհետեւ պարզվեց, որ տեղի է ունեցել ճիշտ հակառակը եւ այլ կերպ լինել չէր էլ կարող: Հոկտեմբերի 31-ին, հանդիպման օրը, դեռ դրական էր թուրքական թերթերի վերաբերմունքն արդյունքներին, դրանք նշել էին, որ դա նախատեսվածից անհամեմատ երկար է տեւել, մոտ մեկ ժամ եւ հինգ րոպե, եւ, իբր, անցել է փոխմբռնման մթնոլորտում եւ ամերիկյան կողմը կարեւորել է «ռազմավարական դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը»: Հռոմ մեկնելուց առաջ Էրդողանը, անդրադառլով Բայդենի հետ հանդիպման առաջադրանքներին, մատնանշել էր, որ առանձնակի նշանակությամբ Հռոմում պատրաստվում է քննարկել F-35 կործանիչների նախագծից Թուրքիայի վտարման, այդ ինքնաթիռների, որոնց համար Թուրքիան նախապես վճարել է 1.4 մլրդ. դոլար, տրամադրման, եթե ոչ գումարը վերադարձնելը, ապա դա F-16 մակնիշի 40 կործանիչով փոխհատուցելու, թուրքական ռազմաօդային ուժերի զինանոցում գտնվող այդ կարգի 80 կործանիչներն արդիականացնելու եւ PKK-ի սիրիական թեւը հանղիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին»ՙ YPG-ին ռազմական գործողություններով ճնշելու խնդիրները: Հանդիպման ավարտին, մամուլի համատեղ ասուլիսում, որտեղ Էրդողանը պատասխանեց միայն թուրք լրագրողների հարցերինՙ անպատասխան թողնելով օտարերկրացի լրագրողներին, ասաց, որ նախագահ Բայդենի հետ հանդիպումը կառուցողական էր, անցավ փոխըմբռնման մթնոլորտում, ինքը ԱՄՆ-ի նախագահին է ներկայացրել Թուրքիային հետաքրքրող բոլոր խնդիրները եւ նախագահը F-16 ինքնաթիռների առնչությամբ խոստացել է անել այն, ինչ հնարավոր է: Իրականում, մինչ Էրդողանը խոստումից էր խոսում ասուլիսում, Թուրքիային F-16 չվաճարելու կոչով նախագահ Բայդենի վարչակարգին նամակով դիմող կոնգրեսականների թիվը 11-ից հասել էր 41-ի: Քանի որ Էրդողանը խեղաթյուրել էր հանդիպման բովանդակությունը, շրջանցելով քննարկված որոշ հարցեր, այդ իսկ պատճառով ասուլիսից հետո Սպիտակ տունը հարկ համարեց հանդես գալ հաղորդագրությամբ: Հոկտեմբերի 31-ի երեկոյան այդ հաղորդագրությունը հատուկ թողարկումով վերլուծեց ընդդիմադիր «Halk TV» հեռուստատեսությունը: Հաղորդման մասնակից վերլուծաբանները նախ նշեցին, որ Էրդողան-Բայդեն հանդիպումը տեւել է ընդամենը 20 րոպե եւ դրա տեւողությունը կիսով չափ կրճատվում է, եթե դա անցկացվում է թարգմանիչի միջոցով: Հաղորդման մասնակիցները զարմանք հայտնեցին, թե ինչպես է հաջողվել Էրդողանին փաստորեն 10 րոպեանոց հանդիպման ընթացքում հասցնել ԱՄՆ-ի նախագահի հետ քննարկել 7-8 հարց: Նրանց ուշադրությունից չէր վրիպել նաեւ ասուլիսում Էրդողանի հիվանդոտ տեսքը եւ ամբիոնին մոտենալը մեծ դժվարությամբ: Հաղորդմանը մասնակցում էին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին թուրք դատավոր Ռըզա Թյուրմենը, ԱՄՆ-ում Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչն ու պաշտոնաթող գեներալ Նաիմ Բաբուրօղլուն: Թյուրմենը նշեց, որ Էրդողանը որքան էլ շրջանցի, նախագահ Բայդենը հանդիպմանը նրան հիշեցրել է Թուրքիայում մարդու իրավունքների մշտապես խախտման մասին, պահանջելով հետամուտ լինել մարդկանց իրավունքների պաշտպանությանն ու երկրում օրենքի գերակայության հաստատմանը: Ըստ Թյուրմենի, խոսքն այստեղ վերաբերում է Օսման Քավալայի ապօրինի կալանքին: Նրան հավելեց գեներալ Բաբուրօղլուն: Նա հույս հայտնեց, որ թուրքական դատարանը նոյեմբերի 26-ի նիստում ազատ կարձակի Քավալային, ընդգծելով. «ԱՄՆ-ը չի պատրաստվում F-35 կործանիչներ տրամադրել Թուրքիային, ինչ վերաբերում է F-16-երին, ապա նախագահ Բայդենն այդ հարցի լուծումը թողել է ԱՄՆ-ի հակաթուրքական տրամադրություններով հայտնի Կոնգրեսի հայեցողությանը»: Սպիտակ տան հաղորդագրության մեջ նշվել է նաեւ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ առկա խնդիրների լուծումը պետական կառույցներիՙ պետքարտուղարությանը եւ Պենտագոնին հանձնարարելու Բայդենի պատրաստակամությունը: Դա թուրք վերլուծաբանները մեկնաբանել են որպես նախազգուշացում, որ Էրդողանն այլեւս հանդիպման խնդրանքով չդիմի նախագահ Բայդենին: Նրանք միաժամանակ կարծիք հայտնեցին, ասելով. «Վճարելով Ռուսաստանին 2.5 մլրդ. դոլարՙ գնել ենք հակաօդային պաշտպանության S-400 համակարգեր, բայց օգտագործել չենք կարողանում, 1.4-մլրդ. էլ մուծել ենք ԱՄՆ-ին, սակայն ինքնաթիռները չենք ստանում»: Ելնելով այս փաստից, թուրք վերլուծաբանները եզրակացնում են. «Էրդողանը Հռոմ հանդիպման մեկնեց, որ ընդամենը լուսանկարվի ԱՄՆ-ի նախագահ Բայդենի հետ եւ նա այնտեղ որեւէ հարց չի քննարկել, պարզապես Բայդենը խոսել է, իսկ ինքը լսել»: |