ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ. ԵՎԳԵՆԻ ՍԱՏԱՆՈՎՍԿԻ Ռուսերենից թարգմանեց ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԸ Ռուս հայտնի քաղաքագետ, արեւելագետ Եվգենի Սատանովսկին հարցազրույց է տվել Regionmonitor գործակալությանը, որում անդրադարձել է Ղրիմի հարցում Թուրքիայի քաղաքականությանն ու դիրքորոշմանը, Սիրիայի հյուսիսում հնարավոր ռազմական գործողությանը, ինչպես նաեւ Թուրքիայիՙ քաղաքականության մասին Հարավային Կովկասում: «Ազգ»-ը թարգմանաբար ներկայացնում է այդ հոդվածը: Եւգենի Սատանովսկին ծնվել է 1959 թվականին Մոսկվայում: Սատանովսկին Իսրայելի եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրների քաղաքականության եւ տնտեսության առաջատար փորձագետներից է: «Միջին Արեւելքի ինստիտուտ» հետազոտական կենտրոնի հիմնադիր նախագահը (նախկինումՙ Իսրայելի եւ Մերձավոր Արեւելքի ուսումնասիրության ինստիտուտ): Տնտեսական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր: Ռուսաստանի հրեական կոնգրեսի երրորդ նախագահ (2001-2004 թթ.): Խղճի ազատության եւ կրոնական միավորումների ոլորտում օրենսդրության բարելավման փորձագիտական խմբի անդամ: Regionmonitor: - Պարոն Սատանովսկի, ինչպես գիտեք, 2016 թվականից Թուրքիան հարեւան շրջաններում վարում է ագրեսիվ քաղաքականություն, որը հիմնված է պանիսլամիզմի, պանթյուրքիզմի, օսմանիզմի գաղափարախոսության վրա: Ի դեպ, այդ գաղափարախոսությունները հաճախ բախվում են Ռուսաստանի շահերին: Հետաքրքրական է, ի՞նչ գործիքներ ունի Ռուսաստանը Թուրքիայի նման նկրտումները զսպելու համար: Այս օրերին լուրեր են պտտվում, որ Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայում: Ի՞նչ եք կարծում, Թուրքիան կուժեղացնի՞ իր ազդեցությունը, եթե վերահսկողության տակ վերցնի Սիրիայի հյուսիսում գտնվող նոր տարածքները: Ի վերջո, դրանից հետո Անկարան երբեք չի լքի այդ շրջանները, ինչպես եղավ Հաթայ նահանգի արագայում: Եվգենի Սատանովսկի. - Ռուսաստանն ունի զսպման մեթոդներ, այն էլՙ տարբեր: Եթե Թուրքիան Սիրիայում նոր տարածքներ գրավի, անշուշտ, ավելի կմեծացնի իր ազդեցությունը: Եթե Թուրքիան գրավի Դամասկոսը, ինչպես խոստացել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ 2012-ին, որը պատրաստվում էր հաղթական միջոցառում անցկացնել Օմայադ մզկիթում, ապա ընդհանուր առմամբ լավ կլինի, բայց ինչ-որ բան ասում է, որ դա տեղի չի ունենա: Ինձ թվում է նաեւ, որ Թուրքիան չի կարողանա մեծացնել իր ազդեցությունը Սիրիայի հյուսիսում տարածքների ավելացման միջոցով, ավելի շուտ հակառակը: - Մենք գիտենք, որ Թուրքիան ի սկզբանե ուներ իր այսպես ասած դիրքորոշումը Ղրիմի հարցում: Անկարան դա անում է Ռուսաստանի հետ հավելյալ օրակարգ ունենալու համա՞ր, թե՞ ավելի խորը նպատակներ ունի: - Դե ոչ: Սա շատ անկեղծ եւ անմիջական ըմբռնում է, որ Ղրիմն ինքը պետք է Թուրքիային: Իսկ Անկարան ահավոր նյարդայնացած է, որ Ղրիմը չվերցրեց Ուկրաինայից, ինչպես նախատեսում էր, թեեւ սրա համար շատ բան արեց: - Փորձագետների շրջանում 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի ձեռքբերումների մասին երկու կարծիք կա. նախՙ Թուրքիան անհամեմատ մեծացրել է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, հատկապես Ադրբեջանում, եւ դարձել է տարածաշրջանի հիմնական խաղացողներից մեկը: Փորձագետների մեկ այլ խումբ կարծում է, որ Թուրքիայի դերը տարածաշրջանում, չնայած փոփոխություններին, սահմանափակ է, իսկ գլխավոր զսպող գործոնը Ռուսաստանն է: Կարելի՞ է համարել, որ Թուրքիան իր նպատակներին հասավ արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո: - Դե, ոչ ամբողջությամբ: Թուրքիայի նպատակը Ադրբեջանի տարածքում ողջ իրավիճակի ամբողջական վերահսկողությունն է, Թուրքիայի նպատակն, ի դեպ, նաեւ Հայաստանի տարածքի վերահսկողությունն է, գոնե տնտեսական առումով: Սա բարդ խնդիր է, սակայն Թուրքիան նման հավակնություններ ունի, որոշակի պլաններ է ճշգրտում այս առումով, այդ թվումՙ Բալկաններում ունեցած փորձի հիման վրա: Եւ այս դեպքում Թուրքիան նոր Օսմանյան նավահանգիստ է կառուցում, այդ թվումՙ հետխորհրդային տարածքում, առաջին հերթինՙ թյուրքական երկրներում: Եվ պետք է ասեմ, որ նա որոշակի քայլեր ձեռնարկեց դրա համար: Բայց մի՞թե մենք կարող ենք ենթադրել, որ Թուրքիան ստացավ այն ամենը, ինչ ուզում էր: Ոչ: Պատահական չէ, որ պատերազմից հետո թուրքական սոցիալական ցանցերում Էրդողանի հասցեին քննադատություն է նկատվում, քանի որ թուրքերը կարծում էին, որ նա խաղում է Պուտինի հետ, քանի որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը նրա համար մեծ եւ տհաճ անակնկալ էր: Դուք հետո, անշուշտ, կտեսնենք, թե թուրքերն ինչպես կաշխատեն ադրբեջանցիների հետ նաեւ Ադրբեջանում: Շուշիի հռչակագիրը Թուրքիայի նոր քաղաքականության մեջ շատ ավելի կարեւոր ասպեկտ է, քան Ղարաբաղյան 2-րդ պատերազմի փաստացի արդյունքները: - Պատերազմից հետո Թուրքիան եւ Ադրբեջանը պնդում են, որ բացվի այսպես կոչված միջանցքըՙ միաժամանակ աղավաղելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որը կոչ է անում բացել տարածաշրջանային հաղորդակցությունները: Արդյո՞ք այս նախագիծը, որն ըստ էության պանթուրքիստական բնույթ ունի, չի հակասում տարածաշրջանի այլ երկրների, հատկապես Իրանի ու Ռուսաստանի շահերին: - Իրանն ասում է, որ չի հանդուրժի Սյունիքի մարզի գրավումը: Պետք է հիշել, որ Թուրքիան ու Պարսկաստանը անհիշելի ժամանակներից իրար մեջ կռվել են Անդրկովկասի համար ու նորից մտել են Անդրկովկասի համար պայքարի մեջ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հենց նա է դուրս մղել Օսմանյան կայսրությանը եւ Պարսկաստանին Կովկասից: Եւ այդ ամբողջ ժամանակահատվածում, մի քանի դար առաջ, երբ սկզբում Ռուսական կայսրությունը, ապա Խորհրդային Միությունը վերահսկում էին տեղի բոլոր խանությունները, տարածաշրջանում քիչ թե շատ խաղաղություն էր տիրում: Այսօր այս աշխարհն ավարտվել է այն բանից հետո, երբ նախկինում Խորհրդային Միության կազմում գտնվող հանրապետություններն իրենց ուղին ընտրեցին: Սա ճակատագիր էՙ պատերազմ: Քիչ թե շատ պարզ է, թե ով է հաղթելու այս պատերազմում, խաղացողները, ովքեր հաղթելու են, տարածաշրջանից շատ դուրս են: Ոչ ոք չի ստիպել Ադրբեջանին եւ Հայաստանին բաժանվել մի երկրից, որտեղ մետրոպոլիան Ռուսաստանն էր: |