ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԳՈՎԱԶԴՆԵՐ Հիշեցնում ենք, որ ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1893-րդ հոդվածի 1-ին մասիՙ ցուցանակը եւ գովազդը ոչ հայերեն ձեւավորելը առաջացնում է տուգանքի նշանակում: Խառնիխուռն գովազդը խաթարում է Երեւան քաղաքի արտաքին տեսքը, թեեւ կան չափորոշիչներ, բայց չկան դրանց հետեւողները: Քաղաքի կենտրոնում մեկը մյուսին հերթ չտալով ու չզիջելով բացվում են տարբեր խանութներՙ ամեն մեկն իր մեծ ու փոքր, գույնզգույն, գրեթե ամենուր փակցված գովազդային վահանակներով: Անցկացնելով մոնիթորինգ ՀՀ գովազդի մասին օրենսդրության պահպանման եւ այցելելով Երեւան քաղաքի Մաշտոց, Ամիրյան, Աբովյան,Հանրապետություն, Նալբանդյան ու Տիգրան Մեծ փողոցներՙ արձանագրել ենք հետեւյալ խախտումները Հայաստանի Հանրապետության տարածքում միայն օտար լեզվով գովազդն արգելվում է, այս առումով խախտվել է նաեւ գովազդի օրինական, հավաստի եւ պատշաճ լինելու հանագամանքը: Խանութների, սրճարանների, կրպակների ու սննդի կետերի վրա նկատելի են օտար լեզվով գրություններ առանց հայերեն համարժեքի, օրինակՙ Next, Aldo, New Yorker, MiniSo, Shadoyan Fashion, Light Effect, Louis Garden, Basic Center եւ այլն: Օրենքում նշվում է, որ վերոնշյալ դրույթը չի տարածվում օտար լեզուներով գրանցված ապրանքային նշանների եւ մակնիշների վրա, սակայն մեկ այլ կետով էլ նշվում է, որ հայերեն գովազդը պետք է լինի օտար լեզվով շարադրանքից առաջՙ կա՛մ առջեւիցՙ վերեւից ներքեւ, կա՛մ ձախից աջ գրությամբ: Գովազդի օտարալեզու շարադրանքն իր պատկերային, գունային կամ լուսային լուծումներով պետք է չգերազանցի հայերեն շարադրանքը: 2019 թվականին Հայոց պաշտպանության Լեզվի կոմիտեն կոչ է հղել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների ղեկավարներինՙ հրապարակային գրվածքները հայերեն ձեւավորելու վերաբերյալ, որտեղ ներկայացվում է կոմիտեի անհանգստությունը ցուցանակների ու գովազդային վահանակների օտարալեզու ձեւավորման մասին: Կոչում գրված է հետեւյալը «Շատերն ունեն այն թյուր կարծիքը, թե այս ոլորտում հարցեր լուծելու իրավասությունն ու պարտականությունը վերապահված է բացառապես Լեզվի կոմիտեին, այնինչ ըստ նշված օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասիՙ պետական լեզվաքաղաքականություն իրականացնում են նաեւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման բոլոր մարմինները: Նկատի ունենալով այս ամենը եւ հանրապետությունում մեծաքանակ օտարատառ եւ օտարալեզու հրապարակային գրվածքների առկայությունըՙ դիմում ենք. ա. պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններինՙ հիշեցնելով պետական լեզվաքաղաքականություն իրականացնելու իրենց պարտականության ու անմիջական գործառույթի մասին: Հորդորում ենք անհրաժեշտության դեպքում համագործակցել Լեզվի կոմիտեի հետ, ձեռնարկել միջոցներՙ ոչ հայերեն հրապարակային գրվածքները հայերենացնելու համար. բ. ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների ղեկավարներինՙ կոչ ենք անում իրենց բոլոր հրապարակային գրվածքները համապատասխանեցնել լեզվական օրենսդրության պահանջներին»: Արտաքին գովազդի չափորոշիչները սահմանված են Երեւան քաղաքի ավագանու 2009թ. նոյեմբերի 18-ի N 37-Ն որոշմամբ, որտեղ հստակ սահմանված են գովազդային վահանակների հեռավորությունները միմյանցից ըստ արտաքին չափերի եւ այն սահմանափակումները, թե որտեղ եւ ինչ չափերի գովազդային վահանակներ է արգելվում տեղադրել: Որտեղ հստակ նշվում է, որ գովազդի միջոցները պետք է չխոչընդոտեն ճանապարհային երթեւեկության ապահովմանն ու անվտանգությանը, փողոցների ու մայթերի անցմանը, չխանգարեն փողոցների ու մայթերի մեքենայացված մաքրմանը, չսահմանափակեն տեսանելիությունը ավտոճանապարհների վրա, չառաջացնեն երթեւեկության մասնակիցների կուրացում (լույսով, այդ թվումՙ նաեւ անդրադարձող), չհանդիսանան հետիոտնի շարժմանը արգելք, չլինեն ճանապարհների վտանգավոր հատվածներում եւ չտեղադրվեն լուսամփոփների ու ճանապարհային կանգնակների վրա: Այնինչ որոշ դեպքերում գովազդային վահանակներն ուղղակի խանգարում են երթեւեկությանը: Օրինակ, Տերյան փողոցի սկզբնամասում գտնվող խանութներից մեկի գովազդային ցուցանակը փակել էր ճանապարհային նշանը, որը տեղեկացնում է, թե փողոցն այդ հատվածում միակողմանի է: Երթեւեկության կանոնները խախտած վարորդին պետավտոտեսուչը կանգնեցրել էր, սակայն չէր տուգանել, համարելով որ խախտումը ոչ թե վարորդի մեղավորության, այլ վահանակը սխալ տեղադրված լինելու հետեւանք է: Շփոթեցնող գովազդային վահանակների թվին են պատկանում նաեւ դեղատների կանաչ խաչի նշանները, երեկոյան ժամերին երթեւեկելիս հեռվից այն նմանվում է լուսկիրի կանաչ լույսին եւ երբեմն վարորդները շփոթելով խախտումներ են կատարում, քանի որ այն ավելի վառ է լուսավորվածՙ քան լուսկիրիր կանաչ լույսը: «Գովազդի մասին» օրենքը կանոնակարգում է դաշտը, արտաքին գովազդի մասով առավել մեծ իրավասություններ տալով տեղական ինքնակառավարման մարմիններին, դրանց չափորոշիչների սահմանման վերաբերյալ ավագանու որոշում կա, սակայն իրավիճակը, մեղմ ասած, անհանգստացնող է: Օրենքում հստակ ասվում է, որ Երեւան քաղաքի քաղաքային նշանակություն ունեցող փողոցներում, այգիներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալիս է Երեւանի քաղաքապետը: ՀՊՄՀ կուլտուրայի ֆակ-ի հեռուստալրագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանողներՙ ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԷԼԱԴԱ ԼԱԶԱՐՅԱՆ ԷԼԵՆ ՍՈԼԿԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՕՍԻՊՅԱՆ |