RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-11-25 23:17:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1063, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻԿ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ. «ԵՍ ՄԻՇՏ ԿՁԳՏԵՄ ԼԻՆԵԼ ԻՄ ՍԵՓԱԿԱՆ ՀՈԼԻՎՈՒԴԸ»

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Գերմանաբնակ դերասան եւ գրող Վիկ (Վահագ) Բագրատունին ծնվել է 1990 թվականին, Երեւանում եւ մեծացել Գերմանիայում: Սովորել է Նյու Յորքի Լի Սթրասբերգի կինոյի եւ թատրոնի ինստիտուտում, վարպետության դասերի մասնակցել Աննա եւ Դեյվիդ Սթրասբերգների եւ Վինսենթ Դ"Օնոֆրիոյի հետ: Լի Սթրասբերգի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում գլխավոր դերեր է կատարել «Մարմնական գիտելիք» եւ «Երկարատեւ ճանապարհորդություն դեպի գիշեր» ներկայացումներում:

2011-ին նա դարձել է պրոֆեսիոնալ դիտորդ լեգենդար Դերասանների Ստուդիայում եւ մասնակցել Բրոդվեյից դուրս ներկայացված այնպիսի բեմադրությունների, ինչպիսիք են «Անձրեւի գլխարկը» եւ «Մարդասպանները եւ մյուս ընտանիքը»: Սանտա Մոնիկայի (Քալիֆորնիա) «Բարոն Բրաուն» դերասանական ստուդիայի շրջանավարտ է:

Վիկ Բագրատունին նկարահանվել է 14 շարժանկարներում եւ հեռուստասերիալներում, այդ թվումՙ Մարթին Սքորսեզեի «Ուոլ Սթրիթի գայլը» ու «Բորդվալք կայսրությունը» եւ «Ամերիկյան ամբոխի ներսում» վավերագրական ֆիլմաշարում: Նրա ամենավերջին ստեղծագործություններն են «Գրանիտե մարդիկ», «Կարիճ», «Զենքի եղբայրներ» եւ «Նրանից հետո» հիթերը: Նաեւ երկու թատերախաղերի հեղինակ էՙ «Սթրասբերգի ժառանգությունը» (ներկայացվել է Նյու Յորքի Լի Սթրասբերգ թատրոնում) եւ «Արեւածագի անակնկալներ» (բեմադրվել է 2016 թվականին Նյու Յորքի Մոնրո թատրոնում):

- Վահա՛գ, կարծում եմՙ մենքՙ աշխարհի բոլոր կինոսիրողներս, որոշ ժամանակ երազում ենք հայտնվել կինոերազանքի գլխավոր գործարանումՙ Հոլիվուդում, բայց մեզնից շատերը չեն հասնում նույնիսկ դրա ամենահեռավոր անկյանը: Դու նույնպես ունեցել ես այդ երազանքը մանկության տարիներին եւ արել ես հնարավորը, որպեսզի դա իրականանա: Հիմա այդ ճանապարհի ո՞ր հատվածում ես:

- Պետք է խոստովանեմ, որ սա մի զվարճալի եւ կյանքը փոխող ճանապարհորդություն էր: Այնուամենայնիվ, ես այդ կյանքը թողեցի անցյալում: Պետք է մեծանաս եւ հասկանաս, որ վերջիվերջո Հոլիվուդի «ռոմանտիկ գաղափարը» կեղծ է, որի փորձառությամբ պիտի անցնեսՙ զգուշորեն նավարկելով: Առնվազնՙ իմ կարծիքով: Բնական էՙ լինել երիտասարդ, վայրի, անփույթ եւ ազատՙ ընտրելու այս արտոնյալ մասնագիտությունը, տեղափոխվելու Հոլիվուդՙ «հաջողության հասնելու», գործելու, գնալու լսումների, հանդիպելու մենեջերներին ու գործակալներին, պայման չէՙ միանալ Կինոդերասանների միությանը կամ ոչ, եւ եթե այոՙ ինչպես գրավել քասթինգով զբաղվողների «ուշադրությունը» եւ կախարդական շրջանի շատ ու շատ նմանատիպ խնդիրներ, որոնց բախվում են երիտասարդ արտիստները մի այնպիսի անողոք եւ դաժան քաղաքում, ինչպիսին Լոս Անջելեսն էՙ առանց իրական եւ լավագույն մղումներով ղեկավարման: Արվեստագետների էությունը նուրբ է, խոցելի, ինչ-որ չափովՙ միամիտ եւ հուսադրող, որը չպետք է ենթարկվի դերասանական գործունեության «գործարար» կողմին: Բոլորը շտապում են եւ ջանումՙ աշխատանքն ավարտին հասցնել, եւ դրա համար պետք է ունենաք «պինդ երես» ու տոկունության հսկայական չափաբաժին, որպեսզի դիմանաք դերասանական աշխարհի այն բառացիորեն հիմարներին, որոնք փորձում են վաճառել ձեզ: Դա կարող է լինել ինչ-որ անպետք արհեստանոցում, որտեղ «հուսահատությունը» դրոշմված է յուրաքանչյուր դերասանի վրա, որն առաջնորդվում է «Ես կկեղծեմ ինձՙ մինչեւ հաջողության հասնեմ» կարգախոսով, կամ կեղծ հավաքույթներում կեղծ մարդկանց հետ, որոնք ձեւանում են մեծ արտադրիչ կամ նույնիսկ դերասանների մենեջեր կամ գործակալ, որը լիովին չի հավատում ձեզ, բայց ջանում է պարզապես քեզ համար ինչ-որ աշխատանք գտնել, ինչն ազնիվ է, բայց բացարձակապես զուրկ երկարատեւ կարիերայի ռազմավարական ծրագրերից:

Դա ինձ հետզհետե հեռացրեց իմ արվեստից, իմ ինքնագնահատականիցՙ որպես մարդու եւ արվեստագետի, բայց դա արդարացում չէ: Ոչ ոք ձեզ դասագիրք չի տա: Ավելի քի՛չ ուզիր, ավելի շա՛տ ապրիր: Միգուցե դա իմ սխալն էր: Ես պետք է լինեի, կարող էի, պետք է... բայց ի վերջո, ո՞ւմ հոգն է դա: Եվ չնայած վերոնշյալ թվարկածս բաները հնչում են բացասական եւ դառը, իրականում դրանք շատ դրական են: Ինձ համար: Դա ձեւավորեց ինձ, իմ բնավորությունը, իմ դատողությունը, իմ ակնկալիքներն ու նպատակները: Ուստի ես շատ շնորհակալ եւ երախտապարտ եմ, որ ինձ վիճակվեց ունենալ նման խենթ ճանապարհորդություն: Այսպիսով, եթե ինձ հարցնես, թե ճանապարհի ո՛ր հատվածում եմ ես հիմա, կասեմ, որ գտնվում եմ իմ կյանքի մի կետում, որտեղ ես ինձ լավ եմ զգում եւ պայքարում եմ իմ աշխատանքով: Ակնհայտ է, որ Բեռլինը, որտեղ ապրում եմ հիմա, նույնքան վնասվել է կովիդից, որքան մնացյալ աշխարհը, շոու-բիզնեսի աշխարհն անորոշ ընդմիջման մեջ էր, բայց հիմա այն նորից բացվեց, եւ մենք կտեսնենք, թե ուր է գնում իմ ճանապարհորդությունը:

- Ասում ենՙ դերասան լինելը ոչ թե մասնագիտություն է, այլ ապրելակերպ, հոգեվիճակ, 24-ժամյա աշխատանք: Սա ճի՞շտ է ձեզ համար:

- Իսկապես այդպես է: Մենքՙ դերասաններս, տարօրինակ եւ էքսցենտրիկ ցեղատեսակ ենք: Դու պետք է լինես տարբերվող, շփվող եւ հետաքրքրասեր կյանքի նկատմամբ, որպեսզի կարողանաս այն շնչել այնպես, ինչպիսին որ կա եւ արտաշնչել քո գեղարվեստական տեսակետով եւ ուղերձով: Իսկապես, քսանչորժամյա պահանջ է քրտնաջան աշխատանքը քո աշխատանքային «գործիքի» վրա, ինչը հանդիսանում են վոկալ տիրույթը, ֆիզիկական ներկայությունը, դիտողականության եւ մտքի հստակությունը,: Դերասանների եւ արվեստագետների մեծ մասը սխալ հասկացված է եւ հանրային առումով երկչոտ, բայց դա չի նշանակում, թե նրանց պետք է վտարել կամ որպես տարօրինակի պիտակավորել: Եթե մեկը ջանք գործադրի ու նայի արվեստագետներին վարագույրի հետեւից, հիմնականում կտեսնի ամաչկոտություն, զսպվածություն եւ շատ խոցելիություն ու սեր: Բայց այո՛, դա մտքի, նյութի եւ փոխազդեցության մշտական գործընթաց է, որը ստիպում է մեզ աճել եւ, հուսով ենք, նաեւ թույլ է տալիս հասնել հավասարակշռված հարթությանՙ խաղաղ համակեցության մեջ լինելով իր, աշխարհի եւ շրջապատող մարդկանց հետ:

- Հարցազրույցներից մեկում ասել էիր, որ «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմում փոքր դեր ունենալը եւ Լեոնարդո Դի Կապրիոյի հետ սերտ համագործակցելը քեզ ավելի լավ դերասան դարձրեց: Խնդրում եմ մանրամասնել:

- Դա թեեւ դարեր առաջ էր, սակայն այդ փորձառությունը տարիներ շարունակ մնացել է իմ մեջ: Մենք բոլորս էլ երիտասարդ ժամանակ տպավորվող ենք: Հատկապես, եթե դա մի բան է, որի հանդեպ խելագար կիրք ես տածում: Դա բնություն է, դրա դեմ ոչինչ չես կարող անել: Այն ժամանակ ես հպարտ էի, որ չեմ պայքարել տպավորիչ լինելու համար: Հիմա ես հետ եմ նայում եւ տեսնում եմ, որ այն մասամբ հիմնված է անապահովության եւ աչքի ընկնելու կամ ճանաչված լինելու ցանկության վրա: Այսպիսով, տեսնելով որեւէ հիանալի փորձառու դերասանի, որը հանդես է գալիս քո կողքին, կամ իմ դեպքումՙ ինձ հետ, դու վերցնում ես շատ տեխնիկական բաներ, որ նրանք անում են տեսախցիկի նկատմամբ, օրինակՙ մի քանի վայրկյան սպասել տեսարանը սկսելիս կամ ավարտելիսՙ տեղ թողնելով մոնտաժողի աշխատանքի համար, կամ էլ ինչպես զգացմունքներ կամ տեքստ փոխանցել մեկ ժեստով կամ հայացքով: Այդ դիտարկումներն ինձ կատարելագործեցին, քանի որ նման բաներ ինձ չեն սովորեցրել: Դա չի նշանակում այլեւս չլինել տպավորիչ, դա պարզապես նշանակում է, որ նկարահանման հրապարակում բոլորից սովորելու շատ բան կա, բայց նաեւ չմոռանալ, որ պետք է ունենալ սեփական ինքնավստահությունը եւ ապահովությունը, որին արժանի եք:

- Մի քանի տարի առաջ հայտարարվեց «Գրանիտե տղամարդիկ» ֆիլմի նկարահանման մասինՙ հիմնված անցյալ տարի մահացած ամերիկահայ հեղինակ Դեն Մանոյանի համանուն գրքի վրա: Ֆիլմում նկարահանվելու էին «Օսքարի» մրցանակակիրներ Շըրլի Մաքլեյնը եւ Ուիլյամ Հերթը, դու նույնպես դերասանական կազմում էիր: Բայց մենք այդպես էլ չիմացանք այդ ֆիլմի մասին...

- Չգիտեի Դեն Մանոյանի մահվան մասին: Ի՜նչ սարսափելի կորուստ: Անկեղծ ցավակցում եմ նրա ընտանիքին եւ մտերիմներին: Նա այնքա՜ն շռայլ, կրքոտ եւ բարի հոգի էր, որի գիրքը ոչ միայն լսելի դարձրեց նրանց ձայնը, ովքեր մոռացված էին թվում, այլեւ նշանակալի եւ արժեքավոր ներդրում է ամերիկյան պատմության փաստագրման մեջ: Իսկ թե ինչ եղավ գեղարվեստական ֆիլմի հետ, ես նվազագույն իսկ պատկերացում չունեմ: Մենք պատրաստ էինք սկսել նախագիծը, բայց դա այդպես էլ չի իրագործվել: Առնվազն ես արտոնություն ունեի այցելել Գրանիթ Սիթի, տեսա գրքի բոլոր բնօրինակ վայրերը եւ սկսեցի իմ հետազոտությունը: Հիշում եմ փայլուն կինոսցենարը, եւ հուսով եմ, որ այն մի օր կնկարահանվի, կարեւոր չէՙ ո՛վ կանի: Հանուն Դենի, Գրանիտ Սիթիի եւ ամերիկյան սպորտային ֆիլմերի բոլոր երկրպագուների:

- Դու ծնվել ես երաժիշտների ընտանիքում ու նախնիներիդ մեջ եղել են արվեստագետներ. նախապապդՙ Վաչե Բագրատունին, դերասան էր, մեծ մայրդՙ Վիոլետա Վարդանյանըՙ օպերային երգչուհի, իսկ քո պապ Վահագն Բագրատունին դերասան էր եւ հայտնի օպերային բեմադրիչ Հայաստանում եւ Ռուսաստանում: Երբ տարիներ առաջ մենք հանդիպեցինք Երեւանում, հաճելի էր նաեւ իմանալ, որ մորական պապդ Կարեն Սվասյանն էՙ ականավոր փիլիսոփա, որն այժմ բնակվում է Շվեյցարիայում եւ գերմաներեն ու ռուսերեն բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ է: Ինչպե՞ս է այս ժառանգությունն ազդել քեզ վրա:

- Իմ գեղարվեստական կիրքն, անշուշտ, իր բացահայտ արմատներն ունի իմ նախնիների անցյալում: Թեեւ ես երբեք չեմ հանդիպել որեւէ մեկինՙմորական պապիցս բացի, ես լսել եմ, որ նրանք բավականին լավ են արել, ինչ որ արել են: Բայց ես գիտեմ, որ նրանք մեզ նայում են վերեւից: Բայց ավելին, ես անպայման կցանկանայի ընդգծել մորական պապիկիս հսկայական ազդեցությունը, որի առաջնորդումն ու մշտական աջակցությունն ու անվերապահ սերն ինձ ուղեկցել են կյանքի որոշ դժվարին փուլերում: Նրա գիտելիքներն ակնածանք են ներշնչում, իսկ նրա ներդրումը` դասախոսություններ կարդալու եւ գրքեր գրելու միջոցով կրթելու մեր օրերի հոգեպես հիվանդ հասարակությանը, ինձ համար ոգեշնչման եւ ազդեցության իսկական աղբյուր է եղել:

- Քոՙ Հայաստանի Բագրատունյաց թագավորական տոհմի հետնորդ լինելը ընտանեկան լեգե՞նդ է, թե՞ կան որոշակի ապացույցներ:

- Որքան գիտեմՙ կան ապացույցներ, բայց ես չէի կենտրոնանա դրանց վրա: Փաստը հիանալի է, եւ ոմանց համար կարող էր հետաքրքրական կամ անսովոր լինելՙ մյուսներից դրանով առանձնանալով, բայց ես անձամբ չեմ մտածում դրա մասին: Ես գիտեմ, թե ով եմ ես, մարդիկ, որոնց սիրում եւ որոնցով հետաքրքրում եմ, գիտեն, թե ով եմ ես, իսկ դա ամենակարեւորն է:

- Դու մանուկ ժամանակ ես հեռացել Հայաստանից, սակայն անգլերենի եւ գերմաներենի հետ միասին հայերենն ու ռուսերենը նույնպես այն լեզուներն են, որոնք դու սահուն խոսում ես: Ինչպե՞ս է դա հաջողվում:

- Այո՛, ճիշտ է, մենք հեռացանք Հայաստանից 1992-ին, բայց ծնողներս ինձ սովորեցնում էին ու երբեք չդադարեցին ինձ հետ հայերեն կամ ռուսերեն խոսել, այնպես որ այդպես էլ մնաց: Գերմաներեն սովորել եմ դեռ փոքր տարիքում, ուստի բախտս բերեցՙ հաշվի առնելով այդ լեզվի դժվարությունը, իսկ անգլերեն սովորեցի ավագ դպրոցում:

- Հիմա ավելի շատ սփյուռքահայ դերասաններ են վերադառնում Հայաստանՙ ֆիլմերում նկարահանվելու: Երբեւէ մասնակցե՞լ ես որեւէ հայկական նախագծի:

- Ո՛չ, առիթ չի եղել, թեեւ վերջերս ինձ հետ կապվեց մի երիտասարդ հայ բեմադրիչ, որը ռեժիսուրայի մասնագիտացում է ստացել Բաբելսբերգի Կոնրադ Վոլֆի կինոակադեմիայում: Ո՞վ գիտի` ինչ արդյունք կունենա:

- Միջնեկ որդիս երազում է դառնալ կինոդերասան, ավելի շուտՙ կինոաստղ: Ի՞նչ խորհուրդ կտաս նրան:

- Բարդ հարց է: Սխալ կլինի ասել, թե կինոաստղ դառնալը մեծ բարիք է, ոչ էլ վատ բան է դրան ակտիվորեն հետամուտ լինելը: Կախում ունի, թե ինչ եք ուզում: Ամեն ինչ հնարավոր է, շատ ճանապարհներ տանում են դեպի հաջողություն, եւ յուրաքանչյուրի ճանապարհը տարբեր է: Մնայունը, այնուամենայնիվ, խորը արմատավորված կիրքն է, որը պետք է ունենալ, ինչը կենսական նշանակություն ունի երեսը պինդ դարձնելու համար, որպեսզի կարողանաք առողջ կերպով հաղթահարել մերժումները: Դրան կհետեւեն գլամուրը, հարստությունը, գորգերը, մրցանակները, նկարները, աստղերը եւ այլն: Դա բավականին լուրջ կողմնակի «վնաս» է: Դա զիլ է ու հաճելի: Բայց եղած-չեղածն այդքանն է: Թող ձեր աշխատանքը խոսի: Ձա՛յն ունեցեք: Մի՛ վախեցեք կինոարդյունաբերությունից, որն անընդհատ կստորացնի ու կմերժի ձեզ` փորձելով ձեւափոխել ու մանիպուլացնել ձեզ իրենց իսկ առավելությունների համար եւ ջանալով մեկուսացնել ձեզ, որպեսզի իրենց համար հեշտ կլինի: Բայց դա քո՛ մասին է, ոչ թե նրանց: Հավա՛տ ունեցեք. Դուք արժանի՛ եք դրան, իսկ նրանքՙ ոչ: Սա՛ ես խորհուրդ կտամ քո որդուն եւ բոլոր նրանց, ովքեր ցանկություն եւ համառություն ունեն փորձելու եւ հետեւելու իրենց երազանքներին:

- Քո Ինսթագրամի անունը պարոն Հոլիվուդ է: Այդուհանդերձ, վերջում ցանկանում եմ, որ դու լինես պարոն Հոլիվուդ իրական կյանքում:

- Թեեւ ես վաղուց անտեսել եմ ինսթայի այդ ծիծաղելի անունը, ես շատ եմ գնահատում ու հարգում քո մաղթանքը: Դա մշտական տեղաշարժում եւ փոփոխություն է: Այն ժամանակՙ մանկական ու երիտասարդ, այժմՙ հասուն եւ կշռադատող: Բայց հատկապես համավարակն ապրելուց հետո մարդուն հիշեցրին, որ կան ավելի կարեւոր բաներ, քան սեփական կարիերան եւ բարեկեցությունը: Այսպիսով, չնայած ցանկացել եմ, իրականում երբեք չեմ եղել պարոն Հոլիվուդ, բայց եւ այնպես միշտ կձգտեմ լինել իմ սեփական Հոլիվուդը:

Նկար 1. Վիկ Բագրատունին (աջից) իր «Արեւածագի անակնկալներ» ներկայացման մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ