ՊԱՐԵՆԱՅԻՆ ՈՒ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՄԹԵՐՔՆԵՐԸ ԳՆԱՅԻՆ «ՎԵՐԵԼՔ» ԵՆ ԱՊՐՈՒՄ ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության 4-րդ կուրս Հայաստանում մեկ ամսվա ընթացքում սննդամթերքը թանկացել է 3,3%-ով եւ առաջատար դիրք է գրավել ԵԱՏՄ երկրների ցանկում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Վիճակագրական դեպարտամենտի հրապարակած տվյալների համաձայն, ոչ պարենային մթերքները թանկացել են 0,8%-ով, վճարովի ծառայություններըՙ 0,4%-ով, իսկ սպառողական գների ինդեքսն աճել է 1,7%-ով: Ըստ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի, 2021թ. հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին հավելաճը կազմել է 0,5%, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 0,03%-ով: Անցած տարվա նոյեմբերի համեմատ այս տարի սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում արձանագրվել է 16,9%, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատՙ 3,7% գնաճ: Այս ամենում իր մեծ դերն ունի բանջարեղենի ապրանքախմբում մեկ տարվա ընթացքում արձանագրված 63,5% եւ մեկ ամսվաՙ 16,4% գնաճը: Մրգի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 3.3%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատՙ 4.8% գնաճ: Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 13.3%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատՙ 3.5% գնաճ: Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ գրանցվել է 13.0%, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատՙ 2.6% գնաճ: Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում անցած տարվա նոյեմբերի համեմատ գրանցվել է 20.6%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատՙ 2.3% գնաճ: 2021թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան եւ ծովամթերքի, ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրանքիՙ 0.2%, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյիՙ 0.4% գնաճ: Ոչ պարենային ապրանքների շուկայում այս տարվա նոյեմբերը համեմատած 2020-ի հետ գրանցվել է 9.9%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատՙ 0.8% գնաճ: 2021թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են 3.2% եւ 3.1%-ով: 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքիՙ 48.1% եւ 53.1% գնաճ: Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 1.8%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ` 0.4% գնաճ: Արտարժույթի շուկայում 2021թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գների 1.7% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.3% նվազումով (ՀՀ դրամն արժեւորվել է): ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 477.7 դրամ, ինչը 4.4%-ով ցածր է 2020թ. նոյեմբերի համապատասխան ցուցանիշից (499.6 դրամ): Անդրադառնալով ԵԱՏՄ-ում թանկացումներին պետք է նշել, որ սննդամթերքը ամենաշատը թանկացել է Հայաստանումՙ 16,1%-ով, ապա Ղրղզստանումՙ 14,7% եւ Բելառուսումՙ 11,8%: Մեկ տարվա ընթացքում սննդամթերքի ամենաքիչ թանկացումը գրանցվել է Ռուսաստանումՙ 10,8%-ով: Նույն ժամանակահատվածում ոչ պարենային մթերքների գներն ամենամեծ աճը գրանցել են Ղրղզստանումՙ 11,3%, ապաՙ Բելառուսումՙ 10,1% եւ Հայաստանումՙ 9,9%: Ռուսաստանում եւ Ղազախստանում գնաճը կազմել է 8,3-ական %: Միակ դեպքը, որտեղ Հայաստանը առաջատարների շարքում չէ, վճարովի ծառայությունների շուկան է, որտեղ ամենաքիչ գնաճը արձանագրվել է Հայաստանումՙ 1,8% եւ ամենաշատը Բելառուսումՙ 8,4%: Դե ինչ, պարենային ու ոչ պարենային մթերքները իրենց տաքուկ տեղերից շնորհավորում են բոլորի գալիք Ամանորը եւ չեն խոստանում գնիջեցումներ մոտակա ամիսներին: |