RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2021-12-10 > #047, 2021-12-17 > #048, 2021-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 24-12-2021



Տեղադրվել է` 2021-12-23 23:26:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 3150, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

2022-Ը` ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԱՐԻ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Տարեմուտ է, արած-չարածը գնահատելու, բարեմաղթանքներ հնչեցնելու, սպասումների տրվելու: Տարողունակ մի շրջան, որտեղ թերեւս տեղին է առաջնորդվել խոսքի կարճը, պարանի երկարը մոտեցումով:

Եվ այսպես. անցնող տարվա հիմնահարցը անվտանգությունն էր, բուն պաշտպանականից մինչեւ հոգեւոր-մշակութային ու պարենանվտանգային, առողջապահական ու կրթական... Հատկապես վերջինի պարագայում կարծիքները սպասվածից տարաբնույթ են, ոլորտը բարեփոխելու ջանքերից մինչեւ անցյալին վերադառնալու առաջարկներով: Վերջին կողմնակիցներից մեկը նշում էր, որ բարեփոխման անհրաժեշտություն չկա, քանզի ընտանիքներ ունենք, ուր հինգ անդամներից երեքը տնտեսագիտության դոկտորներ են, չորրորդը` նույն ոլորտի թեկնածու, որոնց ղեկավարում է խոհանոցային անզուգական հմտությունների գիտակՙ ընտանիքի մայրը: Նա, այսուամենայնիվ, գտնում է, որ խոհանոցի հեռուստացույցից, ասենք Հ-1-ով հնչողՙ «ինքնաթիռը թռչել է», «դատապարտյալը փախչել է» արտահայտչաձեւերի համար կարիք չկա բարեփոխումների տրվել, այլ ընդամենը քերականության կանոնները պահպանել:

Իսկ այ գնումներ կատարելիս նրա զարկերակային ճնշման տատանումները լուրջ անհանգստություն են պատճառում դոկտորականի ուղղությամբ աշխատող առայժմ գիտության թեկնածու աղջկան: Բացատրությունը, թե` գներ են, կբարձրանան, համաշխարհային գործընթաց է, գուցե նաեւ իջնեն, ոչ մի կերպ չի համոզում իրեն հարցումներով դիմող հարեւանուհիներին, որոնք ինչ-որ ակնկալիք ունեն գիտական կաճառ հիշեցնող այսօրինակ ընտանիքներից, որոնցից մեկում էլ գտնում են, որ համաշխարհային հանրությանը հարկ է ներկայանալ մեր դարավոր մշակութով ու... այդկերպ հաղթել:

Ավաղ, գրեթե խոսք չկա նորին գերազանցություն աշխատանք համարվողից, որը հոմանիշ է ջանք, ճիգ, գործ հասկացություններին: Կարծես այստեղ արմատավորվում է զահլա չկա մոտեցումը, որի հաստատումն է, ասենք... հողից խռովելը, որի հետեւանքները զգում է երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունը, վարսավիրից մինչեւ վարորդ, մանկավարժ ու բժիշկ: Անգամ պատկերացնել պետք չէ այն պահն ու վիճակը, երբ կհայտնվենք պարզապես ոչինչ չանողի, կտուր վառողի դերում: Այսուհանդերձ հուսանք, որ բոլոր պարագաներում 2022-ին կենսաթոշակ-ԱԺ պատգամավորի աշխատավարձ 40.000-800.000 դրամ 1:20 չափաբաժինը գոնե կկազմի 80.000-800.000 դրամ:

Աշխատանք բոլոր առումներով, ահա այն բարեմաղթանքը, որ միմյանց հարկ է ուղղել 2022-ին: Եվ ամեն ինչ լավ կլինի, մեզ արժանի ժամանակը կգա: Անշուշտ` առաջն Աստված:

Հետգրություն

Տեսար` էժանացրին

Ծանոթներիցս մեկը օրերս հետեւյալ զրույցն արեց:

Ջիպ եմ ցանկանում գնել, բայց..., խոսքն անավարտ թողեց:

- Ինչ բայց, գնիր եւ վերջ, - հորդորեցի ես:

- Դե, լվանալու խնդիր կա: Փոքր մեքենաները 1000 դրամով են լվանում, սեդանները` 1500-ով, ջիպերը` 2500-ով: Գուցե սպասեմ եկող տարվան, տեսար էժանացրին:

Մարդը չգիտեր, որ հունվարի 1-ից ջուրն էլ է թանկանում:

20.12.2021թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 24-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ