«ՄԱՆՅՈՒՆՅԱՆ»ՙ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՍԵՐԻԱԼ Ա. Բ. Այս տարեվերջը գրող Նարինե Աբգարյանի համար նշանավորվեց մի քանի նորությամբ: Նրա նոր վեպըՙ «Սիմոնը», Ռուսաստանի գլխավոր «Մեծ գիրք» գրքի մրցանակաբաշխության ժամանակ հաղթել է ընթերցողների քվեարկության ընթացքում: Իսկ դեկտեմբերի 15-ին «Օկկօ» մուլտիմեդիա ծառայությունը ցուցադրել է հայ-ռուսական արտադրության «Մանյունյա» սերիալըՙ Նարինե Աբգարյանի գրքի երկար սպասված էկրանացումը (բեմադրիչՙ Արման Մարության ): Գիրքը նախկինում արժանացել է «Տարվա ձեռագիր» Ռուսաստանի ազգային գրական մրցանակին եւ առաջադրվել է «Մեծ գիրք» մրցանակին: Սերիալի թողարկման առթիվ Մոսկվայի «ԱՍՏ» հրատարակչությունը վերահրատարակել է «Մանյունյան», շապիկինՙ մատենաշարի պաստառով: Առաջնախաղը կայացել է Սոչիում տեղի ունեցած «Կինոտավր» 32-րդ կինոփառատոնի արտամրցութային սերիալի ցուցադրության շրջանակներում, իսկ նրա առաջին դրվագները ցուցադրվել են Կրասնոյարսկի գրքի մշակույթի տոնավաճառում եւ Հայաստանում «Օկկո» ծառայության մեկնարկի ժամանակ: Երկու միջոցառումներում էլ «Տասնամյակի լավագույն մանկական հեղինակ» մրցանակի դափնեկիր Նարինե Աբգարյանն անձամբ է ներկայացրել առաջնախաղի դրվագները: «Մանյունյան» նկարահանվել է Հայաստանի տարբեր մարզերում, պատանի հերոսուհիներին մարմնավորել են Կարինա Ղահրամանյանը եւ Եկատերինա Տեմնովան Մոսկվայից, իսկ Տայի (Ռոզա Իոսիֆովնայի) գլխավոր դերը կատարել է հայ թատրոնի եւ հեռատեսիլի ճանաչված դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը : Էկրանից դուրս տեքստը հնչյունավորել են դերասանուհիներ Չուլպան Խամատովան , Սվետլանա Իվանովան , Ելիզավետա Բոյարսկայան , Ելենա Պոդկամինսկայան եւ Մարինա Ալեքսանդրովան : |