RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2022-01-14 > #002, 2022-01-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 14-01-2022



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2022-01-13 22:51:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1965, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԺԱՆԻ ՉԷ ԹԱՏՐՈՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ

ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ, արվեստագիտության թեկնածու

Հա՞րց թե ախտորոշում...

Զրույցՙ բեմադրիչ ՍԱՄՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ

Ռեժիսոր, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ, դրամատուրգ Սամսոն Ստեփանյանը հայ բեմի ամենաուրույն, ճանաչելի ձեռագրով, ամենաինքնատիպ եւ քաղաքացիական դեմք ունեցող ստեղծագործողներից է: Հարուստ է նրա բեմական կենսագրությունը, բազմաթիվ դերեր թատրոնում եւ կինոյում (խաղացել է Տրամաբան, Դյուդարՙ Է. Իոնեսկուի «Ռնգեղջյուր», Մարկիզ դը Սադՙ Պ. Վայսի «Մարատ, Սադ», Գլխավոր հերոսՙ «Mea Culpa», Մարդասպան եղբայրՙ Վ. Սարոյանի «Օպերա, օպերա», Վարողՙ Ժ. Անույի «Անտիգոնե», Աբիսողոմ` Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», Լիպորելլո` Ա. Պուշկինի «Փոքրիկ ողբերգություններ», Մարդ-կապիկՙ Ֆրանց Կաֆկայի «Հաշվետվություն ակադեմիայի համար», Գալգյուտՙ Մ. Գելդերոդի «Խեղկատակների դպրոցը» եւ այլն): Գեղարվեստական ֆիլմերում խաղացած դերերից ենՙ Վամպիրՙ «Փախիր կամ ամուսնացիր» /2015/, Մայքլՙ «Երեք շաբաթ Երեւանում» /2015/, Գնելՙ «Կյանք եւ կռիվ» /2016/, Զինկոմՙ «Ակնոցը» /2016/ եւ այլն: Բեմադրություններ է արել տեղի եւ արտերկրի թատրոններում (Վ. Սարոյանի «Օպերա, օպերա»ՙ «Գոյ» թատրոն-լաբորատորիա, Հովհ. Թումանյանի «Կիկոսի մահը», Վ. Շեքսպիրի «Փոթորիկը», Ֆ. Կաֆկայի «Հաշվետվություն ակադեմիայի համար»ՙ «Փոսի թատրոն», Ե. Շվարցի «Մոխրոտիկը»ՙ Հալեպի «Ադամյան» թատերախումբ, Ա. Այվազյանի «Դեկորները», իր հեղինակած պիեսների հիման վրաՙ «Դարի արշալույսն ու դարի մայրամուտը» եւ «Parla mi d amore», Մանուելե Դելլա Պիանեի «Տրտում սերերը»ՙ «Գոյ» թատրոն-լաբորատորիա եւ այլն): Գործունեությունը սկսել է Երեւանի պետական երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում, ապա դարձել է «Գոյ» թատրոն-լաբորատորիայի հիմնադիրներից մեկը, 1993-1999 թթ. «Փոսի» թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր, 2018-2021 թթ.ՙ Պետական Կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Կառավարության որոշմամբ ամիսներ առաջ փակվեց Պետական Կամերային երաժշտական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր Սամսոն Ստեփանյանը: Թատրոնը լուծարելու նախարարության հիմնավորումն անհեթեթ էրՙ օպտիմալիզացիա, հանուն մեկ այլ ստեղծագործական միավորիՙ Պետական Սիմֆոնիկ նվագախմբի, որը փորձատեղի չուներ: Թատրոնի անձնակազմի, մասնագիտական շրջանակների, թատերագետներիս կարծիքը շրջանցվեց: Արդյունքում տեղի ունեցավ մշակութային վանդալիզմՙ գործող, պետության առջեւ իր պարտականությունները լիովին կատարող, հանդիսատեսի կողմից սիրված, երկրում եզակիՙ մանկական մյուզիքլի ժանրը ներկայացնող թատրոնն արդեն պատմություն է դարձել: Իրողությունից հետո Սամսոն Ստեփանյանը կարծես խոր լռություն էր հայտարարել, եւ ահա տարեվերջին «Գոյ» թատրոնի խաղացանկում հայտնվում է նրա բեմադրած նոր ներկայացումըՙ բավական սադրիչ վերնագրովՙ «Առռը հա՛ Շեքսպիր», որը բաց թողնել չէի կարող: Առաջնախաղից հետո Ստեփանյանը համաձայնեց զրուցել մեզ հետ ներկայացման, թատրոնի փակվելու եւ այսօր երկրում տիրող իրավիճակի մասին:

- Պարո՛ն Ստեփանյան, կարելի է ասել, որ Կամերայինը լուծարելովՙ նախարարությունը հանդիսատեսին զրկեց 32 տարվա պատմություն ունեցող թատրոնից: Ի թիվս այլ ներկայացումների, այստեղ գերակշիռ մաս էին կազմում մանկական մյուզիքլներըՙ գրված կոմպոզիտորի կողմից հենց թատրոնի համար: Մեր երկրում, ըստ իս, ավելորդ թատրոններ չկան, յուրաքանչյուրը կոնկրետ մեկ ժանր է ներկայացնում (մնջախաղի, օպերետի, տիկնիկային, խամաճիկների, պատանի հանդիսատեսի եւ այլն): Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք նույնը չի սպառնա մոտ ապագայում մյուս ժանրային թատրոններին եւ արդյո՞ք Պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսել է փորձերը թատրոնի շենքում:

- Ինչպես որ սպասվում էր, ոչ մի փորձեր էլ այնտեղ չեն ընթանում, թատրոնի 65 հոգանոց անձնակազմից դեռ քչերն են աշխատանքով ապահովվել, թեեւ ի սկզբանե մեզ հավատացնում էին, որ ողջ ստեղծագործական անձնակազմը կմիանա Պարոնյան թատրոնին: Ես գրեթե համոզված եմ, որ պարզապես շենքն էր նրանց հարկավոր, մի քանի տարի անց կլսենք, որ վաճառել են: Ցավոք սրտի, փակողներին առաջնորդում է շահը: Իմ կենսագրության մեջ կան «Փոսի թատրոնը», «Գոյ»-նՙ իր անվերջ պայքարներով, այժմ էլՙ Կամերայինը. կարծում եմ, հասկանալի էՙ ինչ եմ ասում:

- Ինչ-որ միտո՞ւմ եք տեսնում:

- Նորից ու նորից համոզվում եմ, որ իշխող համակարգում թատրոնից հասկացող որեւէ մեկը չկաՙ կառավարությունից սկսած, նախարարությունով վերջացրած: Մեր երկրում չկա մշակութային ռազմավարություն: Եթե դու չգիտեսՙ ի՛նչ ունես, քո զենքը ո՛րն է, կամ այդ զենքն ինչպե՛ս կիրառել (իսկ կայացած պետություններում մշակույթը զենք է), ապա դա դառնում է բեռ, իսկ բեռից պետք է ազատվել: Զենքը նպատակային կիրառելու համար նախ պետք է ունենալ խելք, հայրենասիրություն, ապաՙ կարողություն մշակույթը քո հասարակության շահերին ծառայեցնելու: Այս երեքի բացակայության դեպքում սկսում են լուծարել, փակել, մանկամիտ ու սուտ հիմքեր հորինելՙ կործանելու համար: Անունը կդնեն «օպտիմալիզացիա», «բարեփոխում», բայց հիմքում չիմացությունն է, կործանելու ցանկությունը եւ շահըՙ ինչպես հներն էին անում:

- Ի՞նչ պետք է անի արվեստագետը նման իրավիճակում:

- Ցավալին այն է, որ երբ հակառակորդդ մեդուզա է, պայքարդ թուլանում է: Տարօրինակ բան կասեմ. պայքարի համար ուժեղ հակառակորդ է պետք: Որքան ազդեցությունը մեծ է, այնքան մեծ է հակազդեցության ուժը: Սա անգամ այդ դեպքը չէ, նրանք բացահայտ չեն գործում, այլ մեդուզայի պես: Իսկ դոնդողանման, անողնաշարավոր, լպրծուն մեդուզան անգամ բռնել, ձեռերիդ մեջ ճխլել չես կարող, հնարավոր չէ, ձեռքիցդ պլստում է: Իմ պատասխանը «Գոյ» թատրոնում իմ նոր բեմադրությունն է. ինչ ուզում էի ասել, այնտեղ ասել եմ:

- Դուք 44-օրյա պատերազմի ժամանակ առաջնագծում էիք: Կամերայինի համար պայքարի օրերին մտածում էիՙ սա՞ է շնորհակալությունը քո երկրի վաստակավոր արտիստին, մտածողին, ձեր դեպքում հանգիստ կարող եմ ասել նաեւՙ մտավորականին եւ զինվորին, որի ավանդը հայ թատրոնում ու կինոյում մեծ է, այժմ էլ նաեւՙ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում: Մտորումներս թող հռետորական հարցեր մնան... Իսկ հարցս հետեւյալն է. պատերազմից հետո ի՞նչ է փոխվել արտիստի կյանքում:

- Պատերազմն այնպիսի արհավիրք է, որից հետո ամեն բան մանրուք է թվում: Ես ձեռք բերեցի ներքին հավասարակշռություն ու ներդաշնակություն: Իմ կրեդոն էՙ ներել, չչարանալ: Մանրուքների վրա ուշադրություն չդարձնել: Գուցե ասածս հնամաշ հնչի, բայց չարությունը արարել չգիտի: Սակայն ներել ասելով ամենեւին էլ նկատի չունեմ դառնալ ողորմելի, անկամք, վախեցած մի երեւույթ, որն արդարացնում է իր անկարողությունը «քրիստոնյա» լինելով: Ներելՙ նշանակում է արգելել ատելությանը մուտք գործել քո ներաշխարհը: Իսկ պատերազմն ու մեր երկրի ներքաղաքական վիճակը մեծ ցանկություն առաջացրին իմ ներսում դառանալ հեթանոս: Հետեւությունները թողնում եմ ընթերցողին:

- Վիրավորված չե՞ք, չէ՞ որ անարդար են ձեզ հետ վարվել... Այն, ինչ Ձեզ հետ արեցին, ես որակում եմ մտավորականի, արվեստագետի հանդեպ խտրականություն, սահմանափակում: Ո՞րն է ելքը:

- Ումի՞ց վիրավորվեմ, անողնաշարավորների՞ց, ո՛չ, պարզապես մանիպուլյացիան, սուտն ու կեղծիքը չեն կարող չզայրացնել: Ես ելքը չգիտեմ, իմ ելքը ներսում չարություն ու ագրեսիա չպահելն է: Մնացածը հետեւանքը կլինի իմ մտածողության: Աշխարհը մեծ է, գեղեցիկ ու հրաշալի բան է, եւ ես թույլ չեմ տա կորցնել իմ մարդկային հատկություններն ինչ-որ անդեմ, անկամ երեւույթների պատճառով: Իմ ուժերից եկող ամեն ինչ կանեմ չարիքի դեմն առնելու համար, քանի որ անտարբեր լինել չեմ կարող: Անարդարություններն ինձ խթան են տալիս: Ես ունեմ կարծիք արտահայտելու հնարավորություն եւ ես թե՛ բեմից, թե՛ մամուլում միշտ կբարձրաձայնեմ իմ կարծիքըՙ առանց որեւէ մեկից վախենալու:

- «Գոյ» թատրոնը ձեր բեմական կենսագրության անբաժանելի մասնիկն է, նրա հիմնադիրներից մեկն եք, եւ ձեր ստեղծագործական մոտ չորս տասնամյակ ձգվող ուղու ընթացքում պարբերաբար վերադարձել եք «Գոյ»: Որպես դերասան ձեր խաղացանկում սատիրիկ դերերը միշտ առկա են եղել, սակայն անհնար է չնկատել, որ այս վերջին ներկայացումը բոլորովին նոր լեզու ու ձեռագիր է Սամսոն Ստեփանյան բեմադրիչի եւ «Գոյ»-ի ոճում: «Առռը հա՛ Շեքսպիր»ՙ ամերիկյան ժամանակակից ֆարսի սյուժեն ադապտացրել եք, ինչպես ազդագրում եք գրելՙ «վերաիմաստավորել» եք հայ իրականությանըՙ որպես «թատերական խուլիգանություն»: Շեքսպիրը հերթական անգամ «օգնությա՞ն» է հասնում:

- Պիեսը բուֆոնադ է ու հեգնանք առ Շեքսպիր: Այս ներկայացումն առաջին հերթին իմ վերաբերմունքն էր Շեքսպիրին կուռք դարձրած որոշ բեմադրիչների հանդեպ: Այն կարծրատիպի, որով աշխարհում ընկալում են նրան: Անշուշտ, Շեքսպիրը հանճարեղ է, թեեւ շատախոս է (ծիծաղում է), սակայն այսօր դասական ճշգրտությամբ Շեքսպիր բեմադրելն անիմաստ է: Հատկապես մեր հասարակության մեջ, որը միայն Համլետի ու Օթելլոյի մասին է լսել, որը խորքային չի կարդացել այս հեղինակին եւ չի ըմբռնում: Մեր այսօրվա կյանքի տեմպը թույլ չի տալիս երեք-չորս ժամ վատնել ներկայացում դիտելու վրա: Ներկայիս մարդու ընկալողունակությունն արագացել է, եւ ամենեւին էլ կարիք չկա հասցնել նրան ձանձրույթիՙ երկարաբանություններով, ինչը որ հաճախ անում են շատ շեքսպիրամոլ բեմադրիչներ:

- Ոչ միայն բեմադրիչն էիք, այլեւ ներկայացման գործող անձ էիքՙ ռեժիսորը ռեժիսորի կերպարում: Դեռ նոր բեմում հայտնվելովՙ «ապտակներ» հասցրիք հանդիսատեսինՙ նրան ցույց տալով իր դեմքըՙ չկարդացած, անտեղյակ, տգետ...

- Ի դեպ, նկատեցի՞քՙ հանդիսատեսի «դեմքը» ուսապարկով ու կեպիով է, հայացքն էլՙ ոչինչ չասող...

- Այո՛: Ներկայացման տարբեր դրվագներում շատ ու շատ ճանաչելի քաղաքական գործիչներ էին ծաղրվում: Կարելի է ասել, որ ներկայացման ամենաուժեղ տեսարաններից մեկը, այսպես կոչված, ամերիկյան ֆուտբոլի տեսարանն էրՙ մեկը գնդակը գցում է, մյուսը գրոհում է, մեկը բռնում է, մեկը շահում է, շահերը բախվում են: Հրաշալի տեքստ էր եւ բեմական լուծումն էլ դիպուկ էր գտնվածՙ ֆուտբոլի խաղն աղմուկ-աղաղակով ընթանում էր կուլիսներում, բեմադրիչն էլ, ինչպես սպորտային մեկնաբան, մեծ խանդավառությամբ մեկնաբանում էր խաղըՙ հանդիսատեսին ներկայացնելով մեր բոլոր նախագահների վարած դառը քաղաքականությունը:

- Դա երկար տարիների ընթացքում կուտակված ասելիքս էր, որ խտացրի մեկուկես էջի սահմաններումՙ փորձելով վերլուծել, գնահատական տալ երեսուն տարիների ընթացքում տեղի ուենցածին, հուսամՙ տեղ է հասնում: Այստեղ ոչ թե արվեստագետ, այլ քաղաքացի Սամսոն Ստեփանյանն է խոսում, որը մտահոգ է այս երկրի ճակատագրով: Եվ եթե նկատեցիք, համակրանքս նրանցից ոչ մեկի կողմը չէր:

- Իհա՛րկե, ակնհայտ էր, եւ ես կիսում եմ ձեր կարծիքը: Անչափ խոսուն էր նաեւ «Համլետ»-ում «Մկան թակարդ» կոչվող տեսարանըՙ ռուս-թուրքական տանդեմն ընդգծող: Ոչ պակաս խոսուն էր Հուլիոս Կեսարի սպանությունըՙ հոկտեմբերի 27-ի հիշատակությամբ: Այսպիսովՙ սկզբում ապտակներ հասցրիք հանդիսատեսին, ապաՙ ղեկավարներին, իսկ ձեր համակրանքն առհասարակ ո՞ւմ կողմն է:

- Համակրանքս իրեն հայ համարող, հայ զգացող իմ ժողովրդի կողմն է, ո՛չ քաղքենի էսթետի, որ ձեւացնում է, թե Շեքսպիր է հասկանում, ո՛չ տգետ հասարակ հանդիսատեսի, որի ճաշակը խեղված է հեռուստատեսային աղբով, ո՛չ էլ Ազգային ժողովն ախոռի վերածած անբան կառավարիչների:

- Սա ոչ միայն Շեքսպիրի, այլեւՙ ամեն ինչի պարոդիա էր, ամենայն ինչ ծաղրուծանակի ենթարկելու ակցիաՙ գրոտեսկի ու բուֆոնադի միջոցով:

- Այդպես է, եթե հիշում եք, ներս մտնելուն պես զանգերի փոխարեն դուք լսեցիք զկռտոց, հետո հայտնեցինք, որ հնչեց երրորդ անիմաստ զանգը, ապա հանդիսատեսին նախապատրաստեցինք, որ եկել է անիմաստ ժամանակ վատնելու պահը եւ որ սկսվում է անհեթեթ ժամանցի ակտը: Սա ավելի շուտ թատերական խուլիգանություն, բալագանային թատրոն է:

- Ավարտին էլ ասացիք, որ եթե ներկայացումը հավանեցինք, ապա հաջորդ անգամ հրավիրենք մեր հարազատներին, սիրելիներին, իսկ եթե ոչՙ հրավիրենք մեր թշնամիներին, դա շատ սրամիտ էր: Առհասարակ հիշեցնում էր «Գոյ» թատրոնի սկզբնավորման տարիների փորձարարական, ազատ, արտակենտրոն ոճը: Սա քաղաքական թատրոն էր ի վերջո...

- Ես սա չեմ համարում քաղաքական ներկայացում, սա Շեքսպիրի ծաղրն էր պարզապես: Բայց ո՛չ չարանենգ: Նա ինքն է տալիս բեմադրիչին անսահման հնարավորություն, քանի, որ անհերքելի ճշմարտություն էՙ ինչ էլ անես, միեւնույն է, նրա ներկայությունն ակնհայտ է: Եվ հավատացե՛ք, նա էլ է ժպտում ուզածդ բեմական չարաճճիության վրա: Եվ ես ինձ թույլ եմ տալիս նրա ողբերգություններին տալ ընդունվածից տարբեր, այլ մեկնաբանություն:

- Այնուհանդերձ, ես որպես թատերագետ ձեր ներկայացումը տեղավորում եմ «քաղաքական թատրոն» ժանրի մեջ, որր 20-ականներին ծնվեց Գերմանիայում (Պիսկատոր, Բրեխթ), Ռուսաստանում Մեյերհոլդն էր, ԱՄՆ-ումՙ կենդանի «թերթերը» եւ այլն, որոնք օրվա քաղաքական, սուր հարցերը բեմ էին տանումՙ հանդիսատեսին ակտիվ մասնակից դարձնելով: Հայ բեմում եւս մեկ ու մեջ եղել են նման ներկայացումներ...

- Այսօր արվեստագետը չի կարող անմասն մնալ մեր իրականությունից: Մի քանի տարի առաջ մենք դեռ կարող էին մեզ թույլ տալ բեմից երբեմն անմեղ թեմաներից խոսել: Այսօր մեր իրականությունն այնքան է քաղաքականացված, որ պարզապես հանդիսատեսին զվարճացնելը կամ ժամանցի համար բեմադրություններ անելն անիմաստ է: Մեր թատրոնների խաղացանկերում շատ են ոչ ոքի չնեղացնող, անմեղ, պարզապես ներկայացումները: Իսկ թատրոնը, իմ համոզմամբ, զենք է: Ես թատրոնին ամեն բան չեմ վերագրում, փրկչի դեր չեմ դնում նրա ուսերին, բայց զենքերից մեկն է, որը ռեժիսորը պետք է օգտագործի: Ցավում եմ, որ թատրոնիՙ իմ ընկալմամբ անսահմանությունը, այսօր ճզմվել է «քաղաքականություն» ասված մի աղբարկղում, եւ ես ստիպված եմ անդրադառնալ թեմաների, որոնցից միշտ հեռու եմ պահել բեմը, բայց այսօր իմ մեջ ավելի ըմբոստ է քաղաքացին, քան գեղագետը:

- Նաեւ բրեխթյան սիստեմով եք առաջնորդվել. նա թատրոնը համեմատում էր սպորտային մրցասպարեզի հետ, որի հանդիսատեսը պետք է մարզախաղ դիտող հանդիսատեսի պես անհանգիստ ու ակտիվ լինի:

- Ճիշտ եք նկատել, այստեղ Բրեխթից շատ բան կար: Նախ այն, որ չնայած մեկդարյա ժամանակահատվածին, որը բաժանում է 20-րդ դարասկզբի գերմանական հանդիսատեսին մեր այսօրվա հայ հանդիսատեսից, բարքերը, ընկալումերը, կրթվածությունը, ինտելեկտուալ մակարդակը համարյա նույնն են: Ասել կուզեմ, որ շատ դեպքերում հանդիսատեսն ունի բացատրության կարիք, ինչպես անում էին Բրեխթը, Պիսկատորը... Եվ դա ամենեւին չէր արվում հանդիսատեսին կրթելու նպատակով, այլ ավելի հաղորդակից դարձնելու համար բեմում արարվող իրականությանը: Մեկ այլ իրականության, որի էպիկենտրոնը թատրոնն է:

- Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ճակատագիր կունենա ներկայացումը... Հանդիսատեսի մեջ անպայմանորեն չորս ղեկավարներից որեւէ մեկին համակրողներն իրենց պիտի որ վիրավորված զգային:

- Չգիտեմ, պրեմիերայից հետո ինձ մի քանի հոգի մոտեցան, շնորհակալություն հայտնեցին... Բազմաշերտ է հանդիսատեսը, բայց թատրոնի նպատակն էՙ տեղեկացնել, հետաքրքրել, գրավել, այնպես անել, որ ի վերջո թատրոնում հայտնված մարդուն (ո՛վ պատահական է եկել, ո՛վՙ իր ընտրությամբ) սիրել տաս թատրոն արվեստը, բացահայտում անես նրա համար, որ միշտ վերադառնա:

- Իսկ ի՞նչ ապագա է սպասվում հայ թատրոնին:

- Վատ, կարծում եմ թատրոններ փակելու քաղաքականությունը շարունակվելու է... Կմնան երկու-երեք թատրոն, որոնց կհասնի առյուծի բաժինըՙ Օպերան, Սունդուկյանը, եւ էլի մի-երկու կառավարությանը չհակադրվող, չնեղացնող, միշտ բարեհամբույր թատրոններ: Եթե չսնես թատրոնի օրգանիզմը, այն ինչպե՞ս կգործի, ի՞նչ ռեսուրս ունի այդ թատրոնը գործելու համար: Միտումնավոր թողնում են անուշադրության, որ օրգանիզմը հյուծվի, եւ եթե այս մղձավանջը շարունակվի, որոշ ժամանակ անց շատ թատրոններ կփակվեն, կեղծ պատճառաբանություններ միշտ կգտնվեն:

- «Գոյ»-ում ի՞նչ ծրագրեր կան: Իր սկզբնավորման առաջին տարիներին ամբողջությամբ նորարարական էր, հստակ ուղերձ ուներՙ խորհրդային կարգերի պատճառով մեր հանդիսատեսին անհայտ, բայց Արեւմուտքում մեծ ճանաչում վայելող հեղինակների գործերն առաջին անգամ մեր հանդիսատեսին ներկայացնել: Իսկ այսօ՞ր որն է ձեր բռնած թեւը:

- Այսօր էլ թատրոնը պահպանում է իր ձեռագիրն ու ասելիքը: Իհարկե, այլեւս աբսուրդի դրամատուրգիա բեմադրելն անիմաստ է, ամբողջությամբ աբսուրդի մեջ ենք հայտնվել: Ամեն տեսակի փորձարարություն եղել է թատրոնում, այսօր պետք է բեմադրել այն, ինչ մեր մասին է, մեզ հուզում է, որ հանդիսատեսն իրեն ներքաշված զգա այդ բեմադրության մեջ, իր ցավը տեսնի, մասնակից դառնա: Անկախ նրանիցՙ ինչ ժանրի սկզբունքներով է բեմադրված պիեսը:

- Քանի որ ներկայացումը կոնկրետ հասցեատերեր ունի, չե՞ք փորձել արդյոք այդ «տերերին» հրավիրել ներկայացմանը:

- Ո՛չ, եւ ցանկություն չունեմ... Մեր ներկայացումը պարզ հանդիսատեսի համար է...Եվ մի քիչ շատ կլիներ իրենց համար, որ հրավիրեի: Առավել եւս, որ նրանցից որեւէ մեկը ոչինչ էլ չի հասկանա, քանի որ «Էշն ի՞նչ գիտի, նուշն ինչ է»:

(Մտորում ենք... Լռությունը խախտում է զրուցակիցս...):

Տարօրինակ բան կասեմ, բայց այս ամենն իմ մեջ մեծ լավատեսություն արթնացրեց, ամենակարեւորն այն է, որ ես կարողացել եմ չարություն եւ նեգատիվը չպահել իմ մեջ: Այս զրույցիս մեջ էլ չարություն, ագրեսիա չկար, դրա համար էլ հանգիստ ու շիտակ եմ խոսում: Անշուշտ, կան պինդ ու ազնիվ մարդիկ, որոնք ի վերջո փոխելու են էս երկիրը: Ցավալիորեն քիչ են, բայց կարծում եմՙ երկրի վիճակը լավ է լինելու, թատրոններինըՙ ոչ:

- Ես համոզված եմ, որ թատրոնը հասարակության խիղճն է, եթե տկար է խիղճը, ինչպե՞ս է երկրում լավ լինելու:

- Ես եկա այն եզրակացության, որ մեր երկրին թատրոն պետք չի, մեր հասարակությունը արժանի չէ թատրոն ունենալու: Եթե հասարակությունը թույլ է տալիս թատրոն փակվի, ուրեմն վաղը երկրի ողնաշարը չի կարողանա պահել: Մշակույթը լայն հասկացություն է, միայն արվեստը, թատրոնը չէ: Նախ գիտությունն է, ապա կրոնը, եւ նոր միայնՙ արվեստը: Իսկ մենք երեսուն տարիների ընթացքում ոչնչացրել ենք գիտությունը, ես գտնում եմՙ եթե պետությունդ չունի գիտություն, ապա արվեստ էլ չի ունենա: Ինքս ինձ համարում եմ թատրոնի մարդ, բայց այսօր ես գերապատվությունն անվերապահորեն տալիս եմ գիտությանը: Մեր հասարակությանը օդի եւ ջրի նման հարկավոր է կրթվել: Մենք ցավալիորեն տգետ ենք: Տգետ են եղել ու է՛ մեր իշխանավորների գերակշռող մասը: Բայց հավատս չի կոտրվում, որ անկախ աշխարհում տիրող իրադարձություններից, միեւնույն է, ՀԱՅԸ հավերժ է: Իսկ նրա ձգտումը դեպի լույսըՙ անսահման: Եվ որեւէ մեկը, լինի ստրուկ, թե աշխարհակալ, չի կարող լռեցնել ու սպանել Ճշմարտությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 14-01-2022

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ