RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2022-01-14 > #002, 2022-01-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 21-01-2022



Տեղադրվել է` 2022-01-21 12:12:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2691, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ «ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ» ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները հունվարի 14-ին Մոսկվայում հանդիպեցին առաջին անգամՙ նպատակ ունենալով շուտով պաշտոնական բանակցություններ սկսել երկու պետությունների միջեւ: Հանդիպումը ողջունեցին աշխարհի տարբեր կողմերում: Նույնիսկ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ օրեցօր սաստկացող լարվածության ներկա ժամանակահատվածում, երկու հակառակորդ պետությունների արձագանքները միահունչ էին:

Մ. Նահանգները, Ռուսաստանը, Եվրոմիությունը, ՆԱՏՕ-ն եւ այլ կառույցներ ողջունեցին նախաձեռնությունը, հատկապես երբ Հայաստանն ու Թուրքիան միանման հայտարարություններով հանդես եկան այն մասին, թե հանդիպումը կայացել է դրական մթնոլորտում, երկու կողմերի կառուցողական մոտեցումների պայմաններում:

Անշուշտ այս հրապարակային հայտարարությունները շատ բան չեն նշանակում, որովհետեւ առայժմ ոչ ճանապարհային քարտեզ կա, ոչ էլ օրակարգՙ սկսելու իրական բանակցությունները:

Մերձեցման այս բանակցությունները նախաձեռնել էին Մոսկվան ու Վաշինգտոնը` տարբեր պատճառներով: Հայաստանը զգուշավորությամբ է շարժվում, որպեսզի ոչ մի առիթ չտա Մոսկվային մտահոգվելու, սակայն շատերի կարծիքով երես առ երես բանակցությունները առավել արդյունավետ կլինեին, քան երրորդ կողմերի միջնորդավորվածները, որովհետեւ վերջիններս կարող են իրենց շահերը թելադրել բանակցողներին:

Կացությունն իր մեջ պարունակում է որոշ հեգնական դրվագներ: Ռուսաստանի պարագայում հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Մոսկվայի համար կարեւոր Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կանոնավորումը, երբ Ռուսաստանն ինքն է խթանել Թուրքիայի դեմ Հայաստանի վախերը: Տարիներ շարունակ Հայաստանի անվերապահ համագործակցությունը Ռուսաստանի հետ հենց այդ վախով է պայմանավորված եղել, եւ Ռուսաստանն օգտագործել է այդ վախը որպես քաղաքական գործոն Հայաստանի հետ իր հարաբերություններում: Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը դրա վառ ապացույցն է, որտեղ հակառակ իր թույլ տնտեսությանը Հայաստանը հանձն է առել հյուրընկալել այն եւ հոգ տանել դրա կարիքներին:

Հաջորդ հարցը բանակցությունների սկզբնավորման ժամանակահատվածն է: Ի՞նչ ազդեցություն է ունենալու Ուկրաինայի հարցով Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունների լարվածությունը բանակցությունների վրա:

Բանակցությունները խրախուսելու Մոսկվայի եւ Վաշինգտոնի մղիչ ուժը այն է, որ երկու կողմերն էլ այժմ թույլ են եւ կարող են տեղի տալ միջազգային ճնշումների ազդեցության տակ: Իհարկե, այդ թուլությունը հարաբերական է: Հայաստանը ծնկի է իջել պատերազմում իր պարտությունից հետո, եւ Թուրքիան զոհ է դարձել իր իսկ ծավալապաշտական փառասիրությունների, որոնք երկիրը տնտեսական անկման եզրին են գլորել:

Հայտնի է, որ նախագահ Ջո Բայդենն է անձամբ խորհուրդ տվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` վերացնելու Հայաստանի շրջափակումը եւ հաստատելու դիվանագիտական հարաբերություններ վերջինիս հետ:

Առաջ շարժվելու համար Հայաստանը պարտավոր է ուսումնասիրել բանակցություններ վարելու Անկարայի մարտավարություններն ու դրանցից բխող հնարավոր որոգայթները:

Նախագահ Բայդենի թելադրանքը կատարելու համար Էրդողանը զարմացրեց աշխարհին հայտարարելով, որ Հայաստանի հետ բանակցելու է առանց նախապայմանների, բայց բանակցությունների ընթացքում վստահաբար նա Հայաստանին փակուղու առաջ է կանգնեցնելու եւ Վաշինգտոնին է ներկայանալու մաքուր ձեռքերով:

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը , Հայաստանի գիտությունների ակադեմիայից, տեղեկացնում է, որ սա չորրորդ փորձն է բանակցելու 2009ի Ցյուրիխյան Արձանագրություններից, «ֆուտբոլային դիվանագիտությունից» եւ թուրք-հայկական մերձեցման հանձնախմբի (TARC) երկրորդ փորձից հետո:

Դրանցից երկուսի խրախուսողը Մ. Նահանգներն էր: Սաֆրաստյանը հավատացած է, որ բանակցությունների ներկա գործընթացը հաջողության ավելի լավ հնարավորություն ունի, քանի որ դրանով շահագրգռված են ե՛ւ Մ. Նահանգները, ե՛ւ Ռուսաստանը: Բայց նա զգուշացնում է շեշտելով, որ այս նոր գործընթացը կարող է հաջողությամբ ավարտվել, եթե Թուրքիան Մ. Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ճնշումների ներքո ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Նրա զգուշավոր լավատեսությունը ներկայիս հիմնված է այն փաստի վրա, որ ԵԱՀԿ-ի երեք համանախագահները, որոնք հանձն են առել կարգավորելու Ղարաբաղի հարցը, ներկա դրությամբ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Նախորդ անգամներում դրությունը այլ էր:

ԱՄՆ-ի նախագահ Բայդենը Թուրքիայից ընդամենը խնդրել էր վերացնել շրջափակումը եւ հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Եթե Թուրքիան կատարի այդ խնդրանքը, նրան չպետք է վարձատրել «լավ վարքագծի» համար: Չէ՞ որ Անկարան սկզբից եւեթ խախտել էր միջազգային իրավունքի կանոնները` փակելով իր սահմանները դեպի ծով ելք չունեցող մի պետության հետ: Նրան, ընդհակառակը, պետք է պատասխանատվության կանչել որպես միջազգային հանցագործ իր արարքի համար:

Իրադրությունը այս տեսանկյունից դիտարկելու փոխարեն, Անկարան այժմ բանակցությունների սեղանին է նստում կարգավորելու հնադարյան խնդիրներ, իսկ Երեւանը տեղի է տալիս դիվանագիտական այս խորամանկությանը:

Ոչ ոք չի կարող կանխագուշակել, թե ինչքան են տեւելու այս բանակցությունները եւ ինչ արդյունք են ունենալու, բայց Հայաստանը պետք է պատրաստ լինի տնտեսական այն զարգացումներին, որոնք կատարվելու են սահմանների բացումից հետո: Հայաստանը համապատասխանաբար պետք է սակագներ սահմանի եւ կարգավորիչ համակարգեր տեղադրի, որպեսզի կարողանա պաշտպանել իր նվաղուն տնտեսությունը:

Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության բաղկացուցիչ տարրերից մեկը եղել է տնտեսական ներգրավվածությունը: Դրա վառ ապացույցն է Թուրքիայի ներկայությունը Աֆրիկայում: Անցյալ աշնանը Էրդողանը Աֆրիկայում էր, որտեղից նա վերադարձավ նավթով հարուստ Անգոլայի հետ կնքած տնտեսական ծանրակշիռ պայմանագրերով: Մյուս կողմից, Ռուսաստանն է Թուրքիային եւ Կենտրոնական Ասիայի թյուրքախոս պետություններին պարտական իր տնտեսության բարեկեցության համար:

Հայաստանը չպետք է իր հույսերը կապի տնտեսական կապերի ամրապնդման հետ:

Թուրքիան կարող է Հայաստանին առաջարկել մի բան, որն ինքնին աննշան է, բայց շատ կարեւոր ու շոշափելի Հայաստանի համար` խաղաղություն եւ անվտանգություն Հայաստանի սահմաններում: Թուրքիան եւ Ադրբեջանը խեղդում են Հայաստանին ռազմական եւ տնտեսական առումներով, որպեսզի պակասեցնեն բնակչության քանակը: Էրդողանն ու Ալիեւը իրենց հանրային ելույթներում բազմիցս նշել են, որ Հայաստանի բնակչությունը արագորեն պակասում է, ինչը երկիրը թուլացնում է եւ հեշտ թիրախ դարձնում Թուրքիայի կողմից նվաճման:

Եվ իրոք, Հայաստանում այսօր նույնիսկ ապահով աշխատանքի տեր մարդիկ են լքում հայրենիքը, պատճառաբանելով, որ անվտանգությունն ու երեխաների ապագան խաթարված են:

Առանց նախապայմանների բանակցելու Թուրքիայի առաջ քաշած թեզը շատ քչերին կարող է խաբել, քանի որ նրա այնքան էլ ոչ թաքուն օրակարգում բազմաթիվ նախապայմաններ կան, որոնցից հավիտենականները հրաժարումն է Ցեղասպանության ճանաչումը պահանջելուց, վավերացումը Կարսի 1921 թվի պայմանագրի, որը սահմանում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող ներկա սահմանները եւ խաղաղության հաստատումը Ադրբեջանի հետ:

Արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն քանիցս նշել է, որ բանակցությունների ամեն մի փուլում Թուրքիան խորհրդակցելու է Ադրբեջանի հետ: Էրդողանն ինքն է Հայաստանին հորդորել խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ:

Եթե Անկարան բանակցությունների ամբողջ ընթացքում գործակցելու է Բաքվի հետ, ապա հայկական կողմն էլ պետք է նշի, որ խորհրդակցելու է սփյուռքահայության հետ: Հայաստանը, ճիշտ է, միակ իրավական միավորն է, որ կարող է հետապնդել Ցեղասպանության եւ դրանից բխող փոխհատուցման հարցը, սակայն նա չի կարող անտեսել եւ չհամագործակցել սփյուռքահայերի հետ, քանի որ նրանք են այդ Ցեղասպանությունից վերապրածների հետնորդները:

Չիկագոյում կայացած մի համաժողովի ընթացքում Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը նշեց, որ երբ Թուրքիան եւ Հայաստանը համաձայնության գան, սփյուռքահայության պարագան խորտակվելու է: Իր հերթին, արտգործնախարար Չավուշօղլուն զգուշացրել է սփյուռքահայերին իրենց գործողություններով չխափանել բանակցությունները: Պարզ է այսպիսով, որ սփյուռքահայության աշխույժ գործունեությունը իսկական փուշ է Անկարայի համար:

Գոյություն ունի սփյուռքահայերի մասնակցության նախադեպ: 1920-ին Փարիզի խաղաղության համաժողովին Հայաստանի կառավարության պատվիրակության ղեկավարը Ավետիս Ահարոնյանն էր, որ ստորագրեց Սեւրի պայմանագիրը: Բայց Ահարոնյանի ստորագրության կողքին ստորագրեց նաեւ Պողոս Նուբարը` Հայկական ազգային պատվիրակության նախագահը` որպես սփյուռքի տեղահանված հայերի ներկայացուցիչ, եւ Թուրքիան ճանաչեց երկուսի ստորագրությունները:

Եթե Ադրբեջանը խառնվի բանակցություններին, ապա դրանք կարող են փակուղի մտնել, որովհետեւ այդ երկրի ղեկավարը շատ մեծ գին է պահանջում իր համաձայնությունը տալու համար: Նա պնդում է, որ ձեռք կբերի Զանգեզուրի միջանցքը Հայաստանի ինքնիշխան տարածքից: Այդ միջանցքը կարեւոր է նաեւ Թուրքիայի համար, հետապնդելու իր պանթուրանական օրակարգը, թեեւ այդ ծրագիրը հօդս ցնդեց Ղազախստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետեւանքում: Նուրսուլթան Նազարբաեւը, որ պանթուրանիզմի անխոնջ պաշտպանն էր եւ դեռ շարունակում էր իշխել նախագահ Կասիմ-Ջոմարտ Տոկաեւի կառավարության օրոք, հեռացվեց քաղաքական թատերաբեմից եւ Ռուսաստանը ուժեղացրեց իր տնտեսական վերահսկողությունը տարածաշրջանում:

Այդուհանդերձ, թուրքերն իրենց քաղաքականությունը չեն մշակում իրադարձությունների հիման վրա: Նրանք նախօրոք ծրագրում են դարերի համար, եւ այդ առումով նրանք դեռ կարող են նորից հետապնդել իրենց օրակարգը:

Պատճառը, որ Թուրքիան էլ այդքան հետաքրքրված է հայաստանյան միջանցքով այն է, որ վերջին պատերազմի ժամանակ Իրանն ու Վրաստանը փակեցին նրա զորախմբերի տեղաշարժման ճանապարհները: Ե՛վ Բաքուն, ե՛ւ Անկարան այդ երկրների միջով ունեն քաղաքացիների տեղաշարժման համար հատուկ ճանապարհներ եւ միջանցքներ:

Սահմանային ներկա միջադեպերը արդյունք են Ալիեւի վրդովվածության: Նա հույսը դրել էր աշխարհում Թուրքիայի ունեցած կարեւոր դերակատարության վրա: Սակայն Թուրքիայի ներկա կացությունը եւ Ղազախստանում կրքերի հանդարտեցումը փոխեցին զարգացումների ընթացքը եւ մատնանշեցին, որ հետխորհրդային բռնապետերի վերջը եկել է:

Գուցե հենց այս նոր զարգացումների հետեւանքում է, որ Ալիեւը այդքան անշրջահայաց է գործում: Վերջերս անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ նա կոպտել է եւ ծաղրի ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբին, հայտարարել է, որ այդ կառույցը այլեւս անելիք չունի, քանի որ Ադրբեջանը արդեն լուծել է Ղարաբաղի թնջուկը: «Ի դեպ, այս տարի լրանում է այդ կառույցի հիմնադրման 30-ամյակը: Նրանք կարող են տոնել ադ տարեդարձը եւ տուն գնալ», ասել է նա: Նա նաեւ սպառնացել է խոչընդոտել ԵԱՀԿ-ի գործողությունները տարածաշջրանում, ինչը նշանակում է մարտահրավեր ուղարկել միջազգային հանրությանը: Միջանցքի հարցի վերաբերյալ նա ավելացրել է. «Մենք երկաթգծեր եւ ավտոճանապարհներ կկառուցենք այնտեղ: Ապագայում մտադիր ենք նաեւ էներգակիր խողովակներ անցկացնել Նախիջեւանին էներգիայով ապահովելու համար: Կկառուցենք նաեւ նավթատար խողովակներ:

Մեկը կանցնի Մեղրիով, մյուսը` Կապանով, իսկ երրորդը` Սիսիանով: Այնպես որ այդ միջանցքը իր մեջ կպարփակի Սյունիքի ամբողջ տարածքը»:

Ալիեւի անարգական խոսքերում հնչել են նաեւ ռազմական սպառնալիքներ: Նա նշել է, որ Ադրբեջանը շարունակելու է վերազինվել, բայց նաեւ ուշադիր հետեւելու է հայկական կողմի ռեւանշիստական գործողություններին եւ ջախջախելու է ամեն մի սպառնալիք, ինչքան էլ այն սարսափելի լինի»: Անշուշտ, Ալիեւի խաղաղության ծրագիրը, որը նա Հայաստանին է պատրաստվում թելադրել, միտված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության (Ղարաբաղը ներառյալ) ճանաչմանը Հայաստանի կողմից:

Շարունակելով իր անշրջահայաց քայլերը, Ալիեւը, գուցե ակամայից, Հայաստանի համար նպաստավոր մի քայլ կատարեց անցյալ շաբաթ, մեկնելով Ուկրաինա, որտեղ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հնարավոր պատերազմի ղողանջներն են հնչում, եւ փոխադարձ պաշտպանության ռազմական պայմանագիր կնքեց:

Մինչ օրս Ռուսաստանը թողել էր, որ Ալիեւը անշրջահայաց քայլեր կատարի եւ չէր արձագանքել, բայց այս անգամ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ սսահմանազատման եւ սահմանագծման հարցերը Ղարաբաղին չէին վերաբերում, ինչպես Ալիեւն էր պահանջում, կամ ակնարկում:

Այնպես որ, բազմաթիվ խոչընդոտներ կան այս բանակցությունների գործընթացում: Հայաստանը կարիք ունի խաղաղության, որպեսզի ժամանակ շահի եւ արդիականացնի իր զինված ուժերը հաջորդ փուլի համար, որը կարող է մոտ ապագայում լինել:

Անգլ.ից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian-Mirror Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 21-01-2022

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ