RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2022-01-14 > #002, 2022-01-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 21-01-2022



Տեղադրվել է` 2022-01-21 12:12:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 4026, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ՄԵՐՁԵՑՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է ԻՐԱԿԱՆՑՆՈՒՄ»

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

«Ազգ»ի զրուցակիցն է «Ազգային օրակարգ» կուսակցության անդամ, փաստաբան ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

- Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո այժմ մանդատ ստացած ավագանու անդամներից շատերի նկատմամբ քրեական գործեր են հարուցվում: Իշխանությունը նորից հին երգն է երգում, թե «նախկին թալանչիների արածներն ենք ջրի երես հանում»: Մանդատ ստացած ավագանու անդամներն ու նրանց սատարողները պնդում են, թե սա քաղաքական հետապնդում է: Իշխանությունը չի էլ թաքցնում, որ որոշել է ամեն գնով իրենով անել տեղական ինքնակառավարումը: Սրան ի՞նչ անուն տալՙ «բեսպրեդել», թե՞ «շնորհքով ներխուժում»:

- Իշխանությունները լավ են հասկանում, որ տեղերում քաղաքական իշխանություն վերցնելն իշխանության երկարակեցության գրավականներից մեկն է: Մինչեւ վերջերս իշխանությունները տեղերում թույլ էին ու ամբողջ ծավալով չէին կարողանում իրենց իշխանությունը տարածել համայնքների վրա: Տեղական ինքնակառավարման մարմիններում հաղթելու երկու կարեւոր շարժառիթ կա: Առաջինն այն է, որ նոր սահմանադրական տրամաբանությամբՙ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն, այսպես ասած, ավելի քաղաքականացվեցին: Կուսակցությունները հիմա ավելի ներգրավված են տեղերում իշխանությունների համար պայքարում եւ ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ուղղակիորեն կապիտալացվում են հանրապետական մասշտաբով: Օրինակՙ ընդդիմության մի քանի հաջողություններ ՏԻՄ ընտրություններում երկրի ամբողջ քաղաքական մթնոլորտի վրա ունեցած շոշափելի ազդեցություն: Երկրորդ շարժառիթը ՏԻՄ ռեսուրսներն են: Իշխանությունները տեղերում իրենց մարդկանց որոշակիորեն վարձահատույց լինելու եւ պարբերաբար բարիքներ բաժանելու եւ հանրապետական ընտրութունների արդյունքների համար վարձահատույց լինելու խնդիր ունեն, իսկ ՏԻՄ ռեսուրսներն այդ առումով բավականին էական ենՙ աշխատատեղեր, մրցույթներ, պարգեւներ եւ այլն:

- Նիկոլ Փաշինյանի թիմը նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից է փորձում ձերբազատվել: Փաշինյանն անգամ Մարությանին է Քոչարյանի հետ կապում: Իրականումՙ ո՞վ ո՞ւմ հետ է կապված, ու Մարությանն այժմ նախկի՞ն է, սե՞ւ, թե՞ անառակ որդի Փաշինյանի համար:

- Գիտե՞ք, ներիշխանական գզվռտոցն ինձ քիչ է հետաքրքրում: Նամանավանդ, որ տարածաշրջանի եւ մասնավորապես Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական լուրջ զարգացումների համատեքստում այսպիսի սկանդալային բեմադրություններն ունեն առավելապես շեղող բնույթ: Ըստ այդմՙ կարծում եմ, որ պետք է տուրք չտալ այս ինֆորմացիոն գրոհներին: Կլինեն զարգացումներ, կլինի պաշտոնանկութուն, քաղաքային ընտրութուններ, այդ ժամանակ էլ կարելի կլինի անդրադառնալ այդ հարցին:

- Խորհրդարանին դառնանք: Այստեղ ընդդիմությունն ասես պետության համար հույժ կարեւոր հարցերին լուծմանը հասել է, հիմա էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարակնն է պահանջում: Ենթադրենքՙ Ալեն Սիմոնյանը հեռացավ, եկավ մեկ այլ ՔՊ-ական, ե՞ւ:

- Ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմության աշխատանքը խիստ անբավարար է: Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջին, ապա ինձ թվում էՙ ընդդիմությունը փորձում է գնալ փոքր հաղթանակների ճանապարհով, որպեսզի այդ հաղթանակների շնորհիվ որոշակի քաղաքական կապիտալ կուտակի ու դա հետագայում իրացնի բուն խնդրի լուծման համար: Ինքնս այս պարագայում այդ «փոքր հաղթանակաների» մեթոդաբանությանը չեմ հավատում, քանր որ «փոքր հաղթանակների փոքր պայքարները» ընդդիմությանն իր հռչակած իշխանափոխության նպատակից է՛լ ավելի է հեռացնելու:

- Արտախորհրդարանական ուժերն էլ մի լավ օրի չեն: Բոլորով ասես թմբիրի մեջ լինեն: Կա՛մ իրար են քննադատում, կա՛մ, լավագույն դեպքում, իշխանությանը, բայց դրանից Հայաստանում ոչինչ չի փոխվումՙ տնտեսական, քաղաքական, գաղափարական, մշակութային ու անգամ կենցաղային առումով:

- Ես ճիշտ եմ համարում խոսել մեր ուժիցՙ «Ազգային օրակարգից», որն ամենօրյա կուսակցաշինության աշխատանքի մեջ է: Մենք մեր հռչակած ազգային-ազատագրական պայքարի տրամաբանության մեջ փորձում ենք ունեցած ռեսուրսներին համարժեք քաղաքական գործունեություն ծավալել: Օրինակՙ մասնակցեցինք Գորիս խոշորացված համայնքի ընտրություններինՙ «Առուշ Առուշանյան» դաշինքի կազմով եւ արձանագրեցինք հաղթանակ, որը մեզ համար չափազանց էական եւ խորհրդանշական արժեք ուներ, քանի որ Սյունիքն այժմ աշխարհաքաղաքական էպիկենտրոնի է վերածվել, իսկ Առուշ Առուշանյանն այս հայատյաց իշխանությունների անհաշտ թշնամին է, սկզբունքային գործիչ: Այժմ մեր շարքերի ու համակիրների համար մշակել ենք ուսումնամարզական հավաքների, բանակումների եւ պարբերական մարզումների ծրագիր եւ հետեւողականորեն իրագործում ենք այնՙ համադրելով քաղաքական-գաղափարական զարգացումը ֆիզիկական-ռազմականի հետ: Ընթացիկ պարբերական քաղաքական խորհրդակցությունների մեջ ենք տարբեր արտախորհրդարանական ուժերի հետ, որոնց հետ փորձում ենք մշակել երկարաժամկետ քաղաքական պայքարի գաղափար եւ իրագործման մոդելներ, քանի որ հավատացած ենք, որ այս պայքարը չի կարող սահմանափակվել Նիկոլ Փաշինյան անձին վռնդելով, այլՙ օտարահպատակ քաղաքական համակարգի կազմալուծմամբ:

- Արտաքին քաղաքականությանը գալովՙ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ էր փնտրում Եվրոպայում: Հանդիպումներ է ունեցել, արձանագրումներ արել, երկաթուղու մասին խոսել: Ըստ ձեզՙ այնտեղ գաղտնի խոսակցություններ եղե՞լ են, որ մեզ մի որոշ ժամանակ անց կարող են անակնկալի բերել:

- Դե Ալիեւը երեկ տված հարցազրույցում հայտարարեց, որ իրենց հաջողվել է ստանալ Հայաստանի համաձայնությունը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» համար: Անակնկալի գալու բան չկաՙ Նիկոլ Փաշինյանն իր աշխատանքով ապացուցել է, որ կաշկանդված չէ Հայաստանի շահերին հակառակ պայմանավորվածություններ եւ որոշումներ կայացնելու համար: Բրյուսելյան բանակցությունների ֆոնին էլ տեղեկատվական դաշտ նետվեց Երեւանի քաղաքապետին անհվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունըՙ շեղելու հանրությանը գերկարեւոր այս խնդրից: Նիկոլ Փաշինյանն ու յուր իշխանախումբը չեն էլ թաքցնում, որ պատրաստ են որեւէ «ցավոտ» զիջման ու դա անելու են միանձնյաՙ իրենց քաղաքական կապիտալի հաշվին: Իրենց համար ամենակարեւոր հարցն այն է, թե աշխարհաքաղաքական այս կամ այն կենտրոնն ինչպես կնայի իրենց գործողություններին ու, հետեւաբար, նստած սպասում են, թե ե՞րբ են այդ կենտրոնները միմյանց միջեւ ու առանց մեզ լուծելու մեզ վերաբերող հարցերը ու հանձնարարական իջեցնեն իրենց կա՛մ ի գիտություն, կա՛մ լավագույն դեպքումՙ ի կատարումն: Հենց սա է ինքնիշխանության կորուստը: Ես հեռու եմ այն պատրանքներից, թե անտեսելով մեծ խաղացողների շահերըՙ կարելի է սեփականն առաջ տանել ու հասնել 100 տոկոսանոց արդյունքի, բայց նաեւ հավատացած եմ, որ սեփական շահերը 100 տոկոսով առաջ տանելու դեպքում կարելի է գրանցել 70,6 0 կամ 50 տոկոսանոց արդյունքՙ կախված օբյեկտիվ եւ սուբյեկտիվ մի շարք այլ հանգամանքներից: Այս իշխանություններն ակնհայտորեն որեւէ ջանք չեն գործադրում հայկական որեւէ շահ ներկայացնելու համար, այլ փորձում են սեփական իշխանությունն ամրապնդելու համար ամեն գնով գոհացնել այդ աշխարհաքաղաքական ուժերին: Սա ավանտյուրիստների մի խմբակ է, որին մինչեւ այժմ հաջողվել է 100 տոկոսով առաջ տանել միայն իրենց խմբակի նեղ անձնական շահերը:

- Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն նախօրեին հայտարարել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար բանագնացներ են նշանակելու: ՀՀ ԱԳՆ-ն էլ արձագանքում էՙ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Երկկողմանի այս պատրաստակամությունն ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Ավանտյուրիստների իշխանախմբակն իշխանության երեքուկես տարիներին անընդմեջ գործադրել է Հայ դատի մոռացության, հայոց պահանջատիրության, Թուրքիայի ու թուրքական աշխարհի վերաբերյալ պատկերացումների աղավաղման հետեւողական քաղաքականություն: Կհիշե՞քՙ մինչեւ պատերազմը Լիլիթ Մակունցն ինչ վստահ առոգանությամբ էր պնդում, որ հավանական պատերազմի ժամանակ Թուրքիան չի խառնվելու եւ չի օժանդակելու Ադրբեջանին: Ըստ ամենայնիՙ մենք հասնում ենք այս «հայ-թուրքական» արհեստական մերձեցման գործընթացի կուլմինացիային, եւ այդ ֆոնին էլ հենց ահագնանում են քաղաքական ռեպրեսիվ գործողություններն այն ընդդիմադիր գործիչների եւ ուժերի վրա, որոնք այդ հավանական մերձեցմանը խոչընդոտելու թեկուզ քիչ ներուժ ունեն: Մի բանում եմ միայն վստահ, որ որեւէ գործընթացի թեկուզ իրավաբանական ձեւակերպումՙ խաղաղության պայմանագիր, դելիմիտացիայի վերաբերյալ միջպետական պայմանագիր, տարածաշրջանային լայն պայմանավորվածությունների վերաբերյալ բազմակողմ պայմանագրեր կենսունակ չեն լինելու եւ հայոց պահանջատիրությունն ու ազգային-ազատագրական պայքարն իր տարբեր դրսեւորումներով ժամանակի ընթացքում կուտակելու է պայթունի համար բավարար էներգիա, այդպես է եղել մեկ դար առաջ եւ այդպես է հիմա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 21-01-2022


Notice: Undefined variable: news in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 379

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ


Notice: Undefined variable: load in /home/azg/public_html/index_14.php on line 882

Notice: Undefined variable: load in /home/azg/public_html/index_14.php on line 882

Notice: Undefined variable: load in /home/azg/public_html/index_14.php on line 882