RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2022-01-14 > #002, 2022-01-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 21-01-2022



Տեղադրվել է` 2022-01-21 12:12:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2241, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԻ ԿՈՐՊՈՒՍԸ

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ

1979թ. փետրվարին Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխություն, որի միջոցով վերջ տրվեց շահ Մոհամմեդ Րեզա Փեհլեվիի իշխանությանը, որը թվով 35-րդ շահնշահն էր (1941-1979թթ):

Իրան վերադարձավ իսլամական հեղափոխության առաջնորդ, շիա աստվածաբան, հոգեւոր առաջնորդ Սեյիդ Ռուհոլլա (արաբերենից թարգմանվում է «Աստծո հոգի») Մոստաֆավի Մուսավի Իմամ Խոմեյնին (Իրանի բարձրագույն հոգեւոր առաջնորդ 1979-1989թթ.), որը վերցրեց իշխանությունը եւ երկրում անցկացրեց հանրաքվեՙ նոր քաղաքական կարգ եւ կառուցվածք ստեղծելու նպատակով:

1979թ. ապրիլի 7-ին Իրանն հայտարարվեց որպես առաջին Իսլամական պետություն: Առաջին հերթին կազմացրվեց «Սավաք» հատուկ ծառայությունը, կամ ինչպես շատերն էին անվանումՙ քաղաքական ոստիկանությունը: Այդ կազմակերպության շատ աշխատակիցներ դատապարտվեցին եւ գնդակահարվեցին:

1979թ.ին Խոմեյնիի հռչակագրով ստեղծվեց հեղափոխական զորամիավորումՙ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը»ՙ «Փասդարանը», որին վստահվեց հետախուզական եւ արտաքին գործողությունների առաքելությունը:

Այնուհետեւ քաղաքական յուրաժամանակության եւ օպերատիվ կառավարման շարժառիթներից ելնելով Պահապանների կորպուսը սկսեց զբաղվել միաժամանակ պետության ներքին եւ արտաքին սպառնալիքների դեմ պայքարով, ամբողջ երկրով մեկ իսլամի տիրապետության ամրացումով, ամբողջ աշխարհում սատարել մահմեդական գաղափարախոսության տարածմանը, պայքարել բոլոր այն ուժերի դեմ, որոնք քայքայիչ գործունեություն են տարածում Իսլամական հեղափոխության դեմ:

Այպիսով, Իրանի Իսլամական Հանրապետության բանակին հանձնարարվեց պաշտպանել պետության տարածքը եւ նրա անկախությունը, իսկ ԻՀՊԿ-ինՙ պաշտպանել հեղափոխությունը եւ նրա արժեքները:

Բանակը եւ պահապանների կորպուսը առանձին, բայց զուգահեռաբար գործող կառույցներ են, ի սկզբանե ԻՀՊԿ-ն պետք է գործեր որպես ժողովրդական բանակ, որը պետք է պաշտպաներ եւ ամրապնդեր հեղափոխական արժեները եւ պահպաներ պետությունը հնարավոր հեղաշրջումներից: Չէ՞ որ 1953թ. ամերիկյան եւ անգլիական հատուկ ծառայությունները տապալեցին Իրանի վարչապետ Մոհամմեդ Մոսադդիղի կառավարությունը եւ իշխանության վերադարձրին Փեհլեվի շահին: Սակայն պատերազմը Իրանի եւ Իրաքի միջեւ, որ տեւեց 8 տարի (1980-1988), պետության ժողովրդական բանակը դարձրեց արհեստավարժ, իսկ ԻՀՊԿ-ը կազմավորվեց արեւմտյան զինված ուժերի կառուցվածքային տիպարով: Այսօր պահապանների կորպուսում ծառայում են 125 000 մարտիկներ: Այդ կառույցում գործում են ցամաքային ուժեր (100 000 հոգի), որոնք տեղաբաշխված են երկրի 31 մարզերում, ռազմածովային ուժերՙ 20 000 նավաստիներով, որոնք իրականացնում են պարեկություն պետության ծովային սահմաններում, այդ թվում պահպանում են նաեւ Հորմուզի նեղուցըՙ ռազմավարական նշանակություն ունեցող նեղուց, որը միացնում է Պարսից ծոցը Օմանի ծոցին, որտեղով տեղափոխվում է նավթամթերքի գլոբալ ծովային տեղափոխումների 33%-ից ավելին: Այդ նեղուցով է տեղափոխվում նաեւ Պարսից ծոցի երկրներում արտահանվող նավթի 90%-ը:

ԻՀՊԿ-ի կառույցում գործում են նաեւ ռազմա-օդային ուժեր, որոնք էլ հենց կառավարում են «Շահաբ» բալիստիկ հրթիռները:

Այս կառույցում է գտնվում նաեւ կիբեռհրամանատարությունը, որը զբաղվում է ռազմական եւ տնտեսական լրտեսությամբ, ինչպես նաեւ պրոպագանդայով:

ԻՀՊԿ-ն մեծ դեր է խաղում նաեւ Իրանի արտաքին քաղաքականությունը մշակելիս, հսկում է երկրի տնտեսական ոլորտի շատ հատվածներ, ենթարկվում է անմիջապես հոգեւոր առաջնորդին, մեծ ազդեցություն ունի պետության ներքաղաքական կյանքում: Երկրի շատ բարձրաստիճան չինովնիկներ ծառայել են ԻՀՊԿ կառույցներում: ԻՀՊԿ որոշ ներկայացուցիչներ բավական հաջողակ են եղել աշխատանքային կարիերայում, օրինակ Մահմուդ Ահմադինեժադը , որը սկզբում դարձել է Թեհրանի քաղաքապետ, իսկ հետո 2 անգամ ընտրվել երկրի նախագահ:

Հենց նրա օրոք վերոհիշյալ կառույցը երկրում դարձավ ամենահզորը եւ նույնիսկ նավթագազային սեկտորը վերցրեց իր հսկողության տակ: 2019թ. ապրիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԻՀՊԿ-ն ընդգրկեց օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, հայտարարելով, որ այդ կառույցը խրախուսում եւ ֆինանսավորում է միջազգային ահաբեկչությունը որպես պետական կառավարման գործիք: Ի պաատսխան Իրանը, առանց երկար մտածելու, ճանաչեց ԱՄՆ Զինված ուժերը որպես ահաբեկչական կազմակերպություն...

Այսօր ԻՀՊԿ-ն ղեկավարում է գեներալ-մայոր Հոսսեին Սալամին : Գոյություն ունի նաեւ «Բասսիջ» կիսառազմական աշխարհազորը, որն անհրաժեշտության դեպքում կարող է զորակոչել ավելի քան 10 մլն աշխարհազորայինների, այդ թվումՙ կանանց ու երեխաների: «Բասսիջի» գործունեությունը ուղղված է օրենքի եւ կրոնական նորմերի իրագործման շուրջ հսկողություն սահմանելուն, ինչպես նաեւ երկրում գործող քաղաքական ընդդիմության ճնշմանը: «Բասսիջը» ունի ներկայացուցիչներ գրեթե բոլոր քաղաքներում:

Այժմ ընթերցողիս ուշադրությունն եմ հրավիրում ԻՀՊԿ կառույցում գործող «Ալ-Քոդս» հատուկ նշանակության ռազմական ստորաբաժանման վրա, որը 2020թ. հունվարից ղեկավարում է գեներալ Իսմայիլ Քաանին (բրիգադի գեներալ է նշանակվել «Ալ-Քոդս» (թարգմանաբարՙ «Երուսաղեմ») հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո):

«Ալ-Քոդսը» զբաղվում է հատուկ հետախուզական եւ ռազմական գործառույթներով Իրանի սահմաններից դուրս: Իր ստեղծումից անմիջապես հետո այս ստորաբաժանումը մասնակցում էր Իրան-Իրաք պատերազմին, որտեղ սատարում էր իրաքյան քրդերին, որոնք ակտիվորեն մասնակցում էին Սադդամ Հուսեյնի դեմ պայքարին:

1982 թվականին «Ալ-Քոդս»-ի գործակալական ցանցը ներթափանցեց Լիբանան եւ աջակցեց «Հեզբոլլահի» կազմավորմանը: Հետագայում «Հեզբոլլահը» շատ պետություններում ճանաչվեց որպես ահաբեկչական կազմակերպություն:

Աֆղանստանում «Ալ-Քոդսը» ռեալ օգնություն ցուցաբերեց շիա առաջնորդ Աբդուլ Ալի Մազարիին եւ նրա «Հիզբե-Վահդատ» իսլամական կուսակցությանը, որն ակտիվորեն պայքարում էր այն ժամանակ Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Մոհամմադ Նաջիբուլլայի դեմ:

Այնուհետեւ «Ալ-Քոդսը» Աֆղանստանում 1990-ականներին ակտիվորեն աջակցում էր Ահմադ Շահ Մասուդին եւ Հյուսիսային ալյանսին, որոնք պայքարում էին իշխանությունը զավթած թալիբանների դեմ:

«Ալ-Քոդս»-ում գործում են մի շարք վարչություններ, որոնք գործում են աշխարհագրական ուղղություններով, այդ թվում Արաբական թերակղզու, Հյուսիսային Աֆրիկայի, Թուրքիայի, Հնդկաստանի, Պակիստանի, Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի:

«Հեզբոլլահը», որն արաբերենով թարգմանվում է որպես «Ալլահի ծառաներ» (Ալլահի կուսակցություն), ռազմական շիա կառույց է եւ միաժամանակ քաղաքական կուսակցություն, որը 1982 թվից պայքարում է, ըստ ոմանց, Լիբանանում իսլամական պետություն (Իրանի օրինակով) ստեղծելու նպատակով:

Իրանը ծախսում է «Հեզբոլլահի» վրա տարեկան 700 մլն դոլար, իսկ կառույցն ինքը տարեկան վաստակում է 300 մլն դոլար: «Հեզբոլլահը», ինչպես եւ Իրանի ռազմական մյուս կառույցները, ԱՄՆ եւ Իսրայելը համարում են թշնամի պետություններ: 1983թ-ին այդ կառույցը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթեցրեց ԱՄՆ-ի դեսպանատունը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսանտայինների զորանոցները օդակայանի ճանապարհին: Որպես դիվերսիայի կազմակերպիչներ կասկածվում էին «Ալ-Քոդս»-ը եւ «Հեզբոլլահ»-ը: Բացի այդ, այս կառույցները կասկածվում էին նաեւ 1994թ. հուլիսին Բուենոս-Այրեսում հրեական մշակութային կենտրոնի պայթեցման գործում: Իրանն առ այսօր չի ընդունում այս մեղադրանքները:

Երբ ԱՄՆ-ի Զինված ուժերը ներխուժեցին Իրաք 2003թ., «Ալ-Քոդս» կառույցի գործունեությունն այդ երկրում եւ ընդհանրապես տարածաշրջանում դարձավ գայթաքար (խոչընդոտող հանգամանք) ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ:

ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը (41-րդ նախագահը), որն Իրանը, Իրաքը եւ Հյուսիսային Կորեան անվանել էր «Չարիքի առանցք», 2007թ, մեղադրեց «Ալ-Քոդսին» այն բանում, որ վերջինս ռումբեր է մատակարարել շիա մարտիկներին ամերիկացի զինվորներ սպանելու համար: Ավելի ուշ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ 2003-ից մինչեւ 2011թ. ընկած ժամանակահատվածում Իրաքում սպանվել է 608 ամերիկյան զինվոր:

2011թ.ին այսպես կոչված «արաբական գարունը» սկսվելուց հետո, «Ալ-Քոդս»-ը գործուղվեց Սիրիա: Պաշտոնապես հայտարարվեց, որ կառույցը զբաղված է շիա սրբավայրերի պահպանությամբ, սակայն հետո հաստատվեց փաստը, որ «Ալ-Քոդս»-ը օգնում էր նախագահ Բաշար Ասադին ճնշել ընդդիմադիր ուժերին: Այնուհետեւ, երբ պայքարը Սիրիայում վերածվեց քաղաքացիական պատերազմի, «Ալ-Քոդս»-ը անմիջական մասնակցություն ունեցավ այդ պատերազմում որպես ռազմական խորհրդականներ եւ առաջամարտիկներ մատակարարող: «Ալ-Քոդս»-ի շարքերում կռվում էին ոչ միայն իրանցիները, այլ նաեւ լիբանանյան «Հեզբոլլահ»-ի մարտիկները, կամ վերահավաքագրված աֆղան փախստականները: Ըստ որոշ տվյալների, Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ սպանվեցին ավելի քան 300 ԻՀՊԿ-ի մարտիկներ (հիմնականում սպայական կազմից) եւ ավելի քան 1100 շիա վարձկաններ աֆղանական եւ պակիստանյան փախստականներից, որոնց ԻՀՊԿ-ում ծառայության դիմաց խոստացված էր աշխատավարձ եւ քաղաքացիություն: Շուտով Իրաքում այնքան շիա մարտիկներ հավաքվեցին, որ նրանց գոյությունը գերազանցեց Իրաքի ազգային բանակին, որը 2014թ-ին արդեն ոչ մի կերպ չէր կարողանում դիմակայել «Իսլամական պետության» ահաբեկչական կազմավորումներին:

Շիա աշխարհազորայիններից շատերը հավատարմության երդում էին տալիս Իրանի հոգեւոր առաջնորդին: Այդ աշխարհազորայիններին ղեկավարում էին «Ալ-Քոդս»-ի հրամանատարները, կամ նրանց պատրաստած կադրերը: Այդպիսի հրամանատարներից մեկն էր Աբումաղդի Ալ Մուհանդիսը , որը հանդիսանում էր Իրանի եւ Իրաքի քաղաքացի եւ «Ալ-Քոդս»-ի սպայական կազմում էր:

Հոգեւոր առաջնորդ Խոմեյնին ԻՀՊԿ-ի բարձրաստիճան սպաներին նշանակում էր բարձր քաղաքական պաշտոնների: Վերջիններս ակտիվորեն սատարում են արտաքին քաղաքական կոշտ կոնցեպցիաները եւ կողմնակից են միջուկային ծրագրի իրականացմանը:

2007թ. կիսառազմական «Բասսիջ» կառույցը լիովին անցավ ԻՀՊԿ-ի ղեկավարության տակ, որպեսզի ավելի ակտիվ եւ համակարգված պայքար տարվի երկրի ներքին սպառնալիքների դեմ:

2009թ. հունիսին ԻՀՊԿ եւ «Բասսիջ»-ի օգնությամբ վերոհիշյալ Մահմուդ Ահմեդինեժադը հաղթեց նախագահական ընտրություններում եւ գլխավորեց Իրանի Իսլամական Հանրապետությունը 2005-ից մինչեւ 2013 թիվը: Ընտրության այդ արդյունքները երկրում հրահրեցին բողոքի մեծ շարժում եւ ցույցեր:

Վերոհիշյալ 2 կառույցները ճնշեցին շարժումը, բազմաթիվ ակտիվիստներ եւ քաղաքական գործիչներ ձերբակալվեցին ու կալանավորվեցին:

2013թ-ին հերթական ընտրությունների ժամանակ ԻՀՊԿ-ը նորից ակտիվորեն միջամտեց ընտրական գործընթացներին, բայց այդ ժամանակ հաղթեց ավելի չափավոր քաղաքական գործիչ Հասան Ռուհանին , որը կողմնակից էր ավելի մեղմ արտաքին քաղաքականության: Բայց ինչպիսին էլ լիներ ընտրությունների արդյունքը, ԻՀՊԿ-ը շարունակում էր հսկել եւ ղեկավարել երկրի տնտեսական բլոկի շատ սեգմենտներ: Հատկապես ուժեղ հսկողություն էր սահմանվում բանկերի գործունեության, նավթարդյունաբերության, նավաշինարարության, արդյունաբերության տարբեր շերտերի վրա: Ուժեղ ազդեցությունը ներքաղաքական կյանքում հնարավորություն էր տալիս ԻՀՊԿ-ի հետ կապված ընկերություններին առանց տենդերներում հաղթելու սպասարկել նավթային սեկտորը, արդյունաբերական ճյուղերը: Այս տնտեսական գործունեությունը հնարավորություն էր տալիս որոշ չինովնիկների հարստանալ, ինչպես նաեւ մեծ գումարներ ներդնել զենքի ու զինամթերքի ձեռք բերման գործում, միջուկային ծրագրի զարգացման գործում, արտասահմանում գաղտնի գործառույթների անցկացման համար, եւ, ի վերջո, ֆինանսական օգնություն ցուցաբեերել ԻՀՊԿ վետերաններին եւ զոհված մարտիկների ընտանիքներին:

Այս պահին ԻՀՊԿ մարտիկներից ամենահայտնի զոհված հրամանատարը համարվում է «Ալ-Քոդս»-ի նախկին հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանին, որը զոհվեց 2020թ. հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանում, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի թիրախային հարվածների հետեւանքով: Պենտագոնը հայտարարաեց, որ Սուլեյմանիի չեզոքացման հատուկ օպերացիան իրականացվել է նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով: Վերջինս Սուլեյմանիին համարում էր թիվ 1 ահաբեկիչը աշխարհում: Ի պատասխան, ԻՀՊԿ-ն անցկացրեց «Նահատակ Սուլեյմանի» օպերացիան եւ ռմբակոծեց ամերիկյան ռազմական դիրքերն Իրաքում. արեւմուտքում տեղաբաշխված «Այն-Ալ-Ասադ» ավիահենակետը եւ հյուսիսումՙ Էրբիլ նահանգի օդանավայականը: Ռմբակոծության հետեւանքով, ըստ իրանական կողմի, սպանվեցին 80 ամերիկյան զինվորականներ, մինչդեռ ԱՄՆ-ը հայտարարեց, որ մարդկային կորուստ չկա:

ԻՀՊԿ ռազմա-տիեզերական ուժերի հրամանատարը (բրիգադի գեներալ Ամիրալի Հաջիզադե ) հայտարարեց, որ այդ ռմբակոծությունը սկիզբն է խոշոր օպերացիայի ընդդեմ ամերիկյան հենակետերի ամբողջ տարածաշրջանում: Սակայն կորոնավիրուսի համավարակի, միգուցե նաեւ այլ պատճառներով, կարճատեւ այդ պատերազմը դադարեց: Այնուհետեւ, ԱՄՆ-ում իշխանության եկավ Ջո Բայդենը , եւ ԱՄՆ-ը չափավորեց իր բորբոքվածությունը ընդդեմ Իրանի, եւ կարծես թե նոր հարաբերությունների դարաշրջան է սկսվում այդ պետությունների միջեւ: ԱՄՆ հիմնական թիրախները այժմ Ռուսաստանը եւ Չինաստանն են:

Չմոռանամ ընթերցողիս հայտնել, որ իսլամական հեղափոխության հաղթանակը Իրանում մեծ հարված էր նաեւ սովետական հեղափոխության ռեզիդենտուրային, որը 1979-1983թթ. ղեկավարում էր հայտնի խորհրդային հետախույզ Լեոնիդ Շեբարշինը ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 21-01-2022

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ