RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2022-01-14 > #002, 2022-01-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 21-01-2022



Ռազմիկ Դավոյանի հիշատակին

Տեղադրվել է` 2022-01-21 12:12:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1484, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷԴՈՒԱՐԴԱՍ ՄԵԺԵԼԱՅՏԻՍ

Լիտվերենից թարգմանեց ՖԵԼԻՔՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Մարդասիրական պոեզիա

Հայաստանն անսահմանափակ պոեզիայի երկիր է: Եվ որքան խորանում ես նրա բիբլիական պատմության խորքում ու ծանոթանում այս երկրի առասպելական մանրամասներին, այնքան լավ ես հասկանում, թե ինչու է այստեղ պոեզիան անսահմանափակ: Գրիգոր Նարեկացի, Նահապետ Քուչակ, Եղիշե Չարենց, Պարույր Սեւակ, Վահագն Դավթյան, Համո Սահյան եւ ինձ համար սիրելի դարձած շատ այլ բանաստեղծներ, որ գրել են հայկական արեւի տակ, ես նրանց հենց այդպես էլ պատկերացնում եմ. բիբլիական Արարատ լեռանՙ այստեղ գոյություն ունեցող յուրահատուկ կանաչի, արեւի յուրահատուկ դեղինի ու երկնքի յուրահատուկ կապույտ ֆոնի վրա: Այդ ֆոնի վրա նրանք Նոյյան աղավնու նման իրար են փոխանցում ձիթենու ճյուղըՙ որպես պոետական գրիչ, ու շարունակվում իրար մեջՙ որպես անսահմանափակ պոեզիա արարողներ:

Յուրաքանչյուր առասպել ավարտվում է ֆիզիկական մահով եւ հոգեկան հաղթանակով: Հայաստանը անսահմանափակ առասպելների երկիր է: Ուստի հոգեկան հաղթանակներն այստեղ շարունակում են ծնունդ տալ իրար:

Առասպելներից ծնված հոգեկան հաղթանակների գոյությունը ես ավելի կոնկրետացված զգացի, երբ ծանոթացա Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների հետ: Ես անմիջապես զգացի, որ նա հենց այսպես գրող լինելու համար եւ համառ ջանքերով չի ստեղծագործել: Հարյուրամյակներ, գուցե թե նաեւ հազարամյակներ շարունակ նրա գրչի համար պատմական մշակութային ու հոգեւոր հող է նախապատրաստվել: Ռ. Դավոյանը ժառանգորդ է: Առասպելից ծնված բանաստեղծականությամբ հարուստ ազգի ժառանգորդը: Ստացել է ժառանգություն Նարեկացուց: Գենետիկորեն ու հոգեւոր ոլորտներով նրան է անցել Նարեկացու փիլիսոփայական միտքը: Եվ եթե Նարեկացու առասպելական կյանքն ավարտվել է ֆիզիկական մահով, նրա ոգեղեն աշխարհը հաղթել է մահին, քանի որ կասկածից վեր է, որ անցել է, շարունակվել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մեջ: Նարեկացու ոգու աշխարհը մահ չի ճանաչել, քանի որ մահից շատ մեծ ընդգրկումներ ունեցող սիրո աշխարհ է այն: Ահա թե ինչ է շարժել նաեւ Ռազմիկ Դավոյանի գրիչըՙ Սերը մարդկության եւ մոլորակի ներդաշնակ գոյության նկատմամբ:

Մարդասիրական պոեզիայի մեջ անչափելի մեծություն է Պարույր Սեւակը, որի հետ ես շատ հետաքրքրական ծանոթություն ու բարեկամական հարաբերություններ ունեցա: Սեւակի անձն ինձ մշտապես ինչ-որ անտիկ բան է հիշեցնում: Այս զարմանալի պոետիկ երկրում ես սեւակյան անտիկ գեղեցկության, ռեալականության կողքին գտա մի բոլորովին ուրիշ գեղեցկությունՙ Ռ. Դավոյանի պոեզիան, որի գեղեցկության փայլն ասես իջնում է երկնային ոլորտներից: Մարդկանց աշխարհն ու տիեզերական անսահմանությունն իրար մեջ տարածելու ամբողջական սիրո պոեզիա է Ռ. Դավոյանի պոեզիան: Ես չեմ կարող անտարբեր անցնել ու չհիանալ նրա այն տողերով, ուր բանաստեղծը, իր երկրային ներկայության մեջ իրեն մոլոր ուլի նմանեցնելով, ի վիճակի է ցրիվ գալ, տարածվել տիեզերքում, որպեսզի կարողանա ստանալ իր ամբողջական հավիտենականության մեջ գոյատեւող ամբողջական պատկերը:

Ես այստեղ չեմ հիմա,

Ես ինձ փչեմ հիմա,

Խլածաղկի նման կանհետանամ օդում:

Սեւակի ստեղծագործական լաբորատորիայում շռնդալից ձեւով են աշխատել նրա սիրտն ու միտքըՙ խոսելով իրար հետ համահունչ ձեւով: Դավոյանը լաբորատորիայում թրծված ոսկով մարդկային ոգեղեն ոլորտները զարդարելու, հենց այդ ոլորտներում էլ այն օգտագործելու ճանապարհ է հարթել:

Ի՞նչ կարող է անել բանաստեղծի սիրտը, միտքն ու ոգինՙ այդ եռամիասնությունը, երբ արդեն գիտի մարդկանց երկրում ճաշակվածի գինը, բնության վերընձյուղվելու գաղտնիքը, եւ ձգտում է դեպի հավերժություն: Նա կկանգնի ծառի առջեւ ու խնդրանքով կդիմի նրան, թեՙ «Բա՛ց կեղեւդ, ծառ»:

Առ ինձ կեղեւիդ մեջ.-

Այս անծաղիկ դարում

Ես կձուլվեմ քեզ հետ

Որպես փոքրիկ գարուն:

Հետո, երբ արդեն ձուլված կլինեն իրար, եռամիասնությունն այսպեսՙ

Որպես լեգենդ պայծառ,

Կբարբառի նրան

Անհուն, կորած մի սեր

Եվ մի կարոտ անծայր:

Գոյություն ունի բանաստեղծական երկրաչափություն, որի գաղափարը շատ ճշմարիտ ձեւով մեկնաբանել է Ալեքսանդր Բլոկը: Եվ այն, ինչ վերաբերում է բանաստեղծի ստեղծագործության երկրաչափական պատկերին, իր մեջ ներառում է բարության, լույսի եւ ազատության փիլիսոփայությունը: Հենց դրա հետ էլ այնքան համահունչ է Ռ. Դավոյանի պոեզիան:

Ուղղակի զարմանալի ու հրաշալի է այն, որ բլոկյան երկրաչափական եռանկյունին Ռ. Դավոյանի մոտ դրվում է մի բարեբեր ու երանելի մթնոլորտում, որի անունը Սեր է: Այսինքնՙ Ռ. Դավոյանի ստեղծագործական ամբողջականությունը սիրո հավաքական կերպարն է:

Պարույր Սեւակը, որ մարդասիրության մի հսկա փարոս է, աշխատում է մարդասիրական այն լաբորատորիայում, ուր առավել մարդկային է դարձնում մարդուն, սիրտ է կապում սրտին, առանց հապաղելուՙ մերժում է սրտի վրա բույն գտած չարիՙ ստորի, կեղծիքի օջախները: Մարդասիրական սեւակյան այդ հսկա փարոսից աչքը չկտրող Ռ. Դավոյանի ստեղծագործական աշխարհը, ուղեցույց լույսի գաղտնիքն իմացողի վստահությամբ, երջանկության համը ճաշակածի երանությամբ, կանչում է բոլորինՙ նավարկելու Սիրո ջրերում:

Ռ. Դավոյանը խորքով ազգային բանաստեղծ է: Թեեւ նա պատկերներ չի նկարել Հայաստանի մասին. այդ վարպետորեն է արել Մարտիրոս Սարյանը, թեպետ բառային գունավորումներով չի պատկերել նրա քարերը, արեւը, միրգը եւ այլն: Նա ազգի պոեզիային, անսահման գեղեցիկ ջրերին միացել է ազգի առասպելներից, հույսից, հավատից, ծնունդ առած գետակներովՙ ամրացնելով ոգեղեն կապի օղակները անցյալի ու ներկայի միջեւ:

Ռ. Դավոյանի պոեզիան ինձ համար բացահայտեց Հայաստան երկրի եւ տիեզերական անսահմանության ոգեղեն կապը: Ահա թե ինչ մեղրահաց է գենետիկորեն փոխանցվել նրան, որի վրա նա անընդհատ քաղցրություն է ավելացնում եւ դեռ պիտի ավելացնի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 21-01-2022

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ