ՆԱՏԱԼՅԱ ԱՐՈՍԵՎԱՅԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ Գրիգորի ԱՐՈՍԵՎ, գրող, լրագրող, հրատարակիչ, Բեռլին Գրող եւ ականավոր թարգմանչուհի (չեխերենից) Նատալյա Արոսեւան (1919-1990)ՙ իմ տատիկը, պատերազմից հետո բազմիցս եղել է Բեռլինում: Պատերազմի ժամանակ նրա ստորաբաժանումը նացիստական Գերմանիայի պարտված մայրաքաղաք չէր հասել, որովհետեւ նրանց տեղափոխել էին Հեռավոր Արեւելք: Սակայն հետո իրավաբան ամուսնուՙ Միրոն Նիսենհոլցի հետ բազմիցս եկել է Բեռլին, իհարկե, արեւելյան: Չգիտեմՙ եղե՞լ են նրանք արեւմտյան հատվածում, չեմ բացառում, բայց հավաստի տեղեկություն չունեմ: ԳԴՀ-ում նրանք շատ-շատերի հետ են շփվել, այդ թվումՙ իրենց գերմանացի ընկերոջ, որն այդ շփումների պատճառով դատապարտվել է եւ բանտում մի քանի տարի անցկացնելուց հետո սկսել է համագործակցել Կարմիր բանակի հետ: Յոթ տարի առաջ հեռախոսազրույց եմ ունեցել նրա հետ, իսկ հիմա նա 101 տարեկան է, ողջ-առողջ է: Արդյոք Միրոնն ու Նատալյան կարո՞ղ էին 1945-ին պատկերացնել, որ 75 տարի անց իրենց ծոռը կծնվի այդ նույն, բայց միավորված ու ազատ Բեռլինում, դեռ ավելինՙ ծոռը կունենա Գերմանիայի քաղաքացիություն: Ինչեւէ, հենց այդպես էլ եղել է, եւ հիմա Նատալյա Արոսեւայի թոռն ու ծոռը զբոսնում են Բեռլինի նույն փողոցներով, որոնցով անցել է նրանց տատիկը: Խոսում են նույն երկու լեզուներով, որոնցով նա էր խոսումՙ ռուսերեն եւ գերմաներեն (Նատալյա Արոսեւան գերմաներեն սովորել է Մոսկվայի Լիբկնեխտի դպրոցում եւ ռազմաճակատում աշխատել է որպես զինվորական թարգմանիչ): Մենք Պրահայում էլ ենք լինում, նրա մանկության քաղաքում, եւ այնտեղ էլ ենք գնում նրա հետքերով, մոտենում ենք այն վիլլային, որտեղ ապրել է հորՙ դիվանագետ Ալեքսանդր Արոսեւի եւ տատիկիս քույրերիՙ Օլգայի եւ Ելենայի հետ: Հետագայում Օլգան եւ Ելենան դարձան հայտնի դերասանուհիներ: Նատալյա Արոսեւան կյանքից հեռացավ 1990 թվականի հուլիսին, երբ ես ընդամենը 11 տարեկան էի: Ես նրան հիշում եմ, բայց, իհարկե, կուզեի ավելի լավ ու խորը ճանաչել: Մենք շատ ընդհանուր բաներ ունենք, ես դա միշտ եմ զգում եւ միշտ ունեմ նրա կարծիքի, խորհրդի, խոսքի պակասը: Իսկ վերջերս նրա արխիվում գտա Հայաստանին նվիրված բանաստեղծություն: Ինձ համար դա ցնցում էր, որովհետեւ ես միշտ համակրանքով եմ վերաբերվել Հայաստանին, իսկ հետո, երբ եղա այնտեղ, սիրեցի այն եւ սերն այդ, իհարկե, հավերժ է: Հիմա ես հասկանում եմ, թե որտեղից է ծնունդ առել իմ այդ սերը. իմ տատիկն է սիրել Հայաստանը: Եվ մենք երկուսս էլ գրել-գրում ենք նրա մասին բանաստեղծություններ: Ահա եւս մի ընդհանուր բան: Հետաքրքիր էՙ էլ ինչե՞ր են պարզվելու... Ես շատ շնորհակալ եմ Նաիրա Խաչատրյանին, որն օգնեց Նատալյա Արոսեւայի բանաստեղծության հրապարակման եւ ամենակարեւորըՙ տեքստի եւ այս համեստ նախաբանի թարգմանության գործում: Եվ խորին շնորհակալություն «ԱԶԳ» թերթինՙ հրապարակման համար: Նկար 1. Նկարում. Նատալյա Արոսեւան ամուսնու հետ Արեւելյան Բեռլինում, 1980-ական թթ. ՆՈՐ ՀԵՔԻԱԹ Ծանր է վիճակն ալեհեր Սեւանի. մարտիկի վերքերից հոսող արյան պես լքում է նրան իր կապույտ ուժը: Չի չափել երբեք ու չի խնայել, տվել է անսպառ, ինչպես տալիս են սերը, որ արեւը չայրի դաշտերը, որ խշշան փարթամ այգիները, որ քաղաքներում վառվեն լույսերը: Սեւանն իր ուժը տվել է մարդկանց: . Յոթ սարից այն կողմՙ հեռավոր հեռվում, աղջնակ-գետակըՙ միշտ ուրախ Արփան, ոտաբոբիկ թռչկոտում է քարերի վրա: Ջրե հյուսքերն է կապի մեջ առնում, իսկ րոպե անց բաց թողնում իսկույն, ջուր է ցողում, պար գալիս ափին, զվարթ կարկաչում ողորկ քարերին եւ իր անհոգ ծիծաղով արթնացնում է արձագանքը ժայռերի: . Եվ մի անգամ սարերից քամին իջավ գետակի մոտ այս աշխույժ: Ջրի վրա կախվելովՙ թեւերը լուռ նա ծալեց ու այսպիսի երգ երգեց. «Լսի՛ր, Արփա՛ անհանգիստ, ես վատ լուր եմ քեզ բերել, ծանր է ցավը Սեւանի, կապույտ ուժն է հեռանում, նրա սրտից վիրավոր... . Ուժն է կորցնում մեր Սեւանը, չորացնելու է արեւը բարեբեր հողը, բերք չեն տալու մեր դաշտերը, հանգչելու են քաղաքների վառ լույսերը... Ինչպե՞ս օգնենք, ասա՛, Արփա՛»: Լռեց աղմկոտ Արփան, թողեց իր կայտառ ցատկը, ջինջ ակներից հորդեցին արծաթ արցունքները: . Լացով աղաչեց մեր տխուր Արփան. «Ա՜խ, փարձանքի մեջ է իմ պապիկ Սեւանը: Ջինջ ու անարատ իմ արյունը թո՜ղ նրան նոր կյանք տա, ետ բերի նրա կապույտ ուժը... Բայց հեռու է պապսՙ Սեւանը, յոթ սարից այն կողմ է նրա տունը, ինչպե՞ս անցնեմ ես այս սարերը, ո՜նց հասցնեմ իմ թանկ արյունը»: . Քամին աղմուկով թափ տվեց թեւերը. «Ես գիտեմ, գիտեմՙ ոնց օգնեմ դարդիդ, երեք ուղղությամբ ես լուր կուղարկեմ, կտրիճներ կգան բյուր հարյուրներով, որ ճամփա բացեն ալիքիդ համար»: Երեք ուղղությամբ նա ձայնեց ահեղ, օգնության կանչեց: սարերի վրա քամիներ փչեցին, եւ ասես բյուրավոր բազեներ կապույտ բարձրունքում թեւածեցին: . Մեկ կանչեցՙ եկան հայոց որդիները քաջՙ գանգուրներըՙ սեւ խաղող, իսկ աչքերում կրակոտ վառ արեւն էր շողշողում: Երկրորդ կանչով եկան մարդիկ Հյուսիսիցՙ մազերի մեջ հասուն հասկի ոսկեգույնը, իսկ աչքերում ջինջ կապույտը երկնքի: Երրորդ կանչը ոտքի հանեց Արեւմուտքն ու Արեւելքը եւ սարերում հավաքվեցին ընկերներ անթիվ: . Միայն հարավից ոչ մեկը չեկավ. այնտեղՙ հարավում, հողերը գերի են, այնտեղ ոչ ոք ո՛չ ցանում է, ո՛չ վարում, միայն ցավն է լուռ շրջում շիրիմների արանքում. այնտեղ փուշ ու տատասկն են տեր ու տիրականը: . Այնտեղՙ հարավում, Արաքսից այն կողմ Արծաթագագաթ Արարատը ծեր Մասիս որդուն գետի ափ բերել, գրկել ու ասում է. «Նայի՛ր, իմ փոքրի՛կ Մասիս, տեսնո՞ւմ ես հեռվում կապույտ ցոլանքը: Նա եղբայրն է իմ, արնակից Սեւանը: Ասում ենՙ ցավն է պատել նրան, կապույտ ուժն է կորցնում, ինչպես վիրավոր մարտիկնՙ արյունը: Սարերի քամին ինձ լուր է բերել, որ մեր թոռնուհինՙ ճարպիկ Արփան, իր արյունն է տալիս նրան: . Իմ փոքրի՛կ Մասիս, աչքը քո ջահել իմ աչքից սուր է, լա՛վ նայիր, ասա՛, Արաքսից այն կողմ ի՞նչէ կատարվում: Մի լավ լսի՛րՙ այդ ի՞նչ աղմուկ է այնտեղ, որտեղ փրփրուն Արփան է»: Երկար ականջ դրեց ջահել Մասիսը, Երկար նայեց կրտսերըՙ սարը, Ու բացականչեց. . «Օ՜, հա՛յր իմ: Կար ժամանակ, որ Բաբելոնում հազար ազգ ու ցեղ, հավաքվել էին, որ աշտարակ կանգնեցնեն... Եթե հիշում ես, դեռ ես էլ հարցրի, թե ինչպե՞ս պիտի հասկանան իրար, եթե բոլորը տարբեր ծագերից են: Եվ ճիշտ էի ես. իրենց գործը նրանք վերջին չհասցրին: Ինչպե՞ս բացատրեմ ես հրաշքը այս. հիմա էլ եմ ես տեսնում հարյուր ազգ, բայց մեկը մյուսին եղբայր է ասես: Կարծես այնտեղ հարյուր ցեղ չէ բնավ, այլ արյունակից հարյուր մեկ օջախ: Հազարաբարբառ խոսք եմ ես լսում, Բայց ասես միեւնույն լեզվով են խոսում: Ռուսերենից թարգմանեց ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ |