ՍԱՐԱՀԱՐԹԻ ԶՈՀԵՐԸ (ՄԱՍ 5) ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ Րոպեներ անց հիվանդանոցի մոտ էի: Նրան տարել էին դիարան: Գլխավոր բժիշկն ու մի սպաՙ միլիցիայի կապիտան, մտան ինձ հետ: «Ճանաչո՞ւմ եք նրան»,- հենց սկզբից հարցրել էր կապիտանը: Ես պատասխանել էիՙ այո: Պառկեցրել էին երկար սեղանի վրա, դեմքն ու կուրծքը ծածկված էին: Իր շորերն էինՙ տաբատը եւ կիսավերարկուն: Մարմինն անվնաս էր թվում: - Դեմքը մաքուր է մնացել,- բժիշկը կարծես նախապատրաստում էր ինձ,- վիզն է կոտրվել, եւ ձախ կողքն է ճզմվել: Սեդան էր, առանց ակնոցի, կասկած չունեի: Աչքերը փակ էին, բայց գույնով որոշելու կարիք չկար, աջ հոնքի սպին նկատելի էր, թեեւ երկու միլիմետրի չափ էր ազատ մազերից: Մատով շոշափեցի հոնքը, մինչեւ քթարմատը, փայտացած մաշկի վրա զգալով ուռուցիկ երիզը... - Ձեռք տալ չի կարելի,- զգուշացրեց բժիշկը: Իսկ ես կուզեի ամբողջ ափս հպել Սեդայի ճակատին: - Ճանաչո՞ւմ եք,- նորից հարցրեց կապիտանը եւ շարունակությամբ լռեցրեց ինձ,- ոչ մի փաստաթուղթ չգտանք, բացարձակապես, սիգարետ էր, վառիչ, փող եւ թաշկինակ, ուրիշ ոչինչ... - Մեքենայի փաստաթղթե՞ր,- հարցրեցի: - Ոչ մի բան... Ո՛չ մեքենայի մեջ, ո՛չ էլ իր մոտ թղթի կտոր չկար, ո՛չ մի անձնական իր չկար` պայուսակ, հայելի, մատանի, ժամացույց... Դուք չլինեիքՙ մեքենայի համարով պիտի գտնեինք, չնայած, կասկածում եմ, էլի ինչ-որ բան խառնած կլինի... Սեդան ոչնչացրել էր իր ինքնության բոլոր հետքերը, ուրեմն ինքնասպանություն էր գործել, կամեցել էր անհայտ մնալ, ինչո՞ւ մատնեմ նրան... Սակայն շատ էի ուզում հենց այդ պահին գրկել նրան, ինչպես գրկել էի մի անգամՙ մեր գետակն անցկացնելիս, տանել գյուղ... Ես կմեռնեմ ցավի քարացումից, երբ կծկված սրտիս բացվելն անհնար է թվում... - Հարազա՞տ է,- լսեցի բժշկի ձայնը: Լսելը փրկեց, եւ խոսելը, նաեւ կեղծելը... - Ոչ,- ասացի,- սա ուրիշ կին է, անծանոթ... Չգիտեմՙ կարելի՞ է ուրախանալ... - Հասկանալի է,- գլխով արեց բժիշկը,- ամեն մարդու բախտ իր հետ է... - Դե, Դուք կարող եք գնալ,- կապիտանը նույնպես չկասկածեց,- մի հաճելի տեղ չէ: Դրսում բժիշկը հեռացավ, կապիտանը ծխեց ինձ հետ: - Հանգստանամ, նոր նստեմ մեքենա,- ասացի,- ահավոր էր, խեղճ կին... Երեւի գեղեցիկ է եղել, լավ հագնված, ավտոյով... եւ ինքնասպանություն... - Ինքնասպանությո՞ւն,- զարմացավ կապիտանը,- ի՞նչ գիտեք, որ ինքնասպան է եղել: - Ձեր խոսքերից էր զգացվում... Իսկ ինչո՞ւ եք ուզում պարզել, թե ով է: - Մեր գործն է, չպարզե՞նք: - Նա լուծել է իր բոլոր հարցերը եւ կապ չունի կյանքի հետ, մեզ հետ, հանգիստ թողնենք նրան իր դժբախտության մեջ... - Ի՞նչ դժբախտություն... Զրույցը հարցաքննության էր վերածվում: - Հենց այնպես ոչ ոք ինքնասպանություն չի գործում... - Հա, իհարկե,- կապիտանը սեւեռուն ինձ էր նայում, կարճ, գլխին կպած ալեխառն մազերը, լայնացած աչքերն ու կծկված այտերը հիվանդագին տեսք էին տալիս, սակայն ձիգ էր, ամրակազմ եւ ինձնից շատ մեծ չէր լինի, - ուրեմն չե՞ս ճանաչում... Ուրիշ մարդ էր դիմացս, իմ հերթն էր զննելու... Անծանոթ էր... այդպես ենթադրում էի նաեւ, որ Սեդան չէ, օտար կին է, որին երբեք չեմ տեսել... - Չե՞ս ուզում մի անգամ էլ նայել ընկերուհուդ,- կապիտանը տարակուսանքի տեղ չթողեց, նա ճանաչում էր ինձ եւ շատ լավ, Սեդային էլ էր ճանաչում... - Ուզում եմ,- աչքերս դեմքից չէի հեռացնում,- երեւի դու էլ ես ուզում: - Մտնենք,- ուղղակի պատասխան չտվեց: Սեդան պառկած էր նույն դիրքով... Դուրս գալու պահին բժիշկը ծածկել էր նրա դեմքը, սավանի ծայրը ներքեւ էր քաշել, ծնկներին էր հասնում... Այդպիսի ոտքեր տարիներ առաջ Ուզբեկստանում էի տեսել: Երկրաշարժից ավերված բժշկական ուսումնարանի փլատակներից հանած աղջիկների մարմինները պառկեցրել էին իրար կողքի, տասը հոգի, մի շարքով, բոլորը ծածկված, ոտքերն էին բաց մինչեւ ծնկները: Կոշիկներով էին ճանաչում նրանց... Սեդայի տաբատը գրեթե ծածկում էր կոշիկները, սակայն սրունքների անշարժ, անշունչ ձգվածությունը աչք էր սառեցնում... Կապիտանը դանդաղորեն անցավ սեղանի մյուս կողմը, իրար դիմաց էինք կանգնել, մեր արանքում Սեդան էրՙ մահացած: Ձեռքս մտցրեցի ծնկի տակ, բաց ափս, քիչ ծալված, որ ամբողջովին սեղմվի ոտքին, շոշափեց ազդրը: «Երկու նշան ես թողել,- Սեդան ժպտում էր,- դրանցով կճանաչես ինձ, ինչքան էլ անճանաչելի դառնամ»: - Սպին գտա՞ր,- հարցրեց կապիտանը: Գտել էի, թեեւ հույս ունեի, որ չի լինի: - Դու ո՞վ ես,- հայացքս անզոր էր, հիշողությունս էլ, ես այդ մարդուն չէի ճանաչում: - Կիմանաս,- հեգնեց: Հետ տարավ Սեդայի մազերըՙ ճակատը բացելով: Շոյելով էր անում, տանջանքով ու սիրով, ակնհայտ էր: Ձեռքը սահեց Սեդայի դեմքի վրայով, ապա նույն կերպՙ շոյելով, ուղղեց օձիքը, մազերը խնամքով իջեցրեց ուսերի վրա... Գրիչ ու թուղթ հանեց ծոցագրպանից, թղթի կեսը կտրեց, վառիչով լուսավորեց, որ կարդամ, թեեւ նոր սկսել էր մթնել: Սա ինքնասպանություն էՙ որպես պատիժ եւ փրկություն: Ստորագրում եմՙ Վահան Մարտիրոսյան - Մոտս պատրաստ պահում եմ, որ դժբախտ պատահականությունն առաջ չընկնի,- քմծիծաղով ասաց: Գրությունը պահեց վառիչի բոցի վրա, մոխիրը լցրեց Սեդայի կրծքին: Թղթի մաքուր կտորի վրա մի քանի բառ գրեց եւ կրկին լուսավորեց: Ես ինքնասպանություն եմ գործում: Վահան Մարտիրոսյան - Ոչ թե որպես պատիժ եւ փրկություն,- ավելացրեց բանավոր,- այլ որպեսՙ սեր եւ երջանկություն: Ձայն չէի հանում: - Երեմի քարին ի՞նչ գրեց,- կապիտանը Սեդայի ոչ միայն սպիի տեղը գիտեր, այլեւ ամեն մի քայլը: - «Ներիր անմեղներին»... - «Ներիր անմեղներին»,- կրկնեց,- իսկ մեղավորին ներում չկա... Մեղավորն ինքն էրՙ Վահան Մարտիրոսյանը, Սեդային բռնաբարող եղբայրներից փոքրը: - Ճանաչեցի՞ր,- հարցրեց: - Ճանաչեցի: - Կսպանե՞ս ինձ: - Դու արդեն սպանված ես: - Դեռ ոչ... Ես գիշերը պիտի մնամ Սեդայի մոտ, հետո... - Մեղա՞ ես գալու: - Չէ, մնամ մոտը, խոսեմ հետը, իրար հետ մնանք գիշերը, քսան տարի սպասել եմ... Մեղա շատ եմ եկել, շատ, ներում չկա, ե՛ս չեմ ներել... Դու էլ չես ների ինձ... Սեդային քո անունից եմ ձոր կանչել... Հենվեցի սեղանինՙ առաջ մղվելով. - Հանգիստ,- ասաց կապիտանը,- ամեն ինչ անցած է, դու իմ չափ չես սիրել նրան... Դու քսան տարի քեֆիդ ապրել ես, Ռուսաստանում էիր պտտվում, բայց ճամփեդ Սեդային չգտավ, մտքովդ էլ չի անցել գտնել նրան... Իսկ ես քսան տարի տանջվել եմ, քսան տարի ես ամեն օր մտածել եմ ինձ խփելու մասին ու չեմ խփելՙ Սեդային տեսնելու հույսով... բայց ռիսկ չեմ արել հանդիպել, խոսել... Միշտ կողքին եմ եղել, օգնել եմ, պաշտպանել, չմոտեցա, չկարողացա... Կապիտանը փղձկաց, գլուխը դրեց Սեդայի կրծքին ու լաց եղավ... - Սիրուն աղջիկ ջան, ձնծաղիկ ջան, սարի ծաղիկ,- քանի անգամ կրկնեց,- պոկված, ցեխի մեջ տրորված ձնծաղիկ... Ի՜նչ մեղք էիր, աստված ջան, աչքերիդ սարսափը հոգուս մեջ է տպվել... Վարդանին սպանեցի, մարդ չիմացավ, դու իմացիր, թե սիրտդ կհովանա... Մեկելի հերթն է, մեր ճամփեն մեկ է, աղջիկ ջան... Մենք արդեն իրար հետ ենք... Ես ուրիշ մարդ եմ, չվախենաս, ես անասուն Վահանը չեմ, գազան Վահանը չեմ... Ճռնչոց լսվեց, շրխկոց, դրսի աշխարհի ձայները կոպիտ ուժգնությամբ էին ներխուժում դիարան, որտեղ մի դիակ եւ երկու կիսադիակ կային: - Դուռը փակեցին դրսից,- մեր երեքից միայն ես էի ի վիճակի կռահելու կատարվածը: Վահանը չէր լսել եւ իմ խոսքերին ուշադրություն չդարձրեց: Աթոռ գտավ, հատակի վրա քաշելով բերեց, նստեց, արմունկները սեղանին դրեց` ընդհուպ մոտենալով Սեդային, նրան էր նայում, բայց ինձ էր պատմում արդեն: - Ամեն ինչ գիտեմ, թե ոնց է ապրել, ինչ է արել գյուղից գնալուց հետո: Ծնողները մահացել են, Սեդային Երեմի եղբոր տղան է տարել իրենց տուն, Ռյազան, հետո տեղափոխվել են: Հինգ տարի էր անցել, հինգ տարի էր պետք, որ հասկանամ, թե ինչ եմ արել: Փնտրեցի ու նրան գտա Սվերդլովսկում... Որոշել էի հանդիպել, խոսել... վախենում էի աչքերից, որ էլի ահուդողով, զզվանքով կնայի... Քսան տարի կարոտ մնացի հետը խոսելուն, աչքերին նայելուն, ուզածիս հասա,- նորից հանգիստ էր խոսում: Սիգարետ հանեց, ինձ էլ առաջարկեց: Խոնարհվեցինք երկուսով դիակի վրա, վառիչը լուսավորեց Սեդայի դեմքը, սավանով ծածկված մարմինը:- Դու գնա... լուսամուտից կելնես... Լավ է, որ ավտոն բակ չես մտցրել... Քեզ կկանչեն քննության, կասեսՙ քնել էիր ավտոյի մեջ... - Իսկ եթե դատարկ ավտոն տեսնող է եղել... - Հնարավոր է... Ինձ համար նշանակություն չունի, Սեդայի անունը չխայտառակվի էլի.. Եթե ստիպված եղար, կպատմես, մեկ էՙ բացվելու է... - Դու որոշել ես գիշերը մնա՞լ... անպայմա՞ն,- վերջին բառը ոչ այնքան մնալուն էր վերաբերում, որքան ինքնասպանություն գործելու մտադրությանը: Վահանն էլ այդպես հասկացավ: - Կիսատ գործը վերջացնեմ... Վարդանին սպանեցի, հիմա իմ հերթն է... - Վարդանին ե՞րբ ես սպանել... - Սվերդլովսկ էր եկել, իմացավ, որ գտել եմ Սեդային, ուզում եմ մոտենալ... Շատ խոսեցինք, կատաղեց, ասում էրՙ հիմար ես, անխելք... Սպանելու էի նրան, վաղուց էի որոշել... Գետում խեղդեցի, իբր խեղդվել է... Բայց դա քիչ էր, պատժի կեսն էր... Իրավաբանականում սովորելու ժամանակ բռնաբարության պատիժն էինք քննարկում, դասախոսը հարցրեց. «Դո՛ւ ինչ կարծիքի ես, Վահան»: «Մահապատիժ»,- պատասխանեցի միանգամից, առանց մտածելու: Նոր չպիտի մտածեի, միշտ մտքիս մեջ կար... Սվերդլովսկում բռնաբարությունից դպրոցական աղջկա փրկեցի... Չորս հոգի էին, չորսին էլ կսպանեի, եթե... ինձ սպանած լինեի... Ի՞նչ կասես... - Ես դատավոր չեմ... Մեր միջեւ պառկած դիակը պահանջում էր անողոք լինել, միշտ մտածել էի, որ եղբայրներինՙ Վարդանին ու Վահանին, մահն է արժանի, սակայն չէի կարող ասել, որ ինքը պարտավոր է մեռնել... - Ես կյանք եմ խորտակել,- կարծես միտքս բռնեց Վահանը,- քսան տարի աղջիկը տառապեց ու ի վերջո գնաց,- ես նաեւ անմեղ մարդու եմ մեռցրել... Երեմի եղբոր մահվան պատճառն էլ փաստորեն մենք էինք... Այնպես հանգիստ էր խոսում, որ ցինիկ կթվար, եթե մահվան ճանապարհը բռնած չլիներ... Այդ ճանապարհը նրան հասցրել էր պարզության ու խաղաղության: Զղջումը չէր քավի նրա մեղքը, ինքնաձաղկումը չէր հանգստացնի նրա հոգին, չէր հանգստացրել քսան տարի շարունակ, Սեդայի մահը փրկել էր նրան եւ կանչում էր... - Սեդայի ծնողները,- շարունակեց,- ծնողներս, հենց Վարդանը... Մեր տնից զոհերն ավելի շատ են... Ես... Աստված տաՙ վերջինը լինեմ, ձորն ինձնով բավարարվի... Սեդան իրենց ընտանիքի վերջինն էր, եսՙ մեր, ավարտվեց մեր պատմությունըՙ ձորի դեպքը... Շեքսպիր, գրի առ... Կարդացել եմ պատմվածքներդ... Ուրիշը գրած լիներ, չէի կարդա, կարդում էի հետաքրքրության համար... Չոր տխրություն կա գրածներիդ մեջ, արհամարհանք, կողքից ես նայում մարդկանց, տեղ հասածի պես հայացքդ հետ ես գցում ու անցնում... - Ձորից է,- ասացի: - Սեդայի մասին գրե՞լ ես: - Գրել եմ, չեմ տպել: - Ի՞նչ ես գրել. վրե՞ժ, պատի՞ժ... - Սպանություն... Դպրոցական ընկերը տարիներ անց հետապնդում է եղբայրներին ու երկուսին էլ սպանում: - Դո՞ւ ես վրիժառուն: - Ես... հենց ինքդ, վրեժը բոլորի մեջ կա, ով լսում է ձորի դեպքի մասին... Ի՞նչ կանեիր դու, եթե քրոջդ հետ կատարվեր... - Իհարկե կսպանեի... ինչպես որ ինձ կսպանեմ... - Քսան տարի անց... Դու պիտի քեզ սպանեիր մինչ Սեդայի ինքնասպանությունը,- նրա պես հանգիստ էի խոսում եւ հազիվ երեւացող աչքերին նայում էի այնպես, ինչպես ինքն էր նայում մահվան աչքերին ու Սեդային: - Համոզվա՞ծ ես, որ ինքնասպանություն է,- ցածրաձայն, բայց պարզորոշ ասաց Վահանը: |