- Պրն Նալբանդյան, ինչպե՞ս մտահղացվեց «Հայաստան, իմ բարեկամ» ծրագիրը. ո՞ւմ նախաձեռնությունն էր այն:
- Գաղափարը ծագեց մեր դեսպանությունում տարիներ առաջ: Սակայն, ինչպես ցանկացած գաղափար, հարկավոր էր այն զարգացնել, հասունացնել ու ներկայացնել երկու կողմերինՙ հավանություն ստանալու համար: Եվ ահա 2004թ. Փարիզում նախագահներ Ժակ Շիրակի ու Ռոբերտ Քոչարյանի հանդիպման ժամանակ որոշում ընդունվեց 2006-2007թթ. Ֆրանսիայում Հայաստանի տարի անցկացնելու մասին: Իմ կարծիքով, դա շատ կարեւոր պահ էր. երկու նախագահների հանձնառությունը երաշխավորում էր այդ վիթխարի նախաձեռնության հաջողությունը: Հայաստանում ստեղծվեց Կառավարական հանձնաժողով Հայաստանի վարչապետի գլխավորությամբ, որի մեջ ընդգրկված են մի շարք նախարարներ եւ գերատեսչությունների ղեկավարներ: Նման բարձր մակարդակով կազմակերպական մարմնի ստեղծումը մեծապես դյուրացրեց Հայաստանի տարվա անցկացման հետ կապված վարչարարական եւ ֆինանսական բավականին բարդ հարցերի լուծումը: Նշանակվեցին նաեւ երկու կողմերի հանձնակատարներ: Ֆրանսիայում ստեղծվեց Հայաստանի տարվա ներկայացուցչական Պատվո հանձնաժողով, որի կազմի մեջ ընդգրկված են Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի նախագահները, Սահմանադրական խորհրդի նախագահը, արտաքին գործերի եւ մշակույթի նախարարները, Փարիզի, Լիոնի, Մարսելի, Նիցցայի եւ այլ քաղաքների քաղաքապետերը, խոշոր ընկերությունների եւ բանկերի նախագահներ, Ֆրանսիական Ակադեմիայի եւ գիտական ու մշակութային այլ հաստատությունների ղեկավարներ, քաղաքական, հասարակական եւ մշակույթի հայտնի գործիչներ:
Հատուկ նշեմ, որ այդպիսի վիթխարի ծրագիրը անհնար էր իրականացնել, եթե չլիներ Հայաստանի նախագահի ամենօրյա այն ուշադրությունը, որի շնորհիվ էլ Հայաստանը նման խորությամբ, մակարդակով ու բազմազանությամբ ներկայացվեց Ֆրանսիային, Եվրոպային եւ ըստ այդու ամբողջ աշխարհին:
- Հայաստանի տարին ընդգրկում է 850 միջոցառում Ֆրանսիայի 165 քաղաքներում: Գիտակներն ասում են, որ սա ռեկորդային թիվ է Ֆրանսիայում մինչեւ այժմ անցկացված այլ երկրների տարիների համեմատությամբ: Ինչպե՞ս եք գնահատում այսպիսի քանակությամբ միջոցառումների գեղարվեստական մակարդակը: Այսպիսի թվաքանակն արդյոք գեղարվեստական որակի վրա չանդրադարձա՞վ: Ի՞նչ եք կարծում, ո՞ր միջոցառումներն էին լավագույնս ներկայացնում մեր մշակույթը:
- Ճիշտ հարցադրում է: Ի սկզբանե էլ մեր մոտեցումը քանակին կարեւորություն տալը չէր, այդպիսի քանակ ձեւավորվեց տարվա ընթացքում եւ այն կարող էր աճել, եթե ապրիլին մենք չդադարեցնեինք նոր նախաձեռնություններին ընթացք տալը: Մենք շեշտը դրել էինք միջոցառումների որակի վրա, այնպիսի միջոցառումներ, որոնք դրոշմվեին մարդկանց հիշողության մեջ: Եվ այդպիսիք եղան: Մեկնարկի գլխավոր միջոցառումը Շառլ Ազնավուրի համերգն էր Երեւանի Հանրապետության հրապարակում: Հարյուր հազարանոց հանդիսականով բացօթյա այդ համերգը ֆրանսիական աստղերի մասնակցությամբ իրադարձություն էր, իսկական տոն: Տոնի էր վերածվել նաեւ Ֆրանսիայի հրապարակի բացման արարողությունը մեր մայրաքաղաքում, երբ նախագահներ Քոչարյանը եւ Շիրակը ջերմ, անկեղծ հանդիպում ունեցան Երեւանի բնակիչների հետ: Այդպիսին էր նաեւ Շառլ Ազնավուրի երկրորդ համերգը Փարիզի Գառնիե օպերայում, ֆրանսիացի երկու տասնյակ աստղերի մասնակցությամբ: Փարիզի երաժշտական կյանքում դա իրադարձություն էր, քանի որ Գառնիե օպերան հյուրնկալում է միմիայն դասական երաժշտություն, իսկ այստեղ ֆրանսիական էստրադային աստղերն էին, որոնք առաջին անգամն էին ելույթ ունենում այդ հռչակավոր սրահում: Շատ մեծ իրադարձություն էր, ես կասեի, տարվա ամենաառանցքային միջոցառումներից մեկը, Լուվրի «Armenia Sacra - Սուրբ Հայաստան» ցուցահանդեսը: Մեզ էր տրամադրվել թանգարանի ամենամեծ սրահըՙ մոտ 1000 քառ. մետր տարածք, որտեղ ցուցադրվում էին հայ հոգեւոր գանձերը քրիստոնեության ընդունումից սկսածՙ ձեռագիր մատյաններ, մանրանկարչություն, ճարտարապետություն, ակնագործության ու ոսկերչության նմուշներ այլն: Ցուցադրության երկրորդ բաժինը բացառիկ էր. Լուվրի հին պալատի խրամում, երկար ու ոլորաձեւ միջանցքում շատ գեղեցիկ լուսավորությամբ ցուցադրված էին Հայաստանից առաջին անգամ դուրս բերված դարերի հնություն ունեցող երեք տասնյակ խաչքարեր, որոնցով մենք այդքան հպարտանում ենք, սակայն որոնք այնքան էլ ծանոթ չեն դրսում: Օրինակ, Լուվրը, որ աշխարհի ամենանշանավոր թանգարաններից մեկն է, իր հավաքածուի մեջ ընդամենը մեկ խաչքար ունի: Եվ միանգամից երեք տասնյակ հայկական խաչքարերի ցուցադրությունը շատ ուժեղ տպավորություն էր թողնում: Իհարկե, քրիստոնյա շրջանից զատ ներկայացվեց նաեւ նախաքրիստոնեական բրոնզի եւ ուրարտական շրջանները: Միայն մեր պատմամշակութային ժառանգությանը նվիրված մի քանի տասնյակ ցուցահանդեսներ կազմակերպվեցին: Տպավորիչ էին հատկապես Առլի «Արարատ լեռան ստորոտում. Հայաստանի պերճանքը», Մարսելի «Հայ Գրերի կախարդանքը», Լիոնի «Հայաստանի ոսկին ու գանձերը» ցուցահանդեսները: Ամբողջական եւ բավական բարձր մակարդակով ներկայացվեց հայկական գեղանկարչությունը: Մեր մոտեցումն էր ոչ միայն ներկայացնել հայաստանցի նկարիչներին, այլ նաեւ դրսի անցյալ եւ ներկա մեր նշանավոր անուններին: Այս առումով հատկանշական էր Պոմպիդու կենտրոնում Արշիլ Գորկու ցուցահանդեսը: Հանդիսականը, որ Գորկուն գիտեր որպես XX դարի ամերիկյան ամենահայտնի նկարիչներից մեկը, հետաքրքրությամբ հայտնագործեց, որ նա հայ է եւ նրա արվեստը սնվում է հայկական ակունքներից: Նույն երեւույթը հատկանշական էր Հովհաննես Այվազովսկու դեպքում, որի գործերի սքանչելի ցուցահանդես էր կազմակերպվել Փարիզի Ծովային թանգարանում: Այվազովսկին ժամանակին հայտնի անուն է եղել Ֆրանսիայում, նա առաջին օտարազգի նկարիչն էր, որ Պատվո լեգեոնի շքանշանով է պարգեւատրվել, Կոմանդորի աստիճան է ունեցել: Սակայն Փարիզում նրա վերջին ցուցահանդեսը եղել էր 100 տարի առաջ: Եվ իսկապես մենք մեծ հպարտություն եւ գոհունակություն ապրեցինք, երբ ցուցահանդեսն այնքան հետաքրքրություն առաջացրեց, որ խնդրեցին եւս երկու ամսով երկրաձգել: Ֆրանսիայում մեծ հաջողություն ունեցավ նաեւ Փարաջանովը: Փարիզի Գեղարվեստի դպրոցում, ինչպես նաեւ Սենտ Էտիենի եւ Սեն Ռաֆաելի հայտնի սրահներում ցուցադրվեցին մեծ արտիստի բացառիկ գործերը: 1830-1930 թվականների հայ գեղանկարչության վարպետների գործերը Փարիզի Պըտի Պալե հեղինակավոր թանգարանում ներկայացնում էր ժամանակաշրջանի համաշխարհային գեղանկարչական հոսանքներին համահունչ մեր կերպարվեստը, պատկերացում տալով ռոմանտիզմի, իմպրեսիոնիզմի, պոստիմպրեսիոնիզմի, ավանգարդի, ֆովիզմի հայկական դրսեւորումների մասին: Ցուցադրված էին Հովնաթանյանից, Այվազովսկուց, Բաշինջաղյանից, Սուրենյանցից մինչեւ Սարյան, Յակուլով եւ այլն: Բոլորովին վերջերս Լյուքսեմբուրգյան պալատի Օրանժերի սրահում ներկայացվեց ժամանակակից հայ կերպարվեստը եւ սա էլ խրախուսական նշանակություն ունեցավ Հայաստանում եւ երկրից դուրս ստեղծագործող երիտասարդ մեր արվեստագետների համար, որովհետեւ միշտ չէ, որ կարող ես ցուցադրվել նման հեղինակավոր վայրում: Իմիջիայլոց, մինչ այդ նրանք հնարավորություն էին ունեցել ցուցադրվել նաեւ Նիցցայի եւ Սենտ Էտիենի ժամանակակից արվեստների թանգարաններում, որոնք երկուսն էլ համաեւրոպական հռչակ ունեն:
- Կարելի՞ է ասել, որ հայ ձեռագրարվեստը, միջնադարյան մանրանկարչությունը, նոր շրջանի գեղանկարչությունը, ընդհանրապես հայ կերպարվեստը գերիշխում էին միջոցառումների մեջ:
- Նման տարբերակում չէի կատարի: Ամեն ձեռնարկ իր նշանակությունն ունեցավ: Մենք փորձեցինք լավագույնս եւ լավագույն սրահներում կազմակերպել ամենաբազմաբնույթ միջոցառումները: Շատ ուրախ եմ ու գոհ, որ ֆրանսիացիները մեզ տվեցին այդ հնարավորությունը, մեր առջեւ բացեցին ամենագեղեցիկ պալատների ու սրահների դռները: Նախնական շրջանի թերահավատությունը, կապված թերեւս մեր փորձի պակասի հետ, վերացավ եւ այժմ համարձակություն ունենք ասելու, որ մենք կարող ենք, այո, պատշաճ ձեւով, ինչպես վայել է մեծ երկրներին, ներկայացնել մեր մշակույթը պատվով, ահա այսպիսի ծավալով ու այսպիսի որակով:
- Պրն դեսպան, մշակութային ձեռնարկներից բացի Հայաստանը ուրիշ ի՞նչ կերպ ներկայացավ ֆրանսիացիներին:
- Տարին ավելի լայն էր իր ընդգրկումով: Մարտին Հայաստանն առաջին անգամ, Ռուսաստանի եւ Ճապոնիայի հետ միասին, որպես պատվո հրավիրյալ մասնակցեց Փարիզի գյուղատնտեսական սալոնին: Մեր տաղավարը տեղադրված էր Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեյցարիայի հարեւանությամբ: Մեզ համար բավականին շահեկան եղավ, որ այս տարվա գյուղատնտեսական սալոնը նվիրված էր կենսաբանական մաքուր արտադրանքին, իսկ մերն արդեն մեծամասամբ այդպիսին է: Բավականին ջերմ, աշխույժ մթնոլորտ էր ստեղծվել հայկական տաղավարի շուրջ, երբ Հայաստանից բերված թոնրի մեջ լավաշ էր թխվում եւ հայկական մեղրի հետ հյուրասիրվում այցելուներին: Հայաստանի մասնակցությունը ողջունեց նախագահ Ժակ Շիրակը: Դրանից առաջ, անցյալ տարվա նոյեմբերին Փարիզի Առեւտրաարդյունաբերական պալատի հետ կազմակերպել էինք հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությանը նվիրված համաժողով ֆրանսիական եւ եվրոպական խոշոր ընկերությունների շուրջ 200 ներկայացուցիչների մասնակցությամբ: Մարտի վերջին նոր տեխնոլոգիաների ֆրանսիական կենտրոններից մեկումՙ Իսի-լե-Մուլինոյում կազմակերպեցինք այդ բնագավառում Հայաստանի հնարավորություններին նվիրված մի այլ միջազգային համաժողով: Կարեւոր եմ համարում Ֆրանսիայի Պետական խորհրդում կազմակերպված իրավաբանական համատեղ ժառանգությանը նվիրված համաժողովը, Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի եւ Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահների, եվրոպական մակարդակով հայտնի շուրջ 80 իրավաբանների, սահմանադրական իրավունքի մասնագետների մասնակցությամբ:
Այս ֆորումների շարքի մեջ կառանձնացնեի անցյալ տարվա հոկտեմբերին Լյուքսեմբուրգյան պալատում Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի նախագահների հովանավորությամբ անցկացված Ապակենտրոնացված մակարդակով հայ-ֆրանսիական համագործակցությանը նվիրված առաջին համաժողովը, որտեղ հայկական պատվիրակությունը ղեկավարում էր հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Խորհրդանշական իրադարձություն դարձավ Հայաստանի եւ Ֆրանսիայի փոստային բարձրաճաշակ դրոշմանիշների համատեղ թողարկումները մայիսի 22-ին միաժամանակ Երեւանում եւ Փարիզում:
Կուզենայի առանձնացնել մեկ այլ կարեւոր նախաձեռնություն, որի նշանակությունն անձամբ շատ բարձր եմ գնահատում: Դա «1000 պատանի դեսպան» ծրագիրն է, որով Հայաստանի դպրոցականները մեկ շաբաթով հյուրնկալվում են Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքների իրենց հասակակիցների մոտ, հյուսում բարեկամության վաղվա կապերը: Այս պահին արդեն ժամանել են մոտավորապես 600 դպրոցականներ, որոնք լավագույն ընդունելություն են գտել հարյուրավոր ընտանիքներում եւ թողել շատ լավ տպավորություն: Այս կապակցությամբ ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր քաղաքների ղեկավարությանը եւ կազմակերպություններին, եւ հատկապես Ֆրանսահայ Կապույտ Խաչին, որոնք նպաստեցին ծրագրի հաջողությանը, ինչպես նաեւ հյուրնկալ ընտանիքներին: Մոտ օրերս սպասվում է եւս 180 դպրոցականների ժամանումը Ֆրանսիա:
- Ինչպե՞ս է կատարվում նրանց ընտրությունը:
- Այդ ծրագրին Հայաստանում պատրաստվել են ամենայն լրջությամբ եւ պատասխանատվությամբ: Հայաստանում ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ ԱԺ Մշակույթի, կրթության եւ երիտասարդական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ: Տարվել է հետեւողական, նպատակասլաց եւ թափանցիկ նախապատրաստական աշխատանք, որով ապահովվել է այս ծրագրի հաջողությունը Ֆրանսիայում: Այդ առիթով ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել տիկին Հրանուշ Հակոբյանին: Ընտրված երեխաներըՙ 12-14 տարիքային սահմաններում, ոչ միայն Երեւանից էին, այլեւ Հայաստանի տարբեր մարզերից եւ ֆրանսերեն են սովորում դպրոցներում: Ինչպես ասացի, այս երեխաները շատ լավ տպավորություն թողեցին թե ֆրանսերենի իմացությամբ, թե իրենց ընդհանուր կրթվածությամբ: Ինքս քանի անգամ ականատես եմ եղել այն խանդավառությանը, որ տիրում էր հյուրընկալ ընտանիքներում ու դպրոցներում:
- Պարոն դեսպան, Հայաստանի տարվա բացումը բավական հանդիսավոր կերպով կատարեցին երկու երկրների նախագահները, սակայն փակումը չի երեւում: Ի՞նչ է նախատեսված: Արդյոք նախագահ Քոչարյանի հուլիսյան այցը Փարիզ կապվա՞ծ էր Հայաստանի տարվա փակման հետ:
- Դուք միանգամայն ճիշտ եք, որ Հայաստանի տարվա մեկնարկը տրվեց բավականին հանդիսավոր կերպով, անցյալ սեպտեմբերի վերջին Ֆրանսիայի նախագահի Հայաստան կատարած պետական այցի ժամանակ, որի ընթացքում տեղի ունեցան Շառլ Ազնավուրի համերգը եւ Ֆրանսիայի հրապարակի բացումը Երեւանում: Ծրագրված էր նաեւ երկու նախագահների համատեղ մասնակցությունը Ֆրանսիայում Հայաստանի տարվա առանցքային միջոցառումներին, ինչը նույնպես տեղի ունեցավ նախագահ Քոչարյանի այս տարվա փետրվարյան պաշտոնական այցի ժամանակ: Հիշենք Armenia Sacra-ի համատեղ բացումը Լուվրում եւ Շառլ Ազնավուրի համերգը Գառնիե օպերային թատրոնում: Ճիշտ է, որ Հայաստանի տարին Ֆրանսիայում խորհրդանշական կերպով հայտարարվել էր Ազգային տոնից Ազգային տոն, այսինքնՙ Սեպտեմբերի 21-ից Հուլիսի 14-ը, սակայն իրականում տարին ձգվում է սեպտեմբերից սեպտեմբեր, քանի որ միջոցառումները դեռեւս շարունակվում են: Մյուս կողմից, հանդիսավոր ու պաշտոնական ձեւով տարիների փակումներ Ֆրանսիայում սովորաբար չեն անցկացվում: Մեր դեպքում, եթե կուզեք, որպես Հայաստանի տարվա խորհրդանշական փակում, ինչպես բազմիցս հայտարարվել է, նախատեսում ենք առաջիկայում Երեւանում կազմակերպել երաժշտական մի պատշաճ միջոցառում, նվիրված 20-րդ դարի երկու մեծ անուններինՙ Արամ Խաչատրյանին ու Մորիս Ռավելին, որի մասին կհայտնենք ժամանակին: Իսկ առհասարակ, երբ ինձ հարցնում ենՙ փակումը ե՞րբ է լինելու, ես պատկերավոր ձեւով ասում եմՙ փակում երբեք չի լինելու, մենք բացեցինք, որ Հայաստանի տարին շարունակվի: Հայաստանի տարին կանգ չի առնելու, այն վերածվելու է Հայաստանի տարիների տարբեր երկրներում:
Ինչ վերաբերում է նախագահ Քոչարյանի վերջին այցին Փարիզ, այցը աշխատանքային էր եւ նպատակ ուներ Ֆրանսիայի նոր նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ քննարկել հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային հարցերը: Այդպես էլ եղավ, թեեւ նրանք մինչ այդ հանդիպել էին այս տարվա փետրվարին, սակայն նախագահական մակարդակով սա առաջին հանդիպումն էր, որն անցավ շատ ջերմ եւ գործնական մթնոլորտում, եւ կարող եմ ասել, որ հայկական կողմի բոլոր հարցադրումներն ընդունվեցին ըմբռնումով եւ դրական արձագանք ստացան: Հայաստանի նախագահը հանդիպեց նաեւ Սենատի եւ Ազգային ժողովի նախագահների հետ, որոնք, ինչպես միշտ, օգտակար էին:
- Ի՞նչ է Ձեր գնահատականը Հայաստանի տարվա կապակցությամբ: Ի՞նչ արձագանք է այն առաջացրել Ֆրանսիայում:
- Ես առիթ եմ ունեցել ասելու, այժմ դարձյալ կրկնում եմ, որ Հայաստանի տարին Ֆրանսիայում կատարյալ հաջողություն է: Սա աննախադեպ երեւույթ է Հայաստանի համար, որը երբեւէ հնարավորություն չէր ունեցել իր արժեքները նման մակարդակով եւ նման ծավալով ներկայացնել Հայաստանից դուրս, եւ կարծում եմ, իրադարձություն է Ֆրանսիայի համար, որը թեեւ մեզ այդքան մոտ ու սրտակից, առիթ չէր ունեցել մեզ այսքան խորքից ճանաչելու: Կարող եմ ասել, որ հանրային հետաքրքրությունը շատ մեծ էր: Ես դա զգացել եմ Ֆրանսիայի հարյուրավոր քաղաքներում իմ բազմաթիվ հանդիպումների ընթացքում: Դրա մասին խոսուն կերպով վկայում են նաեւ ֆրանսիական մամուլի արձագանքները, որոնց թիվն այս պահին անցնում է 4000-ից: Հրատարակվել են նաեւ բազմաթիվ կատալոգներ, գիտական լուրջ հանդեսներում լույս են տեսել վերլուծական հոդվածներ: Ստեղծվել են ֆիլմեր, հեռուստահաղորդումներ: Ազնավուրի հետ հանդիպում եւ նրա երեւանյան համերգը չորս ժամանոց հաղորդմամբ հեռարձակվեց Ֆրանսիական հեռուստատեսությամբ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների իսկ օրը:
Կարեւոր ձեռքբերում եմ համարում նաեւ հայկական մշակույթը պատշաճ կերպով եւ մասնագիտական բարձր մակարդակով ներկայացնող պատրաստի ցուցադրությունների ձեւավորումը, որոնք, այսպես ասած, փորձարկվեցին Տարվա ընթացքում եւ արդեն կարող են ներկայացվել այլ երկրներում: Ուստի համոզված եմ, որ տարին բացելու է նոր դռներ նորանոր իրադարձությունների առջեւ:
Սա բոլորիս հաջողությունն է, Հայաստանի հաջողությունը, որը մեզ մղում է կանգ չառնել, այլ պատրաստել առավել մեծ ծրագրեր:
Հարցազրույցը վարեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ, Փարիզ- Երեւան
Նկար 1. Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Ռ. Քոչարյանը եւ Ժ. Շիրակը ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Փարիզ, 2006 թ.
Նկար 2. Էդ. Նալբանդյան