ՄԻՐԻԱՄ ԲՈՒԹՈՒՅ
Հայկական արվեստի գործերը պահպանելու մտահոգությամբ սփյուռքահայերից շատերը կուտակել են գանձեր, մասնավորապես 19-րդ դարի լուսանկարներ եւ գեղանկարներ: Դրանց մի մասը ներկայացվեց այս տարի Ֆրանսիայի Կանյ-սյուր-Մեր քաղաքում եւ Արաբական աշխարհի ինստիտուտում (Փարիզ) կազմակերպված ցուցահանդեսներում:
«Ինձ համար լավ է միայն լավագույնը», հաճախ ասում էր Գալուստ Գյուլբենկյանը: Հայ նավթային մագնատըՙ ժամանակի ամենահարուստ մարդկանցից մեկը, 20-րդ դարի սկզբից ստեղծել էր արվեստի գործերի մի բացառիկ հավաքածու. պարսկական գորգեր եւ խեցեղեն, հայկական պատկերազարդ ձեռագիր մատյաններ, հեռավորարեւելյան ճենապակի եւ լաքապատ իրեր, միջնադարյան փղոսկրե առարկաներ, ֆլամանդական որմնագորգեր, Վերածննդի դարաշրջանի կահկարասի եւ արվեստի գործեր, Ռեմբրանդտի, Ռուբենսի, իմպրեսիոնիստների նկարներ, 18-րդ դարի ֆրանսիական կահույք: Ընդհանուր առմամբ «հավաքորդների իշխան» հայ մեծահարուստն ուներ մեկ առ մեկ ընտրված վեց հազար հազվագյուտ նմուշ, որոնք ներկայումս հավաքված են Լիսաբոնի «Գալուստ Գյուլբենկյան» թանգարանում: Գյուլբենկյանի հովանու ներքո հայկական արվեստի բազմաթիվ մասնավոր հավաքորդներ փորձել են պահպանել դարերի ընթացքում մեծ կորուստներ կրած հայկական մշակութային ժառանգության նմուշները:
Ակնհայտորեն նվազ միջոցների տեր, բայց այդուհանդերձ հետեւողական ստամբուլցի հայ արդյունաբերող Հովհաննես Չիլինգիրյանը, 1970-ական թթ. Ֆրանսիայում հաստատվելովՙ հավաքում է 19-20-րդ դդ. հայկական գեղանկարներ:
1992 թ.-ից Կանյ-սյուր-Մեր քաղաքում իր հորեղբորՙ 1915 թ. ցեղասպանության զոհ դարձած հայ նշանավոր բանաստեղծ Ռուբեն Սեւակի հիշատակը հավերժացնող տանը հավաքված 150 կտավները հարեւանում են մի խոշոր գրադարանի: Այդ հավաքածուի գլխավոր գործերի թվում են 19-րդ դարի ամենանշանավոր հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավներից մեկը, որը ներկայացնում է 1855 թ. Ղրիմի պատերազմի ծովամարտի տեսարան: 206 x 320 սմ չափեր ունեցող այդ կտավը հնարավոր չեղավ միացնել Կանյ-սյուր-Մեր քաղաքի «Գրիմալդի» դղյակ-թանգարանում «19-20-րդ դարերի հայ նկարիչներ» ցուցահանդեսի համար հավաքորդի տրամադրած մյուս 25 գործերին: Ցուցադրության գեղեցիկ գործերից է Ջիվանյանի (1848-1906) յուղաներկ կտավը, որտեղ պատկերված են Բոսֆորի ափերը լուսնյակ գիշերով: Այվազովսկու հետեւորդ Գյուստավ Մորոյի արվեստանոցում վարպետացած նկարիչ Շաբանյանի (1864-1949) յուղաներկ կտավներում եւ մատիտանկարներում պատկերված է մայրամուտը ծովի վրա: Կան նաեւ 20-րդ դարի հայտնի նկարիչներ Շահինի (1874-1947) եւ Գառզուի (1907-2000) գործերի գեղեցիկ նմուշներ, ինչպես նաեւ ոչ պակաս հայտնի Ժանսեմի (ծնվ. 1920 թ.) ստեղծագործություններ: Վերջինս Փարիզի դպրոցի խոշոր դեմքերից է: Առավել գնահատված հայ նկարիչներից մեկիՙ Հակոբյանի (ծնվ. 1923) կերտած հայկական բնապատկերները (ջրաներկ եւ յուղաներկ գործերը) հարեւանում են Սարգիս Խաչատրյանի (1886-1947) գործերի հետ, որը հայտնի է անհետացող պարսկական որմնանկարների կտավային վերարտադրություններով:
Նիս քաղաքի պատկերասրահներից մեկի տնօրեն, Նոր ռեալիստների եւ Նիսի դպրոցի ներկայացուցիչների գործերի մասնագետ Գիյոմ Արալը Կանյ-սյուր-Մերի ցուցահանդեսի պատասխանատուն է եւ ցուցադրության նյութեր տրամադրած գլխավոր անձանցից մեկը: Ծագումով հայ Արալը հատկապես նախընտրում է արեւելյան ոճի կտավները, անչափ գնահատելով Խորհրդային Հայաստանում 1921 թ.-ից հետո կերտված գործերը:
«Խորհրդային ռեալիզմի կանոններով կաշկանդված լինելովՙ նկարիչներն այնուամենայնիվ Մարտիրոս Սարյանի, ապա Մինաս Ավետիսյանի գլխավորությամբ կարողացան զարգացնել ազգային նկարչություն, որն աչքի է ընկնում տաք գույների ներկապնակով (կարմիրը եւ նարնջագույնը գտնում ենք Հայաստանի դրոշի վրա) եւ բնության գեղեցկությունը, գյուղի եւ լեռնցիների կյանքը պատկերող թեմաներով», պարզաբանում է Արալը: Այս առումով Սարյանի (1880-1972) «Հայաստանի բնապատկեր» կտավը խորհրդանշական է տվյալ ժամանակաշրջանի համար:
«Համոզված հայրենասեր, Հայոց ցեղասպանությունից խորապես ազդված Սարյանը 1921 թ. որոշում է հաստատվել Երեւանում եւ մասնակցել Հայաստանի Խորհրդային Հանրապետության կառուցմանը: Այդ բախտորոշ տարվա գործերից հայտնի է միայն մեկ նկար: Առաջին անգամ ցուցադրված եւ հրապարակված գործը կանխորոշիչ է նրա 20-30-ական թթ. ոճի համար. լեռներին կպած ամպեր, ամայի բնապատկերՙ մի քանի մեկուսի ծառերով, որոնց ստվերում կենդանիներն արածում են եւ պատսպարվում շոգից: Ես նկարը 2001 թ. առանց վկայագրի ձեռք բերեցի լիբանանցի մի հավաքորդից եւ ապա ցույց տվեցի Սարյանի թանգարանի տնօրենին, որն էլ պարզեց դրա հեղինակին», պատմում է Արալը:
Հայկական ոգին
10 տարի առաջ Սարյանի մի քանի գործերով սկիզբ առած Գիյոմ Արալի անհատական հավաքածուն ներկայումս ներառում է 6 տասնյակ գործեր, «որոնք կապված են հայկական ոգու հետ: Այլ կերպ ասած, դա արեւելյան մի ոճ է, որը թերեւս կարելի է որակել թուրքական, օսմանյան կամ պարսկական, բայց ընդգծված քրիստոնեական խորհրդանիշներ ունի»: Ապացույցը Համալբաշյանի (ծնվ. 1936) յուղաներկ կտավն է: Նա «հայ գեղանկարիչների նոր սերնդի սիրեցյալն է, ժամանակակից արվեստագետ, որը հաճախակի է անդրադառնում կովկասյան տարազ կրող կերպարներին եւ աստվածաշնչյան խորհրդանիշներին»:
Այդուհանդերձ, 19-րդ դարի նկարչությունը մոռացված չէ: Այվազովսկու մի փոքրիկ գծանկարից («Թեոդոսիայի նավահանգիստը», մոտ. 1880 թ.) բացի, հավաքորդն ունի նաեւ 19-րդ դարի ոչ այնքան հայտնի հայ նկարիչների գործեր: Ի դեպ, նրանք զբաղվել են լուսանկարչությամբ: «Շատ հպարտ եմ, որ մի աճուրդի ժամանակ ձեռք բերեցի արեւելյանՙ պարսկական ոճի 3 ջրաներկ գործեր, որոնք կրում են Սեւրյուգինի (մոտ. 1840-1933) ստորագրությունը: 19-րդ դարի վերջերին հայտնի դարձած այդ լուսանկարիչը սիրում էր պարսկական գրականությունը պատկերազարդել իրանական հին մանրանկարների ոգով», պատմում է Արալը:
Նա ներկայացնում է նաեւ մի մեծ ջրաներկ գործՙ «Ջրկիր կինը», որը բնորոշ է Լեքեջյանի ոճին: Այստեղ առկա է զարմանալի լուսանկարչական ճշգրտություն: «1880-ական թթ. Կոստանդնուպոլսում աշխատած Լեքեջյանը մեծ հմտությամբ ընդգծում էր լույսի եւ ստվերի հակադրությունները», պատմում է Արալը: Եգիպտոսի օկուպացման տարիներին լինելով բրիտանական բանակի լուսանկարիչը, Լեքեջյանն անմահացրել է 1882 թ. բրիտանացիների կողմից Ալեքսանդրիայի ռմբակոծության տեսարանը: 1887 թ.-ից սկսած նա Կահիրեում բացել է գեղարվեստական լուսանկարչության ստուդիա, մասնավորապես զբոսաշրջիկների համար թողարկելով եգիպտական հնությունների պատկերներ:
Նաեւ հին լուսանկարներ
Լոնդոնում բնակություն հաստատած լիբանանցի հավաքորդ Բադր էլ Հաժն ունի Եգիպտոսի սուլթանի անձնական լուսանկարիչ, Փարիզի 1892 թ. միջազգային լուսանկարչական ցուցահանդեսի ոսկե մեդալակիր Լեքեջյանի մի շարք գործեր:
Նախկին լրագրող, գրքասեր, արաբական աշխարհի խնդիրների մասնագետ Բադր էլ Հաժը 19-րդ դարի ավելի քան 20 տարվա ժամանակահատված ընդգրկող սեւ-սպիտակ լուսանկարներ ունի Սուրբ երկրի, Իրաքի եւ Արեւելյան Միջերկրածովքի վերաբերյալ: Թղթի եւ ապակու վրա, տպագիր ալբոմներում, այցեքարտերի, փոստային բացիկների եւ ուռուցիկ քարտերի վրա արված լուսանկարներից չորս հարյուր հիսունը հայ լուսանկարիչների գործեր են: Դրանցից հարյուր հիսունն այս տարի ներկայացվեցին Արաբական աշխարհի ինստիտուտում կազմակերպված «Հայ լուսանկարիչների Արեւելքը» ցուցահանդեսում:
«Պարբերական հալածանքների եւ կազմակերպված ջարդերի զոհ դարձած հայերը սփռվել են գլխավորապես Միջին Արեւելքում. Թուրքիա, Սիրիա, Լիբանան, Պաղեստին, Եգիպտոս, Իրան: Բնակության նոր վայրերում լուսանկարչությունը նրանց համար դարձավ գոյատեւման միջոց», պատմում է լիբանանցի հավաքորդը: «Լինելով լուսանկարչության իսկական առաջամարտիկներ, հայերն առաջինը յուրացրին այդ տեխնիկան, եւ հայկական լուսանկարչատները 19-րդ դարի կեսերից բազմացան Օսմանյան կայսրության քաղաքների մեծ մասում», շարունակում է նա:
Լուսանկարիչ, Երուսաղեմի Հայոց վանքի պատրիարք Եսայի Կարապետյանը (1825-1885) արդեն 1865 թ. հիմնեց լուսանկարչության դպրոց, որն առաջինն էր ամբողջ Սուրբ երկրում: Այնտեղ է սովորել Երուսաղեմում հայտնի լուսանկարչատան տեր Գրիգորյանը (1847-1920):
«Այս լուսանկարները հոյակապ դիտողական վավերագրեր են այլեւս գոյություն չունեցող պատմության վերաբերյալ,- ափսոսանքով ասում է Բադր էլ Հաժը: - Օրինակ, այս հազվագյուտ ալբոմը ներկայացնում է 1900 թ. Բեյրութի ֆրանսիական բնակարաններից մեկի ներսը: Իսկ 19-րդ դարի վերջերից Բեյրութում գործունեություն ծավալած Սարաֆյան եղբայրների լուսանկարները զարմանալի ճշմարտացիությամբ վերարտադրում են տվյալ ժամանակաշրջանի հագուստները, կահկարասին եւ ճարտարապետությունը»:
Սփյուռքում ցրված «մոտ երեսուն դարերի հայկական արվեստը» մեկտեղելու նպատակով Նուրհան Ֆրենգյանը 1949 թ. Փարիզում հիմնեց Ֆրանսիայի հայկական թանգարանը: Սկզբում թանգարանի նախագահը «Գիմե» եւ «Սերմաշի» թանգարանների գլխավոր ավանդապահ, նշանավոր արեւելագետ, Կիլիկիայի հայկական պետության մասնագետ Ռընե Գրուսեն էր: Փարիզի հայ առաքելական առաջնորդարանի սրահներում նախապես տեղավորված թանգարանը 1953 թ. տեղափոխվեց Ֆոշ պողոտայի թիվ 59-ում գտնվող «Էնըրի» թանգարանի ներքնահարկ: 1994 թ. Նուրհան Ֆրենգյանի մահից հետո փակված «Նուրհան Ֆրենգյան-Ֆրանսիայի հայկական թանգարան» հաստատության սրահները փակվեցին, բայց այս տարի երկու ամսով վերաբացվեցին բացառապես հանրության համար:
«Ֆրանսիայի թանգարանների տնօրենությունը բյուջե հատկացրեց երկրում Հայաստանի տարվա միջոցառումների շրջանակում մեկ ամսով թանգարանի սրահները վերաբացելուն ուղղված աշխատանքների ֆինանսավորման համար», պարզաբանում է հավաքորդի որդինՙ հաստատության ներկայիս նախագահ Ֆրեդերիկ Ֆրենգյանը: «Մեր հազարամյա մշակույթի պահպանման նպատակով Ֆրանսիայում սփյուռքահայերի մի փոքրիկ խմբի հիմնած այդ թանգարանը պետք է շարունակի գոյատեւել եւ ամենքի հանդեպ իր պարտականությունը կատարել», պնդում է նա:
Մոտ հազար ցուցանմուշ ունեցող հաստատությունը, որը 1978 թվականից հանրությանը պիտանի է ճանաչված, հարուստ է մասնավորապես պատկերազարդ թանկարժեք մատյաններով, հովվապետական նամակներով, Քյոթահիայի 18-րդ դարի խեցեղենով, 19-20-րդ դարերի հայ մեծ գեղանկարիչներ Այվազովսկու, Շահինի, Ժանսեմի, Խաչատրյանի, Զաքարյանի եւ այլոց կտավներով: Ցավալի կլիներ, եթե Հայաստանի տարվա ավարտից հետո հանրությունը զրկվեր այդ ժառանգությունը տեսնելու հնարավորությունից:
«Connaissance des Arts», Ֆրանսերենից թարգմանեց ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆԸ
Նկար 1. «Հայ նկարիչներ, 19-20-րդ դարեր» ցուցահանդեսից, կենտրոնումՙ Ե. Քոչարի աշխատանքներից
Նկար 2. Երվանդ Քոչար. «Կուբիստական նատյուրմորտ», 1925, յուղանկար
Նկար 3. Այվազովսկու լուսանկարը 1888