ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2007-10-20 | #21, 2007-11-03 | #22, 2007-11-17


ՀԱՐԹ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԻՑ ԴԵՊԻ ԽՈՐՔԵՐ

Գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի արվեստանոցում

«Մթնոլորտային ճնշումը» երբ անհանգստության նշաններ է ցույց տալիս, եւ խավարը սկսում է ավելի թանձրանալ, հիշում ես, որ այս երկրում մարդիկ են դեռ ապրում, որոնց հետ շփում- հաղորդակցումը հոգեկան «կոլապսից» դուրս գալու հնարավորություն է տալիս. հոգեթերապիայի այս մեթոդը խոսքաբուժություն, նույնիսկ ձայնաբուժություն կարելի է անվանել, որի օբյեկտըՙ փնտրվող խոսակիցը ներքին ներդաշնակ վիճակում, մտային առողջ զարգացում ու տրամաբանություն, հոգեւոր մաքրություն ունեցող անձը միայն կարող է լինել: Նրանք այն մարդիկ են, ովքեր իրենց նկարագիրը ժամանակի «գույնի» փոփոխություններին հարմարեցնել չեն ուզում ու չեն կարող, ովքեր ապրում են իրենց համոզումով, իրենց ներքին ճշմարտության համաձայն ու սեփական հետաքրքրությունից դուրս ունեն մտային ավելի լայն ընդգրկում ու մտահոգություն. պետականության, երկրի, մարդու ճակատագրի, ժամանակի հանդեպ իրենց բաժին պատասխանատվության գիտակցում: Երեւանում այսպիսի սակավ վայրերից է գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի արվեստանոցը: Նկարիչն իր բնական վիճակում էր, մտքերի մշտական հոսքի մեջ. այս անգամ նրա հետ նկարչությունից, արվեստ-մշակույթից չխոսեցինք: Մեր զրույցն ընթացավ մարդ (ազգ)-մշակույթի շուրջըՙ օրվա «հոսանքի լարման» տրամաբանությամբ: Որո՞նք են հայ մարդուՙ անգամ իր երկրի հանդեպ ձեւավորված այս անտարբերության, որոշ դեպքերում արհամարհանքի, տեղ-տեղ էլ շինծու հայրենասիրության պատճառները: Պատմության ո՞ր հատվածում հայն այնպես սայթաքեց, որի համար հարյուրամյակներ արդեն հատուցում է ու «պարտքը» չի սպառում... Այս հարցի շուրջն ակնկալում ենք մտավորական լուրջ քննարկումներ:


- Հիմակվան վիճակի համար բացատրություն ուզում եմ գտնել ավելի վաղ ժամանակների մեջ, այս վիճակը չեմ կարծում, որ միանգամից ստեղծվեցավ, ուզում եմ ավելի հեռու տեղերեն գալ: Անկախությունը երկինքեն ինկավ, ինչպես խնձոր, դա մեզ տրվեցավ, մենք ոչ պատրաստված էինք, ոչ որեւէ ճիգ էինք արել: Պարզ մեկնակետ է: Հայ ժողովուրդը, որ 600 տարի կորցրել էր իր պետականությունըՙ 1375 թ. Կիլիկիայի թագավորության կորստի հետ, ապրել է իր բնօրրանի մեկ մասին վրա ոչ որպես տեր, դա պատկանել է ուրիշին, ընդհանրապես մտածե՞լ է անկախության մասին: Երբ ունեցանք այդ անկախությունը, ի՞նչ արեցինք այս 16 տարիներու ընթացքին: Պարզ երեւում է, եթե իսկապես հայ ժողովուրդը իր հայրենիքին կապված է եւ հայրենիք հասկացողությունն իր մեջ կա, պետք չէր լքեր իր հողը: Երկրորդ վիճակը, որ բացահայտվեցավՙ ամենավայրենի ձեւով փչացնում է իր երկիրը: Այս երկու վիճակները ցույց են տալիս, որ հայերը չեն ուզեցել անկախություն, ու վաղուցվանից չեն ուզել, պարզ օրինակ կա, որ մեր Հովհաննես Սմբատ թագավորը իր համաձայնությամբ Անի մայրաքաղաքը տալիս է բուզանդացիներին եւ ինքը լքում է երկիրը:

- Այսինքնՙ լքելու, ուրիշին սեփական արժեքները զիջելու «սովորությունը» գենետիկորեն ժառանգե՞լ ենք:

- Մենք ուզեցել ենք ավելի լավ տեղ ապրել, դա մարդկային իրավունք է, երկրագունդը պատկանում է բոլոր մարդկանց: Այստեղ հարց է դրվումՙ հայրենի՞քն է այն տեղը, ուր պիտի ապրենք: Եվ առաջին առիթը անկախության ատենը ստեղծվեցավ. ըսին, որ իրենց սա պետք չէ. իսկական ժամանակն է հեռանալու եւ ավելի լավ տեղ ապրելու:

- Իսկ մարդկանց այն խումբը, որ ոչ ուզում է փչացնել ու ոչ էլ թալանել ու խաբել, եւ ոչ էլ հեռանալ, այլ ուզում է օրենք պահպանող ու իրականացնող երկրում ապրել, նրանք ի՞նչ անեն:

- Ես էլ նրանց մեջ եմ մտնում, դա մեր հարցն է, չենք կարող որեւէ մեկին դիմել, որ մեզանով զբաղվի: Երկիրը անցել է որոշ մարդկանց ձեռքը, վերացականորեն է հայ ժողովուրդին պատկանում: Սովետական ռեժիմի տապալումով մեջտեղ եկավ մարդկանց մի խումբ, որոնք ըսինՙ մենք ենք տերը, ազատությունը այդ շերտին միայն օգուտ տվավ, ազատությունը դարձավ վերցնելու եւ կուտակելու հնարավորություն: Այդ անկախությունը հանկարծ հեգնանքի պես բան է դառնում: Ինչո՞ւ Խրիմյան Հայրիկը պիտի 120 տարի առաջ առանց երկաթի շերեփ վերցնելու, թղթի շերեփով հարիսա ուտելու երթար: Նա եթե իմանար, որ 120 տարի վերջ Հայաստանը պիտի անկախանար, դժվար թե տեղից շարժեր եւ դուրս գար երկրից: Գրեթե բոլոր մեր ազգային ազատագրական շարժման գործողությունները դառնում են ծիծաղելի ու զավեշտական, երբ տեսնում ենք, թե ինչպես ենք վարվում այս անկախ երկրի հետ: Հանկարծորեն սկսում ես մտածելՙ պատահականությո՞ւնն է որոշողը մարդկային պատմության, թե՞ մարդկային ճիգը: Բայց երբ նայում ես այդ մարդկային ճիգին, գրեթե ծիծաղելի է դառնում դա: Բայց նորեն վերադառնալով պատմությանըՙ հարց եմ տալիս. հայերն ուզեցե՞լ են անկախ պետականություն ունենալ: Պատմականորեն անոնք, որոնք հավակնել են ազգային-ազատագրական շարժում ստեղծելու-ղեկավարելու գործին, իրենց ամենամեծ հեռանկարը եղել է տերը փոխել, ավելի լավ տիրոջ ձեռքին տակ ընկնել եւ ավելի լավ տեր փնտրել: Այս անգամ արդեն փոխանակ տերը փնտրելու, մենք ենք գնում այդ տիրոջ մոտ: Ասկե անդին չենք անցել: Իսրայել Օրի, Հովսեփ Էմին, Դավիթ Բեկ, եթե նայես, հույսը ամբողջ այն էր, որ օտար իշխանությունն ավելի լավ կարող էր մեր երկիրը ղեկավարել: Այս բանը ունի երկու երես, եւ հայերը թերեւս խելոք էին այն իմաստով, որ չկարողանալով իրենց երկիրը ղեկավարել, ուզում էին ուրիշ մեկը ղեկավարման հարցը լուծի, իրենք էլ զբաղվեն իրենց աշխատանքով, բարեկեցիկ վիճակ ապահովելով:

- Հայը փաստորեն ինքնակառավարվող ժողոդուրդ չի:

- Փաստն այն է, որ նույնիսկ շատ ավելի հին ժամանակներից հայերը դիմում էին պարսիկ թագավորներին: Խորենացին գրում է, որ հայերը դիմում էին պարսից Վռամ արքային, թե արի ազատե մեզ այս թագավորեն, տուր մեզի պարսիկ իշխանավոր, եւ խնդրում են հայոց կաթողիկոսին, որպեսզի միջամտի ու պարսիկներին հանձնի Արտաշիր թագավորին: Սահակ-Պարթեւ կաթողիկոսը նախարարներին պատասխանում է. «Ես իմ մոլորյալ ոչխարը առողջ գայլին չեմ տար»: Տեսնում ես, որ օտարին օգնության մեջ են փնտրել լուծումը:

- Ո՞րն է պատճառը:

- Ես գտնում եմՙ տկարությանՙ ֆիզիկական տկարության:

- Մեր բախտը բերեց, ստացվեց այնպես, որ ճակատագրորեն մեր սերունդն ապրեց այն ժամանակահատվածում, երբ անկախ պետականության մեր իդեալն իրականություն դարձավ: Դուք ասում եքՙ փաստն այն է, որ հայն անկախությունը իրացնել չգիտի կամ չի ուզում, բայց միաժամանակ հայի մեջ ի սկզբանե գենետիկորեն դրված է Հայկի ազատաբաղձ ոգին: Ահավասիկ մենք մասնակիցը եղանք այդ ոգուՙ 1988-ի հուժկու դրսեւորմանը: Ուրեմն, մենք երկվություն ունեցող ազգ ենքՙ մի կողմից օտարահաճՙ օտար տեր փնտրողի (պատմականորեն ձեւավորված հոգեբանություն) մյուս կողմիցՙ անկախ պետականության ձգտողի, համամարդկային բարձր իդեալներ (մարդու նախաստեղծ վիճակի հոգեբանություն) կրողի հակադիր մղումներով: Ուրեմն հարկավոր է արթնացնել մեր ցեղի ներքին առողջ, բանական որակները (սաՙ կրթության ճանապարհով), այլ ոչ ցածր բնազդները, ինչպես հիմա է արվում:

- Այս բոլոր հարցերին ինքս փորձում եմ բացատրություն գտնել. նորեն Խորենացիին հիշենք, երբ ասում էՙ թեեւ ածու ենք փոքր, բայց քաջության շատ գործեր արել ենք, որոնք արժանի են հիշատակության: Ուշադրություն դարձրու «փոքր» բառի վրա: Այն ատեն ալ փոքր էինք, անցել է 1500 տարի, դարձյալ փոքր ենք մնացել: Փաստ մըն է, որուն պետք է անդրադառնանք: Որովհետեւ փոքրությունը որակ մըն է. դժբախտաբար ֆիզիկական աշխարհի մեջ խեղճի վիճակ մըն է: Գանք մյուս հարցին. երբ հայերը իրենց պետականությունը հարյուրավոր տարիներ կորցրին, ստեղծվեցավ գոյատեւման վիճակ: Պետք է հայ մարդը իր գոյությունը պահպաներ: Ուրեմն պետք է մշակեր հատկություններ եւ մեխանիզմներ իր գոյությունը օտար լուծին տակ պաշտպանելու: Այստեղ ընդմիջում անեմ: Երեւի մեր հայ մտավորականությունը տեսնելով մեր ֆիզիկական տկարությունը, մտածեց, որ հայուն պետք է ոչ ֆիզիկական մի զրահ, մի պաշտպանական սիստեմ, որով կարողանային պահել հայոց միասնությունը: Տրդատ թագավորը եւ Գրիգոր Լուսավորիչը, նաեւ իրենց համախոհները պետք է մտածած լինեին, որ քրիստոնեությունը այն կրոնքն է, որ կրնա օգնել հայերունՙ պահելու իրենց միասնականությունը, եւ սա նաեւ այն պարագային, երբ հայերը կորցրել էին պետականությունը: Փաստն այն է, որ դա շարունակվեցավ մինչեւ XIX դար: Չեմ գիտերՙ հեթանոսությունը հայոց մեջ ինչպե՞ս է եղել իբրեւ կրոնք, ի՞նչ դեր է ունեցել: Բայց պարզ է, որ հայոց եկեղեցին, երբ պետություն չկար, դարերու ընթացքին ստեղծեց ոչ միայն հավատք, այլ նաեւ ծեսերը եւ կարողացավ հայ կյանքը կազմակերպել իր շուրջը, մինչեւ XIX դարու կեսերը, երբ հայ տհաս մտավորականներ հարձակեցան հենց այդ կառույցին վրա, նոր, եվրոպական, մարքսիստական գաղափարներով եւ այլն:

Ուրեմն, հայ մարդը պետք է ստեղծեր ինքնապաշտպանական մեխանիզմներՙ իր գոյությունը պահպանելու համար: Դա նա կարող էր անել միայն եւ միայն հիմնվելով իր անձնական ունակության, կարողության վրա: Այսինքն նա պետք չուներ ուրիշի օգնությանՙ ո՛չ օտարին, ո՛չ իր հայրենակցին: Եվ սկսում է ինքզինքը, իր ընտանիքին, իր զավակին պաշտպանելու աշխատանքը: Եվ ինքը այդ իմաստով դարձավ շատ ինքնասեր, ինքնամփոփ եւ չէր ընդունում իր հայրենակցին օգնությունը եւ նկատում էր նրան իր մրցակիցը, այսու կարողացավ հասնիլ այն արդյունքին, որ իրեն ընդունեին իր կարողության համար եւ թույլ տվեցինՙ ապրի: Պոլսեցի մը ինձի կըսեր, որ Օսմանյան կայսրության մեջ հայերը եղել են ամենավստահելի համարվող խումբը: Բայց մի անգամ մի թուրք իրեն ըսեր է, որ ոչ թե ամենավստահելի, այլ հանդուրժելի, շնորհիվ իրենց ունակություններուն եւ կարողություններուն: Նույնիսկ Եղեռնեն վերջ, երբ հայերն իրենց բնօրրանեն վռնդվեցան եւ ապրեցան օտար երկիրներու մեջ, չխեղճացան, շնորհիվ իրենց կարողություններուն, ոչ միայն օգտակար եղան իրենց, այլ ընդունող ժողովուրդին եւ ինքզինքնին պաշտպանեցին: Ուրեմն այս ծայրահեղ ինքզինքնուն վրա կենտրոնանալը խանգարում էր հայերուն իրար միանալ, պետք չունին միանալու, միայն դպրոց ստեղծելու պարագային, այն էլ շնորհիվ եկեղեցիին: Եվ եկեղեցին պաշտպանելու պարագային, պատրաստ են նյութապես օգնելու: Ստեղծվեցավ զուտ անհատապաշտ մեկ ժողովուրդՙ կազմված անհատներից: Սովետ Միության ստեղծվիլը ամենամեծ հարվածը տվավ հայերուն ունակություններուն, որովհետեւ անձնապես իրենց կարողությունները դրսեւորելու փոխարեն, ստիպված էին ենթարկվիլ պարտադրված տնտեսական եւ բարոյական ռեժիմին, որ բոլորովին հայերուն, հայ մարդուն կարողությունը այլասերում էր: եվ անշուշտ, այդ պայմաններուն մեջ հնարավորություն չկար, որ հայերը իրարու հետ միանային եւ մտածեին անկախ պետության մասին: Ու երբ ընդունեցինք անկախությունը, տեսանք, որ այդ տնտեսությունը լրիվ փոշիացավՙ միանգամից: Եթե սովետական ռեժիմը այնքան խելոք ըլլար թույլ տալու, որ փոքր երկրի մեջ տեղական արժեքներ ստեղծվեին, հայերը այսպես օդի մեջ չէին մնա: Հայ ֆաբրիկայի դիրեկտորը օրերից մի օր հանկարծ իմանում է, որ իր ղեկավարը գոյություն չունի, ո՞ւմ համար եւ ինչի համար պիտի պահեր տնտեսությունը: Նա մտածեցՙ թռցնի, տանի: Ուրիշ իմպերիալիստական երկիրներՙ Անգլիա, Ֆրանսիա, երբ իրենց գաղութներից քաշվում էին, այնտեղ թողնում էին մի մոդելՙ իրենց երկրի մոդելը, որ պիտի նրանց պահեր: Մենք ընդունում էինք մի երկրի մոդել, ուր անհատ մարդուն բարոյական արժեքը զերո էր: Այն ժամանակ, երբ ցույցեր էին կատարվում Հայաստանի մեջ, ես բոլորովին չէի հավատում, որ էդ ժողովուրդը էն նյութն է, որմե կարելի է որեւէ բան ստեղծել: Դա մի պահ էր, ուր մարդիկ լիցքավորվելու համար իրենց տարիներու գանգատներեն հավաքվում ու ոգեւորվում էին, երբ մի հռետոր խոսում էր, իրենց լավ էին զգում, բայց դա համագործակցելու նշան չէր: Մեկ քառակուսի մետրի վրա երբ 10 հոգի կանգնած է կողք-կողքի, դա համագործակցության նշան չէ: Համագործակցությունը անկախ մարդոց գործ է. անկախ երկիր կրնա ստեղծվիր, երբ իր ամեն քաղաքացին անկախ մարդ է, ունի իր աշխատանքը, իր ապրուստը: Ստրուկներով անկախ պետություն չի ստեղծվիր: Ես իբրեւ մի հայ մարդ, որ ապրում է այս ժամանակը, վերլուծություններ եմ անում մարդկային իմ հարաբերություններիցս ելնելով, իմ անհատական փորձառությամբ: Անշուշտ, քաղաքագետներ, սոցիոլոգներ, տնտեսագետներ, պատմաբաններ կարող են ավելի խորը վերլուծություններ ընել:

Ես, դժբախտաբար, որեւէ ձեւով չեմ հավատում որեւէ լավ բանի հնարավորությանը, եւ սա էլ իր պատմությունն ունի: XIX դարից մեզ մնացել է հայ ժողովրդի քաղաքական միտքի մի կերպարՙ ընկ. Փանջունին, մարդու մի տեսակ, որ սկսում է գործունեություն ընել, առանց մտածելու հետեւանքներու մասին, որ կրնան պատահիլ իր ժողովուրդի գլխուն: Եվ տակավին միշտ կա հինեն եկած սովորությունըՙ հույսը օտարի վրա դնելու: Այսօր Ամերիկայի մեջ իրարանցում է, թե Բուշը ցեղասպանությունը ընդունում է, թե՞ չի ընդունում, արդյոք ԱՄՆ-ի նախագահը պիտի խառնվի՞ մեր գործերուն եւ պիտի մեր ուզածը իրագործի եւ մեզի տա նվեր: Դա բացարձակ շարունակությունն է իմ պատմության, երբ հույսը դնում ենք օտար պետության միջամտության վրա: Եվ դրանից մենք սարսափելի տուժել ենք: Որովհետեւ 1915-ի Եղեռնը շարունակությունն է այն վիճակին, որ հայ որոշ մարդիկՙ ավանտյուրիստներ, ստիպում էին, որ անգլիացիք, ռուսերը եւ այլն մտնեին մեր եւ թուրքերու արանքը: Դա լավագույն առիթը տվավ թուրքերուն, որպեսզի հայերուն պատժեն եւ կոտորեն: Նույնիսկ այս Արցախյան պատմության հիմքին մեջ էր դրված այն հույսը, որ օտարը մեզ է սիրում, եւ ոչ թե թուրքին եւ պիտի մեր կողմը ըլլար: Երկրին ղեկավարը երբ որեւէ ակցիայի մեջ է մտնում ու մինչեւ վերջ հաշվարկներ չի անում, թե ինքը ի՞նչ պիտի վճարի եւ ի՞նչ պիտի ժողովուրդը շահի, որեւէ հույս չկա: Ես այդպես եմ կարծում եւ չեմ կապում այս վիճակը այս կամ այն անձի վատ կամ լավ ըլլալուն հետ:

Ես գտնում եմՙ ուրիշ մի արատավոր բան եղավ. ինչպես մարդու տեսակ մը կաՙ հիվանդ մարդու (անունը չգիտեմ, պիտի հոգեբանի մը հարցնեմ), այնպես էլ ժողովուրդ մը. ուրեմն մարդ կա, որ իր ձախորդության համար չի ուզում որեւէ բան անելՙ դուրս գալու իր ձախողված վիճակեն, այլ դրա համար մեղադրում է մեկ ուրիշի: Բայց երբ ասում եսՙ բայց քու պատասխանատվությունդ ի՞նչ է, դուն ինչո՞վ պատասխանատու ես, ասում էՙ հանցավորը ուրիշն էՙ գոնե ես կրնամ հայհոյել այդ մարդուն ու հանգստանալ: Էս հոգեբանությունը տարածվեցավ ամբողջ ժողովուրդին վրաՙ մեկ հոգիի կամ մի փոքր խումբի հետ կապել ամբողջ ձախորդությունը: Դա արդեն ցույց է տալիս այն արատավոր հոգեբանությունը, որ նստել է մարդոց մեջ, եւ դա պարզ մարդը չէ փողոցի, մտավորական մարդն է նաեւ: Եվ ուրեմն ես ոչ մեկ հույս ունիմ այդ մարդուն վրա, որ որեւէ բան կրնա ընել այս երկրին համար: Մարդու տեսակ մը կա, որ եթե իրեն համաձայն չես, ուրեմն իրեն թշնամի ես, եւ չի ուզում քննարկել քեզի հետ որեւէ բան:

- Այո, ամենածանրն այդ վիճակն է, երբ տարակարծության, այլ տեսակետների հանդեպ չկա հանդուրժողականություն, թեկուզ միմյանց հակադիր մտածողության իրավունքի տարրական հարգանք: Երիցս իրավացի եք, երբ գտնում եք, որ ազատվել է պետք քավության նոխազ փնտրելու արատավոր հոգեբանությունից: Յուրաքանչյուը նախեւառաջ պիտի իր ներսը նայի, սկսի իրենից, որքան էլՙ դժվար է:

- Ութսունն անց մարդը ինչ հեռանկարներ կրնա ունենալ, բայց հակառակ ատոր մտածում եմՙ պետք է մասնակցիմ, եթե ուզում եմ, պետք է գրեմ, նկարեմ: Չեմ կարող գրել, երբ գրվածքիս խորքը ժխտական ըլլա: Ես մինչեւ հիմա ժխտական որեւէ բան չեմ ասում: Ես վերլուծություն եմ անումՙ իմ տեսակետներեն ելնելով եւ ասածիս մեջ անպատվելու կամ վարկաբեկելու որեւէ խոսք չկա: Բայց երբ գաճաճ իրականություն ես տեսնումՙ ինչ գրես: Եթե հայ ժողովուրդը 2000 տարի առաջ ալ 2 մլն էր, հիմա էլ մնում է 2 մլն եւ եթե քովդ 2 միլիարդանոց ժողովուրդ կա, անոր կողքը ինչ ես, եթե ոչՙ գաճաճ:

Մեր բոլոր ձախորդություններու պատճառը մեր մեջ պետք է փնտրենք, եթե ի վիճակի ենք: Այլապես, վիճակը նման է եւ դա հատուկ է հայերուն, երբ 10 հոգիով հարձակվում են մեկու վրա, ծեծում, կոխկրտում ու ջարդում են: Այս է մեր ժողովրդի հոգեբանությունը:

Պետք է հաշվի առնենք, սա էլ չմոռնանք, որ մարդկությունը հասել է մի վիճակի իր զարգացման ընթացքին, որ ինքը տանում է աշխարհը կործանման, եւ այդ կործանման ամենաառաջատարները ամենազարգացած կոչված երկրներն են, որ իրականում ավելի սարսափելի բաներ են անում, քան թե մեր փոքր Հայաստանի ժողովուրդն է անում: Դա էլ չմոռանանք: Եթե այդքան շատ հեռուները երթանքՙ աշխարհը վերլուծելու, արդեն ալ իմաստ չունի խորքին մեջ. գիտնականներն են ասումՙ հեռու չէ, մոտ է ժամանակը, գրեթե տեսանելի է, որ մարդը կարող է անբնակելի դարձնել երկրագունդը: Հիմա, այդ պայմաններուն մեջ մեր խոսակցությունը բոլորովին արդեն կարող է ուրիշ որակ ունենալ....

Զրուցեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ


Նկար 1. Հակոբ Հակոբյանը կնոջ Մարիի հետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4