ՎԱԼԵՐ ԲԵՐՏՐԱՆ
Թութունջյանը եւ հայ նկարիչները
Մախոխյան, Ադամյան, Շահին, Ալհազյան, Խաչատուրյան, Մութաֆյան, Պետիկյան, Ժանսեմ, Բերբերյան... բազմաթիվ են 1915 թ. ահավոր իրադարձություններից հետո Հայաստանը ճարահատ լքած նկարիչները: Նրանց մեծ մասն այն ժամանակ ապաստանեց Ֆրանսիայում, մասնավորապես հարավում, որտեղ, ջերմացնող լուսավորության պայմաններում, կարողացավ ազատություն տալ գունանկարչի սեփական տաղանդին: Հայրենակարոտ սփյուռքին ծառայելով` նրանք զարգացրին այնպիսի բնանկարչություն, որտեղ գերիշխում են տաք գույները, ծովը եւ, իհարկե, երբեմն նկատվող Արարատի ձյունապատ գագաթները:
Համեմատաբար քիչ հայտնի այս նկարիչներից բացի, պատմությունը պահպանել է երկու անուն Հայաստանում մնացած «հայ մեծ նկարիչ» Մարտիրոս Սարյան (1880-1972) եւ սյուրռեալիստների ուղեկից Գառնիկ Զուլումյան (1907-2000), որն ավելի շատ հայտնի է Գառզու անունով: Ավանգարդիստական խոշոր շարժումներին շատ մոտիկ կանգնած Թութունջյանը եւ Քոչարը ըստ երեւույթին միանալու էին նրանց, չնայած այն բանին, որ Քոչարը 1936 թ. վերադարձավ Խորհրդային Հայաստան, որտեղ նրա կերտած Սասունցի Դավթի հոյակապ արձանը մնում է մայրաքաղաք Երեւանի զարդերից մեկը:
«Connaissance des Arts»
Ժամանակակից հայ նկարչության խոշոր ներկայացուցիչներից մեկն է Լեւոն Թութունջյանը, թեեւ Ֆրանսիայում նրան այնքան էլ լավ չեն ճանաչում: Նրա ոճը տեղ է զբաղեցնում երկրաչափական աբստրակցիոնիզմի եւ ֆիգուրատիվ սյուրռեալիզմի միջեւ: Նրա յուրօրինակ գործերը ցուցադրված են Փարիզի «Լը Մինոտոր» պատկերասրահում:
Լեւոն Թութունջյանը ծնվել է 1905 թ. նոյեմբերին Ամասիա քաղաքում (Փոքր Ասիա), ուսուցիչների ընտանիքում: Այդ ժամանակաշրջանում ծննդյան տարեթվերը հաճախ ճշգրիտ չէին արձանագրում, եւ Լեւոնի ծննդյան վկայականում նշված է 1906 թ. մարտի 15-ը: Ինչեւէ: Վաղ հասակից Լեւոնն սկսում է ջութակ նվագել եւ հետաքրքրվում է նկարչությամբ: 14 տարեկանում նա մեկնում է Ստամբուլ (Կոստանդնուպոլիս), որտեղ միջնակարգ կրթության դասընթաց անցնելուց հետո ընդունվում է Գեղարվեստի դպրոց: Լեւոնի հայրը դրանից մի քանի տարի առաջՙ Ցեղասպանության ժամանակ զոհվել էր թուրքական թնդանոթների ռմբակոծությունից: Եվ քանի որ հալածանքները սաստկանում էին, Լեւոնի մայրը 1920-ական թթ. սկզբներին որոշում է նրան արտերկիր ուղարկել հայ երեխաներին օգնելու եկած ամերիկյան նավով:
Հունաստանի Լուտրեկի քաղաքում Լեւոնն ապաստան է գտնում մի որբանոցում: Շուտով նա վերագտնում է ազատությունը եւ սկսում է հացի փող վաստակել մի խեցեգործի արհեստանոցում, ապաՙ գործվածքի ներկերի արտադրությունում: Որոշ ժամանակ անց նա Հունաստանից մեկնում է Վենետիկ, որտեղ մի քանի ամիս անցկացնում է Սուրբ Ղազար կղզու վանքում:
1923 թ. Թութունջյանը մեկնում է նկարչության մայրաքաղաք Փարիզ. դա պարտադիր փուլ է երիտասարդ եւ հավակնոտ նկարիչների համար: Ապրուստի միջոց հայթայթելու նպատակով նա կրկին աշխատանքի է անցնում մի խեցեգործի մոտ, ինչպես նաեւ սկսում է հաճախել իր հայրենակից Երվանդ Քոչարի արվեստանոց: Քոչարը, որը Թութունջյանից 7 տարով մեծ էր, Փարիզ գալուց առաջ բարեբախտաբար եղել էր Մոսկվայում, որտեղ 1918-19 թթ. մոտիկից ծանոթացել էր ռուս ավանգարդիստների հետ «Ազատ արվեստանոցների» հաղթարշավի ժամանակ:
Քոչարի նման վարպետի շնորհիվ Թութունջյանն արագ առաջընթաց է ապրում: Ավելի լավ չէր կարող լինել: Քոչարի օգնությամբ նա ծանոթանում է Բրաքի եւ Պիկասոյի կուբիզմին: Թութունջյանը չի սահմանափակվում նկարելով եւ ցուցահանդեսներ այցելելով. նա ներկա է գտնվում գիտաժողովների, մասնակցում բանավեճերի: Հընթացս ծանոթանում եւ ընկերանում է աշխարհի տարբեր կողմերից Փարիզ եկած մի քանի տաղանդավոր արվեստագետների հետ: Քոչարի շնորհիվ Թութունջյանն առաջին շարքերում է:
1924 թվականին 19-ամյա Թութունջյանը շարունակում էր սովորելՙ ներշնչվելով նատյուրմորտներից եւ կուբիստական կոլաժներից, որոնց ֆոնը հաճախ ծածկված էր լինում բազմաթիվ կետերով ու նրբագծերով: Քոչարից փոխ առած այդ եղանակը նա համակարգում է, նկարելուց առաջ ներկով թրջված սպունգով կտավը կամ թուղթը մշակելով ըստ պահանջվող արդյունքի:
Որտեղի՞ց էր ծագել այդ գաղափարը: Գուցե Քելեն կամ Միրո՞ն էին մտահղացել, որոնց առաջին փորձերը տեսել էր Թութունջյանը: Կամ գուցե ի՞նքն է մտահղացել գործվածք ներկելու ժամանակ:
Իր գյուտը գիտակցելովՙ Թութունջյանը մեծ եռանդով կերտում է կուբիստական կոլաժներ եւ տաշիզմի ընդգծված դրսեւորումներով էքսպրեսիոնիստական գործեր, որոնցում կերպարներ ստեղծող գիծն ասես կլանված լինի ֆոնից: Ավելի ուշ այդ ոճը կզարգացնեն սյուրռեալիստները:
Ըստ Թութունջյանի, տվյալ նորամուծությունը հնարավոր է միայն բաց եւ լավ կառուցված տարածության մեջ, որի հավասարակշռությունն իրագործելի է առեղծվածին եւ անկայունության դրսեւորմանը լայն տեղ հատկացնելու պայմանով միայն:
«Կոնկրետ արվեստի» խորքում
Իր ամբողջ կյանքում Թութունջյանը տատանվում էր այդ երկու բեւեռների միջեւ: Նրա գործերն առաջին անգամ Քոչարի նախաձեռնությամբ ցուցադրվեցին Փափազովի, Սերվրանքսի, Վալմյեի, Լարիոնովի, Դլոնեի, Ջակոմետտիի, Էլիոնի, Էրբենի եւ Մարսել Կանի գործերի հետ մեկտեղ` «Անկախ նկարիչների» ցուցահանդեսում: Վերջին երեք նկարիչները Լեւոնի ընկերներն են եւ նրան առաջարկում են հաջորդ տարի մասնակցել «գերանկախների» ցուցահանդեսին: Այդ կարճ ժամանակամիջոցում նա հաջողությամբ մի շարք ցուցահանդեսների է մասնակցում Փարիզում, ինչպես նաեւ արտասահմանում (Ամստերդամ, Ստոկհոլմ, Ցյուրիխ), հանդիպումներ է ունենում Տորես-Գարսիայի, Կուպկայի, Շվիտերսի, Մոնդրիանի, Լեժեի, Մասոնի, Արպի, Վան Դոյսբուրգի եւ շատ ուրիշների հետ:
Թեեւ հասարակայնությունը եւ քննադատները լայնորեն չարձագանքեցին ցուցահանդեսին, բայց այդ միջոցառումները Թութունջյանին հնարավորություն տվեցին ցուցադրվել ամենամեծ նկարիչների գործերի կողքին: Ներկայացված փայտով ու մետաղով ուռուցիկ նկարները` Թութունջյանի ավանգարդիստական գործերը, ուշադրության արժանացան: Արպը, Վան Դոյսբուրգը եւ Քոլդերը, անկասկած, նկատեցին դրանք: Պատահական չէ, որ Թութունջյանին հրավիրեցին որպես հիմնադիր անդամՙ մասնակցելու «L՛Art concret» («Կոնկրետ արվեստ») խմբի եւ համանուն հանդեսի ստեղծմանը Էլիոնի, Վան Դոյսբուրգի եւ Օտտո Կառլսունդի ընկերակցությամբ:
Ցավոք, պատմությունը նրան կմոռանա. խմբի անդամների 1930 թ. հանրահայտ լուսանկարի վրա Թութունջյանը բացակայում է այն պարզ պատճառով, որ հենց ինքն է լուսանկարիչը...
Մոռացության մատնվելու մյուս պատճառը Թութունջյանի այն համոզմունքն է, որ կարեւորը միայն արվեստի գործն է եւ որ ոչ մի մանրամասնություն, մեկնաբանություն կամ անվանում չպետք է խանգարի դրա ընկալմանը: Ահա թե ինչու կատալոգներում եւ հանդեսներում, օրինակ` «Աբստրակսիոն-քրեասիոնի» թիվ 2 համարում, տեսնում ենք նրա ռելյեֆային գործերի ընդամենը երկու լուսանկար` առանց որեւէ վերնագրի կամ բացատրության: Դա հասկանալի խստություն է, բայց դիտողին դրդում է շրջանցել նման գործերը:
Այսօր թերեւս ասեն, թե Լեւոն Թութունջյանը չկարողացավ «հաղորդակցվել»: Եվս մի կարեւոր մանրամասնություն: Մինչ նա մասնակից էր դառնում «Կոնկրետ արվեստ» խմբի առաջին հաջողություններին, ավելի շատ մտահոգված էր մնում իր ներքին զարգացմամբ, քան սեփական կարիերայով, ուստի շարունակեց ստեղծել ֆիգուրատիվ գործեր: Հաջորդ տարվանից նա ընդունեց սյուրռեալիստների նկարչական ոճը:
Դա յուրօրինակ «ինքնասպանություն» էր, որը նրա առջեւ փակեց գրեթե բոլոր դռները: Միայն Էլիոնն էր առաջվա պես աջակցում Լեւոնին, խոստովանելով, որ ինքն էլ թուլություն ունի ֆիգուրատիվ արվեստի նկատմամբ:
Սկզբնական շրջանում հրապուրվելով Սալվադոր Դալիի հիմնած շլացուցիչ միությունների փայլով` Թութունջյանն ի վերջո որոշում է նվիրվել բացահայտորեն մետաֆիզիկական նկարչությանը: Շախմատային հատակը եւ արհեստավորի զանազան գործիքները (ուղղալար, կողմնացույց, կարկին) գլխավոր տեղեր են զբաղեցնում նրա կտավներում (ասես իմաստների դասավորման իդեալական միջոցներ լինեն) կանացիության խորհրդանիշ ճաքած նռան եւ դեպի աշխարհ բացվելիք դռան կողքին:
Դեպի տիեզերքը շրջված այս կամավոր զարգացման նպատակը ոչ թե առեղծվածների միջոցով դիտողին զվարճացնելն է, այլ, ավելի լայն որոնման նկատմամբ հետաքրքրություն հարուցելը: Բայց նման գործերը քիչ են վաճառվում, եւ նկարչի միակ նեցուկ Լեոնս Ռոզենբերգը հենց հաջորդ տարում դադարեցնում է նկարների վաճառքը: Չնայած դրան, Թութունջյանը շարունակում է իր որոնումները, զուգահեռաբար զարգացնելով խեցեգործի իր արհեստը եւ ստեղծելով պերճանքի առարկաներ: Դա նրան չի խանգարում կապ պահպանել ավանգարդիստների հետ: Չհաստատված տեղեկությունների համաձայն, հենց նա է Դյուշանին միզարաններ մատակարարել նրա «Տունը ճամպրուկում» գործի համար:
Գրեթե մոռացված Լեւոն Թութունջյանին, բարեբախտաբար, պաշտպանում են մի քանի հավաքորդներ: Նրանց կրքոտ հետաքրքրասիրության շնորհիվ նկարչի գործերը տաշիստների քաոսային ֆոնդից հանվել են, որպեսզի աստղային աշխարհում զբաղեցնեն իրենց արժանի տեղը:
«Connaissance des Arts», Թարգմանեց ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆԸ
Նկար 2. «L,Art concret» խմբի հիմնադիր անդամները: Լուսանկարըՙ Լեւոն Թութունջյանի, 1930 թ.:
Նկար 3ա. «Բիլիարդի գնդակ»
Նկար 3բ. Մարդը երկրի վրա իր կեցության առեղծվածի դեմ հանդիման
Նկար 3գ. «Երկու ձեռք անապատում»
Նկար 3դ. «Շախմատի տախտակ»