Թվում է` հայերս շատ ենք սիրում գորգ ու կարպետ, հպարտանում դրանցով, փորձում գորգագործական մեր արտադրանքը համեմատության մեջ դնել հնդկական, պակիստանյան եւ նույնիսկ պարսկական ու աֆղանական գորգերի հետ ու վաճառել միջազգային շուկաներում: Խաբկանք է պարզապես: Աշխարհի գլխավոր քաղաքների հայտնի վաճառատներում, անշուշտ, կգտնեք հայկական ձեռագործ գորգեր, սակայն դրանք ընդամենը հավաքածուներն ամողջական դարձնելու համար են: Պահանջարկը գրեթե զրոյական է: Եվ պատճառը ոչ միայն քարոզչության ու գովազդի իսպառ բացակայությունն է, այլեւ մանավանդ` որակապես եւ գնային առումով դրանց անմրցունակությունը: Վերջին 60-80 տարիներին մեր արտադրած ձեռագործ գորգերն ու կարպետները պարսկականներին ու մյուսներին զիջում են թե՛ հանգույցների թվով, թե՛ բրդի լվացման ու ներկման, թե՛ սիմվոլների, գույների ու զարդանախշերի բազմազանության եւ թե՛ ֆինիսաժի (փայլք, ողորկություն, ավարտուն տեսք) տեսանկյունից: Այժմ մենք շատ հեռու ենք Հայաստանի եւ աշխարհի տարբեր թանգարաններում ու անձնական հավաքածուներում ցուցադրվող անցյալի մեր փառավոր գորգարվեստից: Մենք մոռացել ենք այդ ձեռարվեստի գաղտնիքները, ինչպես մոռանում ենք մեր արծաթագործությունը, ոսկերչությունը, Այնթապի շքեղ եւ Մարաշի նուրբ ասեղնագործությունը:
Գլխավոր պատճառը մեր մտքի ծուլությունն է, աշխարհի մակարդակով մտածելու, իրերն ու երեւույթները դիտելու փոխարեն վերնիսաժային մեր տեսողությունը:
Հիշո՞ւմ եք 60-70-ական թվականները, երբ ամեն տեսակի վերավաճառողներ մտնում էին Զանգեզուրի կամ Լոռվա, Ղարաբաղի ու Շամշադինի գյուղերը եւ մեքենայով հյուսված խոշոր գորգերը փոխանակում միամիտ գյուղացիների «փոքրիկ ու հնամաշ խալիներով»: Այդ թվականներից մինչեւ օրս մեր հնագործ գորգերն ու կարպետները դիտվում էին որպես մաքսանենգության եւ ճամպրուկային առեւտրի ապրանք: 19-րդ դարի մեր լավագույն գորգերը, չհաշված այժմ գնելու կարողությունից զուրկ մեր թանգարաններինը, գտնվում են դրսերում: Բայց դա դեռ մեծագույն չարիքը չէ. դրսում դրանք ընդամենը «կովկասյան» գորգեր են, իսկ մասնագիտական շրջանակներում ճանաչվում են պարզապես իբրեւ «Ղարաբաղ», «Լոռի», «Ղազախ» կամ «սումախ» ու «զիլի»:
Իսկ առավել մեծ չարիքը գորգագործությունը որպես արվեստ եւ արդյունաբերություն կորցնելն է, համաշխարհային շուկաներում թե մասնագիտական շրջանակներում մեր դիրքն ու տեղը այսքան հեշտությամբ զիջելը: (Կարծես հերիք չէր Ցեղասպանության հետեւանքով Արեւմտյան Հայաստանի, Կիլիկիայի եւ Միջերկրականի հյուսիս-արեւելյան քաղաքներում հայկական գորգագործության օջախների ոչնչացումը):
Վերեւում ասվեց, որ այս անչափելի կորստի պատճառներից գլխավորը մեր մտքի ծուլությունն է, համաշխարհային մասշտաբով մտածելու անկարողությունը: Պատահական չէ, որ միջազգային մակարդակի հայ մասնագետներ չունենք գորգագործության ուսումնասիրման ասպարեզում, հակառակ որ, եւ սա եւս անհեթեթ է, գորգավաճառ հայերը հայտնի են ողջ աշխարհում: Մատների վրա կարելի է հաշվել գորգարվեստով զբաղված եւ զբաղվող մեր մասնագետներին, գրեթե բոլորն էլ` այս ասպարեզում ինքնուս, գրեթե բոլորն էլ` օտար լեզուների չտիրապետող: Նրանց աշխատությունների բնույթը առավելաբար նկարագրական է, երբեմն-երբեմն ժամանակագրական համեմատություններով: Գրեթե իսպառ բացակայում է համաշխարհային գորգագործության տարբեր դպրոցների եւ ուղղությունների հետ համեմատական վերլուծությունը: Բացակայում է նաեւ (խորհրդային շրջանում հասկանալիորեն) հայ գորգարվեստում օգտագործված սիմվոլիկայի, հատկապես քրիստոնեական խորհրդանշանների մեկնությունը, որը կարեւորագույն առանձնահատկությունն է հայկական գորգի` իսլամականի եւ մյուսների հետ համեմատությամբ:
Ահա թե ինչու այս ասպարեզի հայ արվեստաբանությունը մաս չի կազմում միջազգային գորգարվեստի շրջանակներին: Եվ սա նոր երեւույթ չէ: 19-րդ եւ 20-րդ դարերում գորգարվեստի ուսումնասիրմամբ զբաղվող եվրոպացիները, ավելի ուշ նաեւ ամերիկացի մասնագետները, հայկական գորգի ծագման, զարգացման, տարածման ու թողած ազդեցության մասին պատմել են կա՛մ հպանցիկ եւ կամ դրանց ընդհանրապես չեն անդրադարձել: Երկար տասնամյակներ հայ գորգը բնութագրել են որպես... թուրքականՙ հաշվի առնելով գորգերի գնման վայրերը Թուրքական կայսրության տարածքում: Ավելի ուշ, հատկապես գերմանացի ուսումնասիրողները, «թյուրքմենական» անվան տակ են զետեղել դրանք, առանց հաշվի առնելու, որ թյուրքմենները լինելով վաչկատուն, քոչվոր ժողովուրդ, կարիք չունեին գորգ ու կարպետ գործելու: Իսկ էլ ավելի ուշ, նկատի ունենալով Արեւելյան Հայաստանում գործված գորգերը, մեր գորգարվեստը ներկայացրել են իբրեւ «կովկասյան», նույնիսկ «ադրբեջանական», ինչպես Լաթիվ Քերիմովի «Ադրբեջանական գորգը» ("Азербайджанскийковер") եռահատոր գրքում (տպ. 1961-1983), մինչեւ...
Մինչեւ 1987 թվական, երբ գերմանացի արվեստաբան դոկտ. Վոլքմար Գանցհորնը պաշտպանեց եւ ապա գերմաներեն, ֆրանսերեն ու անգլերեն հրատարակեց իր կոթողային աշխատությունը` «Քրիստոնեական արեւելյան գորգը» («The Christian Oriental Carpet»): Գրքի վերնագրում «հայկական» բառը չկա, որովհետեւ հեղինակը կետ առ կետ ու քայլ առ քայլ ժխտում է նախկին բոլոր տեսությունները եւ անհերքելի փաստերով, համաշխարհային բազմաթիվ ու բազմապիսի վկայություններով ցույց է տալիս արեւելյան գորգի ծագման վայրը` Հայկական լեռնաշխարհ, զարգացման տարածքըՙ Միջին ու Մերձավոր Արեւելք, եւ տարածումը` Սեւ ծովի ու Միջերկրականի ավազաններով մինչեւ Իսպանիա (արաբների միջոցով` Անդալուզիա), Իտալիա, Ֆրանսիա ու եվրոպական այլ երկրներ: Գորգագործության արեւելյան բոլոր դպրոցների եւ ուղղությունների ծագումնաբանությունը Գանցհորնը հանգեցնում է հայկական գորգարվեստին:
Այս մասին քիչ ավելի հանգամանորեն գրում է լիբանանահայ գեղանկարիչ եւ արվեստաբան Հարություն Թորոսյանը` ստորեւ:
Մինչ այդ` երկու խոսք մեր պետական եւ շահագրգիռ այլ մարմիններին.
1. Պետական հովանու տակ պետք է վերցնել հայկական գորգագործությունը: Դա իսկապես եկամտաբեր, խիստ աշխատատար, էներգիա չպահանջող, ավելի շատ տեղական հումք սպառող, զբաղվածության շատ հարցեր լուծող եւ խիստ պատվաբեր ոլորտ է: Ի զուր չէր, որ Խ. հայաստանի ղեկավարությունը ուշադիր հոգատարության տակ էր պահում «Հայգորգ» միավորումը:
2. «Թյուֆենկյան հոսպիտալիտի» ընկերությունը, որը Հայաստանում շնորհակալ գործ է կատարում նաեւ գորգաշինության (հիմնականում ոչ հայկական) ասպարեզում եւ հայտնի վաճառատներ ունի Մ. Նահանգներում, պետք է անհապաղ ձեռնարկի Վոլքմար Գանցհորնի գրքի հայերեն եւ ռուսերեն թարգմանության եւ հրատարակությանՙ ի պետս մեր ապագա արվեստաբանների, եւ ոչ միայն նրանց:
3. ՀՀ մշակույթի նախարարությունը պետք է Հայաստան հրավիրի եւ երախտագիտությամբ պետական պատիվների արժանացնի գերմանացի այս մեծ գիտնականին ու նրա տիկնոջը` ֆրաու Կլաուդիա Ռոյչին (Claudia Reusch), որը գրքի գծագրերի եւ զարդանախշերի արտանկարման գործում ունի մեծ ավանդ եւ որին ձոնված է այս բացառիկ հրատարակությունը:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
Նկար 1. Հայկական գորգի տարածման եւ ազդեցության գոտիները:
Նկար 2. «Գոհար», 1680 թ., վերեւումՙ հայերեն արձանագրություն: Մեջտեղում խաչՙ ներդրված Կենաց ծառի մեջ: Անձնական հավաքածու:
Նկար 3. «Սասուն» գորգ, 1812 թ., Բրիտանական թանգարան: Մեջտեղում հստակորեն երեւում են զույգ խաչեր: