ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2007-11-03 | #22, 2007-11-17 | #23, 2007-12-01


ՀԱՆՐԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՄԲ

Հայ, հայի պատմության ընթացք, պետականության հզոր անցյալ ու դրա կտրուկ անկում ընդհուպ հարյուրամյակների չգոյություն: Ներկա իրավիճակ` անկախության հռչակում եւ անկախ պետականության հիմնադրում` մեր պատմության 600-ամյա ծանր նահանջ-ընդմիջումից հետո բացառիկ ձեռքբերում` ժողովրդավարական արժեքների ձեւավորման կարճատեւ, 16-ամյա ճանապարհ` լրջագույն խոչընտոդներով (պատերազմ, շրջափակում, կապիտալի կուտակման նախափուլ վայրենի դրսեւորումներով` իբրեւ հետեւանք բարոյականության անկման աննկարագրելի տեմպեր): Դեպի ո՞ւր ենք մենք գլորվում` կա՞ արդյոք ելք, թե մոտեցել ենք պատմության եզրագծին: Ժողովրդավարական արժեքներ հաստատելու հասարակական պահանջը բավարարապես հասունացա՞ծ է, եւ պատրա՞ստ է հայ հանրությունը գիտակցության արմատական փոփոխության ուղին բռնել, քանզի առանց դրա որեւէ առաջնորդ կամ քաղաքական միավորում հաջողություն չի կարող արձանագրել, որքան էլ այդ արժեքների կրողը լինի: Եվ արդյոք նրանք պատրաստ են, հաստատակամ են իրենց վերափոխումների իրականացման ճանապարհին ժողովրդական վերընձյուղվող հավատը եւ պահանջը ընդունելու իբրեւ իրենց քաղաքական ընթացքի գլխավոր հենակետ-վեմը: Վերաիմաստավորվե՞լ է արդյոք ժողովրդի հավատի ուժը, դրա անգնահատելիությունը պատմության թեկուզ այս կարճ էպիզոդում, իբրեւ ամենահուսալի հենարանի, թե՞...

Այս հարցերի շուրջն է մեր զրույցը քաղաքական վերլուծաբան, գրող, հրապարակախոս Արծրուն Պեպանյանի հետ, որի վերջին «Կոնսերվատիվ հեղափոխություն» գիրքը տալիս է ոչ միայն անցյալի պատմության եւ այսօրվա մեր կյանքի հագեցած նկարագիրն ու դրանց պատճառների սեփական վերլուծություն-գնահատականը, այլ որ ամենակարեւորն է, ելքեր է ցույց տալիս փակուղային իրավիճակից դուրս գալու:

Ըստ որում, սա տնտեսական կամ ազգային, քաղաքական զարգացումների մի ծրագիր փաստաթուղթ չէ սովորական, ընդունված ձեւակերպումներով, այլ ոչ ստանդարտ իրավիճակների համար նախատեսված խորքային կոնցեպցիա` մարդկային հազարամյակների հասարակագիտական եւ հատկապես հոգեւոր գիտակցության փորձի ուսումնասիրության հիման վրա, որ արժանահավատ է դառնում, երբ առկա է սեփական փորձի վերապրումը:

- «Մեր ազգի գոյության շրջանի մեծ մասում մենք եղել ենք կազմակերպված, օրինապաշտ, հզոր եւ նաեւ աշխարհակալ», գրում ես դու` փաստելով դա օտար պատմիչների եւ աղբյուրների վկայություններով: Որո՞նք էին պատմական անցյալի այն գործոնները, որոնց շնորհիվ մենք այդպիսի որակներ էինք դրսեւորում:

- Վկայակոչեմ այդ օտար աղբյուրներից մի քանիսը` շումերական էպոսում հայերի երկիրը անվանվում է աստվածային օրենքների երկիր, Օվիդիոսը մեր ցեղի ուժը խորհրդանշել է վագրով, անգլիացի պատմագիր Ֆինլեյնը պարզել է, որ Բյուզանդիայի մեջ հայ բառը հոմանիշ էր ազնվականության եւ քաջարիության: Իսկ Շապուհը երանի էր տալիս հայոց գնդերի տիրոջը` գնդեր, որ տիրասեր էին, միաբան ու «որոնց նշաններից հուր ու բոց կելներ»:

Դարեր շարունակ հայերը եղել են աշխարհի հզորների թվում, արժանապատվորեն պաշտպանել են իրենց երկիրը, իսկ երբ նվաճումներ են արել, ապա ոչ թե ավեր են տարել իրենց, այլ երկիր կառավարելու արվեստ:

Մեր նախնիները դեռեւս մ.թ.ա. երկրորդ հազարամյակում ստեղծել էին ոգեղեն արժեքներով ապրող հանրություն, որի մեջ ձեւավորվել էին հասարակական երեք շերտերՙ գերիշխող քրմական դասը, զինվորականները եւ ռամիկները: Քրմական դասը պատասխանատու էր ներքին իրավիճակի համար, իրականացնում էր արդարադատություն, եւ մեր պատմության այդ հատվածը «չի հիշում» սոցիալական պայքարի որեւէ դեպք, չի եղել ներքին ստրկություն:

Հանգամանքների բերումով մեր պատմագրության հին շրջանը ոչնչացվել է, եւ հին արժեքային համակարգի մասին կցկտուր տեղեկություններ ունենք: Երրորդ հանրապետության շրջանում նվիրյալների մի խումբ փորձում է կցկտուր այդ տեղեկությունները համադրելով` ամբողջացնել պատկերացումները արժեքային այդ համակարգի մասին: Հարցն այն է, որ կիսատ-պռատ պատմություն ունեցող ժողովուրդը հենց այդպիսին էլ լինում է:

- Ի՞նչ եք կարծում, հայի ազգային նկարագի՞րն է պատճառը, թե՞ պատմականորեն ձեւավորված պայմանները մեր պետականության կորստի:

- Պատմականորեն ձեւավորված պայմանների ազդեցության տակ առաջացած հայի ազգային նկարագիրը:

Արդեն ասացի, որ լինելով աշխարհի հզորներից մեկը, ունեցել ենք այլոց նախանձը հարուցող արժեքային համակարգ: Սակայն հետո հայ ժողովուրդը ենթարկվել է բարոյահոգեբանական մի շարք դաժան հարվածների: Նախ, ռազմականացված պետությունների ի հայտ գալուն զուգընթաց, մեր զինվորական դասը հետզհետե սկսեց միջամտել երկրի կառավարման գործերին, եւ ոգեղեն արժեքներ կրող քրմական դասն աստիճանաբար մեկուսացավ: Ապա սեմական, հելլենական, հռոմեական ժողովուրդների հետ շփումները աղավաղեցին արիական արժեքային համակարգը: Նրանք իրենց հետ բերին նյութապաշտություն, պոռնկություն, վաշխառուությունՙ երեւույթներ, որոնք մինչ այդ խորթ էին հայերին:

Քրիստոնեության հաստատումով գլխատվեց հին արժեհամակարգը` իր հետեւորդներով հանդերձ: Հետո եղավ ներկրոնական յոթ հարյուրամյա քաղաքացիական պատերազմ, որին մեկ անգամ էլ զոհ գնաց հայության ընտրանին: Այս իրավիճակից օգտվեցին օտար նվաճողներն ու ոչնչացրին հայրենասիրությունն արյան մեջ կրող ազնվականությանը: Դրանից հետո արդեն հայ ժողովուրդը դադարեց լիարժեք պատմություն ունենալ եւ սկսվեց ստրկության հազարամյակը, որը հայ էթնոսի ուղեղից ջնջեց հայրենիք, ազգ զգացողությունները, ճակատագրորեն միմյանց հետ կապվածության զգացումը, բարոյական, մտավոր եւ տնտեսական դարավոր ճնշման հետեւանքով այն դարձավ կրավորական, կորցրեց հավատը սեփական ուժերի նկատմամբ:

- Այսինքն, ըստ Ձեզ, երկու արտաքին գործոն հստակ էՙ օտար ներազդեցություններ եւ քրիստոնեական «հանդերձանք»: Ի՞նչ էՙ հայերին հարմար չէ՞ քրիստոնեությունը, իսկ գուցե մեր հերթական թյուրըմբռնման հետեւանքն է, ինչպես օրինակ, ազատություն-անկախության գաղափարը:

- Օտարի գործոնը պարզ, հասկանալի է եւ մինչ այժմ էլՙ շարունակվող: Չէի ցանկանա խորանալ քրիստոնեական արժեհամակարգի կամ նկարագրված շրջանի դավանաբանական տարաձայնությունների մեջ, քանի որ սա բարդ եւ առանձին զրույցի թեմա է:։ Ի դեպՙ ամբողջովին չընկալված եւ չմեկնաբանված: Որպես վերլուծաբան պարզապես ներկայացնում եմ հետեւանքը:

- Ինչպե՞ս եք գտնում հայ ժողովրդի համար 20-րդ դարասկիզբը` այն մի կողմից արձանագրում է մեր ժողովրդի ամենաողբերգական էջը, եւ մյուս կողմից` Հայաստանի Առաջին, ապա եւ Սովետական Հանրապետությունների ձեւավորում-կայացումը:

- Դարասկզբի ողբերգության ամենածանր հետեւանքներից է մտավորականության ու ժողովրդի` ազգ դառնալ ձգտող հատվածի անողոք ոչնչացումը, որը հանգեցրեց հայության նորովի ամբոխացման:

Դառնանք Առաջին Հանրապետությանը: Դժվար է գերագնահատել Առաջին Հանրապետության կայացման կարեւորությունը, բայց եկեք նայենք մեդալի մյուս կողմը: Այդ շրջանի պատմությունը մի տեսակ լուսապսակով է պատված, բայց իրականում երկիրը քաոսի է մատնված եղել: Ու դա հասկանալի է` նշածս ծանր ուղին անցած հանրությունը չէր կարողանա կարգավորել երկրի ներքին կյանքը: Հանցավորությունն ընդունել է վիթխարի չափեր, զինված բազմություններ էին ցրված հանրապետության բոլոր անկյուններում եւ տրված էին ասպետական արշավների: Կողոպուտը հանցանք չէր: Բարոյական ըմբռնումը ոչնչացել էր: Սա ես ասում եմ` արխիվային նյութերի հիման վրա: Այդտեղ կարելի գտնել նաեւ կառավարության նախագահին ուղղված Կարսի նահանգապետի զեկուցագիրը, ուր ներկայացնելով դառն իրականությունը ասվում է, թե ոճիրն ունի քաղաքական, տնտեսական, իրավական բացատրություններ, բայց գլխավորն այն է, որ ժողովուրդը պետական հայացք, պետական աշխարհայեցողություն չունի...

Խորհրդային շրջանը հայտնի է ընթերցողին եւ դրան առանձնակի չեմ անդրադառնա: Ասեմ միայն, որ բռնապետության յոթանասուն տարում ձեւավորվեց հլու-հնազանդ մարդու մի տեսակ, ով գտնում էր, որ իրենից ոչինչ կախված չէ:

- Որը սակայն կապիտալի նախնական կուտակման փուլում բնավ ամորֆ կամ հնազանդ դրսեւորում չունեցավ եւ շատ ակտիվ թալանի անցավ: Կալվինիստի հայկական տարատեսակի գոծունեությունը զուգահեռում եք 500 տարի առաջ միջնադարյան Եվրոպայում հարստության կուտակելու ձեւերի ու միջոցների հետ (թալան ու դաժանություններ): Երբ 500 տարի հետ ենք մնացել այդ գործընթացներից, հնարավո՞ր է թեեւ այսքան ուշացումով, բայց մոտենալ ժամանակակից եվրոպական համակարգին:

- Նախ ճշտենք, որ եվրոպական համարվող արժեքները տարվել են այստեղից` նշածս քաղաքացիական պատերազմից մազապուրծների կողմից: Հազար տարի առաջ մեզանից տարված արժեքները վերադարձվում են մեզ (որոշակի ձեւախեղումներով), մինչդեռ մենք այդ ընթացքում հասցրել ենք մուտացիայի ենթարկվել:

Ողջ հարցն այն է, որ մենք ոչ թե պիտի ինտեգրվենք, այլ` վերհիշենք: Բայց այդ մասին` քիչ հետո:

Խանդավառ կերպով ընկնելով կապիտալիզմի գիրկըՙ մենք քիչ բան գիտեինք այդ հասարակարգի մանկության փուլի մասին: Չգիտեինք, որ կապիտալիզմի սկզբնավորումը հնարավոր է ուղեկցվի դաժանություններով, սոցիալական աղետով:

Կապիտալիզմի կայացումը սովորական քաղաքական հեղափոխություն չէ. այս դեպքում արմատապես փոխվում են ունեցվածքային հարաբերությունները, եւ փոխվել ասելով հասկացվում է փոքրամասնության կողմից հասարակության մեծամասնության թալանը: Ի հայտ է գալիս «նոր մարդը»` զգայական կապերով չսահմանափակված, հարստանալը կյանքի նպատակ դարձրած եւ այդ նպատակին հասնելու համար դիակների վրայով անցնելուն պատրաստ մարդկանց հավաքականությունը, որի մոտ խիղճն ու բարոյականությունը ծիծաղ են առաջացնում, «հին» բարքերը խորթ են եւ հիմարություն, իսկ դրանք կրողները` մարդանման արարածներ, որոնց հետ կարելի է վարվել որպես անասունի:

Եթե ավանդույթներն ու օրենքները բավականին խորն են արմատացած լինում, ունեցվածքի կապիտալիստական վերաբաժանումը նվազ աղետներ է բերում, քանի որ «նոր մարդու» գործողությունները ենթարկվում են սահմանափակումների: Մեր հանրությունը, պարզ է, որ չպիտի կարողանար «նոր մարդու» դեմն առնել, եւ ունեցանք սոցիալական աղետ: Անգամ Շարժման տարիներին առաջացած ազգային գաղափարը չկարողացավ դիմագրավել այս երեւույթներին:

- Պատմական այս անդրադարձից հետո` (գրքի տրամաբանությամբ) անցնենք ներկա իրավիճակին` պետություն-հասարակություն կատեգորիաների Ձեր վերլուծությանը: Կարծում եմ, թեեւ ընդհանուր, բայց շատ իրատեսական նկարագրություն է արված: Որո՞նք են այս շրջանի ձեռքբերումներն ու սայթաքումները: Չե՞ք կարծում, արդյոք, որ մեր մեծագույն սխալը ներքին կյանքի կազմակերպման (հասարակության ձեւավորման) խայտառակ ձախողումն է: Որո՞նք են դրա բուն պատճառները:

- Բայց մենք բոլորովին փորձ չենք արել կազմակերպել ներքին կյանքը եւ հասարակություն ձեւավորել: Դա անելու համար նախ եւ առաջ հարկավոր էր հասկանալ, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում, հարկավոր էր պարզել նշածս (ազգային-պատմական եւ հասարակարգի կայացման) եւ այլ գործոնների ազդեցությունը հասարակական կյանքի վրա: Սա չարվեց ու հիմա էլ չի արվում: Փոխարենը «գտնվում է» իրավիճակի պարզունակ-մակերեսային բացատրություն եւ ակտիվ քաղաքացիներին սխալ ճանապարհով քաղաքական պայքարի տանելով` ջարդում են նրանց կամքը, պատճառ դառնում հոռետեսության, որը կարող է սպառնալ երկրի գոյությանը:

Անցումային փուլում գտնվող երկրներում տեղի է ունենում պետական ունեցվածքի բաժանում, եւ իշխանության մոտ կանգնած մարդիկ ամեն գնով ձգտում են հնարավորինս երկար օգտվել հարստություն ձեռք գցելու եզակի այդ հնարավորությունից: Եվ անցկացնել ընտրություն այդպիսի իրավիճակում, նշանակում է ԽԼԵԼ նրանցից այդ հնարավորությունը: Այս առումով առավել քան ծիծաղելի է արդար ընտրություն անցկացնելու` իշխանություններին ուղղվող աղերսը:

Ժողովրդավարության հաստատման մասին խոսելն անիմաստ է, քանի դեռ տեղի չի ունեցել պետական ունեցվածքի վերջնական վերաբաշխում եւ օրենքներով չի ապահովվել արդեն բաժանված ունեցվածքի անձեռնմխելիությունը: Բայց քանի որ մեր երկրում չեն գործում օրենքները, ապա այդ անձեռնմխելիությունն ապահովելը եւս դառնում է անհնար, եւ իշխողները հարկադրված են ամեն գնով պահել իշխանությունը որքան հնարավոր է երկար ժամանակ:

- Ի՞նչ է նշանակում այդ հարկադրված լինելը...

- Իշխողները շատ լավ գիտեն, թե ինչպիսի պետության մեջ են ապրում եւ վստահ են, որ իշխանությունից հեռանալուց հետո իրենց ունեցվածքը (առնվազն) խլվելու է: Տվեք նրանց ունեցվածքի եւ անձի անձեռնմխելիության երաշխիք եւ նրանք չեն կառչի իշխանությունից:

- Դժվար է ասել. ո՞րն է այդ դեպքում դեպի ժողովրդավարություն տանող իրատեսական քայլը:

- Անցումային փուլի մեր ներկա շրջանը հայտնի է բյուրոկրատա-օլիգարխիական կապիտալիզմ անվանումով (օլիգարխ ասելով նկատի ունեմ` գործարար, առանց բացասական երանգի): Դա այնքան էլ արդյունավետ համակարգ չէ, քանի որ բյուրոկրատիան իր ձեռքում պահելով տնտեսության կառավարման հիմնական լծակները, կաշկանդում է մրցակցության կայացմանը, մինչդեռ դա շուկայական հարաբերությունների գլխավոր գործոններից է:

Դեպի ժողովրդավարություն տանող ճանապարհի հաջորդ քայլը պիտի լինի նոմենկլատուրայից իշխանության հնարավոր մեծ մասնաբաժնի անցումը գործարար շրջանակներին: Որպեսզի այս գործընթացը տեղի ունենա, հարկավոր է ունենալ այս նրբությունը գիտակցող քաղաքական էլիտա, որ հաշվի կառնի, որ տնտեսական վերնախավը որոշակի արտոնություններ ունենալով, միեւնույն է, սահմանափակումների մեջ է գտնվում, ունի ներքին դժգոհություն եւ դեմ չէ իրեն ազատություն եւ ինքնուրույնություն բերող փոփոխություններին: Նման էլիտան հասարակության քաղաքականապես ակտիվ հատվածի հետ միասին համապատասխան պայքարի մեջ մտնելով` իր քայլերով կնպաստեր իշխանության վարչահրամայական համակարգի աստիճանական փլուզմանը:

Բայց այդ էլիտան մենք չունենք, եւ մեր ընդդիմադիր գործիչներն անցումային փուլի տրամաբանությունից բխող քաղաքական պայքար տանելու փոխարեն ընկած են ուտոպիայի գիրկը եւ ամեն անգամ պատերազմ հայտարարելով եւ բյուրոկրատիային, եւ գործարարներին` վերջիններիս հարկադրում են մոռանալ բյուրոկրատիայի հետ ունեցած ներքին հակադրությունները եւ փրկվելու համար մերձենալ նրան:

Բայցեւայնպես, եթե անգամ մեր ընդդիմությունը վաղվանից սկսի պահանջվող քաղաքականությունը վարել, ապա նկարագրված ազգային-պատմական կաշկանդիչ գործոնները, գործարար շրջանակների որակական տվյալները, միեւնույն էՙ էականորեն կդանդաղեցնեն մեր ընթացքը դեպի արդյունավետ կառավարման համակարգի ստեղծում: Իսկ ժամանակ մենք շատ քիչ ունենք: Այլ, առավել արդյունավետ, միջոց է հարկավոր գտնել:

- Ի՞նչը նկատի ունեք:

- Եթե գնում ենք գրքի տրամաբանությամբ, ապա դրան կանդրադառնամ քիչ հետո:

- Լավ: Թե ինչ է սպասվում մեզ այս ընթացքը շարունակելու պարագայում հարցին Դուք ժողովրդագրական պարզ թվագրությամբ պատասխանում եք` 2010-ին Հայաստանում կլինի 1,5 մլն բնակչություն եւ մեր երկրի ներկա վիճակը բնորոշում ես` «լինել, թե չլինելու պատմական (հոգեբանորենՙ հիասթափության եւ խորը հուսահատության) փուլ»: Բարեբախտորեն Դուք այն քչերից ես, ովքեր «ելք չկա, էսպես եկել, էսպես էլ գնալու ենք»-ին հակադրում ես «Չկա ոչինչ անհնարինի» փիլիսոփայությունը: Ո՞րն է այդ ոչ անհնարինը:

- Նշածս բացասական երեւույթները հետզհետե տարածվում եւ աղավաղում են հանրային կյանքի նորանոր ոլորտներ, հասարակ մարդը դառնում է էլ ավելի անպաշտպան, հանրության բարոյահոգեբանական վիճակը դառնում է աղետալի: Այս ամենը շատերին դրդում է խոր անհուսության, եւ, ճիշտ ես, հաճախ կարելի է լսել «ելք չկա» արտահատությունը:

Ելք, իսկապես, չկա, բայց դասական քաղաքագիտության տիրույթներում:

Ոչ ստանդարտ մեր իրողության լուծումն էլ ոչ ստանդարտ է: Այն գտնվում է մեկ այլ հարթության մեջ, դրան հասնելու համար յուրահատուկ Որոնողներ են պետք:

Նախ եւ առաջ հարկավոր է գիտակցել, որ մարդը Աստծո ստեղծած բարդ էակ է եւ նրա վրա ազդելու ուրիշ եղանակներ էլ կան: Ամենակարեւորը` հարկավոր է գիտակցել, որ մարդը Տիեզերքի կենտրոնը չէ ու նրանից դուրս կան աներեւույթ Ուժեր, որոնք կառավարում են Տիեզերքը, որոշում մարդու, ազգի, երկրի ճակատագիրը: Պատմությանը հայտնի բոլոր խոշոր անհատները, մեծ վերելք ապրած բոլոր ազգերը, եթե փորփրեք, կտեսնեք, որ ունեցել են այդ Ուժերի աջակցությունը: Իսկ դա վաստակելու համար հարկավոր է ունենալ այդ Ուժերին ընդունելի նպատակներ եւ սեփական վարքով նվաճել նրանց բարեհաճությունը:

Եթե հասարակության մեջ կան բավարար թվով այս կերպ մտածող անհատներ, ապա նրանց համար արդեն իսկապես «չկա ոչինչ անհնարին»:

- Ձեր նշած հին-հռոմեական, հին հայկական արժեհամակարգերի, 20-րդ դարասկզբի ազգայնական շարժումների (գերմանական նացիոնալիստ-սոցիալիստներ եւ այլն) գաղափարաբանության մեջ ո՞րն է այն ռացիոնալ հատիկը, որ կարող ենք տեղայնացնել մեզ` հայերիս համար: Արդյո՞ք ժամանակները փոխված չեն: Փոփոխություններ ասելով նկատի ունեմ հատկապես բարձրագույն տեխնոլոգիաների կատարած հեղափոխությունը հասարակական գիտակցության մեջ: Ո՞րն է այդ գաղափարների մեջ այն հիմնականը, որ անկախ ժամանակի պայմանականությունից, իր ազդեցությամբ հավերժական է:

- Մեր ժողովուրդը ստեղծել է բարոյահոգեբանական, հասարակական, միջանձնային հարաբերությունների իռացիոնալ մի միջավայր, որը խանգարում է իր արդյունավետ զարգացմանը, ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում սպառնում է սեփական անվտանգությանը: Լուծման ռացիոնալ առաջարկները, որ հնչել եւ հնչում են, դժվար թե ի զորու լինեն շտկել իրավիճակը: Պիտի կարողանանք գտնել իռացիոնալ այս վիճակը ջարդելու ունակ համակարգ, որը ոչ միայն կչեզոքացնի նշածս բացասական երեւույթների ազդեցությունը, այլեւ էականորեն կփոխի հանրային մտածողությունն ու հանրային կյանքը: Գրեթե անհնարին թվացող այդ խնդիրը լուծել կարողանալու համար նոր համակարգը պիտի ունենա շոկային թերապիայի տարրեր, որպեսզի նվազեցվեն առկա, ձեւախեղված հանրային մտածողության կողմից արվելիք կաշկանդումները: Հիմնական շեշտը պիտի դրվի մարդու ենթագիտակցության վրա ազդելուն:

Նման «զորություն» ունի, իմ համոզմամբ, հանրային գիտակցության արմատական փոփոխման կոնսերվատիվ հեղափոխություն կոչվող, ոչ ստանդարտ համակարգը: Համաձայն այդ համակարգի` որեւէ հանրության գիտակցության արմատական եւ արտառոց վերափոխում ապահովելու համար հարկավոր է`

- պարզել հանրության զարգացմանը կաշկանդող պատճառները եւ ձեւակերպել լուծման կարիք զգացող, հասարակության առջեւ ծառացած ԽՆԴԻՐԸ, որի կարգավորումը կհանգեցնի ազգային վերափոխման,

- այդ հանրության պատմության էջերի վրայով ետ գնալ` մինչեւ նրա կյանքի հերոսական մի դրվագը (ցանկալի է` ամենահերոսականը) եւ պարզել, թե արժեքային ի՞նչ համակարգ ունենալն է ապահովել հերոսական այդ շրջանի գոյությունը,

- մշակել եւ կիրառել հանրային գիտակցության վրա ազդելու յուրահատուկ համակարգ, որի միջոցով հնարավոր կլինի վերակենդանացնել արժեքային հին համակարգը եւ այն կրող մարդուն:

Ճշտենք` խոսքը անցյալին վերադարձի մասին չէ, քանի որ պահպանման ենթակա է համարվում ոչ թե կոնկրետ պատմական կացութաձեւը, այլ անխորտակելի արժեք ունեցող սկզբունքների համակարգը: Այս հեղափոխության նպատակը ոչ թե տնտեսական, այլ հոգեվոր թռիչքային փոփոխություն իրականացնելն է:

Ամենադժվարինը երրորդ կետի պահանջների բավարարումն է: Այստեղ է, որ գործ ենք ունենալու ոչ ստանդարտ քայլերի հետ: Սովորական խոսքը, օրինակը, քաղաքական դասական գործընթացները բավարար չեն հանրային առկա գիտակցության մեջ պահանջվող փոփոխություններն ապահովելու համար, եւ հարկավոր է դիմել էզոթերիկ գիտելիքների ծնունդ արտառոց քայլերի: Դա անչափ բարդ, որոշակի պատրաստվածություն ունեցող լսարանին հասու համակարգ է, եւ կբավարարվեմ ընդհանուր գծերի ներկայացմամբ:

- Արծրուն, բայց մեզանում մտածողական այնպիսի քարացած ստերեոտիպեր ու բարքեր են առկա, որ ամենահասարակ փոփոխությունն անգամ անհնար է թվում, իսկ մենք անցնում ենք էզոթերիկայի խիստ նեղ եւ շատ քչերին հասու ոլորտին... Հնարավո՞ր եք համարում դա:

- Ճիշտ ես նկատել: Մեզանում էզոթերիկա բառն արտաբերողին նայում են որպես այլմոլորակայինի, մինչդեռ եթե ուշ երեկոյան որոնես` ռուսական հեռուստաալիքներից մեկնումեկում էզոթերիկային առնչվող հաղորդում, անպայման, կգտնես: Նրանք համառորեն էլիտա են պատրաստում, ու ես բոլորովին չեմ զարմանա, եթե վաղը, մյուս օրը ռուս ժողովուրդը պատմական մեծ վերելք արձանագրի:

- Եթե այդպես էՙ վստահաբար: Դառնանք համակարգի ներկայացմանը:

- Հանրային գիտակցության պահանջվող վերափոխումն իրականացնելու համար անհրաժեշտ է ժողովրդի առջեւ դնել շատ ավելի մեծ, ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻՆ ներդաշնակ, համամոլորակային (կամ գուցե` տարածաշրջանային) չափանիշների մի Գերխնդիր եւ այդ Գերխնդրից բխող մեսիականության հավատ ներարկել ժողովրդին. դա օգնում է գերկոնսոլիդացնել ուժերը, եւ հեշտանում է ներքին պրոբլեմը լուծելը: Մեսիականության կամ ազգի համար համամարդկային առաքելության սահմանման դեպքում արմատապես փոխվում է անհատի վերաբերմունքն իր ազգակցի հանդեպ եւ մեծ իդեալին հասնելու ճանապարհին վերջինս բնազդային «թշնամուց» վերածվում է գաղափարակրի ու զինակցի:

Մարդու հնարավորությունները չեն սահմանափակվում ներկա, պարզունակ դրսեւորումներով, եւ մարդու հոգու ԳԱՂՏՆԻ ՈՒԺԻ բանալին գտնելու դեպքում կարելի է անճանաչելիորեն կերպափոխել նրան: Մարդու գեների մեջ խտացված է իր ժողովրդի ողջ անցյալը, եւ ազդման ոչ ստանդարտ համակարգի գործողության շնորհիվ հնարավոր է «գրգռել» նրաՙ պատմության այս կամ այն շրջանի «գենային կոդը»:

- Կոնկրետ մեր դեպքում ո՞ր շրջանն է նկատի առնվում:

- Իմ որոնումներում առայժմ երկու առաջարկի եմ հանդիպել` Մամիկոնյանների շրջանի Հայաստանը եւ հին-արիական շրջանը:

Կոնսերվատիվ հեղափոխություն իրականացնելու համար հարկավոր է ունենալ Նվիրյալների խումբ, որի կազմում դասական քաղաքագետներից բացի պարտադիր ընդգրկված կլինեն եւ խմբի հիմքը կկազմեն էզոթերիկայից եւ ոչ ստանդարտ առնչություններից տեղյակ մարդիկ: Այդ խմբի խնդիրն է լինելու մարդու ենթագիտակցության վրա գրոհելու համար նախատեսված Ազդման Ոչ Ստանդարտ Համակարգի մշակումը, որի նպատակը նրա գենային հիշողության արթնացումն է: Ցանկալի է, որ Ազդման Ոչ Ստանդարտ Համակարգն իր մեջ ներառի արտառոց հատկանիշներով օժտված, Տիեզերակարգին ու մարդու գաղտնի հնարավորություններին տեղյակ առաքելակիր-առաջնորդի(ների) կայացումը, հանրության մոտ հերոսական հին շրջանը վերադարձնելու ունակ առաքելակիր-առաջնորդի սպասման ձեւավորումը, հայրենիքի սրբացված ընկալման հաստատումը հանրության մոտ, վեհության դրդող ծագումնաբանական տեսության մատուցումը, հասարակության ոգեւորումը նրա դրական հատկանիշների ներկայացմամբ, ժողովրդական զանգվածներին վերանձնային գործողությունների տրամադրող գրավոր փաստաթուղթ-քարոզչամիջոցի ստեղծումը, ենթագիտակցության վրա շռնդալից ազդեցություն ունեցող երաժշտության (համակարգի) ստեղծումը, հանրային գիտակցության վրա ազդող կարգախոսների, խորհրդանիշների, ծեսերի, տոների ստեղծումը, դեպի հայի սիրտ տանող «ճանապարհի» հայտնաբերումը եւ այլն:

- Հանրային մտածողության այսչափ ամլացած (ստրկացված) վիճակը Ձեր ասած փոփոխություններին ենթարկելու համար սուր կարիք է զգացվելու այդ գաղափարները կրող անհրաժեշտ շերտի: Ունե՞նք դա:

- Սկսած 2003-ից, բավական է հրապարակայնորեն խոսեմ հանրային մտածողության արմատական վերափոխման անհրաժեշտության մասին, տասնյակ մարդիկ են արձագանքում եւ ներկայացնում վերը նշված կետերի վերաբերյալ իրենց ուսումնասիրությունները: Կան այնպիսիք, ովքեր հանուն ազգի ապագայի կարգավորման իրենց կյանքից 10-15 տարի են հատկացրել անհրաժեշտ ուսումնասիրությունների համար` մի կողմ դնելով անձնական եւ ընտանեկան խնդիրները: Ինձ ուղղակի զարմացնում է նման ուսումնասիրություններ կատարած մարդկանց առատությունը, եւ երբեմն մտածում եմ, եւ գուցե թե Վերին ուժերի հրահանգ-հորդորի արդյունք է դա, որ գուցե թե աննախադեպ իրադարձություններ են սպասվում տարածաշրջանում կամ մոլորակի վրա: Հատկապես, որ Տիեզերական շրջափուլի փոփոխություն է տեղի ունեցել եւ որոշ ժողովուրդների ակտիվ դերակատարություն է սպասվում: Հատկապես այն ժողովուրդների, որոնք ժամանակին սերտ առնչություններ ունենալով Վերին ուժերի հետ` որոշակի դերակատարություն են ունեցել մոլորակի կյանքում: Այդ ցուցակում, վստահ եմ, մենք էլ կանք: Եվ ոչ` վերջին տեղերում: Ու վայ մեզ, եթե ստորին կրքերին տրվելը շարունակելով` անընդունակ գտնվենք ըմբռնելու եւ իրագործելու հրահանգ-հորդորը: Ով-ով, բայց մենք լավ գիտենք, թե ինչպիսի պատիժ է լինում նման դեպքերում...

Այնպես որ այդ մարդիկ վստահաբար կան, բայց յուրաքանչյուրին թվում է, թե ինքը մենակ է նկարագրածս իրականության դեմ:։

Իմ այս խոսքերը շատերի մոտ ուտոպիայի տպավորություն կթողնեն, սակայն «Կոնսերվատիվ հեղափոխություն» գրքում հանգամանալից ներկայացրել եմ այս եղանակով հանրային գիտակցության արմատական փոփոխություն իրականացրած երկու ժողովրդի փորձ:

- Դրա համար նախ եւ առաջ անհրաժեշտ է վերում նշված մարդկանց գործուն համախմբում որոշակի աջակցությամբՙ հանրային գիտակցության վրա ազդելու այս յուրահատուկ համակարգը ստեղծելու եւ տարածելու համար:։

Զրուցեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4