ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2008-01-12 | #2, 2008-01-26 | #3, 2008-02-09


ՊԻՏԵՐ ՊԱՈՒԼ ՌՈՒԲԵՆՍ. «ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՈՄԵՐՈՍԸ»

29 հատորանոց «Corpus Rubenianum» կատալոգի աննախադեպ հրատարակչական նախաձեռնության առիթով

Ստորեւ, չնչին կրճատումներով, թարգմանաբար ներկայացվող «ART news» ամերիկյան հանդեսի մադրիդյան թղթակից Ջորջ Ստոլցի հոդվածը (2007 թ. N6-ում) ընթերցողներին տեղեկացնում է մեկ արվեստագետի (տվյալ դեպքում ֆլամանդացի հանճարեղ Պիտեր Ռուբենսի) կյանքի եւ ստեղծագործությունների վերլուծությանը նվիրված վիթխարի, չափազանց ընդգրկուն հրատարակչական մի ծրագրի մասին, որի կեսն է առայժմ իրագործվածՙ սկզբնավորման օրից 40 տարի անց:

Արվեստաբանների մի փոքր խումբ չորս տասնամյակ է, ինչ Անտվերպենում քրտնաջան աշխատանքի է լծվածՙ հատոր առ հատոր հրատարակելու 1960-ին վախճանված Լյուդվիգ Բուրշարի մեկնաբանություններով հարուստ «Corpus Rubenianum» համապարփակ կատալոգը:

Արվեստի գործերի մեծ հեղինակությունըՙ Բուրշարը դեռ 1920-ականներից իր ծննդավայր Գերմանիայում էր սկսել Ռուբենսի վերաբերյալ նյութեր հավաքել: Հիտլերի իշխանության գալով, որպես նախկին հրեա (հակառակ արդեն քրիստոնեությունը ընդունած լինելուն) հալածանքների է ենթարկվում եւ ստիպված փախչում է Լոնդոն: Այնտեղ ծրագրում է հրատարակել «Պիտեր Ռուբենսի ստեղծագործությունները» վերնագրով նկարազարդ ալբոմՙ 6 հատորով: Բայց համաշխարհային երկրորդ պատերազմը խանգարում է: Նրան կարճ ժամանակով բանտարկում են որպես «թշնամի օտարականի»: Իսկ հետագայում, Եվրոպայի արվեստի գործերի շուկայում տիրող խառնաշփոթը (թալան, վաճառք, կորուստ, քայքայում) ստիպում է նրան անորոշ ժամանակով հետաձգել նախաձեռնության իրագործումը, քանի որ կարիք էր զգացվում վերանայելու եւ թարմացնելու հավաքված նյութերը:

Պատերազմից հետո Լոնդոնում ավստրիացի հավաքորդ եւ բարերար կոմս Անտուան Սեյլերնի քաջալերանքով Բուրշարը շարունակում է իր ուսումնասիրությունները եւ հակառակ որ քիչ հոդվածներ է տպագրում, միջազգային ճանաչում է ձեռք բերում որպես Ռուբենսի արվեստի մեծ եւ առաջավոր հեղինակություն: Նրա արխիվը «առասպելական» է հորջորջվել:

«Ռուբենսը հավանաբար ամենազարգացած արվեստագետն էր, որ երբեւէ ապրել է», ասել է Նյու Յորքի ՄԵտրոպոլիտեն Արվեստի թանգարանի եվրոպական կտավների բաժնի կուրատոր Ուոլտեր Լիդկեն: «Նրան կարելի է համեմատել « Բրիտանական հանրագիտարանի» 11-րդ հրատարակության հետ, որը մասնագետների կարծիքով, գիտելիքներ մեկտեղելու մարդկության ամենահաջողված փորձն է: Գուցե սա չափազանցություն թվա, բայց զգացվում է, որ Ռուբենսը առնվազն փորձել է դրան հասնել»:

Ռուբենսի գլխավոր ձեռքբերումը իր արվեստն էր: Նա իր դարաշրջանի ամենաազդեցիկ եւ ամենահաջողակ նկարիչն էրՙ հետաքրքրասիրությունների եւ ընդունակությունների ամենալայն դրսեւորումներով: 1621-ին նրան այցելած դանիացի Օտտո Սպերլինգ անունով բժշկականի մի ուսանող հետեւյալ հիացական խոսքերով է բնութագրել նրա կազմակերպվածությունն ու ձեռնահասունությունը. «Նա մի կողմից նկարում էր, մյուս կողմիցՙ նամակ թելադրում: Դեռ մեկին էլ խնդրել էր իր համար բարձրաձայն կարդալ Տեսիտուսի [1] պատմական գրություններից հատվածներ: Երբ լուռ կանգնած էինք նրա կողքին, չցանկանալով խանգարել նրան, նա ինքը մեզ հետ սկսեց խոսել, պատասխանել մեր հարցերին միաժամանակ շարունակելով նկարել, նամակ թելադրել եւ լսել բարձրաձայն կարդացվածըՙ դրսեւորելով իր զարմանալիորեն արտակարգ ընդունակությունները»:

Ինչպես տեսնում ենք, գերբնական մի բան կա Ռուբենս (1577-1640) մարդու եւ արվեստագետի մեջ: Նա տիրապետում էր առնվազն 5 լեզուների, երկու անգամ արժանացել էր ասպետի կոչումին եւ եվրոպացի միապետների հանձնարարությամբ կատարել մի շարք դիվանագիտական առաքելություններ: Մշտապես լինելով փիլիսոփաների եւ աստվածաբանների շրջանակումՙ մեծապես նպաստել է եվրոպական կրթական համակարգի կազմավորմանը, տարածմանը եւ առաջխաղացմանը: Նվիրյալ կաթոլիկ լինելովՙ նա ամեն առավոտ ժամը 4-ին ներկա է գտնվել եկեղեցական ժամերգությանը: Եղել է նաեւ նվիրված ամուսին (երկու անգամ) նախՙ Իզաբել Բրանտի, հետոՙ Հելեն Ֆոուրմենի եւ հայրՙ ութ երեխաների:

Հիանալի վարպետությամբ կարողացել է մեկնաբանել դասական դիցաբանության այլաբանական նրբերանգները: Դելակրուան նրան անվանել է «նկարչության Հոմերոսը»:

Ռուբենսը հարուստ ժառանգություն է թողել արվեստաբանների համար, որոնցից սակայն քչերին է հաջողվել մինչեւ վերջ հասցնել նրա բազմաժանր գործունեությունը ուսումնասիրելու եւ դասակարգելու տքնաջան աշխատանքը: Հարգարժան գիտնականներ Ջուլիուս Հելդն ու Միշել Ժաֆեն կարեւոր ուսումնասիրություններ կատարել են, բայց դեռեւս ոչ մի լուրջ, ամբողջական գործ չի տպագրվել նրա (Ռուբենսի) մասին 19-րդ դարի վերջից ի վեր, երբ լույս տեսավ Մաքս Ռուսեսի «Պ. Պ. Ռուբենսի աշխատությունները» վերնագրով հինգհատորյակը:

Այժմ կացությունը կարծես փոխվում է, թեեւ դանդաղորեն: Վերոհիշյալ խումբը Անտվերպենում աշխատում է իրականացնել Լյուդվիգ Բուրշարի նախաձեռնությունը: Նյութերի առատությունը խմբի անդամներին ստիպել է 6-ի փոխարեն 29 հատորների մեջ տեղավորել Ռուբենսի ժառանգությունը: Դա թեմատիկ հանրագիտարան է լինելու, յուրաքանչյուր հատոր ներկայացնելու է նկարչի գործունեության մեկ հատկանշական կողմըՙ պատմական դեմքերի, կրոնական խորհրդանշանների հանդեպ ունեցած նրա վերաբերմունքը, բնանկարային եւ որսորդական տեսարանների ինքնուրույնությունը, ճարտարապետական գծանկարները, գոբելենային նախշանկարները, գրքերի նկարազարդումները եւ այլն:

«Corpus Rubenianum»-ի հատկանշական կողմն այն է, որ դա համապարփակ, մանրամասն տեղեկություններ եւ մեկնաբանություններ է տալու ինչպես իրՙ արվեստագետի, այնպես էլ իր ժամանակիՙ դարաշրջանի մասին», նշել է Լիդկեն: «Դժվար է գտնել մի մենագրություն, որտեղ այդքան շատ ու մանրակրկիտ փաստեր հավաքված լինեն: Այնտեղ կան սոցիալական բնույթի այնպիսի փաստեր, որոնք չափազանց կարեւոր են հասկանալու տվյալ ժամանակաշրջանը»:

Բուրշարն այդ գրքի վրա աշխատել է մինչեւ իր կյանքի վերջը: Մահվանից հետո կինն ու որդին նրա ուսումնասիրությունների բոլոր թղթերը հանձնել են Անտվերպեն քաղաքի տնօրինությանը, այն պայմանով, որ դրանք հետմահու հրատարակվենՙ խմբագրությամբ բելգիացի արվեստաբան Ռոժե դ՛Ուլցի եւ Ֆրանս Բոդուենի, որոնց հետ Բուրշարը կյանքի վերջին տարիներին համագործակցել է: Լուսանկարներ եւ ծանոթագրություններ պարունակող մոտ 500 արկղեր եւ մոտ 7000 գրքեր, կատալոգներ ուղարկվել են Անտվերպեն, բայց գործը ձեռնարկելիս պարզ է դարձել, որ ավելի մեծ խումբ պետք է զբաղվի դրանով, քանի որ նյութը քառակի ավելի էր, քան կտեղավորվեր 6 հատորների մեջ: Որոշվեց նախ 26, ապա 29 հատոր դարձնել մենագրությունը:

Հսկայածավալ այս աննախադեպ մենագրության առաջին հատորը լույս տեսավ 1968-ին: Դա մի փորձ էր վերականգնել Անտվերպենի Ճիզվիթների եկեղեցու համար Ռուբենսի ստեղած առաստաղի կորսված նկարները: Դրան հաջորդեց Սվետլանա Ալպերսի աշխատությունըՙ նվիրված Մադրիդի «Տորե դը լա Պարադա» կառույցի համար Ռուբենսի կատարած մոնումենտալ նկարների շարքին: Այնուհետեւ Հանս Վլիգի ուսումնասիրությունը լույս տեսավ նվիրված Ռուբենսի կտավներում սրբերի կերպարներին: Չորրորդը Ռիչարդ Ջադսոնի եւ վան դը Վելդի հատորն էր նրա գրքերի նկարազարդումների մասին: Անցյալ տարի հրատարակվեց Գրեգորի Մարտինի ուսումնասիրությունը Ուայթհոլի (Լոնդոն) բանկետային դահլիճի առաստաղի ռուբենսյան նկարազարդումների վերաբերյալ: Սա առաջին գիրքն էր, որ գունավոր լուսանկարներ ընդգրկեց իր մեջ: Ցարդ հրատարակված բոլոր հատորները պահպանել են իրենց պարզ, համեստ ձեւաչափը, բայց նաեւ բարձրորակ թուղթն ու տպագրությունը: Փոփոխվել է սոսկ գինը, սկզբնական ( (1968 թ.)ՙ 12 դոլարից (մեկ հատորը) հասնելով 220 դոլարի: Հատորները տպագրվում են հազար օրինակով եւ անգլերեն լեզվով բելգիական «Բրեպոլս» ակադեմիական հրատարակչատան կողմից:

Նախատեսված է, որ հոդվածների թիվը կհասնի 2.500-ի որոնցում ընդարձակ վերլուծություններ կլինեն Ռուբենսի ավելի քան 10 հազար աշխատանքների վերաբերյալ:

«Հակառակ այդքան շատ հոդվածների, «Corpus»-ը չի զբաղվելու կտավների վավերականության հարցերով, չի վիճարկելու, թե այս կամ այն կտավը իրոք Ռուբենսի վրձնին է պատկանում, թե՞ ոչ:

Այս մոտեցումը մասամբ կախված է կոլեկտիվ աշխատանքի երկարաժամկետ բնույթից: Արդեն երրորդ սերունդն է (կամ 4-րդը), եթե հաշվենք նաեւ Բուրշարինՙ սկզբնավորողին) զբաղվում դրանով եւ, անշուշտ, քննարկումներ լինում են, բայց ոչ վավերականության շուրջ:

Ռուբենսն այնքան ճանաչված անձնավորություն էր ամբողջ աշխարհում, որ երբ մահվան անկողնում պառկած էր, Անգլիայի եւ Իսպանիայի թագավորներին կանոնավոր զեկուցումներ էր տրվում նրա առողջական վիճակի մասին: Նա օգնել էր այդ երկու երկրների միջեւ ընթացող խաղաղության բանակցություններում:

«Մեզ ավելի շատ հետաքրքրում է նրանում պարփակված ստեղծագործելու անսահման ավյունը: Իր արվեստանոցում նա առաջնորդ-ղեկավար էր, որակի անաչառ վերահսկիչ: Վարձում էր գործից հասկացող մարդկանց եւ վերահսկում նրանցՙ ստեղծագործելու ամբողջ ընթացքում», ասում է ֆլամանդական արվեստի կենտրոնի ներկա նախագահ Առնու Բալին:

Նրա աշխատանքային ոճը «բիզնեսային» կարելի է անվանել: Ըստ գերմանացի արվեստի պատմաբան Նիլս Բուտները երկարատեւ ուսումնասիրությունների սոցիալական առաջընթացի ետեւից ընկած Ռուբենսը չէր ցանկանում բավարարվել սոսկ նկարչական գործունեությամբ, որի հանդեպ այնքան էլ բարյացակամ վերաբերմունք չէր տածում Անտվերպենի բարձր խավի բուրժուազիան: Նվազեցնելով իր նկարչական գործունեությունըՙ նա սկզբնական յուղաներկային սքեչներ էր կատարում, թողնելով որ մնացածը կատարեն իր աշակերտներըՙ վստահելով նրանց «պրոֆեսիոնալիզմին»: Սակայն վերջում չէր մոռանում ավարտական վրձնահարվածներով ամբողջացնել կատարվածը: Այդպիսով նա «ավելացնում էր արտադրանքըՙ միաժամանակ ավելացնելով նաեւ եկամուտը առանց չափից ավելի հոգնելու»:

«Ռուբենսն ընդամենը 5 կտավ է ստորագրել», հավելել է «Ռուբենսի կերտումը» գրքի հեղինակ Ալպերսը, որն այժմ Նյու Յորք համալսարանի այցելու գիտաշխատողներից է: «Նա գտնում էր, որ այն ամենն, ինչ իր արվեստանոցից դուրս էր գալիս, իրեն էր պատկանում, իր վրձնին: Դա վավերականության մեր պատկերացումներից բոլորովին տարբեր մի հասկացություն է»:

Այսօր սակայն, եթե որեւէ կտավ անվերապահորեն ճանաչվում է Ռուբենսինը, ապա անշուշտ, շատ ավելի է գնահատվում, քան մյուսները, որոնք համագործակցության արդյունք են: Լոնդոնյան «Սոթբիզ» աճուրդային կենտրոնում 2002-ին Ռուբենսին վերագրված «Անմեղների կոտորածը» կտավը, օրինակ, վաճառվեց հին վարպետներին տրված ռեկորդայինՙ 76.7 միլիոն դոլարով, իսկ անցյալ դեկտեմբերին մեկ ուրիշՙ ձիու վրա նստած հռոմեական աստվածուհուՙ Դիանայի այլաբանական փոքրիկ կտավը 2.200 դոլար նախնական գնի փոխարեն «Սոթբիզի» Ուփսալայի մասնաճյուղում վաճառվել է 2.43 միլիոն դոլարով, այն բանից հետո, երբ Շվեդիայի մասնագետները պարզել են, որ դա ոչ թե աշակերտների, այլ հենց վարպետի ձեռքի գործն է:

«Անմեղների կոտորածը» հայտնաբերած «Սոթբիզի» մասնագետըՙ Ջորջ Գորդոնը ողջունելով հանդերձ «Corpus»-ի հրատարակությունը, ափսոսանք է հայտնում, որ գործը չափազանց դանդաղ է ընթանում, ինչը որոշ առումով նվազեցնում է ծրագրի կարեւորությունն ու նշանակությունը: Ծրագրի սկզբնավորումից մինչ օրս նախատեսված 29 հատորներից ընդամենը կեսն է լույս տեսել եւ հավանաբար եւս 20 տարի կպահանջվի ավարտին հասցնելու համար այս հույժ կարեւոր գործը: Ըստ խմբագիրների, պատճառը նյութականի եւ աշխատակազմի պակասն է: Անտվերպեն քաղաքը շենք է տրամադրել, երկու գրադարանավար, մեկ գիտաշխատողՙ կես դրույքով, մեկ քարտուղար եւ սպասասրահի մեկ աշխատող: Տարեկան նյութական հատկացումը կազմում է 33 հազար դոլար, որը պետք է ծախսվի գրքերի, կատալոգների եւ լուսանկարների գնման եւ փաստաթղթերի նորացման համար: Խմբագիրները չեն վճարվում: Հեղինակները ստանում են 1500 դոլար: Գործն առաջ է գնում Բալիի խոսքերով «նվիրվածության» սկզբունքով:

Մյուս պատճառն այն է, որ թվային տեխնոլոգիաների ներդրման ներկա առաջընթացն արմատապես փոխել է տեղեկությունների պահպանման եւ փոխանակման ամբողջ գործընթացը, մի բան, որին «Corpus»-ի ստատիկ, պահպանողական գործելաոճը չի կարողանում պատշաճորեն արձագանքել: Երրորդ կարծիքն այն է, որ Ռուբենսը հնացած է մեր օրերում: Բրաուն համալսարանից Ջեֆրի Մյուլլերը բերում է հետեւյալ օրինակը. նա ուսանողներին առաջարկել է արձանագրվել Կարավաջոյի եւ Ռուբենսի ստեղծագործությունների ուսումնասիրությունը նվիրված սեմինարներին: Առաջինին այնքան մարդ է արձանագրվել, որ լսարանը փոքր է եկել: Երկրորդինՙ ընդամենը 5 հոգի:

«Ռուբենսը դժվար ըմբռնելի է եւ հետեւաբարՙ նվազ գրավիչ», բացատրել է նա: «Նրանով ավելի շատ հիանում են, բայց չեն սիրում»:

Բայց Ռուբենսը շարունակում է կրքեր բորբոքել նվիրվածների շրջանակում: «Նա բոլոր ժամանակներինն է», հակաճառում է Ալեխսանդրո Վերգարանՙ Մադրիդի «Պրադո» թանգարանի ֆլամանդական նկարչության կուրատորը: «Նա կյանքը տեսնում էր գեղեցկության, սիրո եւ բնության փառաբանման մեջ եւ կտավին հանձնում այն, ինչ տեսնում էր: Նրա համար դրանք ակնհայտ ճշմարտություններ են, որոնցից խուսափել չի կարելի, նրանք կարող են ներկայացված լինել դիցաբանական այլաբանությունների տեսքով, բայց նրանք կենդանի են եւ բոլորովին հեռու չեն ներկայի «եղիր այն, ինչ ես» գաղափարախոսությունից: Եթե կարողանանք տեսնել այդ ճշմարտությունները, կկարողանանք նաեւ ապրել դրանցով»:

Թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

1. Տեսիտուս, Պուբլիուս Կոռնելիուս (մոտ 55-120 թթ.)- Հռոմեացի պատմաբան: Ոճըՙ հակիրճ, արտահայտիչ եւ չափազանց հղկված: Հայտնի գործերից են. «Երկխոսություն հռետորների մասին», «Ագրիկոլա», «Պատմագրություններ» եւ «Տարեգրություններ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4