ԲԱԽՏԻԱՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Առանց չափազանցության կարելի է ասել, որ հայ բեմի մեծ դերասանուհի Սիրանույշը (Մերոպե Սահակի Գանթարճյան, 1857 Կ. Պոլիս-1932 Կահիրե), համաշխարհային թատրոնի մեծություններից մեկն է: Նրա անունը պետք է դասվի ֆրանսուհի Սառա Բեռնարի, իտալուհի (հայկական ծագումով) Էլեոնորա Դուզեի, ռուսներ Գլիկերիա Ֆեոդոտովայի, Մարիա Երմոլովայի, Մարիա Սավինայի, Վերա Կոմիսսարժեւսկայայի շարքում, իբրեւ մեծ ողբերգակ դերասանուհի, որի արվեստով հիացել ու գնահատել են նաեւ օտարազգի հանդիսատեսներն ու թատերական քննադատները:
Մեր դժբախտությունն այն է, որ փոքր ազգ լինելով, դժվար ենք ընկալվում ուրիշների կողմից: Բայց ավելի ցավալին այն է, որ մենք չենք կարողանում մեր մեծություններին ներկայացնել աշխարհին: Ո՞վ ունենար Վահրամ Փափազյան, որ մի քանի լեզվով մենագրություն չգրեր նրա մասին: Մեր ազգային ունեցածն էլ միայն հիշողություններ են: Ո՞վ ունենար Սիրանույշ, որ ուրիշ լեզուներով չտարածեր նրա փառքը միջազգային թատերական կյանքում: Այս տեսակետից մի փոքր բացառություն է կազմում Պետրոս Ադամյանը, որի մասին նախախորհրդային տարիներին երկու փոքրիկ գիրք է տպվել (ռուսերեն), իսկ խորհրդային տարիներինՙ ընդամենը մեկը, այն էլՙ շեքսպիրյան առումով: (Խոսքը հայերենի մասին չէ):
Սիրանույշն ապրել է 75 տարի, որից 60-ը նվիրել է բեմին, խաղացել է 200-ից ավելի հոգեբանական բարդ եւ հուժկու խառնվածք ունեցող դրամատիկ ու ողբերգական դերեր, գնահատվել հայ եւ օտար թատերական գործիչների կողմից, փառավոր ու դժբախտ օրեր ունեցել, սիրել ու սիրվել է հարազատ ժողովրդի կողմից, եղել է մայրենի լեզվի անաղարտության ու պահպահման ջերմ պաշտպան ու ջատագով, ուշադիրՙ շրջապատի ու ընկերների նկատմամբ, երբեմն կամակոր ու անհնազանդ, երբ ոտնահարվել են իր իրավունքները, բայց միշտ մնացել է բեմի երկրպագու, արվեստի նվիրյալ, հարազատ ժողովրդին նվիրված, թատրոնից դուրս այլ կյանք չունեցող մի ասուպ, որի նմանը դժվար է պատկերացնել:
Աշխարհագրական մեծ ընդգրկումներ են ունեցել Սիրանույշի բեմական գործունեության շրջանակներըՙ Թուրքիա, Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, Անդրկովկաս եւ Ռուսաստան (ներառյալ Մոսկվան ու Պետերբուրգը), Միջին Ասիա եւ Պարսկաստան, Եգիպտոս: Ըստ որում, մի շարք երկրներում հանդես է եկել մի քանի անգամ: Որքան էլ Հյուսիսային Կովկասում քաղաքից-քաղաք գնալիս վախեցել է չեչենների հարձակումներից, գիշերները հյուրանոցներում նստարանների վրա լուսացրել, ամառները Շուշիի սառը օդից դժգոհել, բայց ամեն տեղ գնացել է սիրով, սեփական խղճի թելադրանքով, որ գավառական բնակչությունն անհաղորդակից չմնա գեղեցիկ արվեստի տված բարոյական դասերից:
Այս բոլորով հանդերձ դերասանուհին իր գործունեության բեղմնավոր շրջանն անց է կացրել Անդրկովկասում, որտեղ հայությունն ավելի շատ է եղել: Երախտագետ դերասանուհին այսպես էլ խոստովանել է. «Ես պարտական եմ իմ գոյությամբ Կովկասի հասարակությանը, որը փրկել է ինձՙ պահպանելով իմ ուժերը եւ զարգացնելով իմ մեջ գտնված ընդունակությունը»:
Սիրանույշն առաջին անգամ ոտք է դրել Անդրկովկաս 1879-ին եւ մինչեւ 1922-ը տարբեր տարիների ընդհատումներով գործել Թիֆլիսի եւ Բաքվի մշտական թատերախմբերում: Ձմեռային թատերաշրջանն ավարտելով, խմբեր է կազմել ու մեկնել գավառներըՙ տեղական հանդիսատեսի գեղարվեստական պահանջմունքները բավարարելու:
Գավառներում դերասանական շրջապտույտներից ամենանվիրական վայրը Սիրանույշի համար եղել է Հայաստանը, որտեղ նա զմայլվել է ոչ միայն բնության գեղեցկությամբ, այլեւ ճարտարապետական կոթողներով ու հնություններով: Հենց միայն Անիում երեք այցելություն է ունեցել: Քաղաքների մեջ նա շատ է սիրել Երեւանը, նրա հեզ ու խոնարհ, անմիջական հանդիսատեսներին:
Սիրանույշն իր 60-ամյա բեմական գործունեության մեջ ոչ մի տեղ այնքան շատ ելույթ չի ունեցել, որքան Երեւանում: 1899-ից մինչեւ 1917 թվականը Սիրանույշը տասն անգամ հյուրախաղերի է եկել Երեւան, ըստ որում, վերջին տարումՙ երկու անգամ, կարծես կանխազգալով, որ այլեւս չի տեսնելու իր սիրած Մասիսները, Արագածը, Էջմիածնի, Զվարթնոցի պատմական հրաշալիքները:
Հայաստանյան վայրերից Սիրանույշը խաղացել է նաեւ Վաղարշապատում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Իգդիրում, Հին Նախիջեւանում, Ջուլֆայում, Շուշիում, որոշ ամառներ հանգստացել Մեծ Ղարաքիլիսայում (այժմՙ Վանաձոր) եւ Դիլիջանում: Նա հափշտակված է եղել եւ հպարտացել Հայաստանի գեղատեսիլ վայրերով, Սեւանի կապուտակ ջրերով, Էջմիածնի, Հաղպատի, Սանահինի, Անիի ճարտարապետական հուշարձաններով, անձեռակերտ հրաշալիքներով:
Իր բեմական գործունեության 35-ամյակի նախապատրաստության շրջանում, սիրով Հայաստանի քաղաքներն այցելելու մասին, 1908-ին իշխանուհի Մարիամ Թումանյանին գրել է. «Ամեն մի գավառ ես ինքս անձամբ ներկայացել եմ, չեմ թողել, որ հասարակությունը միայն լրագրերում կարդալով բավականանա: Ձմեռը ցրտին Ռոստովի ճանապարհներին սառել եմ, ամառը Շուշվա ճանապարհներին կամ գարնանը Ղզլարի ճանապարհներին չեչենների միջից անց կենալիս, որոնք ավազակներ են եւ սարսափով անցել եմ, ամեն րոպե սպասելով, որ պետք է հարձակվեն կառքերի վրա: Ամեն մի ցամաքային ճանապարհին երեսս ուռչում էր, լեռնային օդը չէի կարողանում տանել եւ ես շատ քաղաքներ մտած եմ այլանդակ դեմքով, ուռած երեսով, մանր աչքերով, սեւացած...»:
Այս տողերի շարունակության մեջ, թեեւ Սիրանույշը Հայաստան անունը չի հիշատակել, բայց ամբողջովին նվիրված է հայրենի երկրին: «Ինչպես ծածկեի երեսս,- գրել է նա,- երբ բաց երեսով եւ բաց աչքերով էլ չէի կշտանում իմ հայրենիքի լեռները եւ դաշտերը դիտելով»:
Սիրանույշը Հայաստանում, մասնավորապես Երեւանում է տեսել հայոց ոստանի կենտրոնավայրըՙ շրջապատված Մեծ ու Փոքր Մասիսներով, Արագածով, Էջմիածնով ու, նույնիսկ... Սեւանով: Ամեն անգամ սրտի թրթիռով է նայել հայ ժողովրդի հավերժության այդ խորհրդանիշներին եւ սրտից մի մասնիկ թողնելով, կարոտով հեռացել նրանցից: Նա շատ բարձր է դասել Երեւանի հանդիսատեսինՙ պարզամիտ ու անմիջական, իր լեզվի ու պատմության իսկական տիրոջ-հանդիսատեսին:
Սիրանույշն առաջին անգամ Երեւան է եկել 1899 թվականի մայիսին: Ձմեռային թատերաշրջանը Բաքվում ավարտելուց հետո, դերասանական մի փոքրիկ խմբովՙ Գեւորգ Պետրոսյանի, Արամ Վրույրի, Արշակ Հարությունյանի, Վարվառե Մելիքյանի եւ ուրիշների հետ գալով Երեւան, մայիսի 3-ին եւ 10-ին տեղական թատերասերների հետ նրանք ներկայացրել են «Զավակ» եւ «Երկրորդ երիտասարդություն» պիեսները: Այդ պիեսների բեմադրություններում Սիրանույշը կատարել է Մադլենի եւ Վալենտինա Գոտովցեւայի դերերը, որոնք մշտական տեղ են ունեցել նրա խաղացանկում: Ժամանակը կարճ լինելով (երեւանյան ներկայացումներից բացի, մի պիես էլ Ալեքսանդրապոլում են խաղացել), Սիրանույշը չի հասցրել լայնորեն ճանաչել հայրենի բնաշխարհը, նրա աշխատասեր ու թատերասեր ժողովրդին:
Հարազատ ժողովրդի նկատմամբ սերը, ավելի մոտիկից շփվելու ցանկությունը նրան հանգիստ չեն տվել: Մեկ տարի անցՙ 1900 թ. դեկտեմբերին, գրական-մշակութային գործիչ Հակոբ Գենջյանին (Կարա Դարվիշ) գրած նամակում, իր առաջիկա անելիքների մասին խոսելիս նա գրել է, որ Բաքվից հետո պետք է գնա Թիֆլիս, իսկ այնտեղիցՙ մի փոքր խմբով Երեւան, ութ ներկայացում տալու: Բացի այդ, նրա ծրագրած ուղեւորությունների մեջ է մտել Հաղպատի, Սանահինի եւ շրջակա հնավայրերի այցելությունը 1901-ի ամռանը:
Երեւանի եւ նրա մերձակա հնություններիՙ ավելի լայն առումով Հայաստանի բնաշխարհին ծանոթանալու առաջին հարմար առիթը ստեղծվել է 1901-ի մայիս-հունիս ամիսներին: Երեւանյան հյուրախաղերից բացի, նա իր խմբով հանդես է եկել նաեւ Ալեքսանդրապոլում (այժմՙ Գյումրի) եւ Կարսում: Խաղացանկում եղել են «Մեդեա», «Երկրորդ երիտասարդություն», «Կյանքի արժեքը», «Հայրենական տուն», «Զավակ», «Սաֆո» պիեսները, որոնցում գլխավորՙ դրամատիկա-ողբերգական հերոսուհիների դերակատարը եղել է ինքըՙ Սիրանույշը:
Ցնցող տպավորություն է թողել հատկապես Մեդեայի նրա դերակատարումը, ուժեղ ողբերգական մի դեր, որից հետո նա մի օր հանգիստ է առել: Մեդեայի դերակատարության օրըՙ մայիսի 16-ին, վանեցի արծաթագործ եղբայրներ Տեր-Արիստակեսյանների կողմից պատրաստված մի հուշանվեր է մատուցվել Սիրանույշին: Այն քառանիստ մի բուրգ է, որի մի երեսին դրոշմված է դերասանուհու դիմանկարը, մյուսներումՙ տեքստեր, իսկ վերեւումՙ հրեշտակ, որը ձեռքերին բարձր բռնել է Ս (իրանույշ) տառը: Այդ հիշատակը երկար տարիներ Սիրանույշի հետ է եղել, նրանից հետո անցել է դստերըՙ Աստղիկին, Աստղիկիցՙ որդունՙ Պարույր Կիրակոսյանին, որը, տասնամյակներ առաջ, Լեւոն Արամյանի ղեկավարությամբ հայաստանյան պատվիրակության հետ Չիլիից ուղարկել է Երեւան եւ այժմ պահվում է Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի թատերական բաժնում, Սիրանույշի ֆոնդում:
1901 թվականի գրեթե ամբողջ տարին, հայ իրականության մեջ, ամենուրեք նշվել է Գաբրիել Սունդուկյանի անմահ «Պեպո» կատակերգության առաջին բեմադրության 30-ամյակը: Սիրանույշի ղեկավարությամբ դերասանական խումբը եւս արձագանքել է համաժողովրդական այդ մեծ տոնին: Այն ներկայացվել է մայիսի 19-ին, Քաղաքային ակումբում: Սիրանույշը պիեսում դեր չունենալով, կատարել է Հովհաննայի (Ժաննա դ՛Արկ) մենախոսությունը Շիլլերի «Օռլեանի կույսը» պիեսից: Ներկայացման հաջորդ օրըՙ մայիսի 20-ին, խմբի անունից հետեւյալ բովանդակությամբ հեռագիրն է հղվել Թիֆլիսՙ Սունդուկյանին. «Երեւանը ետ չընկավ ուրիշ քաղաքներից եւ այսօր տոնում է ձեր անմահ «Պեպոյի» հոբելյանը: Ցանկանում ենք ձեզ երկար ու արդյունավետ կյանք եւ սպասում ենք ձեր տաղանդի մի նոր հզոր ստեղծագործություն հօգուտ մեր աղքատիկ դրամատիկական բեմի»: Հեռագրի տակ ստորագրել են Սիրանույշը, Փառանձեմը, Զարուհին (Նունե Վրույր), Գեւորգ Պետրոսյանը, Արամ Վրույրը, Մաթեւոս Աղայանը եւ Երեւանի թատերական գործիչ Էմին Տեր-Գրիգորյանը: Ի դեպ է ասել, որ Սիրանույշը Երեւանում գտնված օրերին Է. Տեր-Գրիգորյանի հասցեով է ստացել իր նամակները:
Արդեն այդ շրջանում, Սիրանույշն այնպիսի համարում ու ճանաչում է ունեցել գավառներում, որ տեղական կոմպոզիտորներից մեկը նրան ձոնված «Քայլերգ» է գրել, որը եւ զինվորական նվագախումբը կատարել է «Սաֆո» ներկայացման ընդմիջմանը:
Դեռեւս հյուրախաղերը չավարտված, Սիրանույշն իր մտորումներին հաղորդակից է դարձրել իր մտերիմներինՙ Հակոբ Գենջյանին, իր խմբի գանձապահ Միքայել Բրուտոսին (Բրուտյան): Մասնավորապես Բրուտոսին ուղղած նամակում նա գրել է. «Ինձ հարկավոր էր այստեղ գալ եւ տեսնել այս հրաշալի հնությունները: Ափսոս, որ դուն չեկար»: Իսկ դերասանուհու տեսածը Էջմիածնի Մայր տաճարն էր ու վանքերը, Խաչիկ վարդապետ Դադյանի սկսած պեղումները, որոնք հետո պետք է աշխարհին ներկայացնեին Զվարթնոցի տաճարի ավերված հրաշալիքները:
Ավելի սրտառուչ է եղել Սիրանույշի գրած նամակը աստրախանաբնակ, հասարակական-մշակութային գործիչներ Գեւորգ քահանա եւ Սոֆիա Մկրտումյաններին: Երկու ամիս առաջ բաժանված լինելով նրանցից, Երեւանում ներկայացումներն ավարտելուց հետո, իր հիացմունքին մասնակից է դարձրել նաեւ իր արվեստը գնահատողներին: Նրա նամակում կարդում ենք. «Այսօր տալիս եմ վերջին հրաժեշտս հրաշակերտ Մասիսինՙ դեռ չհամբուրած նրա արծաթափայլ գագաթը... Դեռ չեմ առել իմ կարոտը, դեռ չեմ հագենում նրան դիտելով ու զմայլվելով...»: Հերթով հրաժեշտ տալով Մասիսին, Արագածին, հասել է Սեւանինՙ «մի քանի ժամից հետո տեսա իմ սիրելի Սեւանա լիճը... Աստված է հրճվել նրանով. երկնային է նա եւ ոչ երկրային»,- գրել է նա հույզն ու սերը սրտում:
Երկու տարի անց, 1903-ի մայիս-հունիսին, Սիրանույշը նորից խմբով ներկայացումներ է տվել Երեւանում: Քաղաքային ակումբում տվել է տասնմեկ ներկայացումՙ ե՛ւ կրկնվող եւ նո՛ր պիեսներով: Տպավորիչ են եղել հատկապես Մարգարիտ Գոտիեն («Կամելիազարդ տիկին»), Կրուչինինան («Անմեղ մեղավորներ»), Միլիցան («Թագի համար»), Իզեիլը համանուն պիեսում եւ ուրիշներ, որոնք թեեւ պատկերել են տարբեր ժողովուրդների կյանքը, բայց միասնական հոգեբանություն եւ գաղափարախոսություն է ունեցելՙ կնոջ իրավահավասարության, ազատության եւ այդ բոլորին հասնելու համար բողոք-պայքարի թեման:
Սիրանույշի այդ շրջանի բեմական գործունեությունը շատ հետաքրքրական է նրանով, որ Կարապետ Գալֆայանից հետո (1901 թ.), 1903-ի ապրիլի 17-ին ցանկացել է Երեւանի հանդիսատեսին ներկայացնել իր լավագույն դերերից մեկըՙ Համլետը: Այդ դերը նա առաջին անգամ խաղացել էր 1901-ին Թիֆլիսում Կարապետ Գալֆայանից եւ Նիկողայոս Հովհաննիսյանից հետո, դերի վրա աշխատելով մեկ ու կես տարի:
Սիրանույշը եղել է Արեւելքի ժողովուրդների թատրոնի Համլետի առաջին կին դերակատարը, որը քսան տարում շուրջ քառասուն անգամ հանդես է եկել այդ դերում (1901-1922): Թերեւս երկրորդ եւ վերջին դերակատարն էլ հայուհի էՙ եգիպտահայ թատրոնի նշանավոր դերասանուհի Արաքսի Օհանյանը (1956):
«Համլետի» ներկայացման համար թույլտվություն ձեռք բերելու նպատակով խմբի դերասան Անդրանիկը գնացել է ոստիկանատուն: Ոստիկանապետը մերժել է նրա պահանջըՙ առարկելով, որ բեմադրության թույլատրված պիեսների ցանկի իր ունեցած օրինակում չի հիշատակված թարգմանիչ Հովհաննես Մասեհյանի անունը: Նա պահանջել է, որ խաղան Դ. Ավերկիեւի թարգմանությամբ: Դերասանն առարկել էՙ թե իրենք հայ դերասանական խումբ են, ինչպե՞ս կարող են ռուսերեն խաղալ: Ոստիկանապետը զայրացել է, ոտքը հատակին խփել ու սպառնացել քաղաքից վտարել: Ներկայացումը չձախողելու ելքը գտնվել էՙ ազդագրի վրաՙ թարգմանչի անունը գրել են Դ. Ավերկիեւ, բայց խաղացել Հ. Մասեհյանի թարգմանությամբ: (Ի դեպ է հիշել, որ 1890-ական թթ. կեսերին, նման արգելքների պատճառով է, որ Հովհաննես Աբելյանն էլ չի կարողացել Համլետ խաղալ Բաքվում կամ Թիֆլիսում):
Երեւանում գտնված ժամանակ Սիրանույշը հանդիպումներ է ունեցել տեղի մտավորականության հետ: Նրանցից մեկը եղել է իր վաղեմի ծանոթՙ 1890-ական թթ. Թիֆլիսի թատրոնի դերասան եւ թարգմանիչ Ալեքսանդր Մուրադբեգյանը: Այս նոր միջավայրում նա երեւացել է նոր «դերում»ՙ որպես Խորեն վարդապետ Մուրադբեգյանը, որը տասնամյակներ անց պետք է դառնար Ամենայն հայոց կաթողիկոս եւ զոհ գնար բռնատիրության ռեժիմին: 1903 թ. ապրիլի 21-ին Խորեն վարդ. Մուրադբեգյանն իր լուսանկարը նվիրել է «Հայ բեմի պարծանք տիկ. Սիրանույշին», հավաստելով, որ թե թատրոնի, եւ թե եկեղեցու բեմերը ծառայում են ի շահ հարազատ ժողովրդի:
1904 թ. մայիսի սկզբից մինչեւ հունիսի վերջը, Սիրանույշն իր խմբով նորից է հանդես եկել Երեւանում: Նրա խաղացանկում տեղ են գտել նոր պիեսներՙ «Ապուշը», «Սեր եւ խարդավանք», «Կյանք», «Բազեներ եւ ագռավներ», «Ծծմայրեր», «Ռուզան», «Կարմիր համազգեստ», «Պաշտպան» եւ ուրիշներ: Այս շրջանում նրա հոգսը եղել է երեք դերի պատրաստություն, որոնցից մեկը եղել է առաջին անգամ Երեւանում կատարած Ելենա Նիկոլայեւնայի դերը «Պաշտպան» պեսում:
Սիրանույշն այդ շրջանում ունեցել է մի ոչ պակաս կարեւոր մտահոգություն եւս: Տարիներ շարունակ, նա երազել է հանդես գալ Մոսկվայում, հայ կամ ռուս դերասանների հետ: Նրա երազանքն է եղել Համլետ խաղալ Մոսկվայում, բայց ոչ մի կերպ չի ստացվել:Եվ քանի որ Բաքվի ռուսական թատրոնի կառավարիչ Ա. Կրուչինինից առաջարկություն է ստացել իր խմբի հետ հանդես գալու Համլետի եւ այլ դերերում (խաղացել է 1907-ին), Սիրանույշը միտքը լարել է նաեւ այդ ուղղությամբ, որպեսզի այդ միջոցով ճանապարհ հարթվի դեպի մոսկովյան բեմ:
Երեւանյան հյուրախաղերի ավարտից անմիջապես հետո, 1904-ի հունիսի 5-ից 10-ի ընթացքում Սիրանույշը եղել է Անիում, ուր նրա բեմընկեր դերասան եւ Ն. Մառի հնագիտական արշավախմբի պեղումների լուսանկարիչ Արամ Վրույրը նրան լուսանկարել է Ս. Առաքելոց եկեղեցու գավիթի առաջ:
1905-ի սկզբներին, Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության վարչությունը որոշել էր տոնել Սիրանույշի բեմական գործունեության 30-ամյակը: Բայց Բաքվում եւ Անդրկովկասի մի շարք վայրերում սկսված հայ-ադրբեջանական ընդհարումները տեսնելով, նա հրաժարվել է հոբելյանից եւ վերադարձել իր ծննդավայրըՙ Կ. Պոլիս: Բաքվում բնակվող իր մտերիմ (խմբի գանձապահ) Միքայել Բրուտոսին գրած նամակում հայտնել է, որ եթե մյուս տարի Կովկաս գա. «Միայն կգնամ Երեւան, մի անգամ եւս Արարատը ողջունելու, Անին այցելելու համար»:
Այդ մյուս տարին դարձել է 1907 թ. ապրիլը, երբ Երեւանի ժողովարանի թատերասրահում Սիրանույշի ղեկավարությամբ դերասանական խումբը տվել է 16 ներկայացումՙ «Ապուշը», «Երջանկության համար», «Դավաճանություն», «Իզեիլ», «Զավակ», «Օռլեանի կույսը», «Համլետ», «Մեդեա», նորերիցՙ Ա. Ահարոնյանի «Արցունքի հովիտը» (Նազեի դերում) եւ ուրիշներ: Երեւանից բացի խումբը ներկայացումներ է տվել նաեւ Ալեքսանդրապոլում, իսկ «Զավակ» պիեսով հանդես եկել Իգդիրում, բեմական ասպարեզ բացել տեղական թատերասեր Սոֆիկ Հարությունյանի (հետագայումՙ Սարգսյան, Միքայելյան) համար:
Գնահատության հետաքրքրական վերաբերմունք է ստացել Սիրանույշն այս շրջանի հյուրախաղերի ընթացքում: Երեւանցի գրող-մտավորական, «Խաթաբալա» երգիծական շաբաթաթերթի (Թիֆլիս) թղթակից Լեոնիդ Մարկոսյանը երկու թղթակցություն է ուղարկել խմբագրությանը. մեկը չափածո, մյուսըՙ նամակի ձեւով: Երեւանյան ներկայացումների առթիվ նրա գրած «թատերախոսականը» չափածո է:
Աննման տաղանդ, դու չես պառավում,
Տարիքիդ լուծը քեզ չի կաշկանդում,
Անսպառելի հմայքդ ուժգին
Դեռ չէ դադարում դյութել մեր հոգին:
Եվ ահա այսօր, խորին հարգանքով,
Քեզ պսակում ենք թարմ ծաղիկներով,
Ապրիր դու երկար, փայլ տուր հայ բեմին
Միայն թե տիկին, թող այդ Համլետին:
Ահա եւ նամակը. «Մայիսի 25-ին դերասանուհի տ. Սիրանույշը հետեւյալ բողոքագիրն ստացավ Երեւանի հայ ծնողներից.
«Տիկին
Ոչ խերով ըլեր գալդ, եկար չեկար մեր ջահել ջհուլների խելքն իրենց գլխներից առար. այդ դեռ ոչինչ. նրանք առանց խելք էլ յոլա կերթան. միայն մեր էլ ջիբներս դատարկեցիր: Աստված էլ քո ջիբը դատարկի. խնդրում ենքՙ խղճա մեզ եւ շուտ գնա, թե չէ էլ հալ չմնաց մեզանում:
Մնում ենք Ձեզ բարի ճանապարհ մաղթող Երեւանի թատերասեր զավակների անբախտ հայրեր»:
Սրանցից առաջինն իբրեւ թե գրված է մայիսի 2-ին, իսկ երկրորդըՙ 25-ին: Իրականումՙ դրանք գրվել են հյուրախաղերից հետո եւ տպագրվել են «Խաթաբալայի» 23-րդ համարում (էջ 187, 191):
Նամակագրի «անեծքը» հասնում է Աստծոն եւ նա էլ որպես արդար դատավոր, դատարկում է Սիրանույշի գրպանը: Անեծքը դեռ հետո էր իրականանալու:
Հանգիստ ու խաղաղ են անցել Սիրանույշիՙ 1912 թ. մայիսյան հյուրախաղերը: Բայց, ահա, վրա է հասել Աստծո ահեղ դատաստանը, որը ոչ միայն Սիրանույշի գրպանն է դատարկել, այլեւ առաջին Համաշխարհային պատերազմի մասնակից երկրների գանձարանը:
1914-ի մայիսին Սիրանույշն իր խմբով նորից այցի է եկել իրեն սիրած Երեւանը: «Հրաշեկ օղակ», «Տոսկա», «Զավակ» ներկայացումները խաղաղ են անցել, բայց «Դավաճանություն»-ը դավաճանել է Սիրանույշին: Մայիսի 17-ի «Դավաճանություն» ներկայացումից հետո տեղի է ունեցել մի չարաբաստիկ աղետ, որը մի քանի ամիս դերասանուհուն հանգիստ չի տվել:
Իր խաղացած հերոսուհուՙ վրաց գերված թագուհի Զեյնաբին վայել, բեմում ճոխ կահավորանք ստեղծելու նպատակով, Սիրանույշը տեղական բնակիչներից երեք գորգ է վերցրել: Բուռն ծափահարություններով վարագույրը փակվելուց հետո, մինչեւ ամենքն իրենց գործով են զբաղվել, բեմից անհետացել են գորգերը: Գորգատերը հարյուր ռուբլի է պահանջել Սիրանույշիցՙ իբրեւ փոխհատուցում: Դերասանուհին ստիպված է եղել 100 ռուբլին տալ մինչեւ կորստի հայտնաբերվելը, ըստ որում չգտնվելու դեպքում ոստիկանությանը ինքը պետք է փոխանցեր տիրոջը:
Կորստի հաջորդ օրըՙ մայիսի 18-ին Սիրանույշը գնացել է նահանգապետի մոտՙ իրողությունը հայտնելու: Այս անգամ էլ կառքից գողացել են նրա պայուսակըՙ մեջը մոտ 200 ռ. արժողությամբ ոսկե ապարանջան եւ ժամացույց, ինչպես եւ մի քանի հարյուր ռուբլի:
Երեւանյան հյուրախաղերից հետո Սիրանույշը վերադարձել է Թիֆլիս, իր գլխին եկած փորձանքները պատմել ծանոթներին ու կոտրված սրտով գնացել Պոլիս: Թատերական գործիչ Արամ Նազարեթյանից (Թիֆլիս) ստացած նամակից պարզվել է, որ Սիրանույշի ձեռքի պայուսակը գտնվում է Թիֆլիսի ոստիկանատանը, որտեղից էլ ուղարկվել է տիրոջը: Սիրանույշը կատակի վերածելով այս զավեշտական պատմությունը, գրել է. «Երանի թե մինչեւ իմ գալը մնար Թիֆլիսի ոստիկանատանը: Այժմ ավելի բարդացավ խնդիրը: Մինչեւ օրս (հուլիսի 14-ը- Բ. Հ.) դեռ չեմ ստացած: Գուցե սրանից հետո ստանամ: Իսկ եթե ձեռքս չհասնի, տարվա 12 ամիսը ստիպված եմ մեկ սահմանից մյուսը գաշիլոկ փնտրել: Ես վազ անցա այդ կորստիս գտնվելուցը, որ գտնված է, բայց ինքս չեմ կարողանում գտնել: Ես նրան եմ փնտրում, նա իմ ետեւից է գալիս»:
Գորգերի եւ նրանց պատճառով Սիրանույշի զարդեղենի ու փողի կորստի պատմությունից հետո է՛լ ավելի բարձր են գնահատվել նրա ելույթները երեւանյան հյուրախաղերի ժամանակ («Զավակ» եւ այլն):
Ալեքսանդրապոլում (այժմՙ Գյումրի) լույս տեսնող «Գավառի ձայն» թերթում գրվել է. «Ճիշտ է, որ տ. Սիրանույշը իր Մադլենով ապացուցեց, որ ինքը դեռ ապրում է, եւ ինքը մեր նախկին Սիրանույշից դեռ շատ ունի պահած, մանավանդ շատ գեղեցիկ էր խելագարության տեսարանում, որտեղ տ. Սիրանույշը հանդիսականներից շատերի աչքերից արտասուք խլեց»:
Երեւանյան հյուրախաղերից հետո, Սիրանույշն աղջկաՙ Աստղիկի, դերասան Արշակ Հարությունյանի եւ խմբի գանձապահ Միքայել Բրուտոսի հետ 1914 թ. հունիսի 14-ին կառքով գնացել են Անի: Ճանապարհին նրանց լուսանկարել է սկսնակ դերասան Արտաշես Վրույրը, որը դերասան հորՙ Արամ Վրույրի հետ լուսանկարելիս են եղել Ն. Մառի արշավախմբի պեղումները Անիի ավերակներում:
1916 թվականը ստեղծագործական նոր մտահղացումներով լի տարի է եղել Անդրկովկասի թատերական գործիչների համար: Հայաշատ կենտրոններում նշվել են Շեքսպիրի մահվան 300 եւՊետրոս Ադամյանի մահվան 25-ամյակները (Թիֆլիս, Բաքու, Նոր Նախիջեւան եւ այլ քաղաքներ):
Հովհ. Աբելյանի ղեկավարությամբ դերասանական խումբը Բաքվում ներկայացումներ տալուց հետո, ուղեւորվել է Երեւան: Այդ հյուրախաղերը զուգադիպել են Շեքսպիրյան հանդեսների օրերին: Շեքսպիրյան միջոցառումը տեղի է ունեցել մայիսի 22-ին: Քաղաքային ակումբում (Երաժշտական կոմեդիայի թատրոնի նախկին շենքում) ներկայացվել են տեսարաններ «Համլետ» եւ «Արքա Լիր» ողբերգություններից: Սիրանույշը հանդես է եկել Համլետի դերում, ներկայացնելով Համլետի եւ Ուրվականի (Անուշավան Շիրոյան) եւ Համլետի ու մորՙ Գերտրուդի (Զաբել) հետ տեսարանները: Իսկ Հ. Աբելյանը (Արքա Լիր) ներկայացրել է փոթորիկի տեսարանը (Գլոստերի կոմս-Մկրտիչ Մկրտչյան, Քենտի կոմս-Վարդան Միրզոյան, Էդգար-Արտեմ Բերոյան, Խեղկատակ- Գրիգոր Ավետյան): Հայ բեմի երկու հսկա վարպետների կատարումները բացառիկ ազդեցիկ ներգործություն են ունեցել հանդիսատեսների վրա: Տեղական «Աշխատանք» թերթը բարձր գնահատելով նրանց արժանիքները, գրել է. «Երեւանի հայ մտավորականությունը երեւի չէր էլ մտածի, թեկուզ համեստ կերպով տոնելու, կասեինք հարգելու Շեքսպիրի հիշատակը, եթե Սիրանույշն ու Աբելյանը չլինեին Երեւանում»:
Շեքսպիրյան միջոցառումից բացի, Աբելյանի խումբը Սիրանույշի մասնակցությամբ ներկայացրել է «Մեդեա», «Արքա Լիր», «Արշակ թագավոր», «Բելիսարիոս», «Արցունքի հովիտը», «Մեծ հանցավոր» պիեսները: «Աշխատանքի» թատերախոս Գառնիկը, հենց սկզբից, Սիրանույշի մասին գրել է. «Հայ բեմի քրմուհին, տարիքոտ, բայց միշտ թարմ, խաղի եւ ստեղծագործության վարպետ»- գնահատության խոսքերը: Խոսքը մասնավորեցնելով Մեդեայի (համանուն պիեսում) դերակատարության մասին, նույն հեղինակը դերասանուհու խաղի ներգործության կախարդական ուժի մասին գրել է. «Դերասանուհի Սիրանույշ չկար բեմի վրա,- այլ կար Մեդեա-իր տրագիկ հոգով: Մեդեան- դերասանուհի Սիրանույշի աչքերումն էր, խաղումը, հոգում: Մենք մեր աթոռների վրա չէինք, այլ Մեդեայի ապրած ժամանակներում, նրա հետ: Բեմը դարձրել էր իր հոգին, իր տանջանքների տաճարը, ահա թե երբ է բարձրանում թատրոնի եւ բեմի հմայքն ու արժեքը»:
1916 թվականի երեւանյան հյուրախաղերի, իրենց խաղացած պիեսների, հանդիսատեսի ընդունելության եւ այլ հարցերի մասին անկեղծ զրույցի բռնվելով ռեժիսոր Օվի Սեւումյանի հետ, Սիրանույշը մի առանձնահատուկ հումորով, իր ու խմբի նկատմամբ քննադատական ու ինքնաքննադատական վերաբերմունքով ահա թե ինչ է գրել նրան. «Ինձ միանգամայն հիացնում է Երեւանի հասարակությունը: Այս ինչ մեծահոգի, ներողամիտ, անտրտունջ եւ գառնուկ ժողովուրդ է: Գոնե մի անգամ էլ բերանիկը չբացավ ու չասաց, թեՙ հարգելի խումբ գաստրոլյորներ եւ գաստրոլյորշաներ, դուք արդյոք ձեր «կյանքի» պիեսների զգեստները Թիֆլիսո՞ւմ եք մոռացել... թե պատերազմական տխուր իրադարձության պատճառով: Գաղափարական սկզբունքներով արհամարհում եք նորաձեւությունները ու ժամանակակից կյանքի թե զգեստները եւ թե խաղերը: Բայց մենք դրան պատասխան ունենք. «Պատվելի ժողովո՛ւրդ Երեւանի: Այժմ Ներոնի դարն է, մարդիկ պետք է մի քիչ էլ ժամանակի հետ ապրեն: Ինչ կյանքի մասին եք խոսում, երբ այժմ մահն է տիրում... Ձեզ ինչ փույթ, թե մենք ինչ կհագնենք... Ուստի խնդրում ենք հարգանքով վերաբերվել դեպի մեր պատկառելի խումբը, որ գլխավոր գաստրոլյորներ են Սիրանույշ եւ Աբելյան: Դուք պարտավոր եք շնորհակալ լինել եւ ասելՙ աֆերիմ Սիրանույշ, Աբելյան, պատիվներդ շատանա»:
Այս կիսահեգնական-ինքնաքննադատական ակնարկներից զգացվում է, որ «Մեծ հանցավոր» (Ներոն), «Բելիսարիոս», «Արշակ թագավոր» պատմական ողբերգություններում դերակատարները գրեթե նույն զգեստներն են հագելՙ հնարավորություն չունենալով ամեն մի կերպարի համար համապատասխան զգեստավորում պատրաստել:
Չնայած այս ամենին, Հայաստանի թատերասեր հասարակայնությունը նորից դեպի իրեն է ձգել թատերախմբերին (դրամատիկական, օպերետային): Հաջորդՙ 1917 թվականի հյուրախաղերը տեղի են ունեցել փետրվար-ապրիլ ամիսներին: Հոկտեմբերյան հեղափոխության լուրը Աբելյանի ղեկավարությամբ խմբին է հասել դեկտեմբերինՙ Կարսի հյուրախաղերի ժամանակ: Սկզբում խումբը գործել է «Շրջիկ թատրոն» անվան տակ, հիմնականում ունենալով Աբելյանի եւ Սիրանույշի խաղացանկի լավագույն պիեսներըՙ «Յո՞ երթաս», «Կայսր», «Ուրիել Ակոստա», «Իսրայել», «Վենետիկի վաճառականը», «Համլետ», «Թագավոր» եւ այլն: Դեկտեմբերին խաղացվել են Սիրանույշի ուժեղ գործերըՙ «Զավակ» եւ «Մեդեա»:
Դեռեւս Երեւանում գտնված ժամանակ Սիրանույշը մտադիր է եղել մի փոքրիկ խումբ կազմել եւ հյուրախաղերի մեկնել Պարսկաստան: Այդ նպատակով նա նամակագրության մեջ է մտել Հարություն Բերոյանի, Մկրտիչ Թաշճյանի (Թավրիզ), Միքայել եւ Մարգո Կոստանյանների (Բաքու) եւ ուրիշների հետ: Բայց քաղաքական պայմանները, մանավանդ դերասանների անապահով վիճակը հնարավորություն չի տվել իրագործելու նրա այդ ցանկությունը:
Իրան գնալու Սիրանույշի նախկին ցանկությունը կատարվել է 1918-ի գարնանըՙ Բաքվից, բայց ոչ իր նախածրագրված պայմաններով:
Բաքվի Կոմունայի անկումից դեռ առաջ, Սիրանույշն այցելել է նրա նախագահ Ստեփան Շահումյանինՙ խնդրելով նրան արտոնել Իրանՙ հյուրախաղերի մեկնելու: Վերջինս հարգելով մեծ դերասանուհու ծառայությունները եւ իրանահայության գեղարվեստական կյանքը մի քիչ աշխուժացնելու մտադրությունը, սիրով ընդառաջել է նրան: Բայց օսմանյան թուրքերի Բաքու ներխուժելու վտանգի սպառնալիքի տակ, հարյուրավոր փախստականների հետ Սիրանույշն էլ է աղջկա եւ թոռան հետ մեկնել Իրան: 1918-1921 թթ. Բաքվից փախած մի քանի դերասանի եւ տեղական թատերասերների հետ նա ներկայացումներ է տվել Ռաշտ, Թավրիզ, Թեհրան, Նոր Ջուղա քաղաքներում:
Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1922-ին Սիրանույշը Բաքու-Թիֆլիս ճանապարհով վերադարձել է իր ծննդավայրըՙ Կ. Պոլիսՙ կարոտած հարազատներին տեսնելու եւ Մեծ եղեռնի զոհ դարձած հարազատների կորուստը սգալու:
Մինչ Սիրանույշը Պարսկաստանում էր, Հայաստանի կառավարությունը մտադրվել է հոգ տանել բուն երկրում եւ արտասահմանում ապրող գրականության եւ արվեստի ականավոր դեմքերի նյութական ապահովության համար: Հոգատարության ենթակա գործիչներից մեկն էլ եղել է Սիրանույշը: «Խորհրդային Հայաստան» օրաթերթի հոկտեմբերի 9-ի համարում տպագրվել է հետեւյալըՙ «Լուսժողկոմատի միջնորդությամբ Ժողկոմների խորհուրդը որոշել է սույն թվի սեպտեմբերի 1-ից ամսական 500.000 ռ. նպաստ եւ հարվածային բաժին բաց թողնել գեղարվեստի ու գրականության հետեւյալ գործիչներինՙ գրականագետներից Հովհաննես Հովհաննիսյան, Հովհաննես Թումանյան, Դերենիկ Դեմիրճյան, Հակոբ Հակոբյան, Լեո, Նար-Դոս եւ Շուշանիկ Կուրղինյան: Դերասաններիցՙ Գեւորգ Տեր-Դավթյան, Հ. Աբելյան, Սիրանույշ, Հ. Զարիֆյան, Ի. Ալիխանյան, Օ. Մայսուրյան եւ Մ. Մանվելյան: Նկարիչներիցՙ Գ. Բաշինջաղյան, Ե. Թադեւոսյան եւ Մարտիրոս Սարյան»:
Տեղյա՞կ է եղել Սիրանույշն այդ որոշմանը, հայտնի չէ: Այդ հարցը արձագանք չի ստացել մամուլում: 1922-ի սկզբներին նա Պարսկաստանից Բաքվի վրայով (ուր կորցրել էր իր խնայողությունները) անցել է Թիֆլիս, վերջին անգամ խաղացել Մեդեա, Համլետ եւ այլ դերեր ու մեկնել Պոլիս: Պոլսում Սիրանույշը բեմ չի բարձրացելՙ հայերեն ներկայացումներ չեն տրվել. ապրել է հուշերով, երբեմն գրի առել իր մտորումները դերասանական արվեստի, թատրոնի նշանակության եւ հարակից հարցերի մասին:
Բեմի կարոտը 1930-ին Սիրանույշին տարել է Եգիպտոս: 1931-ին Ալեքսանդրիայում մեկ անգամ Մարգարիտ Գոտիե խաղալուց հետո փոխադրվել է Կահիրեՙ մտադրություն ունենալով այդ դերով նշել իր բեմական գործունեության 50-ամյակը:
1932-ի սկզբներին, երբ Հայաստանում պատրաստվում էին նշելու Երեւանի Առաջին պետական թատրոնի (այժմՙ Սունդուկյանի անվան) տասնամյակը, Թբիլիսիի հայկական թատրոնի դերասան, Սիրանույշի վաղեմի բեմընկեր Իսահակ Ալիխանյանը, որը եղել էր այդ թատրոնի հիմնադիր անդամներից մեկը, նամակով դիմել է մեծ դերասանուհունՙ վերադառնալ Երեւանՙ Խորհրդային Հայաստան, ուր խանդավառությամբ կդիմավորեն իրեն:
Ալիխանյանը չիմանալով Սիրանույշի հասցեն, նամակն ուղարկել է Կ. Պոլսի «Նոր լուր» թերթի խմբագրությանը: Նամակն անցել է Սիրանույշի դստերՙ Աստղիկի ձեռքը, նա էլ իր հերթին ուղարկել է Ալեքսանդրիա, այնտեղից էլ հասցրել են Կահիրեՙ իր իսկական հասցեատիրոջը:
Սիրանույշը մեծ հուզմունք է ապրել այդ հրավերի կոչով: Պատասխան նամակը թերի է մնացել ( համենայն դեպս, միայն թերի եւ սեւագիր ձեռագիրն է մեզ հասել): Նամակից պարզվում է, որ կյանքից հոգնած Սիրանույշն այլեւս չի ցանկացել բեռ դառնալ իր սիրելի ժողովրդի վրա, թեեւ սերը մնացել է նույնը:
Ալիխանյանին ուղղած նամակում Սիրանույշը գրել է. « Ձեր նամակի ամբողջ պարունակությունը ամենաազնիվ զգացմունքի մը արտահայտությունը ըլլալուն պատճառով, ես իմ անձը երախտապարտ եմ համարում ձեզ, որ ինձանից փոքր լինելով հանդերձ, հիշեցնում եք իմ պարտականությունը հանդեպ իմ կովկասահայ ժողովուրդը, որը պսակեց իմ ճակատը դափնյա պսակով, որին քիչ եմ արժանի, նաեւ ծերունի Մասիսըՙ յուր հրաշակերտ բարձրությամբ, հոյակապ կուրծքը բաց արած, վիթխարի թեւերով ուզում է գրկել յուր ձյունափայլ գագաթը, ոգեւորում էր ինձ, կորով էր ներշնչում նորանոր ստեղծագործությունների համար:
Մի՞թե հայ թատրոնը, որի բարգավաճման համար իմ ամբողջ ուժն ու կարողությունը տվել եմ, այլեւս չի հետաքրքրում ինձ, չե՞մ ուզում իմանալ ինչ է կատարվել նրա հետ...»: Այստեղ սեւագրությունն ավարտվում է, ավելի ճիշտըՙ ընդհատվում: Երեւում է հուզմունքը խեղդել է նրա կոկորդը եւ այլեւս ուժ չի ունեցել շարունակելու իր ասելիքը: Իսկ ասելիք ունեցել է. ամենամեծ ասելիքը եղել է բեմի կարոտը, Երեւանի բեմում աշխատելու կարոտը:
1932 թ. ապրիլի 17-ին Կահիրեի «Ալ Համբրա» թատրոնում «Կամելիազարդ տիկինը» պիեսով պետք է նշվեր Սիրանույշի բեմական գործունեության 50-ամյակը, բայց հիվանդացել է եւ իր կյանքի վարագույրը փակել նույն թվականի հունիսի 10-ին: Թաղվել է Մարմինայի գերեզմանատանը: 1944-ին հուշաքանդակ է կանգնեցվել նրա գերեզմանին, որն անհետացել է վերջին տարիներին:
Սիրանույշի ծննդյան 150-ամյակը լավագույն առիթն է նրա հիշատակը պահպանելու համար Հայաստանի թատերական գործիչների միության Դերասանի տունը նրա անունով կոչելը, ինչպես Պետերբուրգում այն կոչվում է Սավինայի, իսկ Մոսկվայումՙ Յաբլոչկինայի անուններով:
Սիրանույշի հիշատակի հավերժացման համար պատրաստվել է նրա կյանքի եւ բեմական գործունեության (1857-1932) տարեգրությունը (500 էջ): Ինչպես նման բնույթի ամեն մի գործ, տարեգրությունը եւս լրացումների տեղ է ունենում: Եթե երեւանցիների (ինչպես նաեւ այլ վայրերում ապրողների) մոտ կան (իսկ պետք է որ լինեն) Սիրանույշի մակագրությամբ լուսանկարներ, ապա շատ ցանկալի է դրանց տեքստը տրամադրել Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի թատերական բաժնի վարիչին, համոզված լինելով, որ իրենց անունն էլ տեղ կգտնի տարեգրության մեջ, իբրեւ սկզբնաղբյուր:
Նկար 2. Սիրանույշը Անիում, 1904։ Լուսանկարիչ` Արամ Վրույր
Նկար 3. Գերապատիւ Հայր Կոմիտասին անչափ գեղեցիկ եւ թանկագին յիշատակի փոխարեն խորին յարգանօք։ 1 մարտ 1909, Բագու