ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2008-02-09 | #4, 2008-02-23 | #5, 2008-03-15


ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ

Ուզենք թե չուզենքՙ այսուհետեւ Մարտի 1-ը մեզ համար մնալու է ազգային ամոթի, ներքին տվայտանքների եւ հասարակական թերությունների խոստովանության օր: Իզուր թափված արյան, կողոպուտի ու հրկիզումների հիմքը ներքին ատելությունն էր, որ իր ցավալի ու տգեղ դրսեւորումներն ստացավ մի բուռ մարդկանց եւ մի շարք հանգամանքների դրդումով: Ատելությունՙ ինքն իր դեմ ու միմյանց նկատմամբ: Ինչպե՞ս հրահրվեց եւ ուժգնացավ դաՙ բոլորս գիտենք, բոլորս տեսանք: Բայց ավելի կարեւորըՙ այդ ատելությունը կար մեր մեջ, եւ այդ օրն ու նախորդող օրերին ավելի խտացավ, խորացավ եւ խոր վերք թողեց մեր մարմնի ու հոգու մեջ:

Ժամն է ինքնախոստովանության: Ազգային բարոյականության ճգնաժամ է: Պահն է խոստովանելու մեր մեջ կուտակված անբավարարվածությանը, անբարոյությանը, տգիտությանը, ընչաքաղցությանը, լկտիությանը, անպատասխանատվությանը, անպատժելիությանը ապավինելու, պետություն եւ օրենք չհարգելու եւ օրենքով ու պետությամբ պաշտպանված չլինելու եւ մյուս ախտերի մասին: Պատասխանատուներ միշտ էլ կարելի է գտնել, բայց գլխավոր պատասխանատուն միշտ էլ իշխանությունն է: Իշխանություններին թվում էր, որ կյանքի պայմանները մի քիչ բարելավելը, կենսաթոշակն ու ռոճիկը մի քիչ բարձրացնելը, նոր թաղամասեր ու շենքեր կառուցելը, ճանապարհներն ասֆալտապատելը, ջրագիծ ու գազախողովակ անցկացնելը բավարար է ազգի բարոյական նոր կերպարի ստեղծման համար: Այնինչ անարդարությունն ու անբարոյությունը, դատարաններից սկսած մինչեւ կրթական համակարգ, հեռուստատեսություն եւ մամուլ, թագավորում են ամեն տեղ, թելադրում ամեն ինչ: Նույնիսկՙ հասարակության մեր ամենապինդ օղակիՙ ընտանիքի ներսում, ուր երբեմն, ցարդ չլսված ու չտեսնված երեւույթ, ամուսինը հանդուրժում է, որ կինը մեկնի Թուրքիա կամ Դուբայՙ մարմնավաճառության: Հասարակությունՙ ուր հանդուրժվում է, ի՜նչ եմ ասում, հարգանքի՛ է արժանանում հասարակաց տներ պահող պատգամավորն ու նախարարը, մաուզերիստ գեներալն ու ջիփ-սիրուհիներ պահող մաքսավորը, կաշառակեր դատավորն ու ընտրություններ կեղծող նոմենկլատուրան:

Նման պայմաններում ու մթնոլորտում անշո՛ւշտ կլինեն արտաքին հրահրիչներ ու ներքին ատելավառ ու վրեժխնդիր մարդիկ, որոնք հրապարակ կիջնեն ոչ թե ախտորոշելու-ախտահանելու եւ բուժելու, այլ ատելությունը բոցավառելու, եղածի վրա նոր անբարոյականություն կուտակելու...

Ասում ենՙ հասարակության ու պետության հոգեկան ու մտավոր առողջությունը կախված է մտավորականությունից: Իսկ ո՞ւր է մեր մտավորականությունը. նսեմացած, շփոթված, լավագույն դեպքումՙ իր ոստրեում պարփակված, պայքարելու ընդունակությունը կորցրած մարդիկ, ովքեր պետական պաշտոնյայից ու պաշտոնական գողից կախյալության մեջ են դրել իրենց անձը: Իսկ ո՞վ է պայքարելու անարդարությունների դեմ, ո՞վ է դեմ կանգնելու բարոյական անկմանը: Ինչո՞ւ ձայն չհանեց Ազատության հրապարակում ազգին ու պետությանը անպատվող մարդու կողքին կանգնած այն մտավորականըՙ սիրելի երաժիշտը, կոմպոզիտորը, երգիչն ու դերասանը եւ անգամ ազատախո՜ս լրագրողը, եւ չասաց այդ նույն մարդուն. «Սիրելիս, ես քեզ սիրում եմ եւ պաշտում, սակայն դու իրավունք չունես քո կողքին չեղող իմ ունկնդրին, իմ հանդիսատեսին, իմ ընթերցողին ու գործընկերներիս «ազգի տականք» կոչելու, դու իրավունք չունես քո օգտին չքվեարկած մեկ միլիոն եւ ավելի մարդկանց «դավաճան» կոչելու»: Այդ հարգելի ու սիրելի մարդկանցից ոչ ոք չխոսեց: Ափսո՜ս: Ինչպես չխոսեցին ու չեն խոսում, չպայքարեցին ու չեն պայքարում այն մյուս մտավորականները, որոնց աչքի առաջ շարունակում է աղճատվել մեր հասարակության ու պետականության բարոյական կերպարը: Հազա՜ր ափսո՜ս:

Այնքան ժամանակ, որ մեր մտավորականը, արվեստագետը, ուսուցիչն ու լրագրողը լուռ կմնան երկրում մոլեգնող անբարոյականության դիմաց, ճգնաժամը կշարունակվի:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4