ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2008-02-09 | #4, 2008-02-23 | #5, 2008-03-15


ԳԼՈԲԱԼ«Ա»ԱՑՈՒՄ

ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Օրընթաց մամուլում, գիտական պարբերականներում հայոց լեզվի մաքրությանը, զարգացման միտումներին վերաբերող հրապարակումների պակաս երբեւէ չի զգացվել: Արդարեւ, մենք շատ ուշադիր ենք` լեզվի մաքրությունն աղարտող զանազան սխալները հրապարակ բերելու, եւ ջանադիր` մեր գրավոր ու բանավոր խոսքից դրանք բացառելու համար:

Այնուամենայնիվ, մտավախություն կա, թե հանրության ուշադրությունը պարբերաբար սեւեռելով լեզվական ինչ-ինչ սխալների, էական եւ ոչ էական թերիների վրա, մենք կարծես մի առավել մեծ վտանգի ահազանգը լսելու համար` խուլ, այդ վտանգի մասին բարձրաձայնելու համար համր ենք ձեւանում: Խոսքը համընդհանուր` գլոբալ- «ա»ացման մասին է: Հայ դպրոցականը, ուսանողը, որ հմտացել է եւ շաղկապից առաջ ճիշտ (ենթակայի փոփոխությամբ պայմանավորված) ստորակետ դնել, որ հրաշալիորեն վարժվել է տարբերել վերաբերել-ն ու վերաբերվել-ը, որ սովորել է գրավոր ու բանավոր խոսքում իմ համար-ի փոխարեն ինձ համար գործածել, այդուհանդերձ չի սովորել սխալ համարել բանասեր ա, ասում ա, ա օժանդակ բայով բաղադրված այլ հազարավոր, անհաշիվ կառույցները: Դրանց մերժելի լինելու գիտակցումը չկա: Ավելին` լեզուն հետեւողականորեն զրկվում է է օժանդակող բայից` անէանում է: Եվ վաղուց ա օժանդակ բայը միայն բարբառներում կենդանի ու կենցաղավարող լեզվական իրողություն չէ. նա արդեն նախարարական աթոռներ է «գրավել», հայտնվել բարձր պաշտոնական խոսքում, թափանցել գրավոր խոսք ու գեղարվեստական գրականություն:

Եվ այս դեպքում հարկ կա խոսելու ոչ թե սխալի, այլ վտանգի մասին:

Թերեւս ավելորդ չէ հիշեցնել, որ հայերենը էահենք, էական լեզու է, հետեւաբար խոսքից (գրավոր թե բանավոր) վտարել է-ն` նշանակում է հենց այդպիսի` էական հարված հասցնել հայոց լեզվի հնամենիությանն ու ավանդականությանը, խզել ժառանգորդական կապը նրա զարգացման տարբեր փուլերի միջեւ: Հիշենք նաեւ, որ է-ն սոսկ հնչյուն չէ` ա-ով դյուրին փոխարինելի, մինչդեռ է-ի դերակատարությունն իր վրա վերցնող ա-ն վերջինիս զիջում է հենց նրանով, որ սոսկ հնչյուն է: Հայը աղոթում է նախադասության մեջ է-ն նշանակում է` հայը աղոթքի մեջ (աղոթ(ք)ում) կա (է), մինչդեռ իմաստազուրկ ու անմիտ է աղոթում ա-ն: Ո՞վ է դռան հետեւում նախադասության մեջ ով է-ն նշանակում է ով կա. եւ դարձյալ իմաստազուրկ ու անիմաստ է ով ա-ն:

Անշուշտ, պիտի առանձնակի կարեւորել է-ի խորհրդաբանական արժեքը. Է-ն Աստված խորհրդանշող բառերից մեկն է: «Է. դրոշմեալ ի սկիզբն կոնդակաց եւ նամակաց նշանակէ` Աստուած, Աւետարան, Յանուն Աստուծոյ» (Նոր բառգիրք Հայկազեան լեզուի», հատոր առաջին, 1836, ի Վենետիկ): Է-ն նաեւ նշանակում է 7 կամ 7-րդ (յոթերորդ տառը հայոց այբուբենում)` սրբացած թիվ: Հետեւապես, կանոնական հայերենից կույր ջանադրությամբ դուրս մղել է-ն` նշանակում է մեր լեզուն զրկել է-ով տոգորուն խորհրդից ու աստվածային էականությունից:

Վերադառնանք «ա»-ախոսությանը: Ա օժանդակ բայի համընդհանուր գործածությունը որեւէ բարբառի տիրույթում, անշուշտ, պարսավելի չէ, ավելին` ցանկալի է, որովհետեւ յուրաքանչյուր բարբառ գոյատեւում է այդկերպ` ուրույն լեզվական օրենքներով, լեզվամտածողությամբ, բառապաշարով: Ամեն բարբառ լեզվի մի երակ է բաբախուն պահում. բազմաթիվ լեզվական իրողություններ անխաթար են մնում բարբառների մաքուր շերտերում միայն. շատ լեզվական անորոշություններ հստակվում են հենց բարբառների օգնությամբ: Բարբառը պիտի պահպանել: Հետեւաբար, խոսքը բարբառներում գործառնող ա օժանդակ բայի մասին չէ:

Սակայն դուրս գալով բարբառային, ժողովրդական խոսքի սահմաններից` ա-ն ինքնաբերաբար ձեւավորում է յուրատեսակ լեզվական աղանդավորություն, որը, մերժելով կանոնական է-ն, ճանապարհ է բացում պարականոն «ա»-ացման համար: Վտանգը մեծանում է ավելի, երբ գլոբալ «ա»-ացման դրոշակակիր է դառնում մտավորականը` նույնիսկ հեռուստաէկրանից չխորշելով «ա»-ախոսել: Վտանգավորից բացի նաեւ վիրավորական է, որ «ա»-ախոսում է մտավորական այն հատվածը, որ կրթության ու մասնագիտության բերումով պիտի դա թույլ չտար. «ա»-ախոսում է, ազգագրագետը, պատմաբանը, գրականագետը, լեզվաբանը:

Ցավոք, մեր իրականության մեջ կա ավելի վատթարը` իր գրականությունն ա-ով է ստեղծում հայ գրո՛ղը եւ դա անում է նպատակադրվա՛ծ, հետեւողականորե՛ն: Բարբառային ա օժանդակ բայը նրա գրչի դավադիր կամքով հայտնվում է ոչ միայն բարբառախոս հերոսի լեզվում (որ կընկալեինք իբրեւ գեղարվեստական ոճավորում - եւ ընդամենը). ա-ն այլեւս մերօրյա հայ գրողի ամբողջ խոսքում է` հերոսների թե հեղինակի: Ի՞նչ է սա. բանաստեղծի ասած` «պարապ օրիգինալությո՞ւն», որով տաղանդի ու շնորհի ակնհայտ պակասն է թաքցվում, թե՞ վերն ակնարկված լեզվական աղանդավորություն, որ սկսել ու շարունակվելու դեպքում դեռ շատ ավերածություններ է գործելու: Գեղարվեստական ի՞նչ խնդիր է լուծում, օրինակ, «ա»-ագիր Մարինե Պետրոսյանը` «Հայկական ժամանակ» թերթում ժամանակ ու անժամանակ հայտնվելով իր հրապարակախոսական հոդվածներով, որ երեւան են բերում հեղինակի գոռոզ ջանքը` ինքնատիպ երեւալու եւ բարոյախոսելու: Գրասերիս համար այս գրողը բացարձակ անհայտություն է, որը, սակայն, շատ դյուրին գտել է եթե ոչ գրականության, ապա գոնե հայ մամուլի պատմության մեջ հիշվելու իր պուճուր հնարը: Քաղաքական-հրապարակախոսական իր անվերջանալի խորհրդածությունների վերջին պտուղներից մեկը Մ. Պ.-ն վերնագրել է ` «Մեր զորության պահեստը» եւ ենթավերնագիր դրել` «Հարեւանս մեկ ոգեւորվում ա, մեկ հուսահատվում» («Հայկական ժամանակ», հունվար 29, 2008 թ.): Աստված հարեւանի հետ, բայց ընթերցո՛ղն է հուսահատ, ընթերցո՛ղն է շնչահեղձ այդօրինակ գրավոր խոսքից, այդ խոսքի շինծու-տհաճ ժողովրդախոսակցականությունից: Պատահական մի քաղվածք հոդվածից. «...Օրաթերթը, որ հավատի քչությունը վերջերս շփոթում ա «սկզբունքայնության» հետ, նկատեց, որ հունվարի 22-ը հիշացնում էր 88-ի փետրվարը»: Չգիտեմ` ընթերցողին ի՛նչ է հիշացնում այս մեջբերումը, ինձ համար այն հնչում է հիշոց-հայհոյանքի նման, հիշոց` ուղղված մայրենիի մաքրությանը: Հայ գրողն այնքան անթաքույց է խորշում է-ից, որ ակամա մտածում ես, թե նա իր հակակրանքը տարածում է նույնիսկ հիշեցնել բառի` այս դեպքում միանգամայն «անմեղ» է-ի (ե գրությամբ) վրա` հիշեցնել-հիշացնել: Ահավասի՛կ գլոբալ«ա»ացումը:

Տարաբախտաբար, «ա»-ախոսում եւ նույն կերպ է գրում նաեւ գրողը, որ ձիրք ու տաղանդի պակաս բնավ չունի: Բանաստեղծ Արմեն Շեկոյանը հիշյալ` «Հայկական ժամանակ» անունով (ի՛նչ զուգադիպություն) վեպ է գրում` իր հերոսներին գրեթե առանց բացառության խոսեցնելով «ա» օժանդակ բայով: Վեպը մեծ ծավալ ունի եւ դեռ մեծանալու է, թերեւս` մի տասնյակ հատոր: Եվ եթե մեկը ցանկություն ու ժամանակ («հայկական») ունենա այն սկզբից մինչեւ վերջ կարդալու, ապա ա-երի անվերջ տարափից անկասկած ինքն էլ կդառնա, եթե այդպիսին չէ, «ա»-ախոս ու «ա»-ագիր: Այո՛, Ա՛. Շեկոյան, ուզես թե չուզես` այդպես է: Ուզես թե չուզես, ընթերցողի համար Արարատյան բարբառն ու քո Երեւանյան խոսվածքը դու որպես «ոստանիկ» եւ օրինակելի-ընդօրինակելի լեզու ես հրամցնում:

Եվ այստեղ է, որ պիտի արտահայտեմ իմ եւս մի մտահոգությունը` խոսքիս ընթացքը փոքր-ինչ բեկելով:

Երեւանը սիրելի է բոլորիս, սիրելի են, անշուշտ, նաեւ երեւանցիները: Սակայն երեւանաբնակությունը սկսել է հաճախ ու գնալով կարծես առավել անթաքույց «հակադրվել» գավառաբնակությանը, իսկ երեւանաբնիկությունը կամաց-կամաց համարժեք է դառնում տոհմիկ ազնվական ծագման փաստաթղթին (համապատասխանաբար` բնիկ գավառացի լինելու փաստը անհերքելի ապացույց է «շինական» անցյալի): Խիստ կասկածում եմ, թե որեւէ գավառաբնակ լրագրող կամ դերասան կփորձեր հեռուստաեթերով տարիներ շարունակ համայնացնել իր բարբառից որեւէ բառ կամ արտահայտություն, ինչպես ջանադրաբար անում են մեր երեւանաբնակ հեռուստաերեւելիները` ամեն պատեհ առիթով հնչեցնելով, օրինակ, պապու, տատու սխալ-տհաճ-անբարեհունչ ձեւերը. ավելին` պապու-տատու-ն միտում ունի դառնալու երեւանաբնակության յուրատեսակ բանավոր ապացույցներից մեկը: Հանգունորեն ավելի զորեղ ապացույցի արժեք է ստանում «ա»-ախոսությունը. «ա»ախոսում ես, ուրեմն, ամենայն հավանականությամբ, երեւանցի ես: Հենց երեւանցի («ազնվական») լինելու ապացույցով ու թողտվությամբ չե՞ն հեռուստաէկրաններից ազատ ու անբռնազբոս «ա»-ախոսում, օրինակ, երգիծող Հրանտ Թոխատյանը, հանդիսավար Ֆելիքս Խաչատրյանը: Առաջինի հեռուստախոսքը, «ա»-ախոսությունից բացի, լեցուն է բարբառային բառերով (անշուշտ, նաեւ անկրկնելի պապու-տատու-ով), օտարաբանություններով: Արգո դերասանին գուցե հիշեցնենք այն ճշմարտությունը, թե «ժողովրդական ոճ» կամ «խոսակցական ոճ» ասածը չի ենթադրում միայն եւ ընդամենը ժողովրդական-բարբառային բառ կամ արտահայտություն: Ոճ կարելի է ձեւավորել նույնիսկ առոգանության միջոցով: (Հ. Մաթեւոսյանն իր գեղջուկ ծեր հերոսի բերանը չի էլ «բացում»` ինքն է իր հերոսի մասին ասում. «Ծիծաղե՜ց...», եւ այդքանը բավական է պարզ պատկերացնելու համար ոչ միայն գեղջուկ, այլեւ լոռեցի՛ ծերունու: Այդպե՛ս են ոճաբանում): Ֆ. Խաչատրյանի հեռուստախոսքը, ի տարբերություն գործընկերոջ, համենայն դեպս, հավաք-կառուցիկ խոսքի, անկազմակերպ, անփույթ, մանվածապատ ու սխալաշատ է` համեմված «ա»-ախոսությամբ. նա գրական հայերենին կատարելապես չի տիրապետում: Ինչո՞ւ առանձնացրինք-հիշեցինք այս երկուսին: Պատճառը մեկն է. նրանք` իրենց հանրահայտությամբ («երկու աստղ»...), հեռուստաէկրաններին երեւալու հաճախականությամբ, երիտասարդության վրա իրենց հեռազդեցությամբ, վտանգավոր կերպով նպաստում են գլոբալ«ա»ացմանը:

Այո, «ա»-ախոսությունն այլեւս ամենուր է` մամուլում, հեռուստաեթերում, գրականության մեջ: Նա իր համար տիրույթներ է նվաճում, եւ դա հեշտորեն հաջողվում է, քանի որ երկրիս բնակչության ստվար զանգվածը հենց «ա»-ախոս է. տիրույթներ է նվաճում, քանի որ «ա»-ախոսությունը գրավում է մեր բարբառային քարտեզի մեծագույն մասը, եւ տարածական իմաստով նվաճելու բան, ըստ էության, չկա էլ: Բայց նա իր համար նոր` մինչ այժմ անխաթար-մաքուր պահվող տիրույթներ է նվաճում (գրականություն, զանգվածային լրատվամիջոց)` հատկապես զորեղացած մեր հասարակության, մեր ազգի եւ պետության պատասխանատուների անտարբերությամբ ու թողտվությամբ: Նաեւ` նրանց իսկ մասնակցությամբ:

Եվ դա վտանգավոր է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4