ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2008-02-23 | #5, 2008-03-15 | #6, 2008-03-22


«ԻՆԴԻԱՆԱ ՋՈՆՍ-4»-Ի ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

Ինդիանա Ջոնսի նոր արկածները նկարագրող ֆիլմն էկրաններին կհայտնվի մայիսի 22-ին: Իսկ դրանց վերաբերող տեսահոլովակն արդեն ցուցադրվում է, ջերմ ընդունելություն գտնելով կինոսիրողների եւ Հարիսոն Ֆորդի տաղանդի երկրպագուների շրջանում:

Տեսահոլովակն առաջին անգամ ցուցադրվեց փետրվարի 14-ին, «Բարի լույս, Ամերիկա» ծրագրում: Դրանից հետո «Lucasfilm»-ը եւ «Viacom inc՛s Paramount Pictures»-ը տեսահոլովակը տեղադրեցին համացանցի հատուկ կայքում եւ ցուցադրություն սկսեցին աշխարհի բազմաթիվ կինոթատրոններում եւ հեռուստաալիքներով: Միայն մեկ շաբաթվա ընթացքում տեսահոլովակը ցուցադրվեց ավելի քան 200 մլն անգամ:

Ինչ վերաբերում է կինոթատրոններին, այնտեղ նոր ֆիլմի գլխավոր մեղեդին ընդունվում է գրեթե ծափողջույններով: Իսկ համացանցում տեսահոլովակն արժանանում է անչափ դրվատական գնահատականների: Ինդիանա Ջոնսի արկածներին նվիրված առաջին երեք ֆիլմերի համեմատությամբ նոր ֆիլմն առավել մուլտիպլիկացիոն բնույթ է կրում, եւ դա դուր է գալիս հանդիսականին:

«Paramount» ընկերության նախագահ Հարրի Ռիչը նշում է, որ նոր տեսահոլովակը համացանցում տարածվել է «անտառային հրդեհի արագությամբ» եւ դուր է գալիս ամեն տարիքի մարդկանց: Նրա կարծիքով, տվյալ դեպքում զգալի դեր են խաղում բարձր տեխնոլոգիաները:

Նոր ֆիլմի հեղինակներն ակնկալում են գրավել ոչ միայն ավագ սերնդի հանդիսականներին, այլեւ երիտասարդներին ու պատանիներին: Հենց այդ նպատակով ֆիլմի տեսահոլովակը մտցվեց համացանց: Միայն առաջին շաբաթվա ընթացքում այն դիտեցին Yahoo-ի կայքէջի 4,1 մլն եւ IndianaJones.com հատուկ կայքէջի 6 մլն այցելուներ: Դա յուրօրինակ ռեկորդ է:

Ջորջ Լուկասի եւ Սթիվեն Սփիլբերգի հանրահայտ եռապատումը սկիզբ առավ 1981-ին, կորուսյալ տապանի որոնումները նկարագրող ֆիլմով: Երեք տարի անց հայտնվեց «Ինդիանա Ջոնսը եւ Ճակատագրի տաճարը» ֆիլմը, իսկ 1989-ինՙ «Վերջին խաչակրաց արշավանքը» պատումը: Կինոթատրոններում երեք ֆիլմերի ընդհանուր հասույթը կազմեց 1,2 մլրդ դոլար:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4