«Հրաշք ակնթարթի մեջ է թաքնված հավերժականը» Յուսուֆ Քարշ
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Ինձ միշտ զարմացրել է հայերի սերը լուսանկարչության հանդեպ: Ապշել կարելի է, որ հայերն ամբողջ Մերձավոր Արեւելքում ու Կովկասում առաջին ներմուծողներն են եղել լուսանկարչական արհեստ-արվեստի` լուսանկարչության գյուտից շատ քիչ ժամանակ անց, 19-րդ դարի կեսերին: Օսմանյան կայսրության տարբեր քաղաքներում, հատկապես Կոստանդնուպոլսում եւ Զմյուռնիայում ու Տրապիզոնում, արաբական երկրներում` Կահիրե, Ալեքսանդրիա, Հալեպ, Դամասկոս, Բեյրութ, Ամման, նաեւ Երուսաղեմ, Հայֆա եւ մյուս քաղաքներում, ինչպես նաեւ Պարսկաստանի տարբեր վայրերում, իսկ մյուս կողմից` Ռուսական կայսրության կովկասյան տարածաշրջանում` Թիֆլիս, Երեւան, Կարս, Ալեքսանդրապոլ, Բաքու, Բաթումի, նաեւՙ Ռոստով, Օդեսա, Վառնա եւ այլուր, հայ լուսանկարիչները տիրապետող, ժամանակակից տնտեսագիտական եզրաբանությամբ` մենաշնորհային դիրք են ունեցել այս ասպարեզում իրենց եվրոպական տիպի ստուդիաներով, կենցաղայինից մինչեւ պաշտոնական ծառայությունների մատուցմամբ, որպես հաճախորդ ունենալով հասարակ մարդկանցից մինչեւ թագավորական ընտանիքներ եւ օտարերկյա դիվանագիտական առաքելություններ: Պատճառը թերեւս այն անհատականություն-ինդիվիդուալիզմն է, որով հայերը տարբերվել են շրջապատի մյուս ժողովուրդներից, իսկ լուսանկարչությունը, որն ընդամենը աչք-ոսպնյակ-օբյեկտ հարաբերությունն է լուսային միջավայրում, այսինքն` գերազանցապես անհատական դիրքորոշում եւ արդյունք, ճիշտեւճիշտ ինդիվիդումի դրսեւորման կարիքներին է համապատասխանում: Եվ այս պարագայում օբյեկտը, դա լինի մարդ, բնանկար թե հուշարձան, փոխադարձաբար ակտիվ է լուսանկարչի նման:
Մի՞թե պատահական է արեւմտահայերի մոտ դեռ հին ժամանակներից մինչեւ օրս հատուկ կարեւորությամբ շեշտվող «պատկեր մը քաշվելու» պահանջը, պահը «անմահացնելու» ձգտումը, դա լինի ամուսնական լուսանկար թե մանչուկի պուպուլիկով նկար եւ կամ տպագիր մամուլում լուսանկարով երեւալու մարմաջՙ ինքնամեծարման յուրօրինակ մի դրսեւորում:
Այս ասպարեզում հավանաբար իր դրական դերն է կատարել նաեւ դեպի Եվրոպա եւ ամեն բանի եվրոպականը բացվելու հայերիս ձգտումը, եվրոպական բարեկիրթ քաղաքային կյանքով ապրելու ցանկությունը:
Նման պայմաններում ամենեւին պատահական չէր, որ հայերը համաշխարհային լուսանկարչության մեջ ունենային Աբդուլլահյան եղբայրների, Սեւրուգինի, Էդգար Շահինի, Յուսուֆ Քարշի, Գավուքի, Հարություն Չոլաքյանի, Մանուկ Փոլադյանի կամ Արա Գյուլերի նման մեծություններ:
Հանրագումարում ստեղծվել է պատկառելի մի մշակույթ, որը դժբախտաբար քիչ է ուսումնասիրվել եւ ավելի քիչ` մատուցվել:
Ահա այդ բացը լրացնելու է գալիս, մեծ ուշացումով, վերջերս «Տիգրան Մեծ» հրատարակչատանը լույս ընծայված Վահան Քոչարի «Հայ լուսանկարիչներ» պատկառելի ալբոմ-հանրագիտարանը: Շուրջ 450 մեծադիր էջերի վրա տարածվող ալբոմը հեղինակը կոչել է «Կենսագրական բառարան», իրավամբ: Ավելի քան 500 լուսանկարիչներ, Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործած, տեղ են գտել ալբոմում իրենց հակիրճ կամ ընդարձակ կենսագրականներով, դիմանկարներով, առավել հաջողված ստեղծագործություններով, երբեմն նաեւ իրենց առեւտրական կնիքներով ու լոգոներով, որոնք, ինչպես հեղինակն է հուշում, անգնահատելի տեղեկություններ են հաղորդում լուսանկարիչների մատուցած ծառայությունների տեսակի, գտնված վայրի ու թվականի, ինչպես նաեւ ստացած մրցանակների ու մեդալների մասին: Անվերջ պրպտումների, դասակարգման, ճշգրտման ու ծանոթագրման մի հսկայական աշխատանքի արդյունք է այս ալբոմը, որի գաղափարը հղացել է հեղինակի հայրիկը` Եգիպտոսից մայր հայրենիք ներգաղթած տաղանդավոր լուսանկարիչ Անդրանիկ Քոչարը, որի հիշատակին էլ նվիրել է ալբոմը երախտագետ որդին:
Բացվում են ալբոմի ծանր էջերը եւ իրար հաջորդում ծանոթ եւ անծանոթ դեմքեր` գրողներ, դերասաններ, պետական գործիչներ, զինվորականներ, երաժիշտներ, եկեղեցականներ, մարզիկներ, երեխաներ, կանայք` ռոմանտիկ, տխուր, շենշող, առինքնող, կինտոներ, գյուղացիներ, զինվորներ, հուշարձաններ, բնության տեսարաններ, փողոցներ, եկեղեցիներ, աղետի տեսարաններ, բակային կյանք, վերջապես այն ամենը, ինչը հետաքրքրել, հուզել է մեր արվեստագետ-լուսանկարիչներին:
Լուսանկարչության գյուտի եւ զարգացման մասին հակիրճ ներածականից հետո հեղինակը պատմում է 1858 -ին, այսինքնՙ Լուի Ժագ Մանդե Դագերի գյուտից ընդամենը 19 տարի հետո Պոլսի Բեյօղլու (Բերա) փողոցում գործող Աբդուլլահյան եղբայրների լուսանկարչական գործունեության, Վիչեն Աբդուլլահյանի ստացած «արքունի լուսանկարիչ» տիտղոսի մասին, որով փաստորեն սկզբնավորվել է պրոֆեսիոնալ լուսանկարչությունը հայոց մեջ: Այնուհետեւ ներկայացվում են անվանի մյուս նկարիչների գործունեությունըՙ Պարսկաստանում Անտուան խան Սեւրուգինը, Երեւանում Գեղամ Թարիվերդյանցը, Դադայանցը, Փեշտմալջյանը, հայաշատ այլ երկրներում ու քաղաքներում գործունեություն ծավալած լուսանկարիչները: Տաղավարային ու վավերագրական կատեգորիաներով ներկայացվող մեր վարպետները, դիմանկարային եւ արտաարհեստանոցային ժանրերում 150 տարվա ընթացքում ստեղծել են հսկայական ծավալի աշխատանքներ, որոնք զարմացնում են իրենց կատարման վարպետությամբ, թեմաների բազմազանությամբ, խորությամբ:
Ներածականում բնականաբար կարեւոր տեղ է հատկացվել այսպես կոչվածՙ երեւանյան լուսանկարչությանը, սկսելով նախախորհրդայինՙ Թարվերդյանց, Դադայանց, Փեշտմալջյան, Ռուբինյանց, Դանկով, Մելիք-Աղամալյան եւ այլ լուսանկարիչների գործունեությունից, որոնք, փաստորեն, հեղինակի գնահատմամբ, սկզբնավորողներն են արդի հայ լուսանկարչության: Խորհրդային շրջանում նրանց տաղավարները համախմբվել են կենցաղ-սպասարկման ֆոտոկոմբինատի մականի ներքո, որն, այնուամենայնիվ, հնարավորություն տվել է պլանային համակարգից դուրս ստեղծագործելու, մանավանդ որ սփյուռքից հայրենադարձված լուսանկարիչների խումբըՙ Գաբրիել Խանոյան, Սամվել Խանդիկյան, Շանթ Տեր-Առաքելյան, Գուրգեն Եկարյան, Թորգոմ Բոյաջյան եւ Անդրանիկ Քոչար, իրենց հետ բերել էին արտասահմանյան լուսանկարչական նորագույն նվաճումներ թե՛ տեխնիկական եւ թե՛ արվեստային առումով:
Միաժամանակ արտասահմանում, հատկապես Փարիզում, Բեյրութում, Եգիպտոսում, Կանադայում եւ Մ. Նահանգներում, շարունակել է ծաղկել հայկական լուսանկարչությունը, հանձինս Քարշի, Գավուքի եւ մյուսների:
Հեղինակը ներածականում չի մոռացել անդրադառնալ նաեւ Հայաստանում ֆոտոժուռնալիստիկային, որը ձեւավորվել է հիմնականում Արմենպրեսի ֆոտոխրոնիկայի բաժանմունքի շուրջըՙ Գուրոս, Արշավիր Սերոբյան, Հակոբ Հեքեքյան, Պողոս Պողոսյան, Հերբերտ Բաղդասարյան, Մարտին Շահբազյան եւ ուրիշներ: Մինչ արտասահմանում հայկական ֆոտոժուռնալիզմի պատիվը պաշտպանել են Հերրի Գունդաքչյանը (Բեյրութ-Նյու Յորք), Արա Գյուլերը (Պոլիս), Կարո Լաչինյանը (Բեյրութ-ԱՄՆ), Ժորժ Սեմերջյանը (Բեյրութ), Էրիկ Գրիգորյանը (ԱՄՆ) եւ ուրիշներ:
Հատուկ կարեւորությամբ եւ առանց որեւէ խանդի (ինչը դժբախտաբար հատուկ է արվեստագիտական շրջանակներին) Վահան Քոչարը հակիրճ անդրադարձել է նաեւ նոր սերնդի մեր լուսանկարիչներինՙ ֆոտոլրագրության ժանրումՙ Մելիք Բաղդասարյան, Մխիթար Խաչատրյան, Ռուբեն Մանգասարյան, Հակոբ Բերբերյան, Գերման Ավագյան եւ կիրառական լուսանկարչության ժանրումՙ Զավեն Սարգսյան, Մայքլ Ակյան, Լեւոն Փարյան, Զավեն Խաչիկյան եւ ուրիշներ:
Վահան Քոչարն, անշուշտ, կարող էր ներածական այդ բաժնին ավելի լայն տեղ տրամադրել, սակայն հակիրճության մեջ անգամ կարողացել է ընդգրկել այն գլխավոր կենտրոններն ու վարպետներին, որոնք նշանակալից դեր են կատարել համաշխարհային լուսանկարչության մեջ, միաժամանակ ցավով ընդգծելով, որ «այսօր աշխարհում հայ լուսանկարիչների աշխատանքներով ցուցահանդեսներ են բացվումՙ միտումնավոր կամ անգիտակցաբար չնշելով նրանց ազգությունը, հոդվածներ են տպագրվում մեծանուն հայ լուսանկարիչների մասինՙ խեղաթյուրելով նրանց ծագումը»: Կարծում եմ, դրա համար առաջին հերթին պետք է մեզ մեղադրել, որ բացի մի քանի մեծ լուսանկարիչներիցՙ Քարշ, Գավուք, Չոլաքյան եւ ուրիշներ, առանձին կամ հավաքական ալբոմներ եւ ուսումնասիրություններ չեն հրատարկվել: Եվ հենց այդ իմաստով այս հատորին վերապահված է առանձնահատուկ դեր (ի դեպ, մեկենասը մեր հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն է, որն, անշուշտ, գիտակցելով այս աշխատության կարեւորությունըՙ հանձն է առել դրա ծախսալից հրատարակումը), մանավանդ որ, ինչպես մասնավոր զրույցում հայտնեց հեղինակը, հավաքված մեծաքանակ նյութերի վրա պատրաստում է նոր ալբոմՙ անգլերեն լեզվով:
Հատորն ունի մի մեծ թերությունՙ չունի ինդեքսՙ անձնանունների, տեղանունների եւ լուսանկարների ցանկ, ինչը խիստ դժվարացնում է գրքի օգտագործումը, թեեւ լուսանկարիչները միմյանց հաջորդում են այբբենական կարգով: Տպավորություն է ստեղծվում, որ այդ բացը հետեւանք է նյութական մտահոգության:
Այնուամենայնիվ, ալբոմ-հանրագիտարանի հեղինակը, ինքն էլ լինելով տաղանդավոր լուսանկարիչ եւ պոլիգրաֆիստ (ի դեպ, նա հանդիսանում է մեր թերթի հիմնադիր կազմի անդամ), ամենայն երախտագիտության արժանի գործ է կատարելՙ ճաշակով, բանիմացությամբ ու մեծ նվիրումով: Շնորհակալություն:
Նկար 1. Արա Գյուլեր. Պաբլո Պիկասո, 1971 թ.
Նկար 2. Յուսուֆ Քարշ. Ջորջ Բեռնարդ Շոու, 1943 թ.
Նկար 3. Մ. Ժ. Քոնթացյանի կնիքը, Փարիզ
Նկար 4. Աբդուլլահ եղբայրների կնիքը, Կ.Պոլիս
Նկար 5. Ալբան Արամ. Կանացի դիմանկար
Նկար 6. Հերրի Գունտաքճյան. Բանգլադեշի ցիկլոնից վերապրածները