ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2008-04-26 | #9, 2008-05-10 | #10, 2008-05-24


«...ՀԱՑԻ ՏԵՂ ՈՒՆԵՆՔ ԵՐԳ, ԲԱՅՑ ԱՂԱՎԱՂՈՒՄ ԵՆ ԻՆՉՊԵՍ ՀԱՑԸ»

Գեղարվեստական մշակույթի ներկայիս բազմազանությունը ժամանակի անհրաժեշտությամբ է, կարծում եմ: Մի արվեստասեր հայ մարդ ասում էր, որ դրսի շատ քաղաքներում նույն փողոցում իրար կողք-կողքի պատկերասրահները ամենատարբեր ոճի եւ ուղղության կերպարվեստ են ներկայացնումՙ դասականից մինչեւ ամենամոդեռն ավանգարդիստական: Այցելու-դիտորդին տրված է ընտրության լայն հնարավորություն: Այդպես է նաեւ գեղարվեստի բոլոր ճյուղերում, անշուշտ երաժշտության մեջ նույնպես: Ի՞նչ ենք մենք ընտրում, ո՞րն ենք կարեւորում: Ճապոնական կառավարությունը մեծ ֆինանսներ է տրամադրումՙ տարբեր ժողովուրդների հատկապես էթնո արվեստը պահպանելու: Սեւանա կղզու եկեղեցու շրջակայքում մի քարաբեկորին դաջված խաչապատկերը լքված ու անտեր թվաց ինձ, որն իր մեջ կրում էր դարերի կյանք, դարերի մշակույթ: Մտածեցիՙ ի՜նչ ճիշտ են վարվում ճապոնացիք, որովհետեւ տվյալ մշակութակիր ժողովրդիՙ պատմության թատերաբեմից հեռանալու պարագայում անգամ, միեւնույն էՙ նրա հետքըՙ այդ խաչապատկերը, վանքը, երգը եւ այլն, պահպանելն անհրաժեշտություն է, որպես երկիր մոլորակի վրա ապրող մարդկության ընդհանուր հարստություն: Ինչպիսի դիմագիծ-դիմանկար է թողնում հայ էթնոմիավորը երկիր-մոլորակի վրա: Որքանո՞վ ենք մենք այսօր մեր ազգային ինքնությանը հասու, ինչպե՞ս ենք կերտում մեր ժողովրդի վաղվա օրը: Մեր զրույցըՙ երաժշտագետ, «Շարական» հնագույն երաժշտության անսամբլի գեղարվեստական ղեկավար Դանիել Երաժշտի հետ:


- Վերջերս մի երիտասարդ հաճախ է այցելում խմբագրատուն խորհրդատվությանՙ ակցիա է փորձում կազմակերպել ռաբիս երաժշտության դեմ եւ կարծում է, որ մեր հասարակության դեգրադացիայի պատճառը ռաբիս լսելն է, թերեւս, եթե կարելի է այսպես ձեւակերպել ռաբիս մտածողությունը, ապրելու կերպը:

- Նրանց արժանապատվությունը ոտնահարվում է, դրանից կարծես գիտակցական զարթոնք են ապրում, հանդիպել են ճգնաժամի եւ տեսել, որ իրենց հույզերը, իրենց սպասումները չեն արդարանում, փորձում են ինչ-որ բան անել, սակայն դա սոցիալական խոր արմատներ ունի: Երիտասարդներին ոչ այնքան գիտելիք փոխանցել է պետք, որքան առաջացնել մղում դեպի գիտելիքը: Պիտի ձեւավորել այդպիսի երիտասարդություն:

- Դուք Կոմիտասի անվան երաժշտանոցում եք աշխատում, ինչպե՞ս եք դա անում:

- Ինչ-որ տեղ կոնսերվատորիան բացառություն է, որովհետեւ մեր սաները 5-6 տարեկանից երաժշտությամբ են զբաղվում: Երաժշտությունը գաղտնի լեզվով ներքուստ կրթում է մարդկանց: Ովքեր զբաղվում են դասական երաժշտությամբ, շատ չեն աղավաղված, նրանք ունեն մտածողության դիսցիպլին, իմունիտետ, 6 տարեկանից բանվոր են աշխատում, աշխատանքի համն ու երջանկությունը ճաշակած մարդիկ են: Երիտասարդը պետք է նյութի դիմադրությունը զգա, մինչդեռ այսօր համատարած ծուլություն է: Զանգվածային «չարվեստը», հեռուստատեսությունը, ԶԼՄ-ները մարդուն ծուլացնում են, տանում մակաբուծության:

- Իհարկե սա համատարած երեւույթ է, այդ մասսայականությունը Արեւմուտքի ափերից վաղուց արշավում եւ հիմա էլ մենք ենք հայտնվել դրան դեմ հանդիման: Ի՞նչ անելՙ բոլոր ժամանակների հարցը:

- Սա մշակութային պատերազմ է, կա նաեւՙ տնտեսականը: Դեստրուկտիվ, ավերիչ ուժերը լծակները վերցրել են իրենց ձեռքը. նրանց պետք է հաճախորդ: Հոգեւոր հայրերի մոտ հասկացություն կա, որ սատանան սիրում է արագություն: Բնության օրենք է, վայրէջքն ավելի հեշտ է, քան վերելքը:

Վտանգավոր մի մտայնություն կաՙ արվեստի կողոպուտ, բնատուր տաղանդի վերագրումն իրենց նվաճումներին: Ինչո՞ւ են Աստծո տվածն իրենց վերագրում ու դա սերտաճեցնում իրենց եկամտին: Ենթադրենքՙ մի դպրոցում տաղանդավոր աշակերտ կա (այսինքնՙ այս մեկին փչացնել չի հաջողվել), նրա տաղանդը ինչ-որ մարդիկ վերագրում են իրենց. այդ խաբուսիկ արժեքներով են թաքնվում: Արվեստի դալալները վերավաճառում են մշակույթը, խառնուրդներ սարքում: Խառնուրդը մարդկանց դուր է գալիս, որովհետեւ էժան է, հասարակ: Երաժիշտը 6 տարեկանից է երաժիշտ դառնում, երկար ճանապարհ կտրում, «աստղը»ՙ 6 ամսում:

- Այ, ինչպե՞ս եք այսօրվա պայմաններում հոգեւոր երաժշտության քարոզչություն անում:

- Պարադոքս է. մարտնչող աթեիզմի սովետական տարիներին, հոգեւոր երաժշտության մեր անսամբլը, ճիշտ էՙ գրաքննության էր ենթարկվում, բայց նաեւ պետական ուշադրության էր արժանանում: Այսօր անկախ Հայաստանում պարզվում է հոգեւորի կարիքը չկա: Բախի եւ Հենդելի ծննդյան 300-ամյակներին նվիրված հոգեւոր երաժշտության փառատոնին 1985-ին «Շարական» անսամբլը մասնակցել է Մերձբալթիկայում, նաեւ 1984-ին մասնակցել էր կրոնական երաժշտության Մաստրիխտյան (Հոլանդիա) փառատոնին: Այսօր «ինքնուս» է դարձել, թռչունի պես երգում ենք, որ ճյուղին պատահի...

Երաժշտական մշակույթը պիտի համայնապատկերային լինիՙ բազմատեսակ ժանրային հնարավորություններով եւ յուրաքանչյուրն իր տեղը պիտի ունենա: Սակայն պետք է հարգվի նախեւառաջ պրոֆեսիոնալիզմը:

- Արվեստը նախկինում ունեցել է բավականին մեծ նշանակություն հանրային կյանքում: Այսօրվա արժեքներն այլ են: Մենք խնդիր ունենք հանրային գիտակցության փոփոխության. արվեստի դերնՙ այս առումով:

- Կոմիտասն ասում էր. «Երաժշտությունը ամենենմաքուր հայելին է ցեղին», եթե հայելին պղտոր է, ծուռ է, ժողովրդի արտացոլումն էլ այդպիսին է: Կոստան Զարյանն էլ ասում էր. «Մեր ժողովրդի փրկությունը նրա հոգեկան զարգացման մեջ է, նրա մտավոր վեհության եւ մեծության մեջ: Եթե մշակույթը դուրս դրվի, կընկնենք քաղաքակրթության ծխնելույզի տակ կամ կդառնանք մեքենայի մաս, կամ խանութպան»: Այսօր երեքն էլ վխտում ենՙ դարձել ենք խանութպան, մեքենայի մաս, ապազգայինի ծխնելույզի տակ ենք ընկել:

Եթե հասարակության մեջ հոգեւորի պահանջարկ չկա, ուրեմն հիվանդ է այդ հասարակությունը: Մի հաշվարկ կա արված, որ հայ ժողովրդին աշխարհում 70 տոկոսով ճանաչում են Արամ Խաչատրյանով, ոչ թե «հայրենի խորհրդարանով» կամ տնտեսական 12 տոկոս աճով: Մաշտոցի ժամանակ քանի՞ տոկոս է եղել տնտեսական աճը, քանի տրակտոր է եղել, ո՞վ է հիշում: Բայց տառերն են մնացել: Եթե մշակույթը աղավաղվում է այսօր, տառերն էլ կարող են աղավաղվելՙ «թարմացնել», «հեշտացնելու» նպատակով, ղ, ճ, ծ- ն ո՞ւմ են պետք, կարող են չէ՞ մի օր մտածել: Ինչպես այբուբենն է համակարգված, այնպես էլՙ երաժշտությունը: Ապրել նշանակում է պահպանել որոշակի ձեւ, ասում է փիլիսոփան: Իսկ մշակույթների, տարբեր սեռերի արվեստների խառնուրդը, որ անում են այսօր , հերմաֆրոդիտիզմ է, սա չշփոթենք դասական օրինակների հետ, ինչպես օրինակ իտալական թեմայով Պագանինինՙ կապրիս, իսկ Ռախմանինովը ռապսոդիա են գրել: Դա հանճարեղ մարդկանց երկխոսություն է եւ չպետք է համարժեքել, երբ ժողովրդականը ասենք խառնում են խորթ տարրերի հետ:

Կոմիտասի մասին Չարենցը գրել էՙ « Անհանգրվան տարվեցիր երկրից երկիր, որպես մերկ/ Անհայրենիք մուրացիկ, որ հացի տեղ ունի երգ »: Հիմա էլ հացի տեղ ունենք երգ, բայց աղավաղում են, ինչպես հացը: Այսօր դասական երաժշտության վրա Գերմանիայում 30 անգամ ավելի ֆինանս է ծախսվում, քանՙ մնացած ժանրերի: Նիցշեն ասում էր. «Որքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համարՙ պարկապզուկի մի փոքր հնչյուն եւ երգ»: Գերմանացին երգելով իրեն Աստված է զգում, ուղղակի կապ է տեսնում արվեստի հզորության եւ ազգի միջեւ: «Մեռցրեք մուզիկան ու պոեզիան, եւ մեր աշխարհը կդառնա խոզանոց», ասում էր Բեթհովենի ու Վագների եւ մեր Գողթան երգերի երկրպագու Գարեգին Նժդեհը:

Աղաղակում ենք, որ թուրքը Ագուլիսում ջարդ է կազմակերպում, իսկ մեր քթի տակ մենք ոչնչացնում ենք մեր արժեքները: Խաչքարերի ջարդածը երեւում է, երաժշտությանն անտեսանելի է: Ես կարեկցում եմ այդ մարդկանց: Մեր երեխաներն են մեղք, որ չեն զգալու հայի համը, հայ մշակույթի համը, առողջ միջավայրում չեն մեծանալու: Ինչպես երաժշտության մեջ կա թեմա, մեղեդի, նվագակցություն, այնպես էլ հասարակության մեջ: Անհատը մեղեդին է, նվագակցությունը հասարակությունն է: Եթե վատ ես նվագակցում, մեղեդին աղավաղվում, պղտորվում է:

- Հասարակության ներքին կյանքը պղտորված է, երաժշտությունն աղավաղվում է: Բայց երբեմն արվեստասերներն ունենում են արտերկրի որակյալ մշակույթ վայելելու բերկրանքը: Դա մեզ որեւէ բան հուշո՞ւմ է: Իսկ ազդեցություններ ունենո՞ւմ է:

- Ես ասել եմՙ երկնաքարի պես մոխրանում, գնում, հետք չեն թողնում նրանք: Հանճարեղ կոմպոզիտոր, խորաթափանց դիրիժոր է Պենդերեցկին: Մեծ նվեր էր հայ արվեստասերներին: Այս տարին Պենդերեցկու տարի կարելի է կոչել: Բայց այս փայլատակումները ժողովրդի սեփականությունը չեն դառնում, չի ազդվում նա, չի քաղաքակրթվում... թափառող շներն էլի խանգարում են Կամերային տան համերգները («Կոմիտաս» քառյակի հոբելյանին փոխնախարարը խոսում էր. ոսկի մեդալ էր տալիս, շները հաչում էին դրսում, թղթակիցն ինձ է հարցնումՙ ի՞նչ ասաց...):

Արվեստն ունի բազմապիսիՙ հաղորդակցման, զվարճանքի, կրթելու, սեր արթնացնելու ֆունկցիաներ:

- Նաեւՙ բուժական:

- Այո: Սակայն այդ բազմազանությունից ընտրում են հեդոնիստականըՙ վայելքները, հաճույքը: Մինչդեռ պիտի արվեստից վերցնել աստվածայինը, այն, ինչ սեր է արթնացնում մերձավորի նկատմամբ, մարդկային փոխադարձ քրիստոնեական կուլտուրան, այլ ոչՙ տրվել հնչյունների կոպիտ տատանմանը, որ թմրամոլության է վերածվում: Մեծն Հենդելն ասում էր, եթե իր երաժշտությունը միայն հաճույք պատճառեր, ինքը կդադարեր ստեղծագործելուց: Նրա նպատակն էր մարդկանց կատարելագործել, նորոգել:

- Մենք մեծ անհատների, մշակույթի պակաս կարծես չունենք: Դա մեզ չի՞ կարող պաշտպանել: Այսօր ունենք ահավասիկ քաղաքակրթվելու անհրաժեշտություն: Հարուստ մշակույթ ունեցող ժողովուրդը ինչո՞ւ այսչափ «սնանկացավ» հոգեպես:

- Իմանուիլ Կանտը իր «Մարդաբանություն» աշխատության «Ժողովրդի բնավորությունը» գլխում համեմատում է տարբեր ժողովուրդներին: Նա նշում է, որ Թուրքիայում ապրող ազգերը երբեք սեփական նկարագիր չեն ունեցել եւ չեն էլ ունենալու, ուստի չի ուզում անդրադառնալ նրանց:

Հույների մասին ասում է, որ նրանք դաժանորեն ճնշվում են թուրքերի եւ ոչ պակաս հույների կողմիցՙ ներսից: Փիլիսոփան հայերին բնորոշում է որպես խելամիտ, աշխատասեր եւ առեւտրական հատուկ ջիղով օժտված ժողովուրդ, որոնց ուրիշ ժողովուրդներ ընդունում են գրկաբաց: Եվ ավելացնում է, որ հայերի բնավորությունը գերազանցում է ժամանակակից հույների թեթեւամիտ եւ շողոքորթ բնավորությանը: Փիլիսոփան եզրակացնում է, որ երբեմնի հույն դասական, հերոսական ժողովուրդը թուրք եւ հույն կեղեքիչների լծից փչացրել է իր բնավորությունը:

- Նույնը կարող է պատահած լինել նաեւ մեր ժողովրդի հետ:

- Այո, այսօր նման կացություն է Հայաստանումՙ դրսից օտարներն են ճնշում, ներսիցՙ յուրայինները: Ոմանք մխիթարվում են, թե հայ կեղեքիչը, հանցագործը լավ է, քանՙ օտարը: Սա հիշեցնում է մի զավեշտալի դեպք: Մի ազգասեր մարդ ուզում է իմանալ ընկերոջ վշտի մասին: Պարզվում է, որ նրա տղան ամուսնացել է, բայց տղամարդու հետ: Այս ազգասերը մխիթարական հարց է տալիս. «Է՜, գոնե հա՞յ է»...

Սայաթ-Նովան էլ ասում էր, թե չի նեղանում հալածող օտարից, քանզի նաեւ իր հարազատն է հալածում: Սակայն Սայաթը խոսում էր գթասիրտ սիրեցյալի մասին, այլ ոչ թթվածին խլողների մասին:

Մեր ամենամեծ նվիրյալներից Գարեգին Նժդեհի ձեւակերպումով «Երկիրը հայրենիքի աշխարհագրական զրահն է: Հայրենիքը այդ երկիրը մշակող ժողովրդի ոգին է, նրա մշակույթը»: Մեկ այլ իմաստուն այր ձայնակցել է Նժդեհին, ասելով, թե կենդանի հայրենիքը ժողովուրդն է: Ճշմարիտ հայրենասիրությունը ժողովրդասիրությունն է: Այսօր աշխարհը հիանում է եգիպտական բուրգերով, սակայն այդ ժողովուրդը ինչպես Տերյանը կասեր, անհետացել, դարձել է փոշի: Այնպես չլինի, որ ժամանակներ անց մարդկությունը հիացմունք ապրի մեր «բուրգերով», բայց արդենՙ առանց մեզ...

Զրույցըՙ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ


Նկար 2. «Շարական» հնագույն երաժշտության անսամբլ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4