ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Երեք տարի եւ ավելի մշակութային մեր հավելվածում տպագրում ենք Լեռ Կամսարի անտիպ էջերից հատվածներ, եւ յուրաքանչյուր ընթերցում առաջին անգամվա նման հարուցում է նախՙ հիացմունք, ապաՙ զարմանքՙ մարդկային բնության այդաստիճան շիտակության հանդիպելիս: Աշխարհի աղտոտված ու ծուռ հայելու մեջ, որի մսաղացում հայտնվել ենք պարտադրված թե՞ կամավոր, Լեռ Կամսարի պես մտածողի դերն ու տեղը ո՞րն է, հարց ես տալիս: Ու միտքը արագ հայտնվում է` Արեւմտյան Հայաստանի ծովածուփ Վան-Վասպուրականից պիտի դժվարին ճանապարհ կտրեր նա 1915-ի միջով ու հայտնվեր երկրի մյուս ափինՙ «արեւելյանին», ուր բոլշեւիզմը իր մագիլներն էր խրում, ապա այնտեղից փախչեր Թավրիզ: Բայց հետո ճակատագրի հեգնանքով բոլշեւիկներն իրեն հատուկ պիտի հրավիրեին մի երկիր, ուր ստեղծվում էր մարդկությանը անծանոթ, նոր հավատամք ու պաշտամունք հռչակող մի կայսրություն, որի գաղափարական մամլիչների տակ պիտի տրորվեր ճշմարտությունը, կեղծիքը հռչակվեր համընդհանուր չափանիշ: Նյութական աշխարհի ֆետիշացման գաղափարախոսության խնդիրը հոգեւոր արժեքների վերացում-ոչնչացումն էր: Եվ ահա մի շիտակ հոգի, Լեռ Կամսար անունով պիտի հենց ա՛յս պայմաններում հայտնվերՙ այդ աշխարհի մերկությունն իր գրչով խարազանելու: Համաշխարհային գրականության մեջ չգիտեմ, բայց հայ գրականության մեջ իրականության հետ այդքան մերկ խոսող ուրիշ մեկը չկա, որի գրչիՙ այդքան ուղղամիտ, հանդուգն, սարկազմիկ ծաղրի տողատակերում չարության նշույլ չլինի. միայն դառնություն, անասելի տխրություն:
Անդադար զրկանքների, կիսաօթեւան, կիսաքաղց տարիներ կյանքի ձիգ պարանին տարուբերվող, աքսոր Վարկուտաՙ 35-39-ը, 39-ից 55ՙ Բասարգեչար: « Զարմանալի ազգ ենք մենքՙ նախ սովամահ կանենք մեր գրողներին, հետո արդեն կսկսենք մեծարել նրանց: Ես գիտեմ, որ կգա ժամանակ, երբ կփառաբանեք ու կմեծարեք ինձ, բայց ցավը նրանում է, որ ես այդ ժամանակ մեռած կլինեմ », գրել է Լեռ Կամսարը: Բնությունը որպես կանոն շրջանցում է մարդկանց ինքնահնար օրենքները. ժամանակի կշռաչափը չի խարդախում, գալիս է հատուցման ու վարձքի պահը: Բոլշեւիկների կայսրության փլուզումից հետո Լեռ Կամսարը դառնում է ամենափնտրված հեղինակներից մեկը: Նրա հոգեւոր ու գրական ժառանգությունը կրողը թոռնուհինՙ Վանուհի Թովմասյանը բծախնդիր աշխատանք է տանում պապի արխիվային նյութերի հրապարակման ուղղությամբ: «Ազգ-Մշակույթ-Հավելվածում» «Ո՞վ սպանեց իմ պապին» վերտառությամբ հերթական անտիպ էջերի հրապարակումից հետո Սուրբ Ծննդյան օրերին Փարիզից Վանուհուն զանգահարում է մեր հայրենակից Կարպիս Ջրբաշյանը. «Քո պապը չի մեռել, որքան կապրի հայ ժողովուրդը, այնքան էլ պապդ չի մեռնի», ասում, հետո առաջարկում է գրքի տպագրության հովանավորությունը: Ծագումով վասպուրականցի Կարպիս Ջրբաշյանն իր տաղանդավոր համերկրացու հանդեպ հատուկ համակրանք է միշտ ունեցել. նա առաջարկել է գիրքը նաեւ ֆրանսերեն թարգմանել ու տպագրել Փարիզում:
Կենդանության օրոք Լեռ Կամսարը, բնականաբար քիչ է տպագրվել: Արեւմտահայերենով «Գրաբար մարդիկ» գիրքը լույս է տեսնում 1959-ին, հետմահուՙ 1980-ին տպագրվում է մի հատորյակ եւ 88-ին 100-ամյակի առիթով «Հատընտիրը»ՙ հիմնականում վերահրատարակություններ: Առաջին անտիպ ժողովածուն «Կարմիր օրեր»-ը 2000-ին տպագրել է «Նաիրի» հրատարակչությունը, 2002-ինՙ «Սաստիկ կոմունիստներ» բրոշյուրը: Խորհրդային մամուլի խմբագիրներն էլ բարեհաճ չեն եղել Լեռ Կամսարի գրչին: Ամենից քիչ նա տպագրվել է «Գրական թերթ»-ում: Հետանկախական հայկական մամուլը հեղեղված էր Լեռ Կամսարի գրվածքներով («Հայք», «Կանչ», «Մունետիկ», «Առավոտ»):
Երգիծաբանի 120-ամյակի առիթով «Լուսաբաց» հրատարակչատունը լույս է ընծայել «Մահապուրծ օրագիրը (1925-1935)»ՙ Կարպիս Ջրբաշյանի հովանավորությամբ, ընծայագրով հորՙ Մկրտիչ Ջրբաշյանի եւ 1915-ի Վանի հերոսական ինքնապաշտպանության մյուս մասնակիցների հիշատակին: Օրագրությունը ստեղծվել է ստալինյան բռնատիրության մղձավանջի տարիներին, ընդգրկելով 1925-35 թվականները եւ տպագրվում է առաջին անգամ: Գրքի ընդարձակ առաջաբանում Վանուհի Թովմասյանը մանրամասն տեղեկություններ է հաղորդում Լեռ Կամսարի արխիվի պահպանության ոդիսականի մասին: Երգիծաբանը օրագրությունը վերնագրել է «Խորհրդային քաղաքացու օրագիրը», բայց քանի որ գրողի բանտարկությունից հետո (1935 նոյեմբեր 25) կինը, բարեկամները հրաշքով են փրկել ձեռագիրը չեկիստների խուզարկումից, 20 տարի հողում կճուճի մեջ հորելով, այն վնասվել էր նաեւ 46-ի Երեւանի հեղեղից, զանազան փորձություններից, գիրքը վերանվանվել է «Մահապուրծ օրագիր»:
Դրանք թղթերից կարված նոթատետրեր են, առանձին թերթիկներՙ առանց մաքրագրության, որոշ մասը անթվագիր եւ կազմելուց տարեթիվը որոշվել է ըստ բովանդակության: Շատ ավելի դժվար ընթեռնելի ու վնասված նոթատետրերի հատվածները հանձնվել են գրականության թանգարան: Լեռ Կամսարն օրագրությունը սկսել է 1925-ին եւ ավարտել 1965-ինՙ մահվանից մեկ շաբաթ առաջ. օրագիրն ընդհատվել է սիբիրյան աքսորի ժամանակահատվածում: Ունեցել է մի քանի փուլերՙ «Խորհրդային քաղաքացու օրագիրը» ընդգրկել է 1925-1935 թվականները, ընդհատվել է ձերբակալման օրը, շարունակվել բանտում («Բանտի օրագիրը»): Ըստ օրագրային վկայության, Լեռ Կամսարը Վորկուտայում որպես գրասեղան օգտագործել է լագերի ռուս ընկերոջ կռնակը: Սիբիրյան գրառումներն առայժմ անհայտ են: Հայաստանյան տարեգրության շրջանում երգիծաբանը շարունակվող օրագրությունն անվանել է «Չապրած տարիներ»: Համաներումից հետո այն շարունակվում է որպես «Կարմիր ծիծաղ» եւ «Կարմիր օրեր»:
Լեռ Կամսարի կյանքըՙ չապրած տարիները, իր գրականությունը, օրագրությունը, բացառիկ խիզախում է իր ապրած ժամանակի առաջ եւ վկայությունն է այն բանի, որ մարդու բարձրագույն իդեալըՙ ազատությունը իբրեւ բացառիկ հոգեվիճակ յուրաքանչյուրը կրում է իր մեջ, որը կամ արտահայտվում է, կամ ոչ: Այդ դրսեւորմանը չեն կարող արգելք լինել ոչ պատմական իրավիճակը, ոչ ժամանակաշրջանը, ոչ հասարակարգը, ոչ էլ վարչակարգը: Բայց սա անհատների պարագայում, նրանցՙ ովքեր պատասխանատվություն են կրում իրենց ժամանակի, սեփական խղճի հանդեպ: Այսօր 37-ի մթնոլորտի, բարոյականության ու մարդկային նկարագրերի վերանայման բանավիճային շրջանում կրքեր են թեժանում: Ահավասիկ մի գրող, մարդ, որ երբեւէ տուրք չի տվել որեւէ պարտադրանք- ճնշումի եւ աղաղակել է միմիայն ճշմարտությունը:
Լեռ Կամսար ազատատենչն ու ճշմարտաբանը մեզՙ հետնորդներիս շատ պատգամներ է թողել, բայց այս մեկը շրջանցել չի լինում. « Մարդի՛կ, որքան ուժ ունեք, հեռու փախեք կոմունիզմից, դա մարդկային բոլոր տեսակի ազատությունների դամբարանն է »:
«Մարդը տանու շորերով» գրքի հրատարակման օրերին, 1965-ի ուշ աշնանը գրողը անկողնային ծանր վիճակում էր: Կենտկոմն արգելում է գրքի տպագրությունը: Այս մասին նրան ասում է «Հայաստան» հրատարակչության խմբագիրը: Կյանքի բազում հարվածներից սա դառնում է այն ճակատագրականը, որից հետո նա անկողնուց այլեւս վեր չի կենում, դադարում են երկրային կյանքի նրա անլուր տառապանքները.
«Ես աշխարհի վրա բացվող պատուհանս փակեցի, մաքրեցի նրա հետ բոլոր հաշիվներս: Իզուր եւ սին էր իմ պայքարը հանուն ճշմարտության ու արդարության: Ճշմարտությունը անցնելիք ճանապարհ չունի այս մեղավոր աշխարհում: Չնայած այդ անհավասար կռվում ես ընտրել էի ամենաանմեղ եւ ամենաանվնաս զենքըՙ ծիծաղը, սակայն, ոտնահարված եւ անտեսված արդարության եւ իմ բաժին ճշմարտության համար ես խոշտանգվեցի թե՛ մարմնապես եւ թե՛ հոգեպես եւ դատապարտվեցի մինչեւ ի մահ գաղտնի եւ լռելյայն ստեղծագործելու դաժան պատժին: Որպես մարդ ապրելու հնար չեղավՙ չթողեցին որպես մարդ ապրել, գեթ թողնեն որպես մարդ մեռնել...»:
Մեծ մարդ էր վասպուրականցի այս հայը...