Գրչակից ընկերներն ու մտերիմները Նշան Մուրադյանին հիշում են իբրեւ հմուտ բանասերի, զգայուն հոգու տեր անձնավորության, գրի ու մշակույթի ազնիվ ծառայողի: «Նշան Մուրադյանը մեր գրական միջավայրի այն քչերից էր, որ իսկապես գրականության մարդ էր, բառի, նախադասության, արտահայտության որոնող ու շինարարՙ լի բանաստեղծությամբ, երաժշտությամբ, զգայություններով, որ միմիայն ստեղծագործական ներշնչումներ ունեցող մարդկանց է հատուկ», գրել է գրականագետ Կարլեն Դանիելյանը տխուր առիթով:
Նշան Մուրադյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ բանասիրական գիտությունների դոկտոր Ալմաստ Զաքարյանն իր մի քանի տողանոց գրությամբ այսպիսի բնորոշում է տալիս գրականագետին. « Եթե փնտրվում էր զուլալն ու գեղեցիկը` Նշան Մուրադյանն էր: Արվեստը կրում էր որպես ինքնություն, շուրջբոլորը խաղաղություն ու բարություն էր սփռում, եթե հանդիպել էիր Նշանին, ուրեմն իր օրվա մեջ էիր ապրելու, ուրեմն կյանքը քեզ պարգեւ էր: Արվեստի եւ գրականության ուսումնասիրությունը երբեք չդարձրեց մասնագիտություն, արվեստի ու գրականության սիրահար էր ու մինչեւ վերջ ապրեց այդ իրականության մեջ »:
«Գրական թերթի» 1982-ի օգոստոսի 6-ի համարում Վալտեր Արամյանը գրում է. «Ծերունիների մեջ դու կատարյալ մանուկ էիր, երեխաների մեջՙ իմաստուն ու բարի ծերուկ»:
Քննադատի սուր աչք, անսխալ կանխատեսող, կրքոտՙ վեճերում, անզիջումՙ համոզմունքներում: «Հավակնոտ չէր եւ մեծամիտների մեջ տեսնում էր մակերեսային պարզություն ու ոգու բացակայության տխուր փաստը», ազնվասիրտ էր, զգայուն, բարեհամբույր: Այսպիսի նկարագրի տեր մարդուն, մտավորականին, աշխարհին ուղղված նրա հայացքներինՙ գեղագիտական թե կենսափիլիսոփայական, բնորոշ պիտի լինեին երեւույթների ներթափանցման, ներհայեցման հատկություններ, գեղեցիկի հավերժական որոնումների, արդարության զգացումներ:
Նորից դիմենք ժամանակակիցներին. «Բարեկիրթ մեղմությամբ շրջանակված նրա դեմքի ազնվական գծերը, ժպիտը, ձայնը, արտակարգ հայերենը, որով մոտենում, դիպչում էր ձեզ, լիքը մարմնի բարությունը, ամեն, ամեն ինչ, շարժուձեւը, կենսասեր վարքը, համեստությունը, երեւան էին բերում մի քնքուշ հոգի, մի ազնիվ սիրտ, որ լի էր մարդկային բարձր առաքինություններովՙ կարեկցությամբ, սիրով ու նվիրումով այն ամենի հանդեպ, ինչն ամենից առաջ գեղեցիկ էր, ուներ արտիստիկ փայլ, գույների դաշնություն եւ ազնվազարմ երեւույթ» (Կարլեն Դանիելյան):
Նշան Մուրադյանը ծնվել է 1908-ին, Մարգարա գյուղում, երկրագործի ընտանիքում: Ծննդավայրի նախնական կրթությունը Երեւանի Կրուպսկայայի անվան դպրոցում շարունակելուց հետո անցել է ամենալուրջ դարբնոցովՙ կյանքի համալսարաններով. Հայաստանի տարբեր շրջաններում մանկավարժական տեւական աշխատանքներից հետո Երեւանի գրականության եւ արվեստի թանգարանում գրականագիտական առաջին քայլերով սկսվում է մշակութային իր գործունեությունը: Հընթացս էքստերն ավարտում է մանկավարժական ինստիտուտը:
Թատերագիտական ուսումնասիրությունների մեջ էականորեն դեր է կատարել Սունդուկյանի թատրոնում աշխատանքային փորձը (նա այնտեղ գրական բաժնի վարիչն էր), ինչպես նաեւ «Հայֆիլմ» կինոստուդիայում խմբագրի գործը: Առավել արդյունավետ էին գրականության եւ արվեստի ինստիտուտների հետ համագործակցության տարիները:
Գրականագիտական նրա հմտությունները բացահայտվեցին Միքայել Նալբանդյանի երկերի քառահատորյակի եւ Հովհ. Հովհաննիսյանի երկերի լիակատար ժողովածուի ակադեմիական հրատարակությունների աշխատանքներին իր անմիջական մասնակցությամբ, իսկ հետոՙ նրանց գրական ժառանգության ուսումնասիրությամբ: Հեղինակել է «Միքայել Նալբանդյան», «Հովհ. Հովհաննիսյանի արվեստը» գրքերը, «Աբովյանի պոետիկան» մենագրությունը: Վերջինս հետագայում որպես դոկտորական դիսերտացիա է պաշտպանել:
Նշան Մուրադյանն առանձնահատուկ է վերաբերել հանճարեղ անգլիացու թատերգությանը. Վիլյամ Շեքսպիրը նրա բանասիրական պրպտումների ամենակարեւոր «հանգրվաններից» էր: Նա ներգրավվում է Շեքսպիրի երկերի հայերեն առաջին հրատարակության բնագրերի կազմման աշխատանքներում («Համլետ», «Օթելլո», «Մակբեթ», «Արքա Լիր», «Վենետիկի վաճառականը»ՙ Հովհ. Մասեհյանի թարգմանությամբ): Իր ներդրումը շեքսպիրագիտության մեջ ընթացել է երկու ուղղությամբՙ հայերեն թարգմանությունների բնագրերի կազմում. ծանոթագրում, Շեքսպիրի կյանքի եւ գործի հետազոտում: Հեղինակել է 1972-73-ին «Գրական հուշարձաններ» մատենաշարով լույս տեսած շեքսպիրյան Քրոնիկների գեղագիտական վերլուծականների առաջաբանները, հանդես է եկել բազմաբնույթ հոդվածներովՙ շեքսպիրյան հայերենի հնչողության խնդիրներին («Մասեհյանի տաղաչափական գյուտը»), որոշ ստեղծագործությունների թեմատիկ առանձնահատկություններին վերաբերող («Տիմոն Աթենացի»): Գրական, թատերական շրջանակներում հետաքրքրություն է առաջացրել «Համլետի առեղծվածը» հրապարակումը: Նշան Մուրադյանի կարեւոր աշխատություններից է «Շեքսպիրի կյանքն ու գործը» եւ թատերագրի 700-ից ավելի կերպարների նկարագրությամբ ու գնահատությամբ «Շեքսպիրի տիպերի հանրագիտարանը»ՙ տպագրված հետմահու, 1986-ին:
Գրականություն, թատրոն, կինո. արվեստի այս բնագավառներում պրոֆեսիոնալ նվիրումով աշխատած Նշան Մուրադյանն իր կոլեգաների հիշողություններում մնացել է «տաք բանավիճողի, գեղարվեստական ու ընկերային անքեն միջավայր ստեղծողի, անսպասելի հղացումներ մատուցողի, շատ ոգեշնչվող, հմայիչ մարդու եւ զրուցակցի» նկարագրով: Նրա այս կերպարը ամբողջանում է Մ. Սարյանի հայտնի «Չարենցի դիմանկարի (1923 թ.) հետ կապված հետաքրքրական պատմությամբ:
37-ականների ծանր մղձավանջի տարիներին նա գրականության եւ արվեստի թանգարանի արխիվի բաժնի վարիչն էր: Թանգարանի սրահներից մեկում կախված Սարյանի կտավի ճակատագիրը վտանգված էր. այդ օրն արդեն նկարը հանված եւ հատակին էր դրված: Լարված մի պահի Նշան Մուրադյանն առաջարկում է թաքցնել կտավը անպետք իրերով ու հարյուրավոր նկարներով լեցուն նկուղում. փաթաթում է լրագրով, կապում ու իջեցնում նկուղ, որտեղ կտավը մի բնանկարի հետեւում 20 տարի թաքստոցում ապրում-պահպանվում է: Այս մասին Վարպետը պատահաբար իմանում է 1956-ի գարնանային մի օր, ռեաբիլիտացիայիՙ հանրային եւ արվեստային մտքի աննկարագրելի զարթոնքի օրերին ու զարմանում է, թե ինչպես է 20 տարի անց նկարը հայտնաբերվել, իսկ ավելի մեծ է լինում զարմանքը, երբ իմանում է նկարը փրկողի անունը, որովհետեւ այդ տարիներին բազմիցս հանդիպումներ ու զրույցներ են եղել իր եւ Նշան Մուրադյանի միջեւ, բայց այս մասինՙ ոչ մի ակնարկ: Երկու տարի անց Վարպետի մի ցուցահանդեսին ներկայացված է եղել Նշան Մուրադյանի դիմանկարըՙ ետեւում Սարյանի մակագրությամբ:
Հետաքրքրական է մի պատմություն եւս, որ արեց դուստրըՙ Արփիկըՙ կապված մեր մյուս հանճարիՙ Հովհ. Թումանյանի անվան հետ: Նա պատմում էր, թե ինչ ապրումներ է ունեցել հայրը Թիֆլիսից բանաստեղծի սիրտը գնացքով Երեւան վերադարձնելիս.«Տեսնես գիտե՞ն այս մարդիկ, ո՞ւմ սիրտն է այստեղ, իրենց կողքին»:
Սիրառատ սրտի տեր մարդ է եղել Նշան Մուրադյանը նաեւ անձնական հարաբերություններում: Դրա հրաշալի վկայությունները նրա նամակներն ենՙ Հռիփսիմեինՙ իր ապագա կնոջն ուղղվածՙ բնորոշ իր ներքին զգայուն հոգեկերտվածքին:
Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ