«Գրքերի աշխարհը» տեւական ընդմիջումից հետո
Հայ գրական մամուլը, որ կարելի է ասել XXI դարի մտածողական աշխարհին հատուկ նախանշաններ, ցավոք, գրեթե չէր ցուցաբերում, ահավասիկ նոր որակների հայտ է ներկայացնումՙ նորընծա «Գրքերի աշխարհ» 20 էջանոց ամսաթերթով: Այսուհետեւ յուրաքանչյուր ամսվա առաջին օրը լույս տեսնող «Գրքերի աշխարհը» գրական հանրության համար կփորձի լինել տեղեկատվական վստահելի աղբյուր: Ամսաթերթի աշխատանքները համակարգող եւ գլխավոր խմբագիր երիտասարդ գրականագետ, արձակագիր Հրաչյա Սարիբեկյանը գրական ճաշակի ինտելեկտուալ ընտրություն է ներկայացնումՙ որդեգրելով ընթերցողական հանրությանը ուղղորդող առողջ քաղաքականություն: Այս առաքելությամբ է տարիների ընդմիջումով տպագրվում «Գրքերի աշխարհը»: Չպարտադրելով ճաշակ, ընտրության իրավունքի ազատության սկզբունքը հարգելով, ուսումնասիրելով հանդերձ ընթերցողական, հրատարակչական եւ գրավաճառ դաշտերըՙ «Գրքերի աշխարհը» գրական ըմբռնումներ ու վերաբերմունք, այնուամենայնիվ, հստակորեն առաջադրում էՙ իր առաջ դրված խնդիրներով, խորագրերով: Թերթի յուրաքանչյուր համար տեղեկացնելու է գրահրատարակչության հայաստանյան եւ համաշխարհային նորություններին, աղմկահարույց գրքերին, մրցանակներին, նորընծա գրքերին, արտասովոր ճակատագրերին:
«Գրքերի աշխարհի» առաջին համարը ներկայացնում է հայաստանյան եւ արտերկրյա վերջին ուշագրավ մի շարք գրական երեւույթներ (Լոնդոնյան միջազգային ցուցահանդես-վաճառքին Հայաստանից «Բուկինիստ» ՍՊԸ-ի մասնակցություն, Յունեսկոյի կողմից 2008-ը Վ. Սարոյանի տարի կոչելը, Իրանի դեսպանատանՙ Ազգային գրադարանին գրքի նվիրատվություն եւ այլն): Անդրադարձ է արված հայաստանյան հրատարակչական դաշտին. այս համարում ներկայացված է «Գիտանք» հրատարակչությունըՙ «XXI դարի արձակ» մատենաշարի տեսքով, ինչպես նաեւ տնօրենիՙ Ալեքսանդր Աղաբեկյանի հետ «Միլան Կունդերան չի տվել իրեն հայերեն հրատարակելու իրավունքը» հարցազրույցով: Երկու էջով (ռուսերեն) անդրադարձ է արված ռուսաստանյան հրատարակություններին (2006-ի Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը ներկայացված է «Հեղինակավոր մրցանակների դափնեկիրների գրադարակ» խորագրի ներքո): Թերթն ունի նաեւ մանկական գրադարակ անկյունը: Նորընծա գրքերի գրախոսականների բաժնում անդարդարձ է արված Թոմաս դե Վաալի «Սեւ այգի» գրքին (հեղինակՙ Հրաչյա Սարիբեկյան):
Հայաստան ներմուծված գրքերի տեսականին Անգլիայում հրատարակվող գրքերի ընտրանիով ներկայացնում է «Գրքերի աշխարհ» գրախանութների ցանցը:
Թերթի մի քանի էջեր տրամադրված են Հայաստանում լույս տեսած եւ ներկրվող մասնագիտական բոլոր բնագավառներին վերաբերող գրականության ցանկերին: Ընթերցողներին, մանավանդ հեղինակներին, կարծում ենք, հետաքրքրելու է հատկապես վարկանիշների էջըՙ ինչպես տեղական, նաեւ ռուսական գրավաճառ ցանցի տեղեկություններով: Առանձին սյունակով զետեղված է նաեւ XX դարի 60 լավագույն վեպերն ըստ ֆրանսիական Լարուս հանրագիտարանի. առաջին հնգկյակում Մարսել Պրուստը, Իտալո Սվեվոն, Ֆրանց Կաֆկան, Ուիլյամ Ֆոլքները եւ Հենրի Ջեյմսն են:
Ըստ «Անի», «Նոյյան տապան» գրատների եւ «Գրքերի աշխարհ» գրախանութների ցանցի (ինչը տեխնիկական պատճառներով թերթում վրիպել է) ապրիլ-մայիսի վարկանիշային առաջին հնգյակում Գրիգոր Նարեկացին, Պաուլո Կոելյոն, Եղիշե Չարենցը, Համո Սահյանը, Լեւոն Խեչոյանը եւ Զահրատն են:
XX դ. արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսի «Գրքի պաշտամունքի մասին»ՙ թերթի առաջին էջից հրապարակումով, նաեւ Ստեֆան Մալարմեի «Աշխարհը գոյություն ունի, որպեսզի գրքերի մեջ մտնի» հրաշալի բնաբանով «Գրքերի աշխարհը» նախանշում էՙ ինտելեկտուալ գրական հանրությանն իր ուղղվածությունը: Ամսաթերթը մամուլի աշխարհում անհրաժեշտ եւ սպասված է, մաղթում ենք ստեղծագործական նորամուծություններ եւ հնարավորություններՙ գրական արժեքների առավել ամբողջական մատուցմամբ:
Ամսաթերթի հովանավոր-աջակիցներն են «Գիրք տարածողների ազգային ասոցիացիա» ՀԿ-ն եւ «Բուկինիստ» ՍՊԸ-ն:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ