ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2008-05-24 | #11, 2008-06-07 | #12, 2008-06-21


ԲԱՆԱՎԻՃԵԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹ

Դժբախտաբար մեր մեջ շատ քչերն են տիրապետում բանավիճելու մշակույթին, ու թերեւս դա է պատճառը, որ մեր մամուլումՙ այլապես խիստ հետաքրքրական ու խիստ թերթային այդ ժանրը հազվադեպ է պատահում, իր տեղը զիջելով միջթերթային գզվռտոցներին: Մեր խմբագիրները, սովորաբար, իրավամբ եւ իրավացիորեն զգուշանում են բանավիճային նյութեր տպագրելուց, խուսափելով ավելորդ գլխացավանքից, մանավանդ որ, գրեթե միշտ, եզրահանգումը դառնում է դժվար եւ, ինչ-որ տեղ, բանավեճ ձեռնարկելը դառնում է անիմաստ: Արդյունքում, եթե կարելի է արդյունք համարել դա, մնում է փոխադարձ վիրավորանքը, նեղացածությունը, իսկ երբեմն, ինչպես պատահում է կոմիկական ֆիլմերում, մրցակից բռնցքամարտիկներն իրար թողած հարձակվում են դատավորիՙ այս պարագայումՙ խմբագրի վրա:

«Դու ո՞վ ես- Բա դո՞ւ ով ես»: Ամենալուրջ թեմայով սկսված բանավեճը վերածվում է այսպիսի աքլորակռվի: Ու քանի որ մեր փոքրիկ երկիր Հայաստանում ամեն մարդ գիտի ամեն մարդու մասին, եւ վատ բաների հիշողությունն էլ հայերս սովորություն ունենք միշտ մտապահելու, իսկ շահերի բախումն էլ տեւապես առկա է, ուրեմն թեմայի մեջ կամ լուսանցքներումՙ բանավիճողները հիշում եւ հիշոցներ են արձակում միմյանց դեմ:

Նման ճակատագրի արժանացավ մեր թերթի մշակութային հավելվածում ամիսներ առաջ սկսված բանավեճը Նաիրի Զարյան-Հրաչյա Քոչար զույգի գործունեության գնահատման հարցի շուրջ: «Գրական թերթում» սկիզբ առած ու հանկարծակի դադրեցված բանավեճը տեղափոխվեց, անշուշտ մեր համամտությամբՙ նկատի ունենալով թեմայի կարեւորությունն ու այժմեականությունըՙ «Ազգ»-ի հավելվածի էջեր եւ արժեքավոր շատ դիտարկումները հետզհետե իրենց տեղը զիջեցին փոխադարձՙ անձնամիջյան մեղադրանքների եւ միմյանց կենսագրական «պեղումների» առաջ: Բացառությամբ Գրիգոր Աճեմյանի ու գրականագետ Վազգեն Գաբրիելյանի, եւ որոշ չափով նաեւ Հրաչյա Քոչարի դստերՙ Նվարդ Քոչարի, մյուս բանավիճողներըՙ Ազատ Եղիազարյան, Ռուզան Արիստակեսյան, Դավիթ Գասպարյան եւ Դավիթ Գյուլզադյան, գրականագիտական իրենց այլապես արժեքավոր դիտարկումները զուգահեռեցին փոխադարձ ամբաստանություններով, անգամ անձնական բնույթի վիրավորանքներով: Դա ամենեւին մեր ցանկությունը չէր, նմանապեսՙ մեր հավատարիմ ընթերցողներից շատերի, որոնք նույնպես խնդրեցին վերջակետ դնել այդ անվերջակետ բանավեճին, ինչը անում ենք այժմ, հակառակ որ թե՛ Ռ. Արիստակեսյանից եւ թե՛ Դ. Գասպարյանից ունենք թեմայի վերաբերյալ նոր հոդվածներ, իսկ Ա. Եղիազարյանից մի բաց նամակՙ ուղղված թերթի խմբագրին:

Ստիպված ենք գնալ այդ քայլին, քանի որ, կրկնում ենք, մեր նպատակը բոլորովին տարբեր էր: Անցյալի, հատկապես 30-ական եւ ավելի ուշ թվականների մեր գրողների ու գրական-հասարակական գործիչների վարմունքը, հաճախ տխուր եւ ոչ մի բանով չարդարացվող գործունեությունը արժանի է լուրջ եւ գիտական քննության, ինչը մենք պատրաստ ենք անել հետագայում, եթե վստահ լինենք, որ հասնելու ենք փաստված եզրահանգումների: Անշուշտ, նման ծանրակշիռ թեմաների շուրջ բանավեճերը երբեմն ոչ մի եզրահանգման էլ չեն հանգում (հիշենք 2-րդ համաշխարհային պատերազմի տարիների մարշալ Փեթենի գործունեության գնահատումի շուրջ ֆրանսիացի մտավորականության առայսօր շարունակվող բանավեճերը): Սակայն հակադիր թեզերի, առարկությունների ու գիտական հակաճառությունների արձանագրումն անգամ օգտակար է ըստ ամենայնի: Հետագայում կփորձենք հենց այդպես էլ վարվել, երբ վստահ լինենք, որ բանավիճողները, թեկուզ ամենակրքոտ ձեւով իրենց թեզերն ապացուցելիս զերծ կմնան միմյանց վիրավորելու մոլուցքից:

Մինչ այդՙ բանավեճը փակված է: Ափսոս:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4