ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2008-06-07 | #12, 2008-06-21 | #13, 2008-07-05


«ՎԵՆԵՏԻԿՅԱՆ ԹԱՓԱՌՈՒՄՆԵՐ»ՙ

Սեւրի «Սամուէլ Մուրատեան» վարժարանի հարկի ներքո

Մխիթարյան միաբանության նշանավոր կրթարաններից «Սամուէլ Մուրատեան» վարժարանը դեռեւս 19-րդ դարի կեսերից կրթական գործունեությամբ հայապահպան դեր ու նշանակություն է ունեցել եւ շարունակում է ունենալ արտերկրի հայության համար: Վարժարանը գտնվում է Սեւրում: Կալվածքի պատմական հետաքրքրական անցյալն առնչվում է ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս 15-րդի նշանավոր սիրուհուն` մարքիզուհի դը Պոմպադուրին: Այժմ իբրեւ պատմամշակութային հուշարձան գտնվում է ֆրանսիական կառավարության հովանու տակ: Անցյալ տարվանից վարժարանի ընդհանուր տեսուչ նշանակվեց Մխիթարյան միաբան Հայր Հարություն Պզտիկյանը:

Վարժարանի գործունեության եւ ապագայի ծրագրերի մասին հաճախ էր իր մտահոգությունները կիսում վարժարանի նորանշանակ տեսուչը: Նկատի ունենալով պատմական անցյալի հարուստ ժառանգությունը, կրթական-կազմակերպչական ավանդույթներն ու փորձը` մտահղանում էր վարժարանը համահայկական մշակութային կենտրոնի վերածել: Անցած ամռան այս օրերին, երբ հյուրընկալվել էի Մխիթարյան այս կրթահամալիրում, դասերն ավարտվել էին, աշակերտներ չկային, հատուկենտ այցելուներ միայն. խաղաղ, մեկուսացված մի վայր է դա, ուր վաղ առավոտյան օդի մաքուր թրթռումները մի կողմից ականջիդ են հասցնում թռչնի երգը, մյուս կողմից հանրակառքի շխշխկոցն ու Սենի ջրերի խորհրդավոր լռությունը: Պատմական անցյալի մեջ ներծծված կառույցը պատերի թանձր լռությամբ անհաղորդ էր թվում: Վարժարանի տեսուչը, սակայն, եռանդուն, գործունյա իր բնույթով փորձում էր նոր կյանք ու շուք հաղորդել կառույցին, արդիականացնելՙ թարմացնելով հին ու նոր կապերը, ուշարժան նախաձեռնություններով (ցուցահանդեսներ, հանդիպումներ) հետաքրքրական դարձնել հինավուրց Սեւրի հայկական այս անկյունը: Եվ ահա ուրախալի լուր Փարիզից` անցած ամսին վարժարանում անցկացված միջոցառումների ծավալուն ծրագիրը` «Վենետիկյան թափառումներ» գեղեցիկ խորագրով, ներառել է արժեքավոր ցուցահանդեսներ, դասախոսություններ: Բացումը տեղի է ունեցել հունիսի 6-ին բավականին շքեղ արարողությամբ եւ պատվելի ներկայությամբ Մխիթարյան միաբանության ընդհանուր աբբա Հ. Եղիա վրդ. Քիլաղբյանի, Օ դը Սենի նահանգի նախագահ` Պատրիկ Դեւեճյանի, Սեւրի քաղաքապետ եւ նահանգի փոխնախագահ Ֆրանսուա Գոսիուսքո Մորիզեի, Կլամարի եւ Մեոտոնի փոխքաղաքապետերի, Լուվրի թանգարանից Նելլի Տարտիվիեի, Սեւրի Հախճապակիների թանգարանի տնօրեն Բարբարա դը Մոնթեքյուի, ՀԲԸՄ Եվրոպական խորհրդի նախագահ Ալեքսի Գովճյանի, ՀՀ դեսպանատան գործակատար Համլետ Գասպարյանի, «Սաբերատուրի» տնօրեն Լեւոն Բաղդասարյանի, մամուլի ներկայացուցիչների («Յառաջ», «Նուվել դ՛Արմենի», «Աշխարհ», «Ռադիո Այբ Էֆէմ»), վարժարանի «Ծնողաց միություն» անդամների, Վենետիկի դիմակավորների ընկերակցության նախագահ տեր եւ տիկ. Րաֆֆի Դամլճյանների, «Ֆրէնկեան» թանգարանի տեր եւ տնօրեն Ֆրեդերիկ Ֆրենկյանի եւ բազմաթիվ հյուրերի:

Վարժարանի ընդարձակ ցուցասրահի բազմաբովանդակ եւ տարաբնույթ պատմական ու արդիական նյութերը ներկաներին հրաշալի առիթ են ընձեռել ծանոթանալու հայկական մշակույթի մի հատվածին: Լուսանկարների, վավերաթղթերի, քարտեզների, ազգագրական առարկաների ապակե փեղկերը դիտորդին տեղափոխում են անցյալ, հայկական Կիլիկիայի շրջան: Վենետիկը` հայկական ներկայությամբ ցուցադրված է Ս. Ղազարով, Մուրատ-Ռաֆայելյան վարժարանով, Ս. Խաչ հայոց եկեղեցիով: Մխիթարյան հայրերի գործունեության կարեւոր ասպարեզներից գրահրատարակչությունը ներկայացված է եղել վարժարանի հավաքածոյից եւ Փարիզի «Նուպարեան» գրադարանից փոխառված հնատիպ տպագրություններով:

Ցուցահանդեսի 2-րդ բաժինը նվիրված էր Վենետիկի Բարեկենդանի պատմությանը եւ դիմակների նշանակությանը: Իտալական միջավայր ստեղծել էին վենետիկյան մթնոլորտին բնորոշ «Կաֆե ֆլորիան», վենետիկյան նրբաճաշակ տարազներով ու դիմակներով մանեկենները: Շենքի պատվո շքամուտքը եւս վենետիկյան տեսարաններով էր վերափոխված, ցուցադրված էին Ս. Ղազարի տպագրած հայկական առաջին քարտեզները. այստեղ ելույթ ունեցավ Պատրիկ Դեւեճյանը, որ չնայած մի քանի ժամ անց նախագահ Սարկոզիի շքախմբի հետ իր Լիբանան մեկնելուն` խոստման համաձայն ներկա էր վարժարանի հանդիսությանը, ուր տարիներ առաջ ինքը եւս ուսում առած էր: «Ուշադրությամբ նայում էի պատերը, ուր հավաքվում էինք առավոտյան եւ երեկոյան աղոթքներ կատարելու ուսումնապետ վարդապետի առաջնորդությամբ: Տարիներ անց շատ ջերմ հիշողություններ եմ պահպանել վարժարանից եւ այսօր չափազանց ուրախ եմ, որ կրկին կյանք է սկսել այս հարկի ներքո: Վստահ եմ, որ Սեւրի քաղաքապետը, որ կողքիս է հիմա, հատուկ կհոգա եւ նեցուկ կկանգնի ձեր բոլոր ձեռնարկներին, քանի որ այս շրջանը շուտով դառնալու է Փարիզի ամենից հաճելի անկյուններից մեկը եւ նահանգապետությունը, որ հանձնված է իմ խնամքին, մոտիկից պիտի հետեւի ձեր ծրագերին եւ նյութապես նպաստի դրանց»:

Ֆրանսուա Գոսիուսքո Մորիզեն խոսեց «Սամուէլ Մուրատեան» վարժարանի նշանակության մասինՙ որպես հարուստ անցյալով ժողովրդի մշակույթ եւ իմաստություն բերող կազմակերպության: «Այս շատ կարեւոր ձեռնարկը ցույց է տալիս, թե նոր շունչ եւ հոգի է թեւածում վարժարանում, ես պարտավոր եմ ուշադրությամբ հետեւելու ձեր ամեն քայլերին, թող ավելի ամրանա «Սամուէլ Մուրատեանի» ներկայությունը մեր քաղաքում, պատրաստ եմ կարելին անել»:

Վարժարանի տեսուչ Հայր Հարություն Պզտիկյանը ընդգծեց, որ քսանօրյա ձեռնարկը` ցուցահանդեսը եւ դասախոսությունների շարքը գործունեության նոր ասպարեզ են բացում, եւ որ համագործակցումը երկրի տարբեր կազմակերպությունների հետ ավելի կզարգացնի հայ-ֆրանսիական հարաբերությունները: Ըստ նրա, Մխիթարյան հաստատությունըՙ որպես ակադեմիա լինելով ամենահին հայկական հաստատությունը Ֆրանսիայում, պարտավոր է կազմակերպել նաեւ մշակութային ձեռնարկներ:

Ցուցահանդեսի կազմակերպական աշխատանքներին աջակցել են Նելլի Տարտիվիեն, ՀԲԸՄ-ի, «Նուպարեան» գրադարանի տնօրենությունները, «Նուրհան Ֆրէնկեան» թանգարանի տնօրեն Ֆրեդերիկ Ֆրենկյանը:

«Վենետիկյան թափառումներ» ձեռնարկի կարեւոր բաժինը դասախոսությունների շարքն էր, որ սկսվեց պրոֆ. Ժերար Տետեյանի «Հայերի դերը խաչակիրների շրջանում» բանախոսությամբ: Կլոդ Մութաֆյանի հետ Ժերար Տետեյանը այն սակավ մտավորականներից է, որ տեւականորեն զբաղվել է Կիլիկյան Հայաստանի պատմության ուսումնասիրությամբ` հարստացնելով այն նորանոր աղբյուրներով, հրատարակել է ստվարածավալ երկհատորյակ:

Միջին դարերի հայ սփյուռքի մշակութային դերին վերաբերող դասախոսությամբ հանդես է եկել Կլոդ Մութաֆյանը, որ ներկայացրել է Նոր Ջուղայի, Ղրիմի, Լեհաստանի, Հնդկաստանի հայկական մշակութային կենտրոններում ձեւավորված ավանդույթները: Հայկական մշակույթը միջին դարերում ծաղկել է նաեւ Տրանսիլվանիայում, Ուկրաինայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Մակեդոնիայում, ձեռագիր մատյաններ էին ստեղծվում Իտալիայում Լիվորնոյում, Փարիզում, Ամստերդամում. հայկական առաջին տպագիր գրքի ծնունդը 1512-ին Վենետիկում եղավ: Հետաքրքրական եւ բովանդակալից է եղել նաեւ Մարինա Տետեյանի Կիլիկյան կյանքին նվիրված զույգ վեպերի ներկայացումը:

Մարի-Աննա Շըվալիեն` ուսանած պրոֆ. Ժերար Տետեյանի մոտ, զբաղվում է Կիլիկիայի հայկական պետության հարցերի ուսումնասիրությամբ: Այս շարքի դասախոսություններն ավարտվեցին նրա ուշագրավ բանախոսությամբ` «Կիլիկիայի հայ թագավորների եւ զինվորյալ կրոնական միաբանությունների մասին» խորագրով: Բանախոսն անդրադարձավ առաջին խաչակրության շրջանում ի հայտ եկած միաբանություններին, ինչպես «Տաճարական ասպետները» (11-րդ դ.), ապա «Տեւտոնական ասպետությունը» (12-րդ դ.): Ըստ նրա, կան հայկական Կիլիկիայի եւ այդ միաբանությունների միջեւ ձեւավորված հարաբերությունները հաստատող բազմաթիվ վկայություններ: Բանախոսը ներկայացրել է այդ միաբանությունների` հայկական թագավորություններում ունեցած դերը, նրանց տիտղոսները եւ երեւույթի դրդապատճառները: Ս. Ղազարից հրավիրված Հ. Վրթանես Ուլոհոճյանը ներկայացրել է «Շարականների ծագումը հայ ծեսում», իսկ Հարություն վրդ. Պզտիկյանը «Վենետիկի հանրապետությունում հայոց դերի մասին» բանախոսությունը: Ելույթ ունեցողը պատմական ընդարձակ ակնարկ է արել հայերի ներկայությանը Վենետիկում, սկսած միջին դարերից` մասնավորապես եկեղեցաշինության, առեւտրային հարաբերությունների մեջ: Նա նշել է, թե ինչպես հայերը 1645-1669 Կրետեի պատերազմի տարիներին տիրապետող էին` լինելով Վենետիկի եկամտի միակ աղբյուրը: Պաշտոնական փաստաթղթերում հաճախ հիշատակվում են իբրեւ «արժանավոր եւ սիրելի ազգ»: Այս հանգամանքը մեծապես նպաստել է հայերի` հետագայում Վենետիկի մշակութային կյանքում առավել նպաստաբեր դրությանը, ինչպես Մխիթարյան միաբանության հաստատումն էր Ս. Ղազարում: Բանախոսը անդրադարձել է Վենետիկի նաշանավոր հայերին` Անտոն Սուրյան (դեղագործ եւ գյուտարար), Շահրիմանյաններ (վաճառականներ), Վիկտորյա Աղանուր (բանաստեղծուհի), Անջելա Էֆրիկյան (երաժշտագետ), Հակոբ Չամչյան (գիտնական), Հուսիկ Աշրաֆյան (մոդեռնարտի մասնագետ, կինոգետ) եւ այլք:

Վարժարանի տարեկան դաշտահանդեսի օրը տեղի է ունեցել դիմակահանդես, եղել են նաեւ երաժշտական տոնական միջոցառումներ` գեղեցկորեն խնամված պարտեզներում:

«Սամուէլ- Մուրատեան» վարժարանը «Վենետիկյան թափառումներ» այս ձեռնարկով մշակութային կենտրոնի լուրջ հավակնություններ է ցուցաբերում, նման շարունակությունը դպրոցի ավանդույթները պահպանելու միջոցներից մեկն է: Վարժարանի` ինչպես կենսագրությունը, նաեւ ոսկեմատյանը հարստացավ նոր էջով, բազմաթիվ տպավորություն-բարեմաղթանքներով:

Ցուցահանդեսի հետաքրքրությունները ֆրանսիական միջավայրում բազմաթիվ դրսեւորումներ ունեցավ, մասնավորապես Բուրգոնի նահանգապետից «Վենետիկյան թափառումները» արդեն ստացել է ցուցադրության հրավեր:

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4