Չինական տպավորություններ
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
30 տարի առաջ Դենգ Սիաո Պինի գլխավորությամբ Չինաստանում ծայր առած ռեֆորմների գաղափարախոսությունը փաստորեն, իմ տպավորությամբ, ուղղված էր... Չինական մեծ պարսպի դեմ: Վերջինիս խորհրդանշած գաղափարախոսությա՛ն դեմ: 2200 տարի առաջ կառուցված 6400 կիլոմետր երկարությամբ այդ պարիսպը կամ պատը, ինչպես չինացիք են սիրում կոչել, քար ու շաղախ, ռազմաինժեներական ու ճարտարապետական հզոր ու հրաշակերտ կառույց լինելուց բացի, էր նաեւ գաղափարախոսությունՙ ինքնապարփակվածության, ինքնամեկուսացման, ինքնաբավության խորհրդանիշ: 22 դար շարունակ, ընդհուպ Մաո Ցզե Դունի վարչակարգի ավարտը, թեեւ պարիսպներն արդեն վաղուց մնացել էին երկրի խորքերում, սակայն նրանց խորհրդանշած գաղափարախոսությունն էր այդ երկրում տիրապետող: Հարեւան հնդիկներին հաջողվել է միայն իրենց Բուդդային մատուցել չինացիներին, անգլիացիներինՙ ոտքերը թրջել Դեղին ծովի ու Մարգարտյա գետի ջրերում, ճապոնացիներինՙ իրենց ծավալապաշտական նկրտումների ջախջախումը ճաշակել սահմանամերձ գոտիներում, ռուսներինՙ փոխանցել համայնավարությունը քիմիական ծանր արդյունաբերության հետ փաթեթավորված: Եվ հսկայական երկիրը կրել-վերցրել-պահպանել է, իրենը դարձրել ինչ որ պետք է իրեն, առանց դուրս գալու իր ինքնապարփակվածությունից: Մինչեւ 20-րդ դարի 70-ական թվականները, արագորեն փոխվող աշխարհի, Ծայրագույն Արեւելքի հարեւան երկրներում տեղի ունեցող տնտեսական բուռն գործընթացների պայմաններում, անշուշտ նաեւ մեկ միլիարդն անցած ազգաբնակչությանը կերակրելու անհրաժեշտությունը երկրի ղեկավարությանը մղել են հեղափոխությանՙ ընդդեմ Պարսպային գաղափարախոսության:
Միայն թե այդ հեղափոխությունը, ի տարբերություն մյուսների, եղել եւ շարունակվում է առանց բռնության, առանց հին արժեքները քանդելու, դարերի ընթացքում ստեղծվածը, Պարսպի ներսում պահպանվածը ոչնչացնելու: Եվ իմ տպավորությամբ «Չինական հրաշքը» կայանում է հենց դրանում:
Եվ այսօր, տարօրինակ եւ ինչ-որ իմաստով աններդաշնակ մի համադրության մեջ, Չինաստան այցելող մարդն ականատեսն է դառնում հնադարյան հնի ու գերարդիական նորի յուրօրինակ դրսեւորումների, որոնց միավորման գիծը, դարձյալ իմ կարծիքով, մնում է բծախնդրությունը, մանրամասներին անգամ պատասխանատվությամբ մերձենալու բնավորությունը: Թագավորական պալատ թե բուդդայական տաճար, կիսաթանկարժեք քարերի մշակում թե ժամանակակից ավտոմայրուղիների ու սլացիկ կամուրջների կառուցում, գերարդիական երկնաքերներ թե էլեկտրոնային մանրաչիպեր, հնից եկող, գեներով փոխանցվածՙ մանրամասնությունների նկատմամբ պատասխանատու բծախնդրությունն է այդ երկիրը պահող-կերակրող-միավորող-զարգացնողը: Եվ չինական մշակույթը, գիտությունն ու արվեստը, վերջապես ամբողջ փիլիսոփայությունն արտացոլում են հենց դա: Բայց նաեւ...
***
Ինձ զարմացրեց առավոտ շուտ, Ժիուլի քաղաքի մերձակա ազգային այգում իր դեղձանիկներին մաքուր օդի հանած տարեց չինացին: Մոտոցիկլետով բերել էր թռչունների իր մեծ վանդակը ու կերակրում էր նրանց, եւ ինձ անհասկանալիՙ անպայման գուրգուրոտ բառերով զրուցում նրանց հետ: Հետո պիտի իմանայի, որ չինացիներն իրենց տներում, պեկինյան ցեղատեսակի շներից բացի սիրում են պահել նաեւ թռչուններ, միջատներ, սողուններ: Իսկ նրանց պաշտամունքը բույսերի ու ծաղիկների նկատմամբ, երեւում էր ամեն քայլափոխի: Ոչ միայն ինտերյերի, այլեւ բնակարանների պատուհանների, ճամփեզրի կանաչ տարածությունների, Շենժեն հարավային քաղաքի ծաղիկների շուկայի, անգամ հյուրանոցների լոգարանում ճենապակե թասի մեջ անփույթ գցված սպիտակ վարդի ու հասմիկի կոկոններից, լոտոս ծաղկի փերթերից: Դա երեւաց նաեւ ճաշկերույթների ժամանակ ձեւավորված սեղանների դեղին-կարմիր-կանաչ ծաղկահարդարումներիցՙ զուսպ, բծախնդիր ճաշակով: Երեւի այդպես էլ մանրամասն մշակում են բրինձի իրենց անծայրածիր դաշտերը, պլանտացիաները բազմատեսակ սնկերի, որոնց գաղտնիքներն ու եփելու վարպետությունը միայն իրենք գիտեն:
Հակառակ ուրբանիզացիայի ահռելի թափին, չինացիք չեն կորցրել բնության հետ իրենց կապը: Բնութենապաշտությունը նրանց մեջ ընդոծին է: Դա երեւում է նաեւ իրենց պալատների քարե ու փայտե քանդակների դրվագումներիցՙ վիշապներ, կենդանիներ, ծաղիկների ու բույսերի դրասանգներ: Երեւում է տաճարներում ու տներում Բուդդայի արձանների շուրջ ծաղիկների առատությունից: Չինական ամենասիրելի էակներիՙ պանդա արջուկների, ինչպես ասում են փափուկ խաղալիքների խանութում (պանդան Պեկինի օլիմպիական խաղերի պաշտոնապես ընդունված իդոլներից է) վաճառող չինուհին անկեղծ զարմացել էր, որ լրագրողների մեր խմբի տղաներից մեկը չէր ուզում վճարել իր առաջարկած գինը. թլվատ անգլերենով նա կրկնում էրՙ «բայց սա պանդա է»:
Բնութենապաշտությունը, թեեւ բավական միօրինակ կերպով, արտահայտվում է նաեւ չինական հին թե նոր գեղանկարչության մեջ. չինական թանաքով արված մայրու ծառերՙ մառախլապատ երկնքի ֆոնին, կամ բույսերով, կամ ծաղիկներով շրջապատված սիրող զույգեր: Գույները զուսպ, նույնիսկ աղքատիկ համարվելու չափ: Պատճառը ավելի ուշ պիտի գլխի ընկնեիՙ երկրի կենտրոնական ու հարավային շրջաններում մեր կեցության ընթացքում ես բնավ կապույտ երկինք ու պայծառ արեւ չտեսա: Ու տրիվիալ ճշմարտությունըՙ արեւն է գույնը գույն դարձնում, մեր Հայաստանը վկա՛:
Ընդհակառակը, գեղանկարչության մեջ որքան գունազուրկ ու մոնոտոն, չինացիք այդքան երեւակայաշատ են գունավոր բնական քարերի հանդեպ, թանկարժեք ու կիսաթանկարժեք, սիրով են զբաղվում դրանց մշակմամբ: Եվ դա ես համարում եմ նույնպես բնապաշտության արտահայտություն: Ապացույցՙ չինացիք ոսկուց առավել նախընտրում են բնական քարերը, հատկապես հասմկաքարը (ժադ) իր մուգ մանուշակագույնից մինչեւ զվարթ-կանաչ երանգներով: Մանավանդ որ այս քարը չինական միֆոլոգիայում շաղկապվում է մարդկային առաքինությունների, գեղեցկության, ամրության, դիմացկունության եւ հազվագյուտ լինելու հետ: Եվ չինացիք արդեն 7000 տարի մշակում են այնՙ առանց հաշվի առնելու հնաոճ ու ձանձրալի լինելու եվրոպացիների կարծիքը:
Բնական քարերի շլացուցիչ ցուցադրությունների դեմ հանդիման եղանք երկրի հարավ-արեւմտյան մասում գտնվող քաղաքներից Ռուիլիում: Բիրմայի անմիջական հարեւանությամբ այս քաղաքը սահմանային բաց առեւտրի գոտի է: Բիրմացիները, հատկապես Միանմարից (այո, այն նույն վայրը, որտեղ 2006-ին պատահեց աղետալի ցունամին), ինչպես նաեւ հնդիկներն ու պակիստանցիները կիսաթանկարժեք քարերն ու մարգարիտները բերում են անմշակ վիճակում, իսկ չինացիք համբերատար աշխատանքով դրանք մշակում, փայլեցնում, կանացի զարդ կամ մանրաքանդակ արձանիկ են սարքում: Այսպես է եղել դարեր շարունակ. յուրաքանչյուր քարը, ըստ չինական հավատալիքների, միստիկ ինչ-ինչ հատկություններ ունիՙ բուժման եւ թովչանքի հատուկ նպատակներով:
***
Սակայն բնապաշտության ու էթնիցիզմի իսկական խրախճանքի մեջ հայտնվեցինք Հուննանի նահանգումՙ Քունմինգ կենտրոնով: Մի գեղածիծաղ շրջան, երկրի հարավ-արեւմուտքում, որտեղ օդի միջին ջերմաստիճանը 19 աստիճան է: Շռայլ բնությունն այստեղ իր գլուխգործոցներն է հյուսելՙ կիսաարեւադարձային անտառներով, լուրթ լճերով, դեղնափայլ գետերով, բուսաշատ ձորերով ու լեռներով: Այստեղ գերազանցապես բնակվում են էթնիկ փոքրամասնությունները խաղաղ համակեցության մեջ: Դարեր առաջ տիբեթյան խիստ կլիմայից փախուստ տալովՙ նրանք այստեղ են գաղթել Ժինսա, Նուջյանգ եւ Էնմեյկայջյանգ գետերի երկայնքով: Դայ, ջինպո, լիսու, ալանչ, դինգ եւ այլ փոքրամասնություններից ամենամեծը թերեւս դայերն ենՙ իրենց հավատալիքներով, սովորություններով, տարազներով, երգ ու պարով: Ամենափոքրաթիվըՙ դե ան ցեղախումբըՙ ընդամենը 19 հազար մարդ: Ազատ եւ խաղաղ ապրելու նրանց, ինչպես նաեւ թայ եւ այլ էթնիկ խմբերի ցանկությունն արտահայտող պարերի հրաշալի ներկայացմանը ականատես եղանք Քունմինգի թատրոնում, նշանավոր պարուհի եւ խորեոգրաֆիստ Յանգ Լիպինգի մատուցմամբ,«Դինամիկ Հուննան» պարախմբով: Ներկայացված տարբեր պարերի անուններն իսկ մատնանշում են դրանց անմիջական կապը բնության ու նրա տարբեր երեւույթների հետՙ Արեւ-թմբուկ, Աստվածային թմբուկ, Հյուսիսային քամի, Վագր-թմբուկ, Երկիրը, Ուխտագնացություն, Մրջյունները, Հունձք, Սիրամարգի պարը: Պրիմիտիվ թվացող, նախնադարյան հավատալիքներին միահյուսված այդ պարերում կարեւորագույն դերը վերապահված է թմբուկին. հսկայական թմբուկներՙ արեւի նման կլոր եւ դրանց ձայնակցող ավելի փոքրերըՙ 60 հատ: Դրանք խորհրդանշում են սեռային ակտըՙ հարվածողը տղամարդն է, հարվածն ընդունողըՙ կինը: Նաեւ, իմ տպավորությամբ, բնության եւ աստվածների հետ խոսելու միջոցն է թմբուկը, որին միշտ արձագանքում են երկինքը, երկիրը, կենդանիները: Վերջիններիս շարժուձեւերն ու ռիթմիկ ընթացքը, անգամ սերնդագործության ակտը այնպես հարազատ ու բնական էին ներկայացվում, բոլորովին զերծ էրոտիկայից, որ կարծես նախամարդն էր բեմի վրա եւ ոչ պրոֆեսիոնալ պարողներ, որոնք կրթված ու մարզված են ժամանակակից պարարվեստի ողջ պլաստիկայով եւ ակրոբատիկայով: Իսկ Յանգ Լիպինգի Սիրամարգի պարը իր նրբությամբ, մարմնի բոլոր մասերի խաղացկուն նրբագեղությամբ, հետին մանրամասներն անգամ ներկայացնելու մշակվածությամբ, եթե ոչ գերազանցում, ապա կրկնում էր Մայա Պլիսեցկայայի հայտնի Կարապի մահը:
Թմբուկներից բացի չինական երաժշտության ոգին շենն է, չինական ֆլեյտան, որի ծորուն մեղեդին դեպի հեռաստաններ ձգվող իր կանչով եւ երաժշտական ֆրազի վերջում հանկարծական անկում-ընդհատումով ոչ թե իրականություն-տրամադրության ցոլացումն է, ինչպես մեր դուդուկը, այլ դեպի Անծանոթն ուղղված սիրո ու կարոտի կանչ-հրավեր: Անշուշտՙ միշտ բեմոլ-դիեզներով արտահայտված:
Այս եւ մեր վայելած մյուս պարախմբերի ելույթներում կարեւորագույն դեր է վերապահված տարազներին ու զարդեղենին: Բազմագույն ու բազմաոճ տարազների կողքին բազմատեսակ զարդերը, անշուշտ, ծիսական նշանակություն ունեն եւ բացի ազգագրական ակունքներին հարազատ մնալու մտահոգությունիցՙ ավելացնում են կատարումների փայլը, բեմադրության ճոխությունը: Ու հատկանշականն այն է, որ այդ տարազներն ու զարդերը չինացիք սիրում են կրել նաեւ այսօր, հանդիսավոր առիթներին:
***
Միայն Չինաստանում կարող ես լրիվ ըմբռնել չինական կալիգրաֆիայի ու գաղափարագրություն-հիերոգլիֆների մանվածապատ էությունը: Պարզվում է, որ իրենց ընդարձակ բառարաններում ոչ ավելի, ոչ պակաս 50 հազար գաղափարագիր կա: Գրագետ մարդը պետք է իմանա դրանցից առնվազն 5 հազարը: 8 հազարն իմացողն արդեն համարվում է զարգացած անձնավորություն: Այսուամենայնիվ, գրագետ անձինք, այսինքն 5 հազարն իմացողները, կարող են հասկանալ կամ կռահել նաեւ մնացյալը: Եվ ահա այստեղ է չինական կալիգրաֆիայի գաղտնիքը. նկարիչը փաստորեն փիլիսոփա-բանաստեղծ է, նա կալիգրաֆիկ պատկերներով, որոնք այնքան տարածված են հնուց ի վեր, գաղափարագիր մտքեր կամ զգացմունքներ է արտահայտում, ու մարդիկ դրանք վայելում-յուրացնում են արտաքին ձեւի հետ: Ահա այսպիսի պահպանողականություն: Չինական տեսակի:
***
Որքան էլ տարօրինակ է, կոմունիստական այս երկրում ղեկավարների արձանները խիստ սակավ են: Տեղ-տեղ Մայոյի, տեղ-տեղ էլ Դեն Սիաո Պինի նկարներին կարելի է հանդիպել: Ընդհակառակը, քաղաքային միջավայրերումՙ ճեմելի փողոցներում, այգիներում եւ շուկաներում շատ են առօրյա կյանքը ներկայացնող բրոնզե արձանները, որոնց հետ մարդիկ սիրում են նկարվել, ձեռ տալ նրանց:
***
Հարավային քաղաքներից Ժյուլի հասնելուց մեր թարգմանչին առաջին տպավորությունս հայտնեցիՙ այս քաղաքը փոքր է երեւում: Գլխով հաստատեց, ապա ասացՙ ընդամենը 7 միլիոն բնակիչ...
10, 15, 20 միլիոն բնակիչ ունեցող քաղաքները բազմաթիվ ենՙ հատկապես հարավային Չինաստանում: Դրանց մեծ մասը 20-25 տարվա պատմություն ունի, որպես քաղաք: Ուրբանիզացիայի թափն ահռելի է այս երկրում: Պեկինից հետո Շանհայը, օրինակ: Իսկ Շանհայի հետ այժմ մրցավազքի մեջ են ավելի ուշ ծլած այլ քաղաքներՙ Շենժենը, Գուանգժուն ու մյուսները: Հայտնի է, որ արագ ուրբանիզացիան իր հետ բերում է հողի գնի կտրուկ թանկացումներ, որն իր հերթին բերում է շենքային հարկերի բարձրացում: Երեւան են գալիս երկնաքերները: Միայն թե այստեղ դրանք մեկը մյուսի վրա տեղադրված հարկեր չենՙ քառանկյուն կամ քառակուսի կուտակումներ: Երկրում կուտակվող ազատ փողերը, արտասահմանյան հսկայական ներդրումները հիշյալ քաղաքները վերածել են ճարտարապետական հրաշալիքների: Ու չինական թափն ու երեւակայությունն այս ասպարեզում քանդել ու քանդում է պահպանողական բոլոր կոնցեպցիաները ու մղում տալիս ճարտարապետական նոր մտքի թռիչքներին: Այս վերջին հարցում էլ չինացիք ազգային բարդույթներից ձերբազատվել են ու այդ շենքերից շատերի նախագծման գործը վստահել ֆրանսիացի, անգլիացի ու գերմանացի մասնագետներին: Պեկինի օլիմպիական գլխավոր ստադիոնիՙ «Թռչնոց բույնի» նախագծումը, օրինակ, վստահել են ֆրանսիացի ճարտարապետների խմբի: Դա, ինչպես նաեւ հարակից շենքերն ու շինությունները, որոնց մասին գրելու առիթ կունենամ հետագայում, համաշխարհային ճարտարապետության, ինչպես ասում են, վերջին ճիչն են:
Պեկինում գտնվածս միջոցին, մի երեկո, անջատվելով լրագրողների մեր խմբից, գնացի տեսնելու նորակառույց Ազգային մեծ թատրոնի շենքը, Տիանանմեն կենտրոնական հրապարակի մոտ: Կարդացել էի, որ ճարտարապետը Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանի նախագծող Փոլ Անդրյուն է: Ապշեցուցիչ էր: 213 մ շառավիղ, 46 մ բարձրություն, տիտանիումից եւ ապակուց սարքած էլիպսաձեւ շենքը, որին ոմանք «Հավկթի կճեպ» անուն են տալիս, ավելի շուտ նման է պղպջակի: Դուրս է գալիս կամ ցայտում արհեստական լճի միջից: Ուղղակի: Ունի գլխավոր 3 դահլիճՙ 2416 տեղանոց օպերայի սրահ, 2017 տեղանոց համերգային դահլիճ եւ 1040 տեղանոց թատրոն, նաեւ բազմաթիվ գավիթներ ու միջանցքներ, որոնց մի մասը, ամբողջովին ապակեպատ, անցնում է լճի հատակով: Այստեղ այցելուներին պետք է փրկաբաճկոն (lifejacket) բաժանեն», կատակեց կողքիցս քայլող ամերիկացի տղամարդը: Շուրջ 300 մլն դոլար արժած համալիրն ունի նաեւ բազմաթիվ ցուցասրահներ, կաֆեներ, ռեստորաններ, իսկ ամենահետաքրքրականըՙ որոշ դիրքերից կարելի է ապակե միջնորմներից դիտել ներսում ընթացող ներկայացումը:
Անշուշտ, նման շենքեր ու ճարտարապետություն ունեցող երկրում պիտի զարգանար նաեւ ինտերյեր-դիզայնը: Այս ասպարեզում չինացիք, վստահորեն կարելի է ասել, մրցակից չունեն: Հնի եւ նորի, ավանդականի ու արդիականի համադրումը այստեղ հասել է բացարձակ կատարելությանՙ ազգային նուրբ ձեւերի ու գծերի մեջ, մանրամասնությունների բծախնդիր ընտրության հետՙ մթնոլորտ ու տրամադրություն ստեղծող շենշող արդիականություն: Եվ բոլորովին պատահական չէ, որ 2001-ին Թիմ Յիպը Օսկար ստացավ հենց այս ասպարեզում, լավագույն դիզայնի համարՙ «Ցատկող վագրը եւ պահվտած վիշապը» գործի համար:
Ինտերյերից ոչ պակաս ճաշակով եւ իմացությամբ են արվում նաեւ արտաքինՙ քաղաքային այգեգործական ձեւավորումները: Խոսքս չի վերաբերում հատուկ արգելոց-այգիներին, որոնք բնապահպանական շատ լուրջ խնդիրներ ունեցող այս երկրում շատ-շատ են: Այլՙ ճանապարհների եզրին ու մեջտեղը, շենքերի արանքում ստեղծված կանաչ տարածքներին: Ձեւավորված թփերը, հազվագյուտ ծառատեսակները, խնամքով ընտրված ծաղկատեսակները, ինչպես նաեւ վարպետորեն խուզված սիզախոտը երեւանցու աչքերիս համար կանաչ փրկություն էին:
***
Վերջում չեմ կարող իմ հիացիկ տպավորությունը չհայտնել չինուհիների մասին: Իսկական գեղեցկուհիները շատ են: Բնականաբար, նուրբ մարմնով, ներքին փայլ ունեցող մաշկով, միստիկ եւ խուսափուկ ինչ-որ բան կա նրանց դեմքի ու նայվածքի մեջ: Ժպիտն առանձին փայլ է տալիս նրանց շեղ աչքերին, ընդգծում անգերազանցելի կանացիությունը, միաժամանակՙ արտաքին փխրունության տակ ներքին ամրությունը:
Նկար 1. Չինական պարիսպը
Նկար 2. Գուանժույի օդանավակայանի շենքերից մեկը:
Նկար 3. Պեկինի օլիմպիական ավանի նորակառույցներից մեկը:
Նկար 4. Բրոնզե լուսանկարիչ
Նկար 7. Արդիական շենքեր
Նկար 8. Շանհայական շուկա
Նկար 9. Չինական բնակարանային ինտերյեր
Նկար 10. Պանդա