ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2008-07-05 | #14, 2008-07-19 | #15, 2008-08-02


ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻԲՐԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ

«Նիբելունգների երգը» գերմանական էպոսի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը Արա Առաքելյանի թարգմանությունն է, որին անդրադարձանք մեր նախորդ համարում: Էպոսը հայերեն համարժեք տեքստի վերածելու աշխատանքները տեւել են 5-6 տարի: Նախատեսված է եղել տպագրել 2002-2003-ին, պետպատվերի շրջանակներում: Պետական միջոցներից տրամադրվել է 1,5 մլն դրամ: Տպագրությունը, սակայն, ձգձգվել եւ իրականացվել է 2006-ին (ֆինանսական միջոցների 1,3-ի չափով)ՙ միանգամայն ձախող մի հրատարակությամբ, տպագրական ու հրատարակչական բազմաթիվ սխալներով, վրիպակներով:

Էպոսըՙ վերամշակված եւ վերախմբագրված, մեկ տարի անց իր ֆինանսական միջոցներով վերահրատարակել է թարգմանիչը («Նաիրի» հրատ.), նկարազարդումները եւ գեղարվեստական ձեւավորումը կատարել է Արկո Բաղդասարյանը: Մեր նախորդ հրապարակման մեջ թյուրիմացաբար էպոսի հրատարակությունը համարվել էր պետպատվերային, ինչը իրականությանը չի համապատասխանում: Հայցում ենք թարգմանչի ներողամտությունը եւ նկատի առնելով այն հանգամանքը, որ Արա Առաքելյանը մեր թարգմանական ներկա մշակույթի լուրջ ներկայացուցիչներից մեկն է, մի քանի հարցեր ուղղեցինք նրանՙ թարգմանական արվեստին եւ դրա նշանակությանը վերաբերող:


- Պրն Առաքելյան, 20-րդ դարի առաջին կեսի գերմանական փիլիսոփայական արձակի մի լավագույն մաս հայերեն ներկայացնելու աշխատանքներում լուրջ ավանդ ունեք: Վաղո՞ւց եք զբաղվում թարգմանությամբ:

- Այո, դեռեւս ուսանողական տարիներից: Բայց արդեն մեկ տարի էՙ ակտիվորեն զբաղվել չեմ կարողանում, դոկտորական ատենախոսությունը շատ աշխատանք է պահանջում, հավանաբար, մի որոշ ժամանակ անց կրկին կվերադառնամ: Կան որոշակի ծրագրեր, որոնց մեջ նաեւ Թոմաս Մանի «Կախարդական լեռը» վեպը. կարծում եմ հայերենով այս գործը անպայմանորեն անհրաժեշտ է, որ հնչի: Թարգմանական աշխատանքը ոչ միայն գիտելիք, լեզուների իմացություն է պահանջում, այլ նաեւՙ համբերություն: Սա հետաքրքրական մի աշխարհ է, ուր երկու լեզուներ դրվում են միմյանց դեմ-հանդիման, եւ փառք այն թարգմանչին, որ կարող է Շեքսպիրի անգլերենը, Գյոթեի գերմաներենը, Մարսել Պրուստի ֆրանսերենը փոխարինել Շեքսպիրի հայերենով, Գյոթեի հայերենով, Պրուստի հայերենով:

- Որո՞նք են հաջող թարգմանությանն անհրաժեշտ պայմանները:

- Նախեւառաջ ստեղծագործական ձիրքը, գեղարվեստական բնավորությունը: Թարգմանիչը գրողի մի տեսակ է, որի գործը կարելի է համեմատել կատարողական երաժշտարվեստի, դրա վարպետության հետ:

- Որեւէ գեղարվեստական երկի լավագույն թարգմանության համար տվյալ գրողի ստեղծագործությունների իմացություն, առհասարակ տվյալ ժողովրդի մշակութային շերտերի բավարար ճանաչողություն կարծո՞ւմ եք` անհրաժեշտ է:

- Անշուշտ: Գրողն ինքն է օգնում թարգմանչին ճիշտ հասկանալու իր ստեղծագործությունները: Թոմաս Մանը վիթխարի աշխարհ ունի, եւ դրան ծանոթ լինելը շահեկանորեն օգնում է այդ աշխարհի մեկ միավորի հետ գործ ունենալիս թեկուզ: Գրողի ամբողջական ժառանգությունը ներկայացնելու ճանապարհի առաջին քայլը նրա ստեղծագործության գոնե հիմնական, ողնաշարային մասին տեղյակ լինելն է: Էլ չեմ խոսում Թոմաս Մանի պես հեղինակի մասին, որ ինտելեկտուալ արձակի վիթխարի դեմք է, եւ որի ամեն արտահայտություն, բառ երկիմաստային նշանակություն ունի, փիլիսոփայական ենթատեքստով: Գերմանական մշակույթն ընդհանուր առմամբ ճիշտ է, որ Եվրոպայի բուն մայրցամաքային գիտակցությունն է կրում, սակայն իր տեսակի մեջ բացառիկ երեւույթ է, խորապես տարբեր թե՛ ֆրանսիականից, թե՛ անգլիականից: Հայնեն կատակով ասել է, թե «Ռուսները, ֆրանսիացիները տիրեցին ցամաքին, անգլիացիներըՙ ծովերին, մեզՙ գերմանացիներիս, ցավոք, մնաց միայն երկինքը»: Գերմանական մտածողությունն էապես կապված է երկնային իրականությանը, միստիկային, որ արտացոլված է ե՛ւ բանահյուսության, ե՛ւ անհատական ստեղծագործության մեջ: Գերմանական միտքն ուղղված է իրերի, երեւույթների խորքային պրոցեսների ճանաչողությանը, նա փորձում է համակարգել աշխարհը, իմացական, դատողական մեծ պաշար ունի, որն ուղղակիորեն առնչվում է փիլիսոփայություն կոչվող երեւույթին: Պատահական չէ, որ ստեղծագործական աշխարհի 2 ուղղություններ իրենց լավագույն դրսեւորումներն ունեցել են այս հողի վրաՙ երաժշտությունը, որ կապվում է անհայտի եւ մյուսըՙ փիլիսոփայությունը, որ կապվում է այդ անհայտը որոնել-գտնելու հետ: Այս երկու ոլորտներում էլ գերմանացին մրցակից չունի: Գրականությունը սրա արտահայտությունն է: Անգամ Հայնեի բանաստեղծությունը, որ ամբողջովին քնարական է, խորքում փիլիսոփայական է: Գյոթեն իր ժամանակի գրողներին խորհուրդ էր տալիս շատ չխորհրդածել, ավելի ներկայանալ տպավորություններով, որպեսզի գերմանացին օտարներին չներկայանա չափից դուրս փիլիսոփայական բնավորությամբ: Սակայն գերմանացուն ի վերուստ է տրված խորհրդածական կուլտուրան, եւ դա դրսեւորվում է հատկապես ստեղծագործական ոլորտում: Այնպես որ, հարկավոր է ծանոթ լինել գերմանական եւ առհասարակ ավանդական փիլիսոփայական մտքի պատմությանըՙ Պլատոնից, Մարտին Հայդեգերից, Արթուր Շոպենհաուերից, Զիգմունդ Ֆրեյդից մինչեւ ժամանակակից տեսություններ:

- Վաղ միջնադարում սկզբնավորված էպոսը կրում է հին գերմաներենի տարրեր, ինպես նաեւ տվյալ շրջանի միջավայրն է ներկայացնում: Ինչպիսի՞ թարգմանական դժվարություններ եք ունեցել աշխատանքի ընթացքում:

- Շնորհակալություն հարցի համար: «Նիբելունգների երգի» երկու տեքստ գոյություն ունիՙ օրիգինալըՙ միջին, բարձր գերմաներենով ստեղծված եւ նոր թարգմանությունը: Այդ երկու տեքստերի միջեւ կա այնքան տարբերություն, որքան գրաբարի եւ ժամանակակից հայերենի: Թարգմանության ընթացքում 3 անգամ եղել եմ Գերմանիայի Շտրայլեն քաղաքում: Որտեղ կա «Թարգմանական կոլեգիում» անունով մի հաստատություն, որ թարգմանիչների դրախտ կարելի է կոչել: Աշխարհի տարբեր երկրներից այցելում են թարգմանիչներ եւ աշխատում այստեղ: «Նիբելունգների երգը» ստեղծվեց Շտրայլենում, ձեռքիս տակ կային թե՛ հին գերմաներեն տեքստը, թե՛ ժամանակակից գերմաներենիՙ Հելմուտ դե Բորի եւ Գենցմերի 2-3 թարգմանություններ, թե՛ արձակ թարգմանություններ, թե՛ ֆրանսիականը, ռուսականը, թե՛ իսպանականը:

Էպոսը բարդ ներքին համակարգ ունի: Տաղաչափական, լեզվական, մետաֆորային, այլաբանական: Կարելի է ասել, այդ հարստությունը գրեթե ամբողջությամբ հայացվել է, անշուշտ, հայկական տաղաչափության սահմաններում: Մեր բանաստեղծության համակարգը վանկաշեշտական է, գերմանականըՙ շեշտային: Վանկաշեշտական տաղաչափության բոլոր առանձնահատկությունները պահպանվել են: Անունների, տեղանունների բազմաթիվ մշակումներից, ճշգրտումներից հետո դրանք բերվել են հայեցի տեսքի, եւ ստեղծվել է «Նիբելունգների երգի» հայկական հնչողությամբ ներկա տեքստը:

- Գերմանական դեսպանությունը տեղյա՞կ է եղել թարգմանական եւ հրատարակչական աշխատանքներին: Գրքի շնորհանդեսին ներկայացուցիչ չկար, կարծես:

- Մյունխենի Գյոթեի ինստիտուտի աջակցության պատրաստակամությունը կար, որ սակայն ծրագրի ձախող ընթացքի (նախորդ, 2006-ի հրատարակության- Մ. Բ.) պատճառով, չիրականացավ: Ինչ վերաբերում է շնորհանդեսին գերմանական դեսպանատան հրավերքին, դա կարելի էր անել, բայց չի արվել:

- Եվ վերջին մի հարց, ի՞նչ կարծիք ունեք հայ թարգմանական արվեստի ներկա վիճակի մասին:

- Շատ լավ սերունդ կա թարգմանականՙ իմ տարեկիցների եւ ավելի երիտասարդների, Հակոբ Մովսես, Աշոտ Ալեքսանյան, Արուս Բոյաջյան, Սերգեյ Ստեփանյան: Հրաշալի մտածողություն են դրսեւորում եւ այն բացը, որ ունեցել ենք ժամանակին, լրացնում են:

Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր աջակցում են թարգմանական գործին: Պետք է ասեմ, որ «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը փայլուն աշխատանք է իրականացնում եւ փիլիսոփայական, ինտելեկտուալ գրականության հրաշալի նմուշներ է ներկայացնում: Ինչպե՞ս են հրատարակվում, ինչպե՞ս են հայթայթվում միջոցները, ովքե՞ր են հովանավորում: Փառք ու պատիվ, որ այս նեղ ժամանակներում կարողանում են անել դա: Պետության, մշակույթի նախարարության կողմից միջոցներ, կարծես, տրամադրվում են գեղարվեստական, թարգմանական հրատարակություններին, բայց ընդհանուր վերաբերմունքը շատ սառն է, անհոգի, այդ սուղ միջոցներից տրամադրվածը փոշիացվում, նպատակին չի ծառայում: Մի քանի խոսք շնորհանդեսային միջոցառումների մասինՙ ինչ-որ կերպ դրանք խախտում են որեւէ հրատարակության հանդեպ լռությունը: Սակայն որքա՞ն կարելի է շնորհանդեսներով գիրք ներկայացնել: Կա մտավորականություն, գրողների միություն, մշակույթի նախարարություն, որոնք պարտավոր են նոր հրատարակությունները մեկնաբանել, գովազդել:

Թարգմանությունը լեզվական փոխհարստացման արվեստ է, լեզվական նոր միջավայր է ստեղծվում, լեզուների ներքին քննություն է ընթանում. պատրա՞ստ է արդյոք հայերենը ընդունելու նոր լեզվական իրողություններ, ժամանակակից արեւմտաեւրոպական եւ ուրիշ հեղինակների գրականություն:

- Շնորհակալություն:

Հարցազրույցը վարեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4