ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2008-08-02 | #16, 2008-08-30 | #17, 2008-09-13


ՄԱՐԴՈՒՆ ՍԻՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Ժորա Հարությունյանի 80-ամյակի առիթով

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Նա մարդ էր փնտրում, որ լավություն անի», «Ժորան տառապում էր խրոնիկական բարության հիվանդությամբ», «քայլող մարդ-բարություն», «բարության նոխազ», «Ուզում եմ գտնել մեկին, որին Ժորան օգնած չլինի». այս բնութագրումները կարդում ենք թատերագիր Ժորա Հարությունյանին նվիրված «Եկար, զարմացրիր, գնացիր...» ժողովածուում: Ժորա Հարությունյանին ծանոթանալ-ճանաչելու առիթ չեմ ունեցել, բայց իր գրականությանը, դրամատուրգիային ծանոթ ենք գրեթե բոլորս: «Ոսկե ցլիկ», «Հարսնացուն հյուսիսից», «Ղազարը գնում է պատերազմ», «Քո վերջին հանգրվանը», «Խաչմերուկ», «Շրթներկ N 4», «Խոշոր շահում» պիեսներով ու սցենարներով արված ներկայացումներն ու կինոնկարները ամենից ընդունվածն ու հանրածանոթն էին ժամանակին: Ստեղծագործության կինոէկրանավորումն առհասարակ հանրաճանաչ դառնալու ամենակարճ ուղին է, իսկ գնահատանքը պայմանավորված է անկաշառ հանդիսականի վերաբերմունքով: Հայ հանդիսականը սիրեց Ժորա Հարությունյանի դրամատուրգիան, որովհետեւ նա կյանքի մարդուն ու նրա հոգսը բեմ էր տեղափոխում առանց շինծու պաճուճանքների ու իրեն հատուկ մեղմ ու բարեհոգի հումորի միջոցով փորձում բարություն փոխանցել: Այս ժողովածուն, որտեղ ի մի է բերված մեր ժամանակի գրական ու թատերական միջավայրի գրեթե բոլոր երեւելիների (Հրաչյա Ղափլանյան, Սոս Սարգսյան, Պերճ Զեյթունցյան, Մհեր Մկրտչյան, Ռուբեն Զարյան, Լեւոն Հախվերդյան, Հենրիկ Էդոյան, Վարդուհի Վարդերեսյան, Երվանդ Մանարյան, Արամ Գրիգորյան, Վլադիմիր Աբաջյան, Սեւակ Արզումանյան, Նորայր Ադալյան եւ ուրիշներ) խոսքը Ժորա Հարությունյանի եւ նրա թատերգության մասին, իսկական գիրք-հուշարձան է:

Ժողովածուն մտահղացողը, կազմողն ու հովանավորողը գրողի դուստրն է` Գայանե Հարությունյանը, գրի ու մշակույթի մարդ` նուրբ ու քնարական ներաշխարհով: Հոր մասին պատմում է հաղորդական ջերմ զգացումով: Նա խոսում է, ու անցյալի հուշը առարկայանում, կենդանանում է, հայրը շարունակվում է իր օրերում, գծագրվում է նրա ներքին մարդը. Ժորա Հարությունյանը տաղանդավոր էր կյանքի ամենաբարդ` մարդկային հարաբերությունների ոլորտում, մարդասիրությունը իր ապրելաձեւն էր, վիճակ` ինչ-որ տեղ չափազանցված: « Ժորա Հարությունյանը իր պարտականությունների սահմաններն անվերջ լայնացնողներից էր` հոգ տանելով յուրաքանչյուր գրողի եւ աշխատանքի պայմանների մասին»: Կյանքին նայում էր շիտակ, ազնվությունն ամենակարեւոր չափանիշն էր համարում` մարդու գնահատման: «Միջավայրում կենսուրախ, կատակասեր էր. կատակն աշխարհընկալման ձեւ ու վերաբերմունք էր` ինքնաբուխ ու անմիջական, իրականում մելանխոլիկ էր, ինքնամփոփ, զուսպ »:

Աշխարհում հյուրի ժամանակավոր կարգավիճակի մարդկային հոգու դրամատիզմը, ենթագիտակցական կարոտը, մահը չհաղթահարելու անկարողությունը կյանքը տրագիկոմիկ սցենարի է վերածում. ինքն անհաշտ էր բաժանումներին ու կորուստներին. կյանքը համարում էր ակնթարթ` որքան տարողունակ, նույնքան` կարճ, որտեղից մարդուն մնում է միայն հուշը:

Ժորա Հարությունյանի գրական կերպարները պարզ, սովորական մարդկային նախատիպեր են, իր նյութը նա քաղում էր բուն կյանքից, ու բեմական տարածությունը լցնում է կյանքային իրադարձություններով, լեզվական ակտիվ միջավայրով, կենսունակ ու համոզիչ դիալոգներով, «բեմի եւ իրականության միջեւ բացված վարագույրով»: Կյանքի պրոզան բեմական իրականության մեջ փոխվում է. Ժորա Հարությունյանին բնորոշ չէ սուր սարկազմը, նա մեղմ հումորի ու անչար քննադատության կողմնակիցն է: Դուստրն ասում է, որ նա քնարական ներաշխարհ ուներ, բանաստեղծական ընկալումՙ արեւի լույսից մինչեւ նուրբ ստվերներ գեղեցկություն էր որոնում: «Տղամարդուն ոչ հատուկ նրբանկատություն ու փուխր սիրտ ուներ, ասում էր` ամեն մարդ աշխարհի օրենքների դեմ կռվում է իր սրտի օրենքներով, իսկ իր սրտի օրենքները շատ խսիտ էին. ինքն իր խղճին հակառակ չապրեց»:

... Խճճված կյանքի առօրեականության ցանցում` մենք տառապում ենք ժամանակի մշտահոսքի մեջ մեր մշտնջենականության հանդեպ թերահավատությամբ, կորուստներից մաշվում, բաժանումներից դառնանում ենք. «70 տարվա սիրտ է, ոնց դիմանա», ասում էր: Ու չի դիմանում, փխրուն սիրտն ավելի շուտ է փլվում. մարդը հուշ է դառնում: Ժորա Հարությունյանի հուշը, նրա մասին գրված խոսքերը, դստեր պատմությունները սեպտեմբերյան արեւի գույն ունեն. այդ հուշը բարություն անունն է կրում, անպաշտպան` դիմադրելու դժվարությամբ: «Այս աշխարհը կատակերգություն է նրա համար, ով մտածում է եւ ողբերգություն նրա համար, ով զգում է», գրում է Ժորա Հարությունյանը:

Սեպտեմբերի 7-ին լրացավ գրողի ծննդյան 80-ամյակը: Հակոբ Պարոնյանի անվ. կոմեդիայի թատրոնում ներկայացվելու է դրամատուրգի վերջին` «Շմոն եւ ուրիշները» պիեսի բեմադրությունը (բեմադրիչ` Երվանդ Ղազանչյան): Ժորա Հարությունյանը մասնագիտությամբ բժիշկ էր, երկար տարիներ աշխատել է բուժական հիմնարկներում, նաեւ` ՀԳ միության պոլիկլինիկայի գլխավոր բժիշկն է եղել: «Թե ինչ շահեց թատերգությունը, ես ասել չեմ կարող, բայց որ բժշկությունը ոչինչ չկորցրեց, դա հաստատ է», կատակով ասել է դրամատուրգը: 1965-ից, շուրջ 30 տարի` որպես ԽՍՀՄ գրական ֆոնդի հայկական բաժանմունքի տնօրեն նա իր սրտացավ, ուշադիր վերաբերմունքով նպաստել է կառույցի զարգացումներին, իսկ գրչի տաղանդով` հայ թատերգությանն ու թատրոնին: Երեք տասնամյակ նրա գրիչը սնել է հայ բեմը, իսկ որպես դրամատուրգ նրան առաջինը նկատել ու թատրոն բերել էր Վարդան Աճեմյանը: «Հարսնացուն հյուսիսից» պիեսը շուրջ 500 բեմադրություն է ունեցել, Դրամատիկական թատրոնի խաղացանկից «Քո վերջին հանգրվանը» 15 տարի դուրս չի եկել: Ժորա Հարությունյանը ՀԳ միության վարչության երկարամյա անդամ էր, դրամատուրգների խորհրդի նախագահը, պարգեւատրվել է ԽՍՀՄ շքանշաններով, «Արտավազդ» մրցանակի բրոնզե դափնեկիր է: Կյանքը ճաշակած ու ճանաչած, փորձառություններից իմաստնացած գրողի խոհերն ու մտքերըՙ զետեղված վերոհիշյալ գրքի վերջին էջերում, շատ լավ բնորոշում են նրա անձը, եւս մեկ անգամ հաստատում իր մասին եղած կարծիքներն ու դստեր պատմածները: Դրանք խորհուրդներ են նաեւ, ուսանելի մտքեր. « Կյանքի առաջին կեսին մարդն աշխատում է անվան համար, իսկ կյանքի երկրորդ կեսին անունն է աշխատում մարդու համար»: «Իսկական խորհուրդ տվողը նա է, որն ինքն էլ է մասնակցում իր խորհրդի կատարմանը», «Վճարում ենք ոչ միայն մեղքերի, այլեւ բարության ու առաքինության համար», «Երախտագիտության ճանապարհը ամենակարճ ճանապարհն է աշխարհում»: «Ճանաչել-գնահատել, վստահել մարդուն. սա Ժորա Հարությունյանի գործելակերպի հիմնաքարն էր: Վստահությունը խարսխված է ճանաչողության վրա, իսկ ճանաչողությունը` տաղանդի եւ փորձի: Ժորա Հարությունյանն ուներ այդ երկուսն էլ », գրում է Հենրիկ Էդոյանը:

... Գայանեն երկար պատմում է, դրվագներ հիշում, հոր կերպարն է մեջը շարունակվում, այրող կարոտը: Հուզված է` արցունքախառն...

«... Մի ժամանակ, երբ նայում էի պատուհանից` տների շղթայից հայացքով խլելով հորս տունը, նայում էի դեպի ապագան. այնտեղ մեր ծրագրերն էին, զրույցները, հանդիպումները: Հիմա հայրս չկա, հիմա, երբ նայում եմ պատուհանից, նայում եմ դեպի հավերժություն, որտեղ փոշիացել են անցյալն ու ներկան, եւ որտեղ չկա ապագա... Ուրեմն, իմ պատուհանը պատուհան է դեպի հավերժություն` ամենակուլ, անհագ եւ իր իսկ անսահմանությամբ` ողբերգական: Չէ՞ որ հավերժությունն անհասանելի է, մինչդեռ այն այստեղ է, իմ կողքին, բավական է միայն նայել պատուհանից»:


Նկար 2. Սերո Խանզադյան, Ժորա Հարությունյան, Պերճ Զեյթունցյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4