ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Արդյոք տպագիր գիրքը նետվում է անցյալի գիրկը, ինչպես ժամանակին ձեռագիր մատյանները: Գրահրատարակչական գործը, սակայն, նահանջի միտումներ առայժմ ցույց չի տալիս, թեեւ ընթերցանության առումովՙ այո: Պոլիգրաֆիական տեխնիկան օրեցօր նոր որակներ է ի հայտ բերումՙ գրքի տպագրության գեղագիտական նոր չափանիշներով: Հայաստանում էլ այսօր գրահրատարակչությունն ավելի զարգացած է, քան ոչ վաղ անցյալում, երբ մենք ոչ թե տոնավաճառային ժողովուրդ էինք համարվում, այլ նույնիսկՙ ընթերցասեր ու յուրաքանչյուր հայի ընտանիքում պատկառելի գրադարան կար: Գրախանութի աշխատող զրուցակիցս պատմում էր, որ երեխայի հետ մի գնորդի խորհուրդ է տվել գնել Աղայանի հեքիաթների քառահատորյակը, նա էլ, թեՙ չէ, էս մեկը բավական է, վերցնում եմ, կարդա, հետո դեն եմ նետելու, տանը տեղ չկա: Էլ չեմ ասում շրջիկ գրավաճառի մասին, որ 200 դրամով Վարուժան ու Եսենին էր վաճառում: Իսկ մեկ ուրիշը, տունը վերանորոգելիս, ողջ գրադարանը տեղափոխեց ամառանոց, եւ գրքերն արկղերից այդպես էլ դուրս չեկան: Զգացե՞լ եք, թե ինչպիսին է մթնոլորտն այն բնակարաններում, որտեղ առհասարակ գիրք չկա, որի ոչ մի անկյունում մտքի, մտածողության, զգացողության համար տեղ չի գտնվել: Դա սառը, անհաղորդ, նյութակնացված վայր է, որտեղ բացակա է աշխարհի ամենախորհրդավոր բանըՙ գիրքը, որի փոքր տարածքում աշխարհի գաղտնիքներն են ամբարված:
Ի՞նչ է ընթերցանությունըՙ սովորությո՞ւն, անհրաժեշտությո՞ւն, պարտադրա՞նք... եւ ո՞րն է այսօր ընթերցանության այսչափ պակասի պատճառներըՙ այլընտրանքային միջոցնե՞րը, հետաքրքրության պակա՞սը, միջավա՞յրը, թե՞ ծուլությունը:
«Գրքերի աշխարհ» թերթի թիվ 2-ում մասնավորապես գեղարվեստական ընթերցանության վերաբերյալ ուշագրավ մի հրապարակում կա սերբ գրող Միլոռադ Պավիչի ստորագրությամբ: «Գրավոր խոսքի գոյության ընթացքում, գրում է նա, մարդիկ երբեք այնքան չեն ընթերցել, որքան այսօր»: Նա օրինակ է բերում անցյալ դարավերջին Ֆրանսիայում անցկացված «Ընթերցանության մոլուցքի տոնը», ֆրանկֆուրտյան գրքի ահռելի տոնավաճառները, միաժամանակ հիշատակում «Նյու Յորք Թայմսի» էջերում նշանավոր հեղինակների «Գրքի վե՞րջը» խորագրով հոդվածները: Մեջբերենք մի քանի հատված հիշյալ հրապարակումից. «Նախկին ընթերցողն այսօր բախվում է համեմատաբար նոր երեւույթի եւ նոր տեսակի տեքստի հետ, որը նրան առաջարկում է գրական ստեղծագործության ընթերցանության համեմատաբար նոր մեթոդ: Խոսքը ոչ ուղղագիծ պատումի եւ ինտերակտիվ գրականության մասին է:
Ընթերցողին գրական երկի ստեղծման ընթացքին առավելագույնս մասնակից դարձնելու համար անհրաժեշտ է գիրքը գրել ոչ ուղղագիծ գրի նոր տեխնիկայով, որ առաջարկում է ընթերցանության մի քանի ուղղության ընտրություն, ընդ որում նրանցից յուրաքանչյուրը փոխում է տեքստի իմաստը»:
...«Եվրոպայում, XVIII դարի վերջին եւ Սերբիայում նույնպես, հրատարակիչները գիրք վաճառելու նոր եղանակ էին կիրառում: Գիրքը տարածվում էր բաժանորդագրության միջոցով: Սկզբում հրատարակիչը թերթում հայտարարություն էր տալիս, որտեղ այս կամ այն հեղինակի որեւէ գիրքը տպագրելու իր մտադրությունն էր հայտնում: Դրանցից հետո բոլոր մեծ քաղաքներում վարձում էր մարդկանց, որոնք դրամ էին հավաքում բոլոր նրանցից, ովքեր որ ուզում էին գնել ապագա գիրքը եւ ապա գնորդների հասցեի հետ դրանք ուղարկում էին հրատարակչին: Դրանցից հետո հրատարակիչը տպագրում էր այնքան գիրք, որքան բաժանորդագրվող էր եղել, իսկ նրանց անունները տպագրում էր յուրաքանչյուր օրինակի սկզբում կամ վերջում: Դա կոչվում էր «վերահամարագրում»:
Այսօր աշխարհը վերադառնում է գրքերի վաճառքի այդ մեթոդին»:
Փորձենք անդրադառնալ գրքերի մեր աշխարհին:
Հայաստանում այսօր գործում են շուրջ 200 հրատարակչություն (նախկինումՙ 6-7), 8-10 գրախանութ (նախկինումՙ 6 տասնյակից ավելի), անթիվ-անհամարՙ ընդհուպ գարաժային համարվող տպարաններ (նախկինումՙ ավելի քան երկու տասնյակ): Ինչպիսի՞ (կանոնակարգվա՞ծ, թե՞ տարերային) օրենքներով է գործում հեղինակ-հրատարակիչ-տպագրատուն-գրավաճառ ցանց-ընթերցող ուղղագիծ շղթան: Ի՞նչ գրականություն է տպագրվում եւ ի՞նչ վաճառվում, ի՞նչ խնդիրներ, պահանջներ, առաջարկներ ու մտահոգություններ ունեն հեղինակները, հրատարակիչները, տպագրիչներն ու վաճառողները: «Ազգը» սկսում է հրապարակումների շարք այս թեմայովՙ բանավեճեր, հարցազրույցներ, հոդվածներ:
Հայտնի էՙ 200 գործող հրատարակչություններ տարեկան տասնյակ արտադրանք են թողարկում, ենթադրելի է, որ դրանց սպառումը սակավաքանակ գրախանութներում դժվար է լինելու: Մի մասը տպագրվում է միջազգային կազմակերպությունների, դեսպանատների պատվերով ու ֆինանսական միջոցներով եւ անվճար բաժանվում: Միեւնույնն էՙ հստակ է գրքի տեսքով արտադրանքի ու վաճառքի անհամամասնությունը: Մանավանդ, ինչպես վկայում են գրավաճառները, հեղինակները, հրատարակիչներն ու մանկավարժները, գրքի ընթերցանությունը շատ է նվազել:
Ներկայացնենք Երեւանի մի քանի գրախանութներից մեր տպավորությունները:
Աբովյան փողոցի սկզբներին, ԱԳ նախարարության հարեւանությամբ է գտնվում «Անի» գրատունը:
Զրուցում եմ գրատան բաժնի վարիչ Ալվարդ Հովհաննիսյանի հետ. «Գրքի պահանջարկը, հատկապես գեղարվեստական գրականության, գրեթե զրոյի է հավասարվել: Դասական գրականությունը անգամ սեղմավեպերի են վերածել, բայց դա էլ չի ընթերցվում: Պատճառը սոցիալական չէ միայն, արմատներն ավելի խորն են: Անտարբերությունը գրքի հանդեպ դպրոցից է գալիս. գրականությունն այս տարիներին որպես առարկա գրեթե դուրս մղվեց: Երեխային մանկուց պետք է ընթերցանության վարժեցնել: Լինում են նույնիսկ այնպիսի դեպքեր, երբ երեխան ձեռքը տանում է պատկերազարդ գրքին, ծնողը սաստում է նրան, թե դա քեզ պետք չի, քեզ պաղպաղակ, խաղալիք կգնեմ:
Մասնագիտական, բառարանային, ուսումնական գրականության պահանջարկ, բնականաբար, կա. կյանքը փոխվում է, նոր մասնագիտություններ, մեթոդներ են առաջանում: Բայց ընդհանուր առմամբ գրքի վաճառքը պասիվ է, գրենական պիտույքներով գրախանութ չի կարող գոյատեւել, պետական հարկեր մուծելը դժվարանում է, եւ գրախանութները փակվում են: 6-7 ամիսների ընթացքում 5 գիրք հազիվ է վաճառվում, եւ այնպիսի գրքեր, որոնց համար նախկինում գիշերներ էին մարդիկ լուսացնում գրախանութի առաջ»:
«Անի» գրատան տարածքը փոքր է, գրքերըՙ շատ եւ իրար վրա շարված: Երկարամյա ու փորձառու աշխատակցուհին առաջարկվող գրականության եւ եղած պահանջարկի միջեւ խիստ անհամապատասխանություն է տեսնում: «Խորհրդային տարիներին, հիշում է նա, բազմաթիվ մասնագետներ կայինՙ ապրանքագետներ, տպագրիչներ, «Հայգիրք» առեւտրային կազմակերպությունը կար, սակայն գրքի պահանջարկի թեմատիկ պլանը ներկայացնում էին գրավաճառին, որովհետեւ ամենից լավ նա գիտեր, թե ինչ է պահանջվում: Գիրք կար, որի 30.000 օրինակը երկու օրում վաճառվում էր, հիմա գիրք կա, որ տարեկան երկու օրինակ է վաճառվում: Թեպետ դանդաղ, բայց վաճառվում են Լեւոն Խեչոյանի, Գեւորգ Յազըճյանի գրքերը:
Պետպատվերային գրքերը մնում են պահեստներում: Գրախանութները քիչ են եւ գերհագեցած են, ընթերցողը իր ուզած գիրքը չի կարողանում գտնել: Չկա համակարգում, գրքի ու ընթերցողի միջեւՙ կապ: Մարդիկ չգիտենՙ ինչ է հրատարակվում. գիրքը չի գովազդվում, այլեւս չի ընկալվում որպես հոգեւոր սնունդ, իսկ դա մեծ նշանակություն ունի: Հեռուստատեսությամբ անգամ վազող տողով եթե որեւէ գիրք է ներկայացվում, հաջորդ օրը մի տասը մարդ հետաքրքրվում է, 2-3-ը գնում է: Սակայն հեռուստատեսություններով առաջարկվող գովազդային գները շատ բարձր ենՙ 150.000-ից 200.000 դրամ»:
«Անի» գրատան փոքր տարածքի մեծ մասում հայագիր գրականություն է ներկայացված: Քառասնամյա անցյալով ու փորձով գրատան աշխատակիցների մասին դրսում խոսում են որպես նվիրյալների: «Ինչ էլ լինի, գիրքը չի վերանա», թեեւ հուսահատված` ասում է զրուցակցուհիս:
«Artbrige>-ըՙ Աբովյան 20 հասցեում, Երեւանի ամենաինքնատիպ, յուրահատուկ մթնոլորտով, առաջին եւ միակ սրճարան-գրատունն է, որի փոքր տարածքում բավականին խտությամբ, սակայն ճաշակով ու հաճելիորեն ներկայացված է գրքի որոշակի տեսականիՙ տեղեկատվական, գեղարվեստական, գիտական, տուրիստական, մանկական, արվեստաբանական, պատկերագիրք-ալբոմներ, քարտեզներ, CD-ներ, բացիկներ, համերգային տոմսեր, արտասահմանյան մամուլ, նաեւ գրենական պիտույք, հուշանվերներ: Գրատուն-սրճարանը գործում է 2001-ից: Տնօրենուհինՙ Շաքե Հավանը ասում է. «Գրատունը բացելիս մտածում էի, որ սկզբնական շրջանում աշխատելու է սրճարանի հաշվին, սակայն սխալվեցիՙ հակառակը պատահեց»: Սրճարանի իմաստը բիզնեսից բացի գրքի վաճառքի նորովի մատուցումն էՙ մինչեւ գնելը սուրճի վայելումով գրքին ծանոթանալու հաճելի հնարավորությունը:
Գրքի վաճառքից չի դժգոհում. սա պայմանավորում է գրքի մատուցմամբ, ընթերցողի հետ աշխատելու ունակությամբ, վերաբերմունքով, աշխատակիցների տեղեկացվածությամբ: «Երկու տարի գրքի ակցիաներ ենք կազմակերպել մարզերում (Սյունիք, Լոռի, նաեւ Ախալքալաք), սիմվոլիկ գումարներով գիրք էինք տարածում բնակչության մեջ: Ես հավատացած եմ, որ գիրքը պիտի գնվի, այն, ինչ գրադարաններին տրվում է, դա այլ բան է, բայց գիրքը արժեք ունի եւ պետք է վաճառվի:
Մենք խնդիր ունենք պետպատվերային գրականության հետ: Այս պարագայում պիտի հստակ գործի ներքին եւ դրսի (սփյուռքի) զարգացման 5 տարվա ծրագիր: Պետպատվերով պիտի մեր դասականների գործերը վերահրատարակվեն: Ես չեմ հասկանում այս սեղմավեպերի իմաստը, հեշտացնո՞ւմ է կարդալը, բայց բովանդակությունն է կորչում: Շրջանների գրադարանները շատ խեղճ վիճակում են, դրանք վաղուց չեն վերազինվել, եւ օրենք էլ չունենք այս մասին: Հիմնադրամի միջոցով որոշել եմ երկու գրադարան վերազինել, բայց հարց է ծագումՙ արդյոք որեւէ մեկը կարո՞ղ է գրադարան վերազինել ըստ իր նախասիրությունների» (կրոնական, քաղաքական կամ որեւէ այլ կողմնորոշումները նկատի ունի.- Մ. Բ.):
Գրքի լավագույն գովազդը Շաքեն համարում է բովանդակության այնպիսի ներկայացումը, որ հետաքրքրություն առաջացնի: Ըստ նրա, կան գրքեր, որոնք գովազդի կարիք այլեւս չունեն, ինչպես Պաուլո Կուելյոյի գրքերը կամ «Հարի Փոթերը», քանի որ «ամեն լեզվով կան, մնում է թարգմանել եւ դնել սեղանին: «Հարի Փոթեր»-ի թարգմանությունը պատրաստ է տպագրության, բայց ափսոս գումար չկա»: Գովազդի ձեւ են նաեւ գրքերի շնորհանդեսները, սակայն լինում է այնպես, որ շնորհանդեսից հետո մարդը մտնում է գրախանութ, իսկ գիրքը դեռեւս չկա: Հետաքրքրությունը նվազում է: Ծննդյան օրերին եւ ուսումնական տարվա սկզբին գրատունը, հրատարակիչների հետ համաձայնեցրած, զեղչեր է անում. դրանք այժմ բառարաններին են վերաբերում:
Գրքի շուկայի կարգավորմանն ուղղվածՙ իմ զրուցակիցը մի շարք նկատառումներ ունիՙ կապված գրքի կոնկրետ տպաքանակի եւ գրքի գնի պարտադիր ներկայության հետ: Իր կենսագրությունը Շաքեն մեկ նախադասությամբ է ամփոփում. «Ծնվել եմ Պարսկաստան, մեծացել Միացյալ Նահանգներ, մշակվում եմ Հայաստանում»: Հարկային քաղաքականության մասին այսպես է մտածում. «Ոչ ոք հարկ չի սիրում. ես ցանկություն ունեմ շատ փող աշխատել եւ հարկ տալ, որովհետեւ տրված հարկի դիմաց ես իրավունք ունեմ պահանջելու. սա լավ հնարավորություն է»:
«Կնիգալյուբ»: Այս գրախանութը եւս գտնվում է Աբովյան փողոցում: Փոքր տարածքով հաճելի մթնոլորտով գրախանութ է, վաճառվում է հիմնականում ռուսալեզու գրքեր (իրավագիտական, տեխնիկական, համակարգչային, արվեստաբանական, նաեւ գեղարվեստական. գեղեցիկ, տեսանելի ներկայացված): «Մարդ չկա, պարապ նստած եմ», ասում է գրատան աշխատողըՙ Արծրուն Համբարձումյանը: Երբ մի ժամանակ Երեւանում համակարգչային գրականությունը քիչ էր, գնողականություն կար, հիմա հագեցավ»:
Նախկինում գրքի 30.000-անոց սպառումը նա պայմանավորում է «զանվածային գրքերի գնման ընթացքով: Ամեն ընտանիք պարտադիր ուներ իր գրադարանը»: Այսօր գրքի հիմնական գնորդըՙ մտավորականը սոցիալական սուղ պայմաններում է, գրքին հերթ չի հասնում...«Ընթերցանության մշակույթը բացակայում է, համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողներն անգամ գիրք չեն կարդում: Գրախանութներին պարտադրվել են սեղմավեպեր, դա խեղկատակություն է, ամոթ է: Երեխան ի՞նչ կարող է դրանից ստանալՙ ոչինչ: Իսկ այդ ոչինչը նա ստանում է հեռուստաէկրանից առավոտից երեկո սապոժնիկի լեզվով տարածվող դատարկաբանությունից»:
Մենք շարունակելու ենք մեր անդրադարձն ու այցերը գրախանութներ, հանդիպելու ենք գրողների, հեղինակների, որոնցից մի քանիսն, ի դեպ, մտահոգ են եւ դժգոհություն ունեն պետպատվերով տպագրված հեղինակային գրքերի անհասանելիությունից եւ անորոշությունից:
Այժմ անդրադառնանք մյուս կարեւոր ոլորտինՙ հրատարակչատներին, ներկայացնենք «Արեգ» եւ «Վան Արյան» հրատարակչությունների տնօրեններիՙ Սամվել Գասպարյանի եւ Վան Արյանի մտահոգությունները, առաջարկները, տեսակետները:
«Արեգ» հրատարակչություն. - Հիմնադրվել է 1993-ին, հիմնական ուղղություններն ենՙ մանկական եւ հանրագիտարանային գրականություն եւ տարբեր լեզուներով բառարաններ (անգլերեն-հայերեն, ֆրանսերեն-հայերեն, ռուսերեն-հայերեն): Այժմ իրականացնում է մի ծրագիր, որը օտարալեզու ընթերցողին կներկայացնի գրքերՙ նվիրված Հայաստանին ու հայ ժողովրդին: Տպագրվել են «Մանկական քրիստոնեական հանրագիտարան», «Հայաստանի հրաշալիքները» պատկերազարդ հանրագիտարանը, «Շախմատի հանրագիտարան» եւ այլն :
«Արեգ» հրատարակչության տնօրեն Սամվել Գասպարյանն այս ոլորտում աշխատում է 1973-ից («Գրքերի աշխարհ» թերթ, «Լույս», «Արեւիկ» հրատ.) Իր մտահոգություններն ու առաջարկները նա ներկայացրեց անցյալի փորձառությունից ելնելովՙ կյանքային դրվագներով, ուսանելի օրինակներով:
Գրքի հանդեպ վերաբերմունքի մասին
- Որպեսզի գիրքը լավ զգա իրեն, վստահ եմ, ինչպես մնացած հարցերում, պիտի վերաբերմունք լինի վերեւից, նկատի ունեմ հանրապետության առաջին դեմքերին: Գրքի նկատմամբ նրանց վերաբերմունքը, կարծում եմ, այնքան էլ լավ չէ:
Ղեկավարի խոսքը, օրինակը վարակիչ է, եթե նա, ասենք, գարեջուր է սիրում խմել, կամ սպիտակ կոստյում հագնել, եթե ոչ բոլորը, բայց շատերը հետեւում են նրան: Երկու տարի աշխատեցի Լաոսում, այնտեղ մի խորհրդական ունեինք: Մենք ֆուտբոլ, թենիս, շախմատ էինք խաղում, խորհրդականը փոխվեց. այս նորը ժամանակին բասկետբոլիստ էր եղել: Եվ 2000 հոգի սկսեցին բասկետբոլ խաղալ:
90-ականներին, երբ Շառլ Ազնավուրը Երեւանում էր, իրեն ասացի, որ իր գիրքն եմ տպագրելու: «Կհասցնե՞ս»,- հարցրեց: «Այո»` ասացի: Վերջին վայրկյանին հասցրի: Շառլ Ազնավուրը Կառավարության ընդունելությունների տանն ընթրիքի էր, որից անմիջապես հետո պիտի մեկներ: Որեւէ կերպ չկարողացա ներս մտնել: Ոստիկանների ղեկավարին ասացիՙ դուք չեք հասկանում սա ինչ է, բայց նախագահը հասկանում է: Դուք որ այս գիրքը հասցնեք նախագահին, հնարավոր էՙ Ձեր աստիճանը բարձրացնի: Շրջվեց ընկերների կողմը, գիրքը վերցրեց ու գնաց: Մի 20 րոպեից վերադարձավ ու ասաց. «Ձեր գիրքը նախագահը մեծ հանդիսավորությամբ հանձնեց Շառլ Ազնավուրին»: Հետո իմացա, որ գիրքը Լեւոն Տեր-Պետրոսյանին էր հասել Ազնավուրի հետ հրաժեշտի, ընծաներ տալու պահին: Մի քանի շաբաթ անց Հրաչյա Թամրազյանը, որ տեղեկատվության նախարար էր, ինձ առաջարկեց «Գրքերի աշխարհի» խմբագրի աշխատանքը: Իր սեղանին մեծ տառերով գրված էրՙ «Արեգ» հրատարակչություն: Հարցրիՙ ի՞նչ է դա: Ասաց 10-15 օր էՙ փնտրում եմ այս հրատարակչությունը, տպած գրքերից մեկը: Պարզվում է փնտրվողը Շառլ Ազնավուրի գիրքն էր, եւ շատ պաշտոնյաներ ու պատգամավորներ ուզում էին ունենալ, որովհետեւ նախագահի վերաբերմունքն էին տեսել այդ օրը:
«Շախմատային հանրագիտարանի» հրատարակությունն էի պատրաստում: Սերժ Սարգսյանի մասին` որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, հոդված կար: Հոդվածն ուղարկեցի իրեն կից գրությամբՙ ցանկության դեպքում մանրամասն ներկայացնելու մնացած նյութերը: Մի քանի օր անց նախարարությունից հանդիպում նշանակվեց: Շատ ջերմ հանդիպում էր: Օգտվելով առիթիցՙ նախարարին հրավիրեցի գրքի շնորհանդեսին: Սիրով համաձայնեց եւ եկավ: Տասը տարի էլ պիտի աշխատեմ, որ այդպիսի գովազդ լինի: Բոլոր թերթերից, ռադիոհեռուստատեսություններից լցված էին Աբովյան փողոցիՙ այժմ կոշիկի խանութի վերածված գրախանութը:
Վերաբերմունքը վերեւից պետք է լինի: Մենք էլ վերեւ նայող, թագավոր սիրող ժողովուրդ ենք: Դուք էլ թագավոր եք, դե՛ տիրություն արեք գրքին: Երկիրը վերափոխելու, փրկելու խնդիր ունենք, սկսենք գրքի փրկությունից. իսկ գիրքը սարսափելի ուժ է: Հիտլերի հետ կապված հայտնի փաստը հիշենք: Որպես ոչ արիական ցեղ, նա ուզում էր հայերին ոչնչացնել: Գերմանացի գիտնականների հետ միասին հայերը կազմակերպում են հոդվածների շարք հայերի ծագումնաբանության, պատմության մասին եւ գրքով հանձնում Գեբելսին: Հայերին վերացնելու ծրագիրը վերանում է գրքի օգնությամբ:
Խորհրդային շրջանից ժառանգված հրատարակչական խոպանի մասին
- Երբ անցանք շուկայական հարաբերությունների, երկար ժամանակ հրատարակչական ոլորտում կատարվող իրողություններն անհասկանալի էին ինձ: Հետո բացահայտեցի, որ հրատարակչական դաշտը խոպան էր եւ ով ուզեցՙ մտավ: Պատճառն այն էր, որ չկային պրոֆեսիոնալ հրատարակիչներ, աշխատում էին գրողներ, բանաստեղծներ: Լավ հրատարակչի, ինչպես յուրաքանչյուր մասնագետի համար, պարտադիր պայման է, անշուշտ, տեղեկությունը, գրագիտությունը, ոլորտի ճանաչողությունը, բայց դա նախեւառաջ ստեղծագործական աշխատանք է` նվիրում ու սեր պահանջող, իսկ ամենակարեւորըՙ քաղաքականությունն է: Հրատարակիչը պիտի նախ քաղաքացի լինի: «Արեգը» տպագրել է «Մանկական քրիստոնեական հանրագիտարան»ՙ անգլերեն, հայերեն, «Հայաստանի գունավոր քարերը», որտեղ ներկայացված են մեր երկրի թանկարժեք եւ ակնագործական քարերըՙ պատմական տեղեկություններով, ուշագրավ ավանդություններով, «Հայաստանի հրաշալիքները»ՙ 90 բառահոդվածից եւ 150 գունավոր լուսանկարներից բաղկացած. ներկայացնում է Հայաստան երկիրը հնագույն շրջանից մինչ այսօր: Գրքի 5000 օրինակը շատ արագ սպառվեց: Տպագրության են պատրաստ նաեւ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն տարբերակները: Եվ մինչեւ հիմա պահանջարկ կա: Երազում եմ տպագրել մանկական հանրագիտարան:
Գրքի տեսքով արտադրանքը չափազանց է շատացել: Գրախանութները պայթում են խոտանիցՙ նույնիսկ առանց սրբագրության, խմբագրության, անգրագետ ձեւավորմամբ գրքեր կան: Հրատարակությունների մի մասը խոտան է, մի մասըՙ ժամանակավրեպ, հնացած, անպետք բաներ: Այսինքն` չկա լուրջ վերաբերմունք գրքի նկատմամբ, բացակայում է գրահրատարակչական քաղաքականությունը:
Պետպատվերային գրականության մասին
- Պետպատվերային շատ գրքեր գրախանութներում մնում են 5-6 ամիս, նույնիսկ մեկ տարի. չեն վաճառվում: Ես ցավում եմ, որ գումարները մսխվում են նման գրքերի վրա: Պետպատվերի իմաստը ես այսպես եմ հասկանումՙ պետությունն ուզում է գիրք տպել, որն իրեն պետք է եւ վարում է համապատասխան քաղաքականություն: Մեր պետությունը մի քանի խոշոր հարց ունիՙ Ցեղասպանության ճանաչում, Ղարաբաղի հարց, մշակույթի քարոզչություն: Երվանդ Քոչարի 100-ամյակն էր. Հենրիկ Իգիթյանը որպես անհատ տպեց Քոչարին նվիրված պատկերագիրքը: Մինչդեռ պետական պատվերով պետք է տպվի այնպիսի գրականություն, որը կնպաստի այս հարցերում պետական քաղաքականությանը: Ցեղասպանության մասին հայերենով շատ գրքեր են տպագրվել: Լավրենտի Բարսեղյանի հետ մի հանդիպման ժամանակ, երբ ցույց էր տալիս այդ գրքերը, ասացիՙ «Էս ի՞նչ եք արել, որ ուրախանում եք, այս գրքերը անգլերենով, ֆրանսերենով, ռուսերենով պետք է տպագրեք»:
Ֆրանկֆուրտից Մոսկվա-միջազգային տոնավաճառների դասերից
- Ֆրանկֆուրտում գրքի միջազգային ցուցահանդեսին մի հայասեր թուրք, այդպես էր ներկայանում, մի օր անգլերենով հաստափոր, հանրագիտարանի ծավալով մի գիրք ձեռքին մոտեցավ մեր տաղավարին: Ցույց տվեց գիրքն ու ասաց, որ սա հայերի կողմից թուրք ժողովրդի եղեռնի վերաբերյալ փաստաթղթերի ժողովածու է, եւ սա առաջին հատորն է: Հետո հարցրեցՙ դուք ունե՞ք որեւէ գիրք ցեղասպանության մասին: Քրքրեցինք-քրքրեցինք մեր տաղավարը, մի լղարիկ գիրք գտանքՙ հայերենով: Երեւան վերադարձինՙ առաջարկություն արեցի այդ տարվա պետպատվերը ուղղել Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքերին: Բայց դա հնարավո՞ր է...
Մի քանի տարի առաջ Հայաստանից տասը հրատարակչություն մասնակցեց Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին: Հայկական տաղավարը լավագույններից էր, իսկ Վրաստանը, Ադրբեջանը առհասարակ ներկա չէին: Այդ տարվա առաջին մրցանակը ստացավ Ադրբեջանը «ԾՏռ ԽՈՐՈոՈւ» գրքով, բնականաբար, իր տեսակետներով ու մեկնաբանությամբ, բայց անգամ ստենդ չուներ: Ինչո՞ւ պետք է այդպես լիներ. մենք չե՞նք կարող նման ալբոմներ, գրքերՙ Հայաստանի, Ղարաբաղի մասին տպագրելՙ էս ի՞նչ ոտանավորներ ենք տպում պետպատվերի տակ: ... Ու հանկարծ հայտնագործում ենք, որ գաղափարական դաշտում պարտություն պարտության հետեւից ենք կրում:
Մնում է ավելացնել, որ լավ գրահրատարակիչը հենց ինքն է գրքի լավագույն քարոզողը, երբ ստեղծագործաբար է գիրք տպագրում- (Մ. Բ.):
«Վան Արյան» հրատարակչատուն. Գործում է 1993 թվականից: Տպագրվել է ավելի քան 500 անուն գիրք, յուրաքանչյուրըՙ 300-1000 օրինակ: Հրատարակչատունը սեփական տպարան ունի :
Գրահրատարակչությունըՙ օրենսդրական հարթությամբ
Մեր երկրում քանի որ օրենքներ չկան, եղածներն էլ չեն գործում, ոչ միայն հրատարակչի, այլեւ փոքր եւ միջին բիզնեսի համար մեծ խնդիրներ են առաջանում: Օրենքները կամ չեն ընդունվում, կամ ընդունվածներից որոշներն էլ սխալ ենՙ մեկը մյուսին հակասող, եւ ոչ միայն օրենքները, այլեւՙ ենթաօրենսդրական ակտերը: Հայտարարվում է, որ պետությունը սատարում է փոքր եւ միջին բիզնեսը, սակայն հարկային օրենսդրական դաշտի առկա մեխանիզմը, փաստորեն, խոչընդոտում է դրան: Ինչպե՞ս կարելի է հարկային դաշտում արտոնություն չտալ գիրք արտադրողին: Կարող են առարկել, վկայելով պետական հովանավորությամբ գրքի տպագրությունը: Նախՙ դրանք այնքան չնչին են, որ հոնորար տալ անգամ հնարավոր չէ: Սակայն կարեւորըՙ ճիշտ քաղաքականություն չի մշակվածՙ արդյունավետության առումով: Որեւէ գերատեսչությանը տրվող պետպատվերային ֆինանսավորումը նախապես արդեն սահմանում է տպագրվելիք գրքերի քանակը, մամուլը, տպաքանակը: Մինչդեռ դա հրատարակչությունները պետք է որոշեն, ներկայացրած հայտերից համապատասխան հանձնաժողովն է կատարում ընտրություն. 8-10 գիրք եմ ներկայացնում, երկուսն է անցնում: Պ. Սեւակի թարգմանությունների ժողովածուն, օրինակ, 2 անգամ էլ մերժվել է, փոխարենը մի անհայտ հեղինակ է ներկայացվել: Ես դեմ չեմ նորագիր հեղինակների տպագրությանը, սակայն արդեն ճանաչված, բայց ոչ այնքան արժեք ունեցողներին անընդհատ պետպատվերի ցուցակ մտցնելն ինչպե՞ս հասկանալ: Այլ բան է անձնական միջոցներով հրատարակությունները, մեկ այլՙ պետպատվերայինով. պետական միջոցները ծախսել նման անարժեք գրականությա՞ն վրա:
Հրատարակչական տուգանքներ
Հրատարակչին կարելի է տուգանել, անգամ դատական գործ հարուցել, իհարկե պետպատվերային գրքի դեպքում, նույնիսկ օբյեկտիվ պատճառներով ուշացման, տեխնիկական տվյալների անհամապատասխանության համար: Օրինակ, նախատեսված 10 մամուլի փոխարեն ենթադրենք տպվել է 12 մամուլՙ ընդ որում, ի վնաս հրատարակչության: Համապատասխան գումարի դիմաց հաստատված գրքի մամուլն ու տպաքանակը հնարավոր չէ փոփոխության ենթարկելՙ ենթադրենքՙ նույն գումարի սահմաններում հեղինակի համաձայնությամբ գրքի մամուլը մեծացնելՙ տպաքանակը քչացնելով: Հակառակըՙ մամուլ կրճատելուն համաձայնվում են, բայց չէ՞ որ դա մեխանիկական պրոցես է, որից գրքի բովանդակությունն աղճատում է: Հարկային աշխատողը կառչում է օրենքի տառից, ոչ ոգուց, տեխնիկական ինչ-որ կետերից: Եթե մարդը ո՛չ պետությանը, ո՛չ էլ որեւէ մեկին ֆինանսապես չի վնասել, թեեւ սխալ քայլ է կատարել, ինչո՞ւ պիտի այդ պատճառով տուգանվի: Սա եղա՞վ փոքր եւ միջին բիզնեսին նպաստել: Չկա մշակութային քաղաքականություն, գիրքը տպագրվելուց ստուգվում է տեխնիկական պայմանագրի կետերը, եւ եթե դրանք խախտված լինեն անգամ հօգուտ մշակույթի, գրականության, որեւէ նշանակություն չունի:
Հարկեր
- Մի քանի տարի առաջ Ռուսաստանում գրահրատարակչական ասպարեզի հարկերը գրեթե զրոյացվեցին: Այն բումը, որ հիմա նկատվում է ռուսական գրաշուկայում, սրա շնորհիվ տեղի ունեցավ: Այստեղ հարկերը գործում են ֆիսկալ (կլպողական) մոտեցմամբ: Այսպիսի դաշտում, որտեղ հարկերը ֆիսկալ են, գրահրատարակչական գործը չի կարող զարգանալ: Սա այն պրիամբուլան էՙ պարտադիր, որի ընդունման պարագայում միայն կարող է հարկային օրենքների փոփոխություն կատարվել: Ավելացված հարկի օրենքը ասենք 20 %-ից դառնա 15 %, շահութահարկից ասենք ազատվենք, միեւնույն էՙ սրանից չենք շահելու, որովհետեւ ենթաօրենսդրական այնպիսի կետեր կան, որոնց միջոցով գործարարից կգանձվի հարկային կրճատումից ավելի գումար:
Ընթերցանություն, գրքի հանդեպ անտարբերություն
Պատճառաբանել այս երեւույթը հեռուստատեսության, ինտերնետի, հաղորդակցական եղանակների այլընտրանքով, ճիշտ չէ: Եթե մարդը գեղարվեստական գրականություն կարդալու, գեղագիտական ընկալման դաստիարակություն չունի, հրատարակիչը ի՞նչ կարող է անել: Այն մշակույթը, որ մարդն ունեցել էՙ գիրք գնելու, կարդալու, գիրքը կենսական ֆենոմեն համարելու, կորսվել է, ողբերգությունը սա է, ոչ թե տեխնիկան, ինտերնետը, կյանքի հարափոփոխ ընթացքը:
Գրքի գովազդի մասին
- Մեծ տպաքանակի դեպքում գրքի ինքնարժեքը ցածր է: Փոքրաթիվ ժողովուրդներն ունեն այս խնդիրը, որովհետեւ շուկան փոքր է: Ինչ վերաբերում է գրքի գովազդին, դա կարող է գործել եւ գործում է. փորձենք գումար ծախսել, որը սակայն չի փոխհատուցվելու: Գրքի գովազդման համար շատ կարեւոր է մատուցման ձեւըՙ օրինակ, ստեղծել տեսահոլովակ, որտեղ փողոցի մի անցորդՙ զարմացած, ցնցված որեւէ գրքի մասին իր տպավորությունն է հայտնում. վստահ եմՙ պահանջարկ կստեղծվի:
Իհարկե, «Գրքերի աշխարհ» թերթը, հեռուստատեսային մեկ-երկու հաղորդում անդրադառնում են նոր գրքերին, շնորհանդեսներ են լինում, բայց դրանք տարերային են եւ տեխնիկական, ֆինանսական դժվարությունների պարագայում հնարավոր է փակվեն: Մինչդեռ գրքի քարոզչությունը պետք է լինի կրթական համակարգի հետ համատեղ մշակված եւ ծրագրային ընթացք: Այս ոլորտում արդեն լսարան ու հեղինակություն ունեցող գրաքննադատներ պիտի գործեն, որոնց գրախոսած գիրքը անառարկելիորեն վստահության է արժանանում: Այս դաշտը բարձիթողի է արված: Հայաստանում հրատարակիչների 2 միություն է գործում, դրանք զբաղված են ցուցահանդեսներ կազմակերպելով, մինչդեռ պետք է դաշտը կայացնել, մշտական դարձնել:
Գրական խոտան
Հեղինակներ կան, որ պարզապես գրամոլներ են: Ներկայացնում են գրքեր այնպիսի բովանդակությամբ, որ կարող են նույնիսկ վտանգ սպառնալ ազգային անվտանգությանը. սրանով պիտի համապատասխան մարմինները զբաղվեն: Գրահրատարակիչը առեւտրի առումով նման գրքերի մերժման դեպքում, բնականաբար, վնաս է կրում: Սակայն բարոյական տեսակետից, անշուշտ, դեմ է դրանց տպագրությանը: Սա լուրջ խնդիր է գրահրատարակչի համար, որ չի կարող փաստորեն կանխել գրական խոտանըՙ զուտ առեւտրային խնդիրներից ելնելով:
Հարցազրույցներըՙ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ