ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Ինձ միշտ զարմացրել է մեր մտավորականներիՙ գրող-հեղինակների եւ հրատարակիչներիՙ չասեմ արհամարհական, համենայն դեպս, անտարբեր վերաբերմունքը գրավաճառների նկատմամբ: Սեմինար, խորհրդակցական հանդիպում թե քննարկում, գրքի տարածման եւ իրացման օղակը սովորաբար դուրս է թողնվում, այնինչ հեղինակ-հրատարակիչ-գրավաճառ ամուր համագործակցությամբ միայն հնարավոր է հասնել ընթերցողին: Եվ դա է պատճառը, որ մեր թերթի Մշակութային հավելվածը ձեռնարկել է զրույցներ ու հանդիպումներ հենց այդՙ մի բուռ մնացած պրոֆեսիոնալ գրավաճառների հետ, որոնք գրասիրության ու գրքասիրության համար դժվարին մեր պայմաններում փորձում են, գովելի ջանադրությամբ, իրենց բիզնեսն առաջ տանել:
Բոլորիս է հայտնի, որ գրքի առեւտրի նախկին ցանցի փլուզումից եւ սպառողական շուկայի ներխուժմանը զոհ գնացած գրատնային ծառայությունների փոշիացումից հետո ինչ վիճակ է այս ասպարեզում ստեղծվել Հայաստանում: Շատերս ենք խոսել ու գրել այս մասին, բայց ափսոսալու եւ ավաղելու պահն անցել է արդեն: Հիմա ունենք այն, ինչ ունենք: Ուստի պետք է կենտրոնանաք դրա վրա եւ աշխատենք ընդարձակել ու զարգացնել, միշտ ինքներս մեզ հուշելով հարցադրումըՙ տվյալ գիրքը գտնում-հասնո՞ւմ է իր ընթերցողին: Իսկ առավել կարեւոր հարցադրումըՙ ի՞նչ ենք անում ապագա ընթերցողին պատրաստելու ուղղությամբ:
Հայտնի է նաեւ այս երկրորդ հարցադրմանը հետեւելիք հակաճառությունըՙ իսկ ի՞նչ է անում պետությունն իր միջնակարգ ու բարձրագույն կրթության ցանցով, իր կրթության ու մշակույթի նախարարություններով, այլեւայլ գերատեսչություններով: Անշուշտ, անշուշտ: Բայց հաջորդական մեր կառավարությունները, նույնիսկ «գիտելիքահե՜նք տնտեսության» ջատագով վերջինը, մեզ սովորեցրել են հույս չդնել իրենց վրա: Խեղդվողների փրկության գործը խեղդվողներինն է: Ուրեմն եկեք... չխեղդվենք: Առավելագույնը, որ կարող ենք ու պետք է պահանջենք մեր կառավարությունից ու խորհրդարանիցՙ գրքի բիզնեսն ավելացած արժեքի հարկից ազատելն է, ինչպես կողքի սյունակներում առաջարկում է պրն Խաչիկ Վարդանյանը ՙ բերելով Ռուսաստանի օրինակը: Չարաշահումնե՞ր կլինեն, անպայմա՛ն: Սակայն տնտեսության շատ ավելի շահութաբեր ճյուղեր նախկինում օգտվել ու դեռ օգտվում են նման արտոնություններից, եւ չարաշահումներ եղել ու կլինեն:
Այսուհանդերձ, որպես մասնավոր բիզնեսի բնագավառՙ մեր հեղինակներն ու հրատարակիչները պետք է մտահան չանեն, որ գիրքն ապրանք է, ինտելեկտուա՛լ ապրանք, բայց ամեն պարագայում ապրանք: Իսկ ապրանք վաճառելը ենթարկվում է բիզնեսի կանոններինՙ յուրաքանչյուրն իր առանձնահատկություններով հանդերձ: Պահանջարկ-առաջարկ սկզբունքն է այստեղ տիրապետողը, որն այս դեպքում, այսինքնՙ գրավաճառության ասպարեզում, ի տարբերություն լայն սպառման ապրանքների, ունի հավելյալ մի առանձնահատկությունՙ այս պարագայում առաջարկն է ծնում պահանջարկ: Այլ խոսքով, գրքի գովազդը, հեղինակի ու նրա ստեղծագործության ներկայացումը պետք է կատարել ոչ թե պատշաճ, այլ ագրեսիվ ձեւով, արժանապատվորեն: Խոսքը չի վերաբերում գրամոլների գրածներին, այլ լավ հեղինակների լավ գործերին, որոնք, այնուամենայնիվ, կան:
Գրքի առեւտուրը ոչ ոքի չի հարստացնում մեկանգամից. դա հորիզոնական, երբեմն տարիներ տեւող առեւտրի տեսակ է: Ոչ միայն մեզ մոտ: Բայց, ի վերջո, կարելի է հարստանալ նաեւ դրանով, ինտելեկտուալ հարստացման առիթ տալով ներկա եւ գալիք սերունդներին:
«Ազգը» պատրաստ է նպաստելու դրան: