ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2008-09-13 | #18, 2008-09-27 | #19, 2008-10-11


ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Երեւանաբնակ նախկին գրասերները հին գիրք ձեռք բերելու համար գնում էին Մաշտոցի (այն ժամանակ Լենինի) պողոտայի վրա գտնվող բուկինիստական գրախանութ: Այստեղ փնտրում էինք ավելի հազվագյուտ, եզակի գրքեր: Այս գրատունն ուներ իր առանձնահատուկ հաճախորդներն ու մի քիչ տարբեր մթնոլորտ: Անցան ժամանակներ, ու գիրքը դուրս մղվեց մեր կյանքիցՙ գոնե կարեւորության առումով: Քաղաքի շատ գրախանութներ փակվեցին, վերջիններից մեկը Աբովյան փողոցի 2-րդ գրախանութն էր, որ ուներ իր հիմնական հաճախորդները, որոնք դրան կապված էինՙ թերեւս հին սովորությունից, ինչ-ինչ հիշողություններից նաեւ: Այսօր գրեթե բոլոր գրախանութների տնօրեններն ասում են, որ միայն գրքի վաճառքով գրատուն պահելը շատ է դժվարացել, իսկ Երեւանից դուրս մասնագիտացված գրատներ, 1-2 բացառությամբ, գրեթե չկան:

Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի նախկին բուկինիստականը, այժմ «Գրքերի աշխարհը», քաղաքի ամենամեծ գրատունն է ե՛ւ տարածքով, ե՛ւ գրքերի տեսականիով: Ոչ վաղ անցյալի 75 քառ. մետր ընդհանուր տարածքով (45 քառ. մ. առեւտրի սրահով) գրատունն ընդարձակվել էՙ նկուղային հարկի եւ հետնամասի մի հատվածի հաշվին, այժմ զբաղեցնում է 215 քառ. մետր, որից 150 քառ. մետրը առեւտրի սրահն է կազմում: Երեք այլ գրախանութներով, որոնցից մեկըՙ ԵՊՀ գլխավոր մասնաշենքում, գրավաճառ ցանց է գոյացրել. համագործակցում է նաեւ մայրաքաղաքի 4 հիմնական գրավաճառ կետերի, մարզային (Գյումրի, Վանաձոր, Եղեգնաձոր, նաեւ Ստեփանակերտ) գրախանութների հետ: Ունի պահեստային մասՙ «Հայգրքի» բազայում, որտեղ գրքերը հավաքվում, տեսակավորվում, մշակվում են: Ավելինՙ այս կիրակի Կորյունի 8 հասցեում բացումն է կատարվելու 120 քառ. մետր տարածքով «Ուսումնական գիրք» իրենց նոր գրատան:

Այս հաջողությունները պայմանավորված են ժամանակի պահանջներին համապատասխան մոտեցումներով: Հին գրքերի պահանջարկի նվազմանը զուգահեռ գրատունը սկսեց ներմուծել նոր հրատարակություններ եւ այսօր գրքերի լայն տեսականիով կարող է բավարարել ընթերցանության գրեթե բոլոր հետաքրքրություններն ու նախասիրությունները:

Ներքնահարկ տանող աստիճանավանդակի վերին մասում փակցված են համապատասխան գրականության անվանումները:

Վերեւի բաժնում առանձին ներկայացված են ամենատարբեր ոլորտների վերաբերյալ գրականություն (սոցիոլոգիա, հոգեբանություն, պատմություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, արվեստաբանություն, մշակութաբանություն, փիլիսոփայություն, կրոն, գիտություն, գեղարվեստական, մանկական, նաեւ ժամանցայինՙ դեդեկտիվ, ֆանտաստիկ (ֆենթըզի), զանազան սիրավեպեր, նաեւ գրքեր խոհանոցային բնույթի, այգեգործության, գինեգործության, որսորդության, ձկնորսության, դիմահարդարման եւ այլ բաների մասին): Ընդհանուր ներկայացված են շուրջ 33.000 անուն գիրք, իհարկե, հիմնականում փոքրՙ 3-10-ական եւ ավելի քականությամբՙ հնարավորինս տեսանելի, հարմարավետ եւ հաճելի դասավորված: Դրանք ինչպես տեղական, նաեւ ներմուծված հրատարակություններ են: Վերջիններս կազմում են գրքերի մեծ մասը: Գրատունը հիմնականում համագործակցում է ռուսական գրեթե բոլոր խոշոր հրատարակչությունների հետ, հետեւում ռուսականՙ այժմ բավական ակտիվացած գրաշուկայի նորություններին, հավաքում տեղեկություններ, գրքերի անոտացիաներ, վարկանիշեր, գրանցված է կատալոգներում, մասնակցում է ԱՊՀ երկրների եւ միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսների: Համագործակցում է նաեւ արտերկրի, մասնավորապես անգլիական մի քանի հրատարակչությունների հետ: Մասնակցել է լոնդոնյան ավանդական երկու տարեկան ցուցահանդեսների եւ արդյունքում խոշոր ներմուծում է արվել. առաջին անգամ Հայաստան է ներմուծվել աշխարհի ամենահեղինակավոր «Բրիտանիկա» հանրագիտարանը (32 գրքով, երկու կոմպլեկտ): Դրանցից մեկը գնվել է 991000 դոլարով: Հաշվի առնելով առկա պահանջարկըՙ անգլիական հրատարակչությունների հետ համագործակցությունը պարբերական բնույթ է կրելու: Գրատունը մասնագիտացված է հիմնականում օտարալեզու գրականությամբ, գրքերի շուրջ 80 տոկոսը ռուսերեն է, 3 տոկոսը հիմնականում անգլերեն, մնացածըՙ հայերեն: Ակտիվ է հատկապես մանկական գրականության վաճառքը. Հայաստանում ինչպես միշտ, հիմա էլ պահանջարկ կա մաթեմատիկական գրականության, մեծ հետաքրքրություն կա հոգեբանության, իսկ ամենանվազըՙ գեղարվեստական գրականության նկատմամբ: Ինչպես գրատան տնօրեն Խաչիկ Վարդանյանն է ասում, դրա պատճառները « ոչ թե, որ մենք լավ գրող չունենք, նույնիսկ Մարկես ու Ռեմարկ չեն վաճառվում, այլ արժեքային ներկա համակարգն է փոխվել: Այն ժամանակ գրականության, արվեստի հետ հաղորդակցվելը բարձրագույն արժեք էր, պահանջարկ կար եւ դա ինքն իրեն չէր ստեղծվել. կրթական համակարգում գրական ընթերցանության նկատմամբ կար հատուկ նախանձախնդրություն: Մենք դաստիարակվեցինք այդ գիտակցությամբ. մեր սերնդի միջնակարգ կրթությամբ մարդիկ ավելի շատ հեղինակ էին ճանաչում ու գիրք կարդում, քան ներկայիս բարձրագույն, անգամ հումանիտար կրթությամբ երիտասարդները:

Անկախությունից հետո գրականությունը դպրոցներում անտեսվեց, բուհ ընդունվելու համար բավարար էր հայոց լեզվի շտեմարաններն անգիր անել: Հիմա որոշակի դրական միտում կա. գրականությունը դարձյալ մուտք է գործում կրթական համակարգ»:

Խաչիկ Վարդանյանը 1973-ից աշխատում է գրավաճառ ցանցում, «Հայգրքում», ապա ակադեմիայի գրատանը, հետո բուկինիստականում, հրաշալիորեն տիրապետում է այս ոլորտին, գրքիՙ որպես ինտելեկտուալ ապրանքի առանձնահատկություններին, ընթերցողական պահանջարկին, գրքի աշխարհի նվիրյալ ու յուրատեսակ էնտուզիաստ է: «Շատ դժվար է, թեկուզ մեծ գրախանութ, այս պայմաններում պահել, երբ շուկայում մրցունակ չես, ապրանքը դժվար է իրացվում, եւ եկամուտները քիչ են: Աշխատում ենք հիմնականում Մոսկվայի գրահրատարակիչների հետ, ներմուծված գրքերը վաճառվում են մոսկովյան գներով, երբ այնտեղ հրատարակչից-գրատուն առաքումն անվճար է, մենք վճարում ենք ճանապարհածախս ու մաքսավճար, դրան հավելած ավելացրած հարկի արժեքը. ընդ որում Ռուսաստանում դա 10 տոկոս է, մեզ մոտՙ 16,67: Կույր պետք է լինելՙ չտեսնելու, թե գրքի բիզնեսը Ռուսաստանում եւ Հայաստանում ինչ տեմպերով է զարգանում: Այնտեղ տարեկան 250.000 անուն գիրք է տպվում յուրաքանչյուրը տասնյակ հազարավոր տպաքանակով, այստեղ 1500 անունՙ 500-ից 1000 տպաքանակով»: (Իհարկե, Ռուսաստանի մարդկային ռեսուրսները եւ հնարավորությունները անհամեմատելի են Հայաստանի հետ: Որոշ գրքեր էլ ավելի թանկ են, օրինակ, Հարրի Պոթեր»-ի սկզբնական գները Երեւանում 6000-7000 դրամ էր, Մոսկվայումՙ ավելի ցածր.- Մ. Բ.): «Դրսի շուկան մեծ է, տեխնիկական բազան եւ ֆինանսական հնարավորություններըՙ եւս, շուկայի խաղացողներն ավելի պրոֆեսիոնալ են, պահպանվում են հնից եկող ավանդույթները: Փոքր երկրների համար դժվար է հզոր պոլիգրաֆիա եւ գրահրատարակչություն ունենալ»: Գրատունը տեղական հրատարակչությունների հետ աշխատում է ավանդական մեթոդներով, ունի համակարգչային բազա, ծրագրեր, մինչդեռ հրատարակչությունները դեռեւս չեն մտնում համակարգչային ցանց: Իմ զրուցակցի կարծիքով գրքի պահանջարկն ամենուրեք նույնն է, որովհետեւ մտավորականի, ընթերցասերի համար արժեքները ընդհանուր են, եւ շուկան ձեւավորում ենՙ հենվելով դրսի պահանջարկի վրա: Իհարկե, գրանտներով, կամ մեկենասների միջոցով տպագրված գրքերը հիմնականում չեն վաճառվում, ու հրատարակիչները շարագրգիռ չեն դրանց վաճառքի հարցում: Նման գրքեր կան նաեւ պետպատվերային ցուցակում. « Հաջողություն ունենում է այն հրատարակիչը, որ ինքն է ներդրում կատարում, այս պարագայում ներդրումը նպատակային է, որակյալ գիրք է տպվումՙ թե բովանդակային, թե՛ պոլիգրաֆիական առումով եւ վաճառվում է: Այդպիսիք են «Լուսաբացը», «Զանգակը», «Արեգը»: «Արեգի» տնօրեն Սամվել Գասպարյանը մարդ-նվագախումբ է, ինքը խմբագրում, սրբագրում, նաեւ հեղինակում, ինքն էլ հրատարակում է »:

Գրատունը այսպես կոչված գրաքննություն հիմնականում չի անցկացնում, վաճառքում կան բազմաբնույթ գրքեր, նաեւ կրոնական գրականությունՙ Ղուրան, Ռիգվեդա: « Աշխատում ենք զերծ մնալ աղանդավորական գրականությունից: Նման գրականությունը թողնում ենք լաչակավոր կանանց, 3-րդ դասարանի կրթություն ունեցողներին: Բայց պարտավոր ենք հարգանքով վերաբերել որեւէ գրականությանը, նույնիսկ եթե դա հակագիտական է, դա էլ է պետք իմանալ: Խորհրդային տասնամյակների փորձը ցույց տվեց, որ արգելելը ճիշտ չէր, որովհետեւ արգելված պտուղը քաղցր է: Գիրքը ազատ ընտրության է պետք թողնել: Կյանքը ցույց տվեց նաեւ, որ կրոնական դեգերումներումՙ Կրիշնա գիտակցության, բուդդիզմի հետեւորդների մեծ մասը վերադառնում է իր հոգեւոր ակունքներինՙ քրիստոնեությանը »:

Գրատունը հունվարից պաշտոնականացնելու է զեղչային համակարգը. տրվելու են 2 տեսակի զեղչային քարտեր: Մշտական ընթերցողներին կուտակման զեղչՙ առավելագույնը 10 տոկոսի եւ նվեր քարտերՙ համապատասխան գումարի չափով: Ինչ վերաբերում է գրքի գովազդին, ինչպես բոլոր գրատներում, այստեղ էլ առկա է ֆինանսական գործոնը: Հեռուստագովազդի գները շատ բարձր են, իսկ գիրքը, ինչպես ասում է զրուցակիցս, ինտելեկտուալ ապրանք է եւ համապատասխան վերաբերմունքի կարիք ունի: Ինքըՙ Խաչիկ Վարդանյանը, TV-5-ով գրքերի մասին հաղորդում է վարում, հրատարակում է նաեւ «Գրքերի աշխարհ» ամսաթերթը: Դրանք երկուսն էլ ծախսատար են, մանավանդ թերթ գնելու սովորությունը, ցավոք, Հայաստանում նահանջել է, անվճար էլ չի արդարացնում, որովհետեւ թերթը վերցնում են նաեւ նրանք, որոնց դա պետք չէ:

Վերջին հարցս էլեկտրոնային գրքի գոյությամբ տպագիր գրքի կենսունակությանն էր վերաբերում: Իմ նախորդ զրուցակիցներից Սամվել Գասպարյանը սա համեմատեց հեռախոսային, ինտերնետային եւ դեմ-դիմաց զրույցի հետՙ ասելով, որ տպագիր գիրքը դեմ-դիմաց զրույց է: Իմ այսօրվա զրուցակիցը գտնում է, որ անհնար է տպագիր գրքի գործածությունից դուրս մղվելը:

«Հայտնի մշակութաբան, գրականագետ, սոցիոլոգ Մարշալ Մաքլյուենը իր «Գուտենբերգի գալակտիկան» գրքում 70-ականներին կանխատեսել էր, որ գալու է ժամանակ, երբ տպագիր գիրքն իր տեղը զիջելու է գրքի այլ տեսակի: Բայց ոչինչ չի կարող փոխարինել գիրք ընթերցելու հարմարավետությանը, էջերը թերթելու սովորությանը, շատ էական է նաեւ գրքի էսթետիկանՙ կազմը, թուղթը, պատկերազարդումը, գեղարվեստական ձեւավորումը»:

Այնպես որ, տպագիր գիրքը դեռ երկար ճանապարհ ունի անցնելիք եւ պետք ունի խնամքոտ վերաբերմունքի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4