ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2008-10-25 | #21, 2008-11-08 | #22, 2008-11-22


ՃԱՊՈՆԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ...

Կատարելության ճանապարհին

Գինձան Տոկիոյի ամենաաշխույժ առեւտրային թաղամասն է. այստեղ է կենտրոնացված նաեւ պատկերասրահների մեծ մասը: Ինչպես իմ այսօրվա զրուցակիցըՙ գեղանկարիչ Արա Հայթայանն է նկատել, ճապոնական պատկերասրահները գերազանցապես ներկայացնում են իրենց ազգային նկարչությունը, թեեւ դրսից արվեստի հոսքն ապահովում են եւ կղզու բնակիչներին հատուկ հոգեբանությամբ ավելի են հետաքրքրված դրսով:

Տոկիոյի Գինձա ի Ճյումե պատկերասրահը ութ օր, այս տարվա սեպտեմբերի 18-25-ը հյուրընկալել էր հայ նկարիչ Արա Հայթայանին: Ցուցադրված շարքն իր ստեղծագործական ուղու ամփոփ մի արտահայտություն է եղելՙ 1989-90-ականներից մինչեւ 2008-ն ընդգրկող ժամանակահատվածով, ֆիգուրատիվ նկարչությունից նատյուրմորտ եւ վերջին տարիների աբստրակտ արվեստի դրսեւորումներ: Այցելուներին առաջարկվող կատալոգում անդրադարձներ են եղել նաեւ հայոց պատմության կարեւորագույն դրվագներին, հայկական միջնադարյան արվեստի հետ նախնական ծանոթություններով, մանրանկարչական մի շարք գործերի վերատպություններով:

Ճապոնիայում հայեր գրեթե չկան, ըստ տեղեկությունների XIX դարում այստեղ երկար տարիներ ապրել է մի հայ կին, որ հետագայում իր տունը եկեղեցի է դարձրել: Հայաստանը եւ հայ մշակույթը ճապոնացիներին անծանոթ տարածք եւ երեւույթներ են: Արան ասում է, որպեսզի հասկանալի դարձնես քո արվեստը, ստիպված ես ամեն անգամ բացատրել Հայաստանի աշխարհագրական դիրքը, այժմ Վրաստանի դեպքերի բերումով կարող ենք ասելՙ Վրաստանի կողքին ենք, եւ հայերին ներկայացնել որպես քրիստոնեական մշակույթ կրող ժողովուրդ:

Ճապոնական պատկերասրահներում ձեւավորված են ցուցահանդեսների կազմակերպման մեզանից տարբեր եղանակներ ու մեթոդներ. դրանք անցնում են առանց պաշտոնական բացումների ու հրավերքերի, հրավիրյալների ներկայությունը ապահովվում է ցուցադրության ողջ ընթացքում, պատկերասրահում միշտ այցելուներ լինում են եւ հնարավորություն են ունենում շփվելու արվեստագետի հետ անմիջականորեն: «Ճապոնացու համար մինչեւ գործ գնելը կարեւոր է զրուցել արվեստագետի հետ, մի բան, որ Եվրոպայում չկա, որտեղ ընդհանուր միտումը գնորդի եւ պատկերի դիալոգն է: Եվ սրա մեջ ավելի ազնվություն կա. մարդն ուզում է հասկանալ, թե այդ արվեստագետն ինչպիսի միջավայրի ծնունդ է, ճանաչել թուղթը, կտավը, գույնը, մտածողությունը»:

Ցուցահանդեսը արձանագրել է հաջողություններ, հետաքրքրություններ առաջացրել, նաեւ վաճառքի առումով արդյունավորվել: Արվեստագետի տպավորություններըՙ մեզ համար գրեթե անծանոթ եւ օտար քաղաքակրթական այս միջավայրից, բավականին հետաքրքրական ենՙ ոչ այնքան նկարագրական, որքան վերլուծական-համադրականՙ միտքը հարստացնող փորձառությամբ, ինչը որքան էլ տարօրինակ թվա, ինչ-որ տեղ կարելի է զուգահեռել մեր կյանքին եւ ինչ-որ բան վերցնել, սովորել:


Ճապոնական տպավորություններ

- Հայտնվեցի շատ լուրջ երկրի, շատ խորը ժողովրդի դեմ հանդիմանՙ խոնարհ եւ արժանապատիվ. հասնել այսպիսի նվաճումների եւ այդպիսի խոնարհ կեցվածք ունենալՙ անհավատալի է: Համենայն դեպս, պերֆեկցիոնիզմով, կատարելապաշտությամբ, կյանքը սրբագրելու կատարյալ քայլերով Եվրոպան իրենց չի կարող հասնել:

Երբ նոր երկիր ես մտնում, չգիտեսՙ այդ երկրի ինքնությունը որ կետում կգտնես: Կյանքի յուրաքանչյուր ասպեկտի այստեղ շատ բծախնդիր մոտեցում է ցուցաբերված, կատարելության հասցված եւ շատ ներդաշնակված է. սեփական երկիրը կազմակերպելու ինչպիսի՜ մշակույթ ունի ճապոնացին: Հենց օդանավակայանում առաջին հանդիպումից, մաքսավորի, թե սահմանապահի, ծառայող անձնակազմի մոտեցումից ու վերաբերմունքից զգում ես, որ իրենց ողջ վարվելակերպը սպասարկման ոլորտում ոչ թե լավ վարժեցված, այլ ամեն ինչ ներդաշնակված է իրենց ազգային նկարագրին, ոչ թե դրսից ներմուծված մեթոդ է, այլ իրենց մշակույթից, հոգեբանությունից է գալիս:

- Ո՞րն է այդ մշակույթի մեջ իրենց ամենաբնորոշը:

- Եթե կա իդեալ որեւէ մշակույթի մեջ, որ Դրախտ, Նիրվանա կամ մեկ ուրիշ անուն ունի, դրա կիրառումը առօրյայում պետք է անել: Եթե երկրային համակեցության նման մոդել կյանքում ցույց չի տրվում, կա՞ արդյոք որեւէ հնարավորություն պատկերացում կազմելու դրա երկնային մոդելի մասին: Պարզապես կենցաղայինը, կիրառականը, մշակութայինը, գեղարվեստականը միմյանցից պիտի չտարբերվեն: Այդ ինը օրերին մարդկային համակեցության հարմարավետությունը, նրբությունը, վերաբերմունքը, հարաբերությունների ձեւն էր, որ ինձ ապշեցրին: Այդ փոքր կղզու վրա 150 մլն բնակչությունը կարողացել է այնպիսի մոդել ստեղծել, որ ներդաշնակ համակեցություն ապահովվի: Իրենց գերծանրաբեռնված կյանքը թեթեւացնելու աշխատող համակարգեր են ստեղծել, օրինակ, ուրբաթ երեկոյան ամբողջ Ճապոնիան մեղմ հարբած է. աշխատանքից դուրս են գալիս, գնում ռեստորանՙ իրենց ղեկավարների հետ, շաբաթ-կիրակին արդեն հանգստի օրերն ենՙ ընտանիքի հետ:

Հետաքրքրական շատ հանդիպումներ ունեցա արվեստագետների, համալսարանական պրոֆեսորների հետ, ինձ հնարավորություն տրվեցՙ դառնալու իրենց կյանքի մասնիկը, մասնակիցը որոշ տրադիցիոն սովորույթների:

- Այ, ինչպիսի՞ն էր նրանց վերաբերմունքը օտարի հանդեպ:

- Սարսափելի պատրաստակամ էին: Այդպիսի պատրաստակամություն ես ոչ մի երկրում չեմ տեսել: Առավոտյան մետրոյում այդ բազմահազար անցուդարձի, արագության մեջ բավական է քարտեզդ հանեսՙ կողմնորոշվելու, եւ 3-4 մարդ քեզ կմոտենա, եւ նրանցից մեկը միշտ կասիՙ արի ինձ հետ: Եթե մարդը մարդուն չօգնի, անտանելի կլինի կյանքը, հետաքրքիր մոդելներ են գտնվել մարդկային համակեցությունը տանելի դարձնելու:

- Ճապոնացիները համարվում են ամենաավանդապաշտ ժողովուրդներից մեկը, միաժամանակ գերժամանակակից մտածողություն ունեն թեկուզ էլեկտրոնիկայի բնագավառում: Ի՞նչ տպավորություն ունես այս առումով:

- Տոկիոն ուլտրամոդեռն քաղաք էՙ արդիական ճարտարապետությամբ, բայց ճապոնական մոտեցումներով: Եղա նաեւ Օսակայում, Յոկահամայում, Կիոտոյում: Ճապոնացիք ասում ենՙ եթե Կիոտոն չտեսնես, չես հասկանա ճապոնացու հոգին: Մի կողմից հին մայրաքաղաքՙ պահպանած ֆեոդալական միջավայրը. ամբողջ սրբատեղիները, տաճարները Կիոտոյի շուրջն են: Այդ ամենը, ծեսերը, արարողությունները գործում են այսօրվա կիրառելիությամբ, ազգային զգեստներով, կիմանոներով գնում են աշխատանքի: Եվ այս միջավայրը ձեւական չէ: Կիոտոնՙ որպես ազգային ավանդույթների կրող քաղաք, շատ ավելի ընդգծված է:

Տեխնիկական առաջընթացը, որ գրանցել է Ճապոնիան, իմ կարծիքով շատ առումներով պայմանավորված է իրենց կրոնական մոտեցումներով: Այն բնապաշտությունը, որ իրենց խորքում կա, հատուկ արտահայտություններ է գտել: Այնպիսի մի ժողովուրդ, որ ուշադրություն է դարձնում խոտի ամեն տեսակի, ձեւի եւ դրա միջոցով փորձում աշխարհը տեսնել, հասկանալ, նման որակի մակրոէլեկտրոնիկա կարող է ստեղծել: Էլեկտրոնիկայի նկատմամբ իրենք գրեթե կրոնական վերաբերմունք ունեն:

Անշուշտ, մեծ ջանքեր են պահանջվում մի կողմից աշխարհի նորագույն նվաճումներին համատեղ ընթանալու, մյուս կողմիցՙ պահպանելու էթնիկ մշակույթը կիրառելի դարձնելով: Հարցն այն է, թե ինչպես ես նայում քո խորքին, արմատներին, դրանք օգտավործվում են, թե՞ խոչընդոտում:

Ճապոնացիների համար կարեւորը վարպետությունն ու կատարելությունն է: Կատարելություն են փնտրում ամենուրեք: Մեծ անհատականություններ հնարավոր է չտեսնես, բայց շատ պատասխանատու արվեստ է ստեղծվում, մոտեցումները շատ խորն են: Եվ մի կարեւոր բանՙ արհեստներն անընդհատ կատարելագործում են, արհեստների գերիշխանությունը սարսափելի մեծ է այդ երկրում, ամեն փոքր դետալ արվեստի մակարդակի է հասցված: Ես ավելի իրենց խեցեգործության մեջ գեղանկարչություն գտա, բայց խնդիրն այն չէ, թե ինչ ձեւերի մեջ է ճապոնացին իրեն արտահայտումՙ կտավի, թե՞ խեցու, խնդիրը նվիրման աստիճանն է:

Այս երկրում ամեն երեւույթ խորքային լուծում է ստացել, հատուկ վերաբերմունք, սահմանազատում կա մարդու, կենսական տարածքի եւ բնության միջեւ, ընդգծված է բնության կարեւորությունը, բնության հանդեպ որեւէ միջամտություն արգելված է:

- Որտե՞ղ ի վերջո գտար այդ ազգի ինքնությունըՙ կրոնի, ավանդույթների, լեզվի, փիլիսոփայության մեջ:

- Կարծես գաղտնիքների միջով անցնես: Այնպիսի մեծ հետաքրքրություններ էին առաջացնում, որ ինձ անընդհատ ասում էիՙ հաջորդ կյանքում պիտի ունենամ ճապոնացի կին:

- Ինչո՞ւ, ինչ-որ յուրահատուկ, առեղծվածային բան ունե՞ն:

- Նախ արեւելյան համակրելի կին-էության վաղուց չէի հանդիպել, բացի այդ եթե ուզում ես անցնել այդ ամենի միջով, խորհրդանիշները հասկանալ, պիտի այդ ծեսի միջով անցես:

Անհամեմատելին համեմատության մեջ

- Որքան էլ պատմությամբ, քաղաքակրթություններով, հոգեբանությամբ շատ տարբեր, գրեթե օտար, այնուամենայնիվ, որեւէ ընդհանրություն գտար մեր եւ ճապոնացի ժողովուրդների միջեւ:

- Ճապոնացիները Հերոսիմայի ցավից բացի մինչեւ հիմա տանում են նաեւ այն ցավը, որ ստիպված են դարերի իրենց ապրելակերպը հարմարեցնել ժամանակի առաջընթացին: Պիտի գիտակցական ու սթափ որոշում կայացնել, թե որտե՞ղ կարելի է պահպանել ինքնությունը, ո՞րը զոհել, ո՞րը զարգացնել: Եթե մենք էլ նման վճիռ կայացնենք, մեզ համար եւս ցավոտ է լինելու: Իրենք կարողացան հաղթահարել այդ ցավը (ամերիկացիների հետ հարաբերություններում) եւ նաեւ կարողացան բնության, քաղաքակրթության տրանսֆորմացիաներով գտնել իրենց տեղը նոր միջավայրում: Այդ ամենն արվեց շատ սրընթաց, դրան դիմանալը հոգեբանորեն, իհարկե, դժվար է: Շատ ճապոնացիներ ուրիշ երկրներում էլ են ապրում, բայց ճապոնական գենը նոր որոշումների, նոր խնդիրների մեջ կայացավ եւ կայացավ լուրջ ու հաստատուն:

Մենք շարունակում ենք իներցիոն ձեւով մեր ռոմանտիկ որոնումներում ապրել, ինչ-որ պատկերացումներով մեր ինքնության նշանների մասին: Այդ երազներով անընդհատ կորուստներ ենք ունենում ու կառչում փրփուրներից: Մեր ճգնաժամը շատ ավելի խորն է եւ ուրիշ տեղ, քան այսօրվա աշխարհի ֆինանսական ճգնաժամը, որին ուշադրություն չի դարձվում: Իներցիոն սխալ գաղափարախոսությունները մեզ հասցրին այսօրվա վիճակին, որ երբեմն պահում է մեզանից շատերին երջանիկ ու հպարտ: Տեսնել այդ գոհունակությունը, շատ տխուր է, որովհետեւ չկան հիմքեր նման բավարարության, երբ տեսնում ես, թե մարդիկ ինչ խնդիրներ են դրել եւ ինչերի հասել եւ դեռ մտահոգ են: Աշխարհը շատ դինամիկ է, եւ խեղճերը արագ դուրս են մղվում: Իսկ մենք շարունակում ենք չգիտես ինչու մեր երջանիկ հպարտության մեջ մնալ:

- Դա ինչի՞ հետեւանք է:

- Աշխարհը չճանաչելու, չհասկանալու վիճակը, պրոցեսները, թե ի՞նչ է կատարվում եւ ազգերը ի՞նչ են զոհում եւ փոխարենը ի՞նչ են ստանում:

- Մտավորական հայ մարդ ես, շրջահայաց եւ վերլուծական մտքի տեր, ի՞նչ ես առաջարկում:

- Առաջարկում եմ մեր հիվանդության ախտանշանները չթաքցնել եւ ճչալ: Այդ ճիչը պետք է առողջանալու ցանկության ճիչ լինի: Թող ոչ մի քաղաքական ուժ ձեռքերը չլվանա էդ ճիչից, որովհետեւ բոլորս ենք դրա մեջ, ոչ ոք չի կարող այս վիճակից դուրս իրեն համարել, թե ինքը ստեղծել է մի ապրելակերպ, որը պաշտպանված է: Պետք է հասկանալ համատարած մեր ճգնաժամը ոչ միայն այսօրվա կամ 50 տարի առաջվա, այլ որպես մի ամբողջ գենի ճգնաժամ, որը երբ փորձում է աշխարհին ձեռք մեկնել, համընթաց գնալ, տապալվում է, ծրագրեր է գծում ու անընդհատ տապալվում: Այս տագնապը պիտի լրջացնի մեզ, պիտի փոխի վերաբերմունքը կյանքի, յուրաքանչյուրի արած քայլի նկատմամբ:

- Ինչպե՞ս:

- Պետք է գտնել ընդհանուր մոդել. ունենք սփյուռքՙ իր իդեալներով եւ կարողություններով եւ ունենք հող, տարածք` այստեղ: Պետք է աշխատող, գործուն, իրական համակարգեր ստեղծել. վերադառնալ հողին, արմատներին, բայց ոչ ներփակվելով, ուղիներ որոնել, օգտագործել ուրիշների, նաեւ ճապոնական փորձը: Քրիստոսից 10000 տարի առաջ է ստեղծել կճուճը ճապոնացին, գուցե մեզանից առաջ, բայց այսօր էլ չի դադարեցնում, էլի լավագույն կճուճն ինքն է սարքում: Կարող է դա տալ ասենք չինացուն, բայց պահում է արհեստի այդ տեսակը, պահպանում է այդ կաստաները, որպեսզի դարերի հետ կապը չխզվի: Կամք է սա, հասկացողություն, երեւույթին ծիսական կարգ տալ է: Նա չի վաճառում կճուճըՙ հարցեր լուծելու, կրոնական գիտակցությունը հուշում է, թե այդ ծեսը, արարքը իրեն ինչի հետ է կապում: Կրոնները (բուդդիզմ, շինտոիզմ, քրիստոնյա բողոքականություն) ներմուծված են այս երկրում, բայց ինքը գիտի, թե կրոնը իրեն ինչ միջոց, հնարավորություն է տալիս իր ինքնությանը կապվելու: Եվ ամեն մի տարր կյանքում, լինի տառատեսակ, բույս, թե ճաշատեսակ, այն ամենը, ինչը կապում է իր ծնունդի, ինքնության, միթոսի հետ, ճապոնացին բարձր հարգանքով է վերաբերում ու ակտիվ է պահում:

***

Աշխարհի շատ ժողովուրդներ տարբեր ժամանակներում տարբեր դժվարություններ են ունեցել եւ հաղթահարման ուղիներ որոնել, կամ գտել կամ էլ կուլ են գնացել ժամանակի սրընթացքին: Ունե՞նք մենք ազգային ծրագրեր, ի՞նչ համակարգեր ենք ստեղծել, թե՞ այսպես անպատրաստ ու շփոթահար կանգնել ենք XXI դարի սեմինՙ հույսներս դիմադրելու մեր իներցիայի վրա դրած, որն, ավա՜ղ սպառվելու ակնհայտ նշաններ է ցույց տալիս: Հարցադրում, մտահոգություններ, որ ակնկալում է ազգային առողջ ուժերից այս ճգնաժամը հաղթահարելու ուղիներ նախանշելՙ ազգային մեր կյանքը ճիշտ կազմակերպելու համար:

Զրուցեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ

Հ.Գ. ՆՓԱԿ-ում (Փ. Բյուզանդի 1/3) երեկվանից ներկայացվում է Արա Հայթայանի «Գծի քերականություն» խորագրով վերջին երկու տարիների աշխատանքների ցուցահանդեսը:


Նկար 1. Տեսարան Տոկիոյի Գինձա թաղամասից

Նկար 2. Գիոն տաճարը Կիոտոյում

Նկար 3. Արա Հայթայանը արվեստի հավաքորդ Անդո սանի հետ

Նկար 4. Կիոտոյի բուդդայական սրբատեղիներից


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4