Վարդան Դեւրիկյանի ուսումնասիրության մեջ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Վարդան Դեւրիկյանի բանասիրական ուսումնասիրությունների հերթական հրատարակությունը «Խորհրդավոր ընթրիք Հայկական ավանդույթից մինչեւ Լեոնարդո» գիրքն էՙ տպագրված Երեւանի Մաշտոցի անվ. Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ: Նախապես ընդգծենք գրքի բացառիկ ճաշակավոր եւ հարուստ հրատարակությունը: Թղթի գունային ՙ մագաղաթե մատյաններ հիշեցնող միջավայրը թեմային համահունչ տրամադրություն է ապահովում: Գրքի 112ՙ շատ քիչ բացառությամբ բոլոր էջերին, ըստ դիտարկվող նյութի, զետեղված են համապատասխան պատկերագրության գունավոր իլյուստրացիաներ: Գրքի ձեւավորման եւ էջադրման հեղինակը Նարինե Բաղդասարյանն է, տպագրության իրականացնողը «Տիգրան Մեծ» հրատարակչատունը:
Հեղինակի ուսումնասիրության առարկան Խորհրդավոր ընթրիքի պատկերագրային արտահայտությունն է, ժամանակային ընդգրկուն հատվածումՙ վաղ քրիստոնեությունից մինչեւ ուշ միջնադար, մինչեւ Լեոնարդո դա Վինչի: Անդրադարձ է արված հայկական ավետարանական մանրանկարչությանը, սրբապատկերային արվեստին, որմնանկարչությանը, խճանկարչությանը: Խնդրո առարկա նյութը քննված է հանգամանալի վերլուծությամբ. տրված են մանրամասն մեկնաբանություններՙ ըստ միջնադարյան պատկերագրության օրինաչափությունների, մանրանկարչության արվեստում ընդունված կանոնների, գունային համադրության, պարզ, կոնտրաստային լուծումների, գաղափարակիր կերպարների ընդհանրացված արտահայտություններին, ժամանակի ընթացքում դրանց փոփոխությունների ու զարգացումների. միջնադարյան գունային, պատկերային ավանդույթներից մինչեւ դասական միջնադար ու Վերածնունդՙ տարածական, հեռանկարային արվեստ, կերպարային անհատականացումներ:
Ժամանակի պատկերագրությանը վերաբերող հեղինակային մեկնաբանություններին զուգահեռ տրվում են թեմային առնչվող նկարագրություններՙ Խորհրդավոր ընթրիքի աստվածաշնչյան պատմությունների, դրանց այլաբանական իմաստների, խորհրդանիշների պարզաբանումներով: Գրքի առաջին բաժինը ընթերցողին վերհիշեցնում է քրիստոնեական վարդապետության մեջ ծիսական եւ դավանանքային գլխավոր նշանակությամբ Հաղորդության խորհրդի հաստատման մասին, որ տեղի ունեցավ նշանավոր Վերնատանը, Հիսուս Քրիստոսի եւ առաքյալների Վերջին ընթրիքին. անդրադարձ է արվում օրվա խորհրդին, հրեական զատկական տոնին, դրա հետ կապված սովորույթների իմաստներին ու նշանակությանը: Հաջորդՙ «Ընդհանուր պատկերագրություն» խորագրով բաժնում հեղինակը հանգամանալի քննում, նկարագրում է չորս ավետարանիչների պատմությունների հիման վրա ստեղծված միջնադարյան ձեռարվեստի նմուշներ, որ ընդգրկում է շուրջ ութ տասնյակից ավելի ավետարանական ծաղկողների ու գրիչների, նաեւ որմնանկարային, խճանկարչական ստեղծագործություններ: Համեմատական ընդհանրություններով եւ առանձնահատկություններով հեղինակը նկարագրում է յուրաքանչյուր դետալ, առանձին դրվագներՙ ամենայն մանրամասներով, ուշադրություն դարձնելով խորհրդանիշներինՙ հացը, գինին եւ հատկապես ձուկը, որպես քրիստոնեության հիմնական խորհրդանիշ դիտարկելով:
Կարեւորվում են ընթրիքի սեղանի ձեւերըՙ պատկերագրություններում դրանք էլիպսաձեւ են, ուղղաձիգ կիսաշրջանաձեւ եւ ուղղանկյուն, ուշադրություն է դարձվում կերպարներիՙ Հիսուս Քրիստոսի եւ առաքյալների նստած դիրքին, դեմքի արտահայտություններին, գունային լուծումներին, մանրանկարն ամբողջացնող հարակից դետալներին ու իրերին: Պատմողական եւ մեկնողական սույն ուսումնասիրությունը կարելի է երեք շերտի բաժանելՙ ավետարանական պատմությունների նկարագրություններ, հիշատակում քննվող ձեռարվեստիՙ ավետարանի տեղագրման եւ գրչագրի մասին (եթե հայտնի է), ապա եւ մանրանկարի նկարագրություն: Քննության են առնված Երեւանի Մատենադարանի, Մայր աթոռ Սբ. Էջմիածնի ձեռագրատան, նաեւ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի մատենադարանում պահվող տասնյակ ձեռագրեր: Հեղինակային տեքստն ուղեկցվում է անցյալի ու ներկայի հայ եւ օտար մեկնիչների, աստվածաբանների, արվեստաբանների կարծիքների հղումներով:
Այս ուշագրավ ուսումնասիրությունն, իրականացել է հեղինակի պատմաբանասիրական, արվեստաբանական ընդհանուր գիտելիքների, Հին եւ Նոր Կտակարանների, եկեղեցու ծիսական եւ առհասարակ հոգեւոր իրողությունների խոր իմացությունների շնորհիվ:
Առանձին բաժնով հեղինակն անդրադառնում է XI դարում Փոքր Հայքում գրվածՙ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի 3624, Երեւանի Մատենադարանի 3723 եւ 3784 երեք ձեռագրերիՙ Խորհրդավոր ընթրիքի պատկերագրությանը: Նմանապես ներկայացվում է հայկական միջնադարի (XI դ.) գրչության եւ մանրանկարչության արվեստով նշանավոր Մուղնիի ավետարանը: Ավետարանական մանրանկարների շարքում առանձնացվում են Թարգմանչաց (XIII դ.), Հալլեի (XIII դ.) ավետարանների Խորհրդավոր ընթրիքի պատկերագրությունները:
Վ. Դեւրիկյանը անդրադառնում է նաեւ քրիստոնեական վարդապետության խոնարհության բարձրագույն արտահայտությանըՙ Խորհրդավոր ընթրիքին նախորդող Ոտնլվայի խորհրդին եւ հայ միջնադարյան պատկերագրության մեջ այս երեւույթի արտահայտություններինՙ Խաչատուր Կեսարացու (XIV դ.), Հովհաննես Խիզանեցու (XIV դ.), Սարգիս Պիծակի (XIV դ.) եւ ուրիշ գրիչների ու ծաղկողների կատարմամբ:
Գրքի եզրափակող բաժինները նվիրված են միջնադարյան պատկերագրությունից, սրբանկարչությունից գեղարվեստական նոր մտածողության անցման շրջանում նույն թեմայով կերպարվեստային դրսեւորումներին, անդրադարձ է արված եվրոպական Վերածննդի իտալացի նշանավոր վարպետներՙ Ջոտտոյի, Դուչչիոյի, Անդրեա դել Կաստանիոյի, Դոմենիկո Գիրլանդայոյի, Կոզիմո Ռոսսելի ստեղծագործություններին: Բնականաբար, գիրքը ավարտվում է Խորհրդավոր ընթրիքի թեմայի մարմնավորման գեղարվեստական բարձրագույն արտահայտություն հանճարեղ Լեոնարդո դա Վինչիիՙ Միլանի Սանտա Մարիա դե լա Գրացե միաբանական սեղանատան հայտնի որմնանկարի ներկայացմամբ: Բավական հանգամանորեն շարադրվում է նկարի ստեղծման պատմությունը եւ հետագա ճակատագիրը, բնագրային տեղեկություններ հաղորդվումՙ նկատի առնելով բուն որմնանկարից բացի էսքիզները, պատճենները, հեղինակային գրառումները, նաեւ սկզբնաղբյուրային արժեք համարվող տարբեր ուղեգրողների ու ճանապարհորդների կողմից նկարագրությունները, ինչպես Գյոթեի, Վազարիի, Ջիովանի Պաոլո Լոմացցոյի, Ստենդալի եւ այլոց: Լեոնարդոյի «Խորհրդավոր ընթրիքը» ներկայացվում է ծավալուն մեկնաբանությամբ, նկարի դրամատիկ շեշտվածությամբ կերպարային եւ գունային կոմպոզիցիոն լուծման տեսանկյունիցՙ չորս խմբերով առաքյալների հուզախռով արտահայտություններով, կենտրոնում Քրիստոսիՙ այդպես էլ չավարտված կերպարի կատարելությամբ եւ կարմիրի ու կապույտի, լույսի ու մութի ընդգծված հակադրությամբ:
Նկար 2. Մուղնիի ավետարան. ԺԱ դ.
Նկար 3. Ավետարան. 1392 թ., Խիզան (Վասպուրական)