ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2008-11-08 | #22, 2008-11-22 | #23, 2008-12-06


Tate

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Լոնդոնյան թանգարանների գրավչությունը նրանց մատչելիությունն է նաեւ: Դրանք զբոսաշրջիկների եւ ընտիր խավի համար չեն միայն, այլեւ ու մանավանդ երիտասարդների ու պատանիների, անգամ երեխաների համար: Տեսել եմ, ասենք, Ազգային պատկերասրահում կամ Վիկտորիա եւ Ալբերտ արքայական թանգարանում, համազգեստավոր դպրոցականների հոծ խմբեր, նստոտած տարբեր ցուցասրահների հատակին, թուղթ ու մատիտ ձեռքներին, նկարչության կամ պատմության ուսուցչուհու առաջնորդությամբ, ասենք Դյուրերի կամ Թըրների մեծ կտավի առաջ դաս են անցկացնում, բացատրություններ լսում ու փորձում վերարտադրել պատկերվածը: Փաստորեն գեղագիտական ճաշակ ու գիտելիք, այլեւ, անզգալաբար, բրիտանական ազգային-կայսերական հզորանքի մասին «պատգամներ» են ստանում: (Երեւի այդ պահին միայն ինձ նմանների մտքով է անցնում, որ ցուցադրված այդ հարստությունների մեկ մասը Բրիտանական կայսրությունը դարերի ընթացքում կողոպտել-բերել-լցրել է այստեղ): Ու քանի որ լոնդոնյան քաղաքային միջավայրը, իմ տպավորությամբ, եվրոպական գործնապաշտության ու խնայողասիրության, հանրօգուտ մտածելակերպի ամենակատարյալ հայելին է, ապա իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի թանգարան-պատկերասրահ այցելությունը լոնդոնաբնակների համար դառնա օգտակար ժամանցի, նույնիսկ ընտանեկան հանգստի ձեւՙ ամեն իմաստով մատչելի ու հարազատ բոլորի համար: Կարիք կա՞ հիշեցնելու, որ մշտական ցուցադրություններ մուտքն այս քաղաքի թանգարաններում անվճար է:

Բացառություն չէ նաեւ Թեյթ ժամանակակից արվեստի պատկերասրահը (Tate Modern Art Gallery), որտեղ օրերս եղա առաջին անգամ: Անշուշտ, հարյուրավոր սրահներ ունեցող այս հսկայական կառույցի դիմաց մեր «պատկերասրահ» բառն անհեթեթ է թվում: Բացումը կատարվել է նոր հազարամյակի սկզբինՙ նշանավորելու կամ խորհրդանշելու համար մտքային որոնումների, ստեղծագործունեության եւ երեւակայության թռիչքի անսահմանությունը: Արվեստի եւ արվեստագործության ճանապարհով:

Առավել հատկանշականը պատկերասրահ-թանգարանի ծննդոցն է: Թեմզայի ափին, 3-րդ հազարամյակ մուտքը խորհրդանշող «Լոնդոնի աչք» (London Eye) հսկա ճախարակակարուսելի դիմաց, 34000 քառ. մետր օգտագործելի մակերեսով, 5 հարկանի այս կառույցը եղել է էլեկտրակայանՙ գորշ, անհրապույր, այլանդակ ծխնելույզով մի զանգվածՙ կառուցված 1940-ականներին: Էկոլոգիական եւ այլ նկատառումներով 1981-ին էլեկտրակայանը փակվել էՙ ազդանշան տալով ամեն տեսակի ներդնողներին կռիվ մղել գետափնյա տարածքին տիրանալու: Սակայն եղել են տեսիլք ու տեսլական ունեցող մարդիկ, որոնց հաջողվել է Մեծ Բրիտանիայի արդյունաբերական այդ սիմվոլը վերածել ժամանակակից արվեստիՙ աշխարհում մեծագույն թանգարանի: Գտնվել են մտքի թռիչքը երկաթ-բետոն-ապակիով անշարժացնող ճարտարապետներըՙ շվեյցարիացի Ժակ Հերցոգը եւ Փիեռ դը Մյուրոնը, որոնք, ի դեպ, հետագայում նախագծեցին Պեկինի օլիմպիական գլխավոր մարզադաշտըՙ Թռչնաբույնը: Քաոսային, ապակե բրգատեսք կառույցի շինարարությունը սկզբնապես արժեցել է 68 մլն ֆունտ ստեռլինգ, հայթայթված պետբյուջեից եւ, մերոնց ականջը քաշելով ասեմ, ազգային վիճակախաղի եկամուտներից: Ու դեռ շարունակվում են հանգանակությունները: Բացումից ի վեր 35 մլն մարդ է այցելել, մինչդեռ սկզբնապես Թեյթը կառուցված է եղել տարեկան 1.8 մլն այցելուի նախատեսությամբ: Դա գերխճողում է առաջացնում, հատկապես շաբաթավերջերին: 2002 թ.-ին, օրինակ, Պիկասոյի եւ Մատիսի հատուկ ցուցահանդեսները դիտելու ցանկությունն այնքան մեծ է եղել, որ ցուցահանդեսը բաց է պահվել ամբողջ գիշեր եւ ընդունել է կես միլիոն այցելու...

Հինգ մակարդակների կամ հարկերի վրա գործող պատկերասրահ-թանգարանը ցուցասրահներից բացի ունի, անշուշտ, հարակից հարմարություններՙ ճաշարաններ, սրճարաններ, գրախանութ, դասախոսությունների համար մեծ ու փոքր դահլիճներ, անգամՙ երեխաների տակը փոխելու սենյակներ, որտեղ, արեւելքցուս համար խիստ տարօրինակ, այդ գործով հիմնականում զբաղվում էին հայրիկները: Առավել ուշագրավն ամեն հարկի վրա գտնվող բարձրադիր կամ ցածր սեղաններն ենՙ ջրաներկի, պաստելների, մատիտների ու նկարչական թղթի պաշարով: Դրանք նորահաս սերնդի ներկայացուցիչների համար են, որոնք ջանասիրաբար ու խիստ կենտրոնացած նկարում են ու գծում, երբեմն հատուկ վարժուհիների հսկողությամբ: Թանգարան-պատկերասրահը ոչ միայն դիտելու, այլեւ ստեղծագործելու վայր է հատկապես նրանց համար, ովքեր եկել են ընտանիքներովՙ անգամ դեռ հազիվ քայլել սովորած կամ սայլակի մեջ քնած երեխաներով:

Ես այնքան էլ լավ չհասկացա, թե կառույցի գլխավոր մուտքին, որտեղից սկսվում է դեպի ներս աստիճաններին փոխարինող բավական երկար զառիվայրը, ինչո՞ւ է տեղադրվել երկաթ-բրոնզյա հսկա սարդը, որի անունը Maman Է, մայր բառի ֆրանսերենը: Նրա ստամոքսից կախված ցանցի մեջ սպիտակ քարե հավկիթներ են: Հեղինակը 95-ամյա արձանագործ Լուիզ Բուրժուան է: Այդ սեւ սարդը սկզբում սարսափեցնում, հետո իր մայրականությամբ ողոքում է քեզ, զգաստացնում եւ լարում հետաքրքրությունդ, ու միաժամանակ հուշում, որ այդ շենքում միայն գեղեցիկ ու գեղակերտ բաներ չես տեսնելու, որ իրականությունը, երբեմն կամ հաճախ, ավելի իրական է, թերեւս ոչ գեղեցիկ, բայց ամեն պարագայում ավելի՛ կարեւոր, ավելի՛ ճշմարիտ...

Իմ այցելած օրն այդպիսի երկու ցուցահանդես կար Թեյթում: Առաջինը բրազիլացի արվեստագետ Չիլդո Մեյրելեզի (Cildo Meireles) ինստալացիաների, երկրորդըՙ ամերիկացի նկարիչ-դիզայներ Մարկ Ռոթքոյի (Mark Rothko) գործերի: Կոնցեպտուալ արվեստի առաջամարտիկ Մեյրելեզը, օգտագործելով կենցաղում հանդիպող հասարակ առարկաներ, փորձում է խուզարկել անհունությունը, անվերջությունը, եւ հասնում է բացարձակ խտության, մեծագույն պարզության- մեր չափումներն անհեթեթ են տիեզերական չափերի համեմատ:

Բրազիլացի արվեստագետ Ալֆրեդո Ֆոնտեսին նվիրված նրա ինստալացիան, որը հենց այդպես էլ կոչվում էՙ «Ֆոնտես», 6x8 քմ տարածքի վրա սարքված կոմպոզիցիա է, բաղկացած պատերին անկանոն կպցրած 1000 ճերմակ եւ կլոր ժամացույցներից ու նույնպես ճերմակ 6000 փայտյա ծալովի մետրերից, որոնք առաստաղից կախված են պարույկաձեւ: Մտնում ես պարույկի ավելի լայն անցքից ներս եւ սպիրալաձեւ առաջանում հետզհետե խտացող այդ մետրերի արահետով մինչեւ... անվերջանալի անսահմանություն: Ժամացույցըՙ իբրեւ ժամանակի, քանոնըՙ ծավալի չափման գործիքներ, երկուսն էլ անիմաստ են դառնում տիեզերական չափումների համար: Մարդիկ իզուր են փորձում չափել անչափելին, բայց, միաժամանակ, կարեւորվում է հենց որոնման այդ ակտը...

Նրա մյուսՙ 8 ինստալացիաներից ինձ դուր եկավ շուրջ 7 մետր բարձրությամբ իրար վրա դարսված տարբեր «տարիքի» 800 ռադիոների աշտարակըՙ բոլորն էլ միացված անորոշ տյունինգով, եւ բոլորի լամպերն էլ վառ: Հեղինակն այս գործը մկտրել է «Բաբելոն-2001»: Աստվածաշնչից հայտնի աշտարակը, որը խորհրդանշում է հաղորդակցվելու անկարողությունից առաջացած մարդկային հակամարտությունները, շեշտում է չհամակարգված մեր արարքների անհեթեթությունը: Եվ Չիլդո Մեյրելեզն այն կոչել է «Դեպքերի հնագիտական նմուշ»:

Բոլորովին տարբեր տպավորություն է թողնում մեկ այլ հարկում բացված Ռոթքոյի ցուցահանդեսը: Հաջորդական 9 սրահներում ներկայացվող ամերիկացի արվեստագետի գործերը մեծամասամբ հսկայական մյուրալներ են, որմնանկարներ, որոնք որեւէ պատկեր չեն ներկայացնում, այլ պարզապեսՙ գույների, բացառապես կարմիր, սեւ եւ գորշ գույների տոնայնություններ: Թեեւ մասնագետներն այդ որմնանկարների ստեղծման տեխնիկայի, օգտագործված նյութերիՙ ներկերի, սոսինձների, վրձինների գործածման եւ շերտային քսվածքների մանրամասնություններում շատ բան են տեսնում-նկատում, սակայն իմ տպավորությամբ դրանք առանձին-առանձին վերցրած ոչ մի բան էլ չեն նշանակում, անգամ դեկորատիվ իմաստով: (Ինքըՙ Ռոթքոն, խուսափելու համար քննադատների դեկորատիվության մեղադրանքներից, ավելի ուշ ստեղծագործություններում նվազեցրել է գույների օգտագործումը եւ սահմանափակվել կարմիր-սեւ-մոխրագույնի երանգներով): Այսուամենայնիվ, որմնանկարների հաջորդական-դասավորված դիտումից զգալի է դառնում, որ ինչ-որ մթնոլորտ եւ տրամադրություն ստեղծվել է: Ռոթքոն ինքը մի տեղ խոստովանել է. «Եթե որեւէ բան արժի մեկ անգամ անել, ապա արժի այդ բանն անել կրկին ու կրկինՙ զարգացնելով, փորձարկելով, պահանջելով դրա կրկնությամբ, որ հանրությունն ուշադրություն դարձնի դրան»: Ըստ երեւույթին Թեյթը հենց դա՛ է արել, մղելով մարդկանց, որպեսզի ուշադրություն դարձնեն արվեստագետի ամեն մի փորձարկության վրա, նույնիսկ եթե դա պոետականության հետ չունի որեւէ աղերս:

Բոլոր դեպքերում, որպես իրեն նորմալ համարող մարդ, ես նախընտրում եմ պոետականը: Եվ Թեյթի մյուս հարկերում ու հատկապես երրորդում ես հանդիպեցի պոետականության իսկական հրավառության: Դա աբստրակցիոնիզմի, էքսպրեսիոնիզմի, աբստրակտ-էքսպրեսիոնիզմի, կուբիզմի, ֆուտուրիզմի, պոպ-արտի եւ այլՙ իմ հասկացած եւ չհասկացած բոլոր տեսակի իզմերի շքերթ էր, տոնախմբություն, որտեղ սրահից սրահ իրար էին հրմշտումՙ որքան էլ որ առաջին սրահի պատին փառավորապես նստած Մոնեի մեծադիր «Ջրաշուշանները» իր աղջամղջային տիեզերական գույներով քեզ թելադրեր ոգու խաղաղությամբ ու փիլիսոփայորեն մոտենալու ամեն ինչի, Կանդինսկին, Պիկասոն, Մատիսը, Միրոն, Ֆրանսիս Բեյքընը, Ալբերտո Ջակոմետտին, Ջեքսոն Պոլաքը, Մառլեն Դյուման, Անիշ Կապուրը եւ ուրիշներըՙ մեզնից պահանջելով տագնապել իրենց հետ: Մեր անհանգիստ, հակասական, պրպտուն, պահանջկոտ, ճշմարտախույզ դարաշրջանն է ներկայացված նրանց գործերում: Իրենց ձեւերով ու գույներով բոլորովին տարբեր իրարից, բայց ճշմարտության որոնման ջանքերով բոլորը նման իրարու: Առաջին անգամ «կենդանի» տեսա այնտեղ Պիկասոյի բնորդ-հոմանուհիներից Դորա Մաարի դիմանկարներից երկուսըՙ մեկը սիրատենչ գորովանքով, մյուսը ատելավառ ծամածռությամբ: Մատիսի միջերկրականյան կապույտը տեսա ու արեւելյան շքեղ կանաչները: Կանդինսկու խորհրդավոր լճերը եւ Միրոյի հանելուկային մանրամասնությունների համադրությունըՙ երկրորդ տպավորությամբ դաշն ու ներդաշնակ:

Բայց ինձ հետ հաստատ մի բան պատահեց թիվ 3 ցուցասրահում: Մուտքից ներս, հակառակ որ դեմքս դիմացի պատի նկարներին էր, աջ թեւիս ուղղությամբ հետեւիցս մի բան ինձ քաշեց դեպի իրեն: Հեղակարծ թեքվեցի. Արշիլն էր, Գորկին, «Ջրվեժը»: Արյունս քաշեց, ինչպես ասում է ժողովուրդը: Հրաշալի կարմի՞րն էր, հայկական կապո՞ւյտը, արյունոտ մահի՞կը: Չգիտեմ: Նա այդ պահին միակ հարազատս էր: Ու ես երկար զրուցեցի հետը...

***

Թեյթից դուրս գալուց, հակառակ որ արդեն օրը երեկոյանում էր, մարդկային նույն հոսքը մտնում էր ներս: Երիտասարդ զույգերը հատկապես, ոմանքՙ երեխաներով, մտնում էին արվեստի հետ նոր հանդիպման ակնկալությամբ: Երեխաները աստիճանների փոխարեն Հերցոգի ու դը Մյուրոնի սարքած զառիվայր իջնող հատակին, տոտիկները չկարողանալով համաչափ գցել, վայր էին ընկնում եւ հանկարծ զգում, որ կարելի է նաեւ չքայլել, ու խանդավառՙ փորի վրա սահում դեպի վար, մինչեւ ներքին մուտքը, որտեղից արվեստային որոնումների հեքիաթն է սկսվում:


Նկար 1. Նախկին էլեկտրակայանըՙ այժմ Թեյթ թանգարան

Նկար 2. Լուիզ Բուրժուայի «Սարդը», այստեղ առանց ձվերի

Նկար 3. Թեյթի ելքերից մեկըՙ ուղիղ Թեմզայի վրա

Նկար 4. Ռոթքոն իր արվեստանոցում. հետեւումՙ որմնապատկերներից մեկը:

Նկար 5. Աղջնակը նկարում է Անիշ Կապուրի «Իշիի լույսը» ինստալացիայի առջեւ:

Նկար 6. Չիլդո Մեյրելեզի «Էվրիկա» ինստալացիան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4