ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2008-11-08 | #22, 2008-11-22 | #23, 2008-12-06


ՀԻՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ՍԵՐԸ

Գյումրինՙ ուշադրության գոտում

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Իր հազար ու մի եկեղեցիներով հռչակված Անիի հարեւանությամբ, հայկական բնօրրանի ամբողջականությունը զատող սահմանի ձախակողմյան ափի բնակավայր Գյումրին հազար ու մի արհեստների ու արվեստների քաղաք է հնուց ի վերՙ հարուստ ավանդույթներով, բանասացներով, գուսաններով, փայտագործ, քարտաշ, երկաթագործ վարպետներով, ոսկերիչներով, նկարիչներով ու բանաստեղծներով, հումորիստներով: Այսպես է պատկերացնում Գյումրին ամեն հայՙ քաղաք անգամ չմտածը: Այդպիսին է գյումրեցինՙ իր քաղաքը սիրող, մեծարող ու հետն էլՙ մեծամտացող: Արհեստների ու արվեստների մուսան հաճախ է այս քաղաք այցելում: Գյումրեցի քարագործ վարպետը քարին ոգի է տալիս, մատների ջերմությունը փոխանցում անշունչ մետաղին. արհեստն ու արվեստն այստեղ ձուլված ենՙ արհեստագործ-վարպետի նրբագեղության հասցրած առարկան արվեստ դարձրած: Այդպես է բոլոր այն բնակավայրերում, ուր գեղեցիկի հանդեպ նախաստեղծ սեր կա, ու այդ սերը կյանքը վերածում է ստեղծագործության ու կերտում միջավայր, որն էլ կրթում, հղկում է մարդուն, համենայն դեպս գեղեցիկի հանդեպ վերաբերմունք մշակում: Դա այն զգացողությունն է, երբ առաջին անգամ մտնում ես քաղաք ու շոշափում տարբերությունը մյուսներից, կարդում քաղաքի ինքնահատուկ դիմանկարը: Սա ենթադրում է ոչ միայն ձեւավորված ավանդույթների, պատմության, ճարտարապետական միջավայրի, քաղաքային մշակույթի գոյություն, այլեւ ընդհանուր քաղաքային ոգու ներկայություն: Այդպիսին էր Գյումրին քսան տարի առաջ, մինչեւ սոսկալի աղետը, մինչեւ 88-ի դեկտեմբերի 7-ի անասելի ողբերգությունը, որ ապրեց հպարտ գյումրեցին, ապրեց ամեն հայ, ամեն մարդ:

Իմ այսօրվա զրուցակիցը ծագումով գյումրեցի է, մշակույթի մեկնաբան, գեղագետ Լեւոն Լաճիկյանը, որ 1992-94-ի դժվարին տարիներին աշխատել է «Ազգ»-ում, եղել մշակութային էջի պատասխանատուն եւ իր հայացքով այդ շրջանի մշակութային կյանքի վավերագրություն ստեղծել: Դրանք նա հետագայում ամբողջացրեց «Անլույս օրերի ոգեղեն ղողանջներ» գրքում, իսկ ավելի ուշ տարբեր երկրների ուղեւորությունների տպավորությունները իր գծանկարներով հրապարակեց «Խաչվող ճանապարհներ» գրքով: Վերջին շրջանում Լեւոնի հայացքը կրկին դարձել է հայրենի քաղաքին ու որոնում է հին Գյումրու գեղեցկություններն ու մթնոլորտը, պատմա-մշակութային միջավայրըՙ «Իմ Գյումրի» գծանկարչական շարքով:

Վիրավոր Գյումրին

Անպայման տարելից, քսաներորդը, թե որեւէ մեկ այլը չէ, որ պիտի հիշեցնի մեզ Գյումրու վերքը: Գյումրին աղետի գոտուց զարգացման գոտի վերածելու հռչակած ծրագրի ձեւակերպման մեջ Լեւոնը շատ կարեւոր ճշգրտում է անումՙ Գյումրին նախեւառաջ դարձնել ուշադրության գոտի եւ «համապատասխան վերաբերմունքից այն վստահաբար կդառնա հայկական Մեքքա: Երեւանյան, նույնիսկ 120 կիլոմետրանոց հեռավորությունից- տարբեր մոլորակների մեջ են ապրում քաղաքամայր Երեւանը եւ աղետահար Գյումրին: Երկրաշարժից 20 տարի անց մոտ 4.000 ընտանիք դեռեւս դոմիկներում է ապրում: Մի ամբողջ սերունդ քսան տարի ծնվեց, մեծացավ ու ապրեց այնտեղ, կյանքին ու աշխարհին դոմիկի պատուհանից նայեց: Խեղճացած է Գյումրին այսօր, մարդաթափ եղած: Ասել, թե գույները պահպանվել են, սխալ կլինի: Մեր պատմությունը երկու շրջանի է բաժանվումՙ մինչեւ երկրաշարժը եւ երկրաշարժից հետո: Երկրաշարժը կարծես շրջանցեց հին Գյումրին. ոչ թե ստորգետնյա ցնցումներն էին թույլՙ ո՛չ: Ճարտարապետական գեղեցկությունների հետ գյումրեցի արհեստավորը իր հոգու ազնվությունն էր խառնել շաղախին: Իրենքՙ գյումրեցիք ասում ենՙ հինը մնաց, նորը գնաց» , ասում է զրուցակիցս: Գնացողը խորհրդային աղետալի շինարարությունն էր, որն իր փլատակների տակ տարավ տասնյակ հազարավոր մարդկային կյանքներ, թաղվեցին միլիոնավոր իղձեր, երազներ...

Կումայրի-Գյումրի-Ալեքսանդրապոլ

Գյումրինՙ հնագույն այս պատմավայրը հին եւ միջին դարերում կոչվել է Կումայրի, այդ մասին առաջին վկայությունը Ղեւոնդ պատմիչն է տալիս (8-րդ դար): Գյումրին ժողովրդախոսակցական լեզվիՙ ժամանակի ընթացքում հնչյունափոխված ձեւն է, Լեւոնի կարծիքով ավելի կենցաղայնացված է, հասարակացված եւ առաջարկում է պատմությունը չսրբագրել եւ քաղաքը կոչել նախնական անունովՙ Կումայրի: Ի դեպ, քաղաքային թերթը կոչվում է «Կումայրի», «Կումայրի» է կոչվում նաեւ պատմա-ճարտարապետական արգելոցը:

Կումայրի բնակավայրի տեղանքում հնագետներ Աշխարհբեկ Քալանթարի, Հ. Մարտիրոսյանի կողմից տարբեր շրջաններում կատարված պեղումներից հայտնաբերել են վաղ երկաթի դարի ձուլման արհեստանոց, կացնի ձուլման կաղապար, բրոնզի, քարի իրերի տեսականիՙ մ. թ. ա. 3-րդ հազարամյակից մինչեւ միջնադար թվագրվող:

Քաղաքի կարգավիճակ Կումայրին ստացավ ռուսական տիրապետության շրջանում, երբ 1837-ին Նիկոլայ ցարը այցելեց Գյումրի եւ բնակավայրի դիրքը հավանելուց հետո այն վերածեց բերդ-ամրոցի, սկսվեց Սեւ բերդի կառուցումը, իսկ քաղաքը իր կնոջՙ Ալեքսանդրիայի անունով կոչեց:

- Գյումրիի լավագույն շրջանը Ալեքսանդրապոլի շրջանն է եղել, հարյուրից ավելի արհեստներ ու արվեստներ են ծաղկել: Այդ շրջանում Արեւմտյան Հայաստանիցՙ Կարսից, Էրզրումից, Կարինից ընտանիքներ են տեղափոխվել Գյումրիՙ իրենց հետ բերելով տեղական շատ ավանդույթներՙ արհեստագործական, շինարարական, ճարտարապետական: Քաղաքային կյանքում արհեստավորական համքարություններ էին ձեւավորվել, որոնք կատարել են տեղական ինքնակառավարման մարմնի դեր: Դրանց գլուխը վարպետաց վարպետն էր, որ պատասխանատու է եղել ոլորտի ապրանքի որակի, հումքի բաշխման, նույնիսկ սոցիալական խնդիրներ են լուծվել: Համքարությունների մեջ ոչ միայն արհեստավորներ էին մտնում, այլեւ իրենց ընտանիքները: Գյումրին թե՛ քաղաքային տնտեսության, թե՛ մշակութային առումով կազմակերպված քաղաք է եղել:

Գյումրեցին շատ ուրույն ձեւով է ընկալել օտար մշակույթը: Առաջին հայացքից քաղաքը գրավում է ճարտարապետական ամենատարբեր ոճերովՙ այստեղ կան ե՛ւ ռուսական քաղաքաշինության ավանդույթներ ե՛ւ եվրոպական կլասիցիզմ, ե՛ւ նեոկլասիցիզմ, ե՛ւ XX դարասկզբի մոդեռնիզմ ե՛ւ խորհրդային շրջանի կոնստրուկտիվիզմ: Ազնվական է համարվել սրբատաշ, սեւ քարըՙ կարմիրի համադրությամբ: Գյումրեցի արհեստավորները այդ օտար հոսանքներն այնպիսի վարպետությամբ են յուրացրել, տեղայնացրել, որ ստեղծել են ազգային բնիկ ճարտարապետական միջավայր:

Գյումրեցիք հաճախ են ասում, թե Գյումրին աշխարհի կենտրոնն է, իմ կարծիքով, իրենք նկատի ունեն քաղաքի ու նրա մարդկանց բաց լինելը, օտար մշակույթին հաղորդ, ընկալելի լինելը: Գյումրեցին համահարթեցում չի սիրում, ամեն դետալի մեջ ինքնատիպություն է դնում, շենքի պատուհան կլինի, ճաղաշար, դրվագազարդված դարպաս, թե մի այլ տարր, իրարից պիտի տարբերվեն: Շինությունները կառուցվել են ըստ գեղեցիկի օրենքների: Ամեն մի շենքի վրա թե՛ ճարտարապետների, թե՛ արհեստավոր շինարարի, երկաթագործի, փայտագործի, թե՛ նկարչի համալիր աշխատանք կա: Ու հետաքրքրականը, որ գյումրեցին այսպես է կառուցել ոչ միայն թանգարանները, գիմնազիայի շենքը, կամ նկարչական դպրոցը, այլեւՙ սովորական բնակելի տները:

Սա բնական վիճակ է, գեղեցիկի բնածին զգացողություն, քաղաքի մշակույթի կարեւոր բաղադրամաս: Այդ միջավայրում ապրողը ոչ այնքան սովորում, որքան կրում է դա ու ինքն էլ դառնում դրա տարածողը: Ես էլ եմ քո ծնունդը Գյումրի ու իմ փոքրիկ պարտքը վերադարձնում եմ քեզ, իմ տառը գրում քո պատմության էջերին...

«Իմ Գյումրի» նկարաշարը

- Կարծում էիՙ գիտեի իմ քաղաքը, բայց նորից ու նորից քայլերով սալահատակված փողոցներով, որ շատ նման են Կարինին ու Էրզրումին, շնչահեղձ էի լինում այդ գեղեցկությունից: Հասկացա, որ ապրելով այստեղՙ մենք չենք ճանաչում մեր միջավայրը: Իմ քաղաքի գեղեցկությունը զգացի նաեւ, երբ Հակոբ Հակոբյանի «Փողոց Լենինականում» նկարը տեսա:

Լեւոն Լաճիկյանի գծանկարների այս շարքը հին Գյումրու ճարտարապետության վերարտադրություններ են, նուրբ ու ճշգրիտ գծագրումներով, որտեղ նա փորձել է պահպանել կառույցի յուրաքանչյուր մանրուք, դետալՙ կամարներ, ժանեկազարդ դրվագավոր դռներՙ փայտե երեսակներով, նախշազարդ քիվեր, դրանցից շատերը ներկայացված են վերականգնած, իրենց նախնական կատարյալ տեսքով, դրանք այդպիսին տեսնելու հեղինակի ցանկությամբ:

Այս նոր հայացքը հին Գյումրուն, նոր խոհեր ու վերաբերմունք են առաջացնում, պարտքի նոր զգացողություն ծնում, որ, իհարկե, սիրո արտահայտություն է: Հեղինակը շարքը շարունակելու էՙ քաղաքային ավելի ամբողջական միջավայր ստեղծելու մտադրությամբ: Դրանք բակերի, փողոցների, էլեկտրասյուների, քաղաքի բնակեցված վայրերի վերարտադրություններ են լինելուՙ ավելի զգայուն քաղաքի ներքին կյանքին, այնտեղ ապրող մարդու իրական վիճակներին: Գյումրու մասին պատմելիսՙ Լեւոնը հաճախ իր այցելած արեւմտյան քաղաքներն էր հիշումՙ Վենետիկը, Բուդապեշտը, Փարիզը, Պրահան.

- Սա անվերջ վերադարձ է: Տարիներ անց, ավելի հասուն տարիքում, երբ աշխարհի շատ խաչմերուկներում ես լինում, վերադառնում ես քո քաղաք ու տեսնում, որ նա չի զիջում օտարներին: Շարունակելու եմ այս շարքըՙ ստեղծելով քաղաքի միջավայրը, զգալ ու զգացնել տալ, որ Գյումրին հպարտանալու քաղաք է: Մենք ունենք այս հարստությունը, որը պահպանության, ուշադրության կարիք է զգում»:


Նկար 1. Հովհ. Շիրազի հուշատուն-թանգարան։ Հիմնադրվել է 1983-ին: 1988-ի երկրաշարժից անօթեւան մի քանի ընտանիքներ պատսպարած թանգարանը վերաբացվել է 2003-ին:

Նկար 2. Մերկուրովի անվան նկարչական դպրոց: Հիմնադրվել է 1921-ինՙ որպես գեղարվեստի ստուդիա. 1936-ին վերածվել է նկարչական դպրոցի, 1947-ին անվանակոչվել Սերգեյ Մերկուրովի անունով:

Նկար 3. Ասլամազյան քույրերի պատկերասրահ: Կառուցվել է 1880-ին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4