Անհայտ մի էջ Մահարի-Զարյան գրական կապերից
ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ
«Այդ չափազանց միամիտ պատմություն էր: Դիլիջանում, որբանոցների կանտոռի դիմաց ապրում էր մի փոքրիկ աղջիկ: Մի օր Վարդգեսը շատ խորհրդավոր կերպով Աշոտի ուշադրությունը հեռվից հրավիրեց այդ աղջկա վրա եւ ասաց «գաղտնիք է»: Եվ Աշոտն այդ գաղտնիքը պահեց ծայրահեղ խնամքով` առանց հարցնելու Վարդգեսին, կամ ինքնիրեն, թե այդ ի՞նչ աղջիկ է եւ ի՞նչ գաղտնիք կա նրա եւ Վարդգեսի միջեւ...»:
(Ն. Զարյան.-«Ով-ում», 1929 թ.)
«Իմ կյանքի մեջ բոլորից ավելի տեւականորեն մտավ Գուրգեն Աճեմյանը: Մեր մտերմությունն սկսվեց նրանով, որ Գուրգենը մի անգամ խճուղու մոտերքում մի սիրուն աղջիկ ցույց տվեց ու ասաց.
- Ա՛յ, տեսնո՞ւմ ես այդ աղջկան... Ոչ ոքի չասես...
Մինչեւ այսօր էլ ոչ ոքի չեմ ասել Գուրգենի ցույց տված այդ սիրուն աղջկա մասին եւ փորձ չեմ արել իմանալու, թե ի՞նչ աղջիկ էր նա, անունն ի՞նչ էր եւ ինչո՞ւ նրա մասին ոչ ոքի ոչինչ չպետք էր ասել...»:
(Ն. Զարյան.- «Երկրորդ կյանք», 1969)
1929 թվականի տարեվերջին, «Գրական դիրքերում» ամսագրի 11 եւ 12 համարներում լույս տեսավ Ն. Զարյանի «Ով-ում» վեպի առաջին մասերը: Այն իր շարունակությունը չունեցավ եւ դասվեց անավարտ վեպերի տխուր շարքին: Ասում ենք «տխուր», որովհետեւ ինչպիսի փայլուն սկիզբ էլ ունենան նման գործերը, վերջին հաշվով մնում են անավարտ խոսք, որի շարունակության մասին կարելի է միայն կռահումներ անել...
Ամենայն հավանականությամբ իր ժամանակին ոչ ոք չի կարդացել հրապարակված մասերն ավելի շահագրգիռ եւ մեծ ուշադրությամբ, ավելի շատ չի զբաղվել վեպի հետագա զարգացման մասին կռահումներով, քան Գուրգեն Մահարին, այն պարզ պատճառով, որ գլխավոր հերոսներն այնտեղ, որքան էլ քողարկված այլ անուններով, ոչ այլ ոք էին, քան Նաիրի Զարյանը (Աշոտ Գեւորգյան) եւ Գուրգեն Մահարին (Վարդգես Բզնունի):
Ավելացնենք, որ անավարտ է նաեւ Ն. Զարյանի «Երկրորդ կյանքը», որտեղից վերցված է սույն հրապարակման առաջին բնաբանից կարծես պատճենահանված երկրորդը: Այս վերջինն այլ գույնի թանաքով կատարված հավելում է ձեռագիր օրինակի վերջին էջում (տես` Հայաստանի ազգային արխիվ, Ն. Զարյանի ֆոնդ) եւ միակ հիշատակումն է «Երկրորդ կյանքում» Գուրգեն Մահարու: Ամենայն հավանականությամբ նման հավելումն անմիջական տուրք եւ հետեւանք է երկու գրողների «հաշտության», որն առերես տեղի ունեցավ նրանց կյանքի մայրամուտին:
Չորս տասնամյակով բաժանված բնաբանները միակ թափանցիկ ապացույցները չեն «Ով-ում» անավարտ վեպի գլխավոր հերոսների հետ երկու գրողների նույնականացման: Հերոսներին ներկայացնող նկարագրական տողերը նույն հաջողությամբ կարող էին օգտագործվել Գ. Մահարուն եւ Ն. Զարյանին նվիրված գիտական-գրականագիտական մենագրություններում. «Նրանք միասին գաղթեցին: Վարդգեսը` Վան քաղաքից, Աշոտը` գյուղից: Միասին անցան Բանդի-Մահուն, միասին հիվանդացան Էջմիածնի պատերի տակ, միեւնույն պատգարակով տարվեցին հիվանդանոց, միեւնույն ֆուրգոնով տեղափոխվեցին Երեւան եւ այնտեղից էլ Դիլիջան: Միանման բաղտը նրանց այնքան իրար կապեց, որ նրանք այնուհետեւ դարձան անբաժան զույգ...» : Դեռեւս անծանոթ «Ով-ում»-ին` մենք գրեթե նույն խոսքերով ենք սկսել Ն. Զարյանի եւ Գ. Մահարու գրական կապերի մասին մեր ծանոթագրությունը «Այրվող այգեստաններ» վեպի գիտական հրատարակությունում (2004, էջ` 639), ինչպես նաեւ «Զգույշ եղեք, մարդիկ...» հոդվածը («Գարուն», Եր., 2002, ապրիլ, թիվ 4): Իսկ հերոսների արտաքին նկարագրությունը,- մեկը գեղեցիկ, գանգուր մազերով, նեղ շրթունքներով, իսկ մյուսը, ինչպես կյանքում` սրա հակադիր պատկերը` գյուղացիական կոպիտ արտաքինով, տգեղ, հաստ շրթունքներով, ավելորդ են դարձնում սովորական նախազգուշացումը` «...ցանկացած նմանություն իրական անձանց հետ կրում են պատահական...» եւ այլն:
Կան նաեւ այլ «զուգադիպումներ»` որբանոցային ընկերների ընթերցանության շրջանակը, գրադարանավար «օրիորդ Մարգոյի» առանձնակի վերաբերմունքը դեպի նրանցից մեկը, որոնք հաստատվում են Գ. Մահարու ինքնակենսագրական եռագրության համապատասխան տողերով: Բավական արժանահավատ է նաեւ Բզնունի-Մահարու մոր` Վանի բարբառով խոսացող տիկին Արաքս-Անուշի կերպարը:
«Անբաժան զույգ»` ասվում է վեպի առաջին իսկ տողերում: Լինի այդպե՛ս, սակայն ըստ սյուժեի` հերոսները բաժանվում են յոթ տարով: Իրականում բաժանումը նրանց միջեւ կազմել է երեք տարի: Դրանք հետխորհրդային առաջին տարիներն էին, որոնց ընթացքում Ն. Զարյանը դրսեւորվեց Երեւանում` որպես ակտիվ սկսնակ պրոլետգրող, իսկ նրանից երեք տարով փոքր Գ. Մահարին, որը Հայաստանի առաջին հանրապետությունում արդեն կազմակերպված եւ ճանաչված բանաստեղծ էր ու հրապարագիր, Ալեքսանդրապոլում իրեն դատապարտեց ստեղծագործական տեւական լռության: Նոր իրավակարգը անհարիր էր քնարերգությանը...
Սակայն վիպական «յոթ տարին» արժանահիշատակ է, քանի որ ընդգրկում է Հայաստանի խորհրդայնացման եւ վեպի միջեւ ընկած գրեթե ողջ ժամանակահատվածը, որով գլխավոր հերոսների կերպարները ձեռք էին բերում այն ժամանակների համար այսրոպեական դիմանկարների հավաստիություն:
Ժամանակի եւ տարածության մեջ բաժանված հերոսները նոր պայմաններում անցնում են կյանքի տարբեր ճանապարհներ: Իրադարձությունների կենտրոն Երեւանում խարսխված եռանդուն Աշոտ Գրիգորյանին «...ընդունեցին գործարան իբրեւ աշակերտ: Կարճ ժամանակվա ընթացքում նա որակավորվեց ու դառավ վարպետ: Այդ ժամանակ նա ծանոթանալով սպարտակյան կազմակերպությանը` Մայիսյան ցույցերի ժամանակ բայլշեւիկյան թռուցիկներ ցրեց: Այնուհետեւ նա մտավ կուսակցության մեջ եւ մասնակցեց քաղաքացիական կռիվներին: Խորհրդայնացումից հետո նա ընտրվեց գործարկոմի նախագահ: Հետո ակտիվ ու համառ աշխատանքի շնորհիվ առաջ քաշվեց ու նշանակվեց գործարանի վարիչ: Նա երկար ճանապարհ անցավ եւ բոլորովին չնկատեց, թե ինչպես անհետացան նրա պատանեկական միամիտ ցնորքները, Րաֆֆու հերոսների պատկերները եւ նրանց տեղը բռնեցին ուրիշ հասկացություններ, ուրիշ հերոսներ...» :
Այլ էր Ալեքսանդրապոլում իր կյանքն արգելակած Վարդգես Բզնունու ճանապարհը: Մի պահ նա ցանկացավ ռուսական տասնմեկերորդ բանակից եւ հայ կարմիր բոլշեւիկներից փախչել Պարսկաստան, բայց «երբ թերթում կարդաց այն մասին, թե «Զանգեզուրի քաղաքացիական կռիվները լիկվիդացիայի ենթարկվեցին, եւ Նժդեհը կոշիկը ճանապարհին թողած` փախավ Պարսկաստան», նա վերջնականապես մարեց իր բոլոր հույսերը եւ քաշվեց իր պատյանի մեջ: Մի քանի ամիս շարունակ նա նման էր կանգնած ջրաղացի, իսկ ինքն իր մասին ասում էր, թե` «Կյանքս անորոշ ժամանակով հետաձգել եմ» :
Այսպես թե այնպես` տարիների ընդմիջումից հետո երկու ընկերները հանդիպում են արդեն Լենինականի կայարանում: Հետեւում է Գ. Մահարու մասին մեկ հավաստի վկայություն եւս` «Թիֆլիսի գնացքը» Լենինականում դիմավորելու եւ ճանապարհ դնելու նրա սովորության մասին: Հիշեցնենք, Ալեքպոլի կայարանո՛ւմ էր, Թիֆլիս-Երեւան գնացքի կանգառի րոպեներին, որ նա ծանոթացավ Ալ. Մյասնիկյանի հետ (տես` «Հանդիպումներ» հուշ-մահախոսականը Ալ. Մյասնիկյանի մասին, «Մարտակոչ», Թիֆլիս, 1925, 28 մարտի, թիվ 70): Սակայն գավառաքաղաքի տաղտուկով պայմանավորված այդ սովորությունը գրական հերոսի մոտ զուգակցվում է հիմարության որոշակի չափաբաժնի հետ. «Վարդգես Բզնունին սիրում էր ամեն երեկո դանդաղ քայլերով գնալ կայարան եւ սպասել Երեւանից կամ Թիֆլիսից եկող գնացքներին: Համարյա միշտ ծանոթ դեմքեր էին պատահում... Նա, սիրալիր ու ժպտուն, դիմավորում էր նրանց վագոնի աստիճաններին եւ մեծ հետաքրքրությամբ սկսում էր հարցնել Երեւանի կամ Թիֆլիսի նորություններից... Չնայած որ Վարդգես Բզնունին մի քանի օր առաջ կարդացել էր «Խորհրդային Հայաստանում» կամ «Մարտակոչում» այդ նորությունների մասին, այնուամենայնիվ նա հաճույքից շողշողացող ժպիտով լսում էր եկվորին» :
Վարդգես Բզնունին աշխատում էր Ամերկոմում որպես հաշվետար (իրականում Գ. Մահարին հաշվետարությամբ զբաղվել է Հայկոոպում) եւ, խճճված հանցավոր ցանցում (էլ ի՞նչ գաղափարական հակառակորդ, որ հեռու լինի հանցագործությունից), զբաղված էր մութ գործարքներով: Այնուամենայնիվ` «...իբրեւ ինտելիգենտ ու կուլտուրական անձնավորություն իր պարտքն էր համարում (այդ նրա ներքին մղումն էր) հետաքրքրվել զուտ կուլտուրական իրադարձություններով: Ճի՞շտ է արդյոք, որ դերասան Զարիֆյանը որոշել է վերադառնալ Երեւան, ինչպե՞ս անցավ գրողների կազմակերպած շեփորահանդեսը, ինչո՞ւ այսինչ ամսագրի այնինչ համարը ուշացավ եւ այլն: Եվ ստանալով իրեն նախապես հայտնի պատասխաններ` նա գոհունակությամբ վերադառնում էր քաղաք` ճանապարհին մտածելով նորանոր հաճելի հանդիպումների մասին» :
Նախկին ընկերները տեւական ընդմիջումից հետո հայտնվում են բարիկադի տարբեր կողմերում: Հակասությունն ի հայտ է գալիս մտքերի առաջին իսկ փոխանակումից` «Էխ, սիրելիս, ասում է մեկը, նկատի ունենալով կյանքը, շա՜տ է փոխվել, շա՜տ...» , մյուսը, Վարդգես Բզնունին, համաձայն է, բայց չի զլանում փաստն արձանագրելու հետ մեկտեղ անմիջապես տալ գնահատականը. «Այո՛, շատ է փոխվել եւ վա՛տ է փոխվել...» :
Հետագա երկխոսությունն ավելի է ընդգծում աշխարհայացքների տարբերությունը, որն անջրպետի նման բաժանում է վաղեմի ընկերներին.
Աշոտ Գրիգորյան. - Ուրեմն պիտի կապված մնաս այդ ճահիճին եւ այդպես էլ կորչե՞ս: Չէ՞ որ ափսոս ես, բարեկամ...
Վարդգես Բզնունի. - Իսկ դո՛ւ, դու ո՞ւր ես, քո շահի համար, ա՛յ երեսիդ եմ ասում, քո սեփական շահի համար, առանց որեւէ համոզմունքի նետվել ես այդ խորթ հոսանքի գիրկը, պարզապես մոդեռնիզացիայի ես ենթարկվել...
Պատահական չի հեղինակային ընդգծումը: Վարդգես Բզնունու շուրթերով նետված են խոսքեր, որոնք Ն. Զարյանն է խոստովանել իրեն` հետխորհրդային վաղ գազելներից մեկում` անկեղծության ու երկվության տվայտանքների մի պահին.
Ու նրանք, որ եկան ու ներկան վառեցին,
Եռում են գանգիդ տոթ փողոցում-քոնը չե՛ն:
Ինչ որ սիրտդ գիտե, շրթունքներդ չգիտեն,
Կարոտներդ ու երգերդ անբոց-քոնը չե՛ն...
«Քոնը չե՛ն», խոստովանել է բանաստեղծը, որը վեպում վերածվել է կուսակցական գործչի եւ ժամանակակից «խիստ կարեւոր անձնավորության», բայց դա չի խանգարել նրան ամրապնդվել ուրիշի դիրքերում եւ տարիներ անց ավետարան կարդալ ընկերոջ գլխին.
« - Ինչո՞ւ ես վիրավորում, Վարդգես, ասավ նա մտածկոտ եղանակով, ինչո՞ւ ես կարծում, որ կոմունիզմը մեր համար խորթ է:
- Իհարկե խորթ է,- պատասխանեց Վարդգեսը` ոգեւորված նրա տխուր երեւույթից: Կոմունիզմը հակադրվում է նախ եւ առաջ ազգության գաղափարին: Բոլշեւիկների ճանապարհով գնալ, այդ նշանակում է թողնել, ուրանալ, կորցնել այն ամենը, ինչ որ մեզ համար սուրբ է եղել մինչեւ հիմա...
- Այդ ճիշտ է:
- Այդ նշանակում է կորցնել հայ լեզուն, այն հարազատ քաղցր լեզուն, որով խոսում ենք այս րոպեիս ես եւ դու: Դուք ուզում եք, որ մենք ձուլվենք, անհետանանք եւ փոշու հատիկ անգամ չմնա հայությունից:
- Վերջին հաշվով այդ ճիշտ է, բայց...
- Բայց ի՞նչ,- ճչաց չարությամբ Վարդգեսը:
- Բայց ցավալի չէ,- պատասխանեց Աշոտը մելամաղձոտ ձայնով»:
Չափազանցություն չկա երկխոսությունում: Կոմունիզմի վերջնական նպատակներից մեկն էլ մեկ մշակույթով համաշխարհային մեկ ազգ ստեղծելու գաղափարն էր: Այդ նպատակին հասնելու համար ձեռնարկվում էին գործնական քայլեր` վերացվում էին ազգային այբուբեններ, գործնական քննարկումներում էր գտնվում արհեստական էսպերանտոյի օրինակով ապագա մեկ համընդհանուր լեզու կառուցելու հնարավորությունը: Այստեղից էլ որպես վերջին կարգի ճշմարտություն ասված Աշոտ Գրիգորյանի ամփոփիչ խոսքերը, որոնցում չակերտավոր բառերը նույնպես պատահական չեն.
« - Ինչո՞ւ ես կարծում, բարեկա՛մ, որ «մարդու հոգեկան ուժերը կարող են փթթել միայն ազգային հողի վրա»: Ինչո՞ւ այդքան նեղ: Ինչո՞ւ մարդն ավելի հեռու չնայի այդ «ազգային» հավաբնից: Ինչո՞ւ թրեւ գալ Սեւանա լճում, երբ կարող ես լողալ նաեւ մեծ օվկիանոսներում: Մտածիր այս մասին, բարեկա՛մ...»:
Հիշեցնենք, 20-ական թվականներին Գ. Մահարուն ներկայացվող մեղադրանքներից մեկն էլ նրա «ազգային ոսկորներն» էին (Գ. Վանանդեցի): Ավելացնենք, որ Հայաստանի խորհրդայնացման նկատմամբ Գ. Մահարու վերաբերմունքը խանդավառ չէր, բայց թշնամական էլ չէր: Ն. Զարյանի վեպում Բզնունի-Մահարու` հեղափոխության հասցեին ասված «ինչ որ գալու է, թող գա» բառերը նույնպես արժանահավատ էին: Թերթենք Գ. Մահարու ամենավաղ` եզակի հրատարակությամբ 1923 թվականին Ալեքպոլում լույս տեսած «1920?-1923!» պոեմը. «Հորդեց խուճապ Թավրիզ, Թեհրան. նրանք եկան ես մնացի, /Ու չզգացի ոչինչ-միայն իմացա, որ ժամը հասավ, /Եկավ ինչ որ գալու էր, կար.../ Հաշտ էր կամքըս ու անբողոք... միայն սիրտս խոր կաղկանձեց...»:
Զարգացող գործողություններին զուգահեռ պարզվում է, որ հերոսների հակադրվածությունը հիմնված է ոչ միայն նրանց տարբեր գաղափարախոսությունների, այլեւ մարդկային այնպիսի տարածված թուլության վրա, ինչպիսին է նախանձը: Մեծ արձակին բնորոշ ներքին մենախոսություններում, որպես օրենք, խոսքը գրեթե աննկատ է հեղինակից անցնում հերոսին, սակայն Ն. Զարյանի մոտ դա կատարվում է բավական կոպիտ. «Վարդգեսի չարությունն այդ րոպեին ուներ նաեւ ուրիշ դրդապատճառ: Նա, ինչքան էլ որ չէր ուզում ինքն իրեն խոստովանել, այնուամենայնիվ, նախանձում էր Աշոտին: Եվ այս էր մոտավորապես նրա նախանձի լեզուն. «Ինչո՞ւ այնպես դասավորվեր կյանքը, որ այս բռի գյուղացին այսքան առաջ ընկներ, իսկ ես, որ այնքան տվյալներ ունեի, այսքան ետ մնայի» : Շարունակությունն անսքող մի ներբող է` նոր ժամանակների հերոսին. «Նայելով նրա կաշվե պինջակին, երկարաճիտ կոշիկների մեջ ամրացված հաստատուն քայլերին, թեւի տակ սեղմված ծանր պորտֆելին, նրա գյուղացիական պողպատաձույլ ու մի քիչ տխրամած դեմքին, հաստ ու համառ շրթունքներին, նրա սեւ ու փայլուն աչքերին` նա զգում էր, որ Աշոտը, իրոք, ուժեղ է, որ նա աներեւակայելի մի իշխանություն ունի կայարանում կանգնած այս հսկա շոգեկաթսաների, այս երկար վագոնաշարերի, այս մեծանիստ կայարանի, այս գեղեցիկ ծառուղիների, այս բազմաժխոր բազմության եւ այս բոլորը ոսկեզօծող այս անսահման վերջալույսի վրա...» :
Իսկ ո՞վ է կանգնած կոմունիստական այս Գոլգոֆի դեմ: Ամերկոմի մի շարքային հաշվետար, որին «...մի միստեր կամ միսիս, մի տխմար բախտախնդիր, ուզած րոպեին կարող է փչել ու փետուրի պես թռցնել տեղից...» : Այդքանը դեռ քիչ էր` Բզնունին սովորություն ունի նաեւ թուղթ մրոտելու. «Իր տրամադրություններն արտահայտում էր, տալիս էր թղթին, երբեմն չափածո, երբեմն արձակ ձեւով... սրտի խորքում զգում էր, որ ինքը տաղանդավոր բանաստեղծ է, չնայած, որ նրա բանաստեղծությունները ժամանակակից ոչ մի ամսագիր կամ թերթ չէր տպագրի: Նա այս հասկանում էր եւ այդ պատճառով էլ տպագրության հանձնելու ոչ մի փորձ չէր կատարում: Այդ պահերին նա ամբողջ հոգով ծառս էր լինում տիրող կարգերի դեմ...» :
Միանգամայն ճիշտ է. հետխորհրդային տարիներին գրված Գ. Մահարու քնարական շատ բանաստեղծություններ առաջին անգամ տպագրվեցին ավելի քան տասը տարի անց լույս տեսած «Մրգահաս» ժողովածուում (1933): Այստեղ էլ Ն. Զարյանը չի դավաճանել կյանքի ճշմարտությանը...
Ընկերներն անկեղծորեն արտահայտում են տրամագծորեն հակառակ մտքեր: Շատ ժամանակ չի պահանջվում Աշոտ Գրիգորյանին համոզվելու, որ Վարդգես Բզնունին ունի «հիվանդագին, ուղղակի հակահեղափոխական տրամադրություններ... նա խոսում էր համարձակ, անկեղծորեն դուրս էր թափում իր հոգու ամբողջ մաղձը: Ուրիշի մոտ նա այդ չէր անի» : Ուշադրությունՙ վերջին բառերի վրա: Վարդգես Բզնունուն գաղտնիք չէ, թե որքան վտանգավոր է նոր հասարակարգին անհարիր մտքեր արտահայտելը, ինչ հետեւանքներ կարող է դա ունենալ: Ինչ վերաբերում է Աշոտ Գրիգորյանին, ապա նա արդեն բավականաչափ «թրծված» է, օրգանապես լուծված նոր հասարակարգում եւ սոսնձի նման փակչած դրան: Ընկերոջ խոսքերը վրդովվեցնում են նրան, հիշեցնում իր քաղաքացիական պարտքը, որն իր իսկ խոստովանությամբ սովոր էր կատարել, բայց այս անգամ մնում է ներքին ձայնին անհաղորդ. «Եթե Վարդգեսի հայտնած մտքերը նա ուրիշից լսեր, անկասկած, առանց այլեւայլության, կզանգահարեր, որտեղ որ հարկն էր: Աշոտն իր մեջ զգում էր (եւ անհրաժեշտ դեպքում ցույց էր տվել) հեղափոխական այդպիսի վճռականություն» : Իր հերթին Վարդգես Բզնունին վստահ է, որ վաղեմի ընկերը հոգու խորքում պահպանել է այնքան մաքրություն, որ նրա հետ կարելի էր լինել համարձակ: Պատճառը հոգեբանորեն հիմնավորված է: Աշոտ Գրիգորյանի պատանեկան տարիների երազներից ու ցնորքներից «...կենդանի մնաց միայն Վարդգեսի նկատմամբ նախկին սերը: Ահա այդ նախկին սերն է պատճառը, որ այսօր Աշոտը լսում է Վարդգես Բզնունու հակահեղափոխական հարձակումները եւ չի վրդովվում, համապատասխան ոչ մի միջոց ձեռք չի առնում...» :
Մենք մոտեցանք մեր վերլուծության ամենահանգուցային կետին: Աշոտ Գրիգորյանը սիրում է ընկերոջը, ազնիվ է ու հավատարիմ նրան, բայց արի ու տես, որ մի անգամ արդեն հնչած երաժշտական թեմայի պես կրկնվում են սպառնալից եւ տագնապոտ «համապատասխան միջոցները»: Ժամանակն է վերանալու անավարտ վեպի հովվերգական զեղումներից եւ հիշեցնելու, որ մինչեւ «Ով-ումի» հրապարակումը Գ. Մահարին արդեն երկու անգամ վտարվել էր գրողների միություն-ասոցիացիայից եւ երկու անգամ էլ` ոչ առանց Ն. Զարյանի ակտիվ միջամտության: Նա էր, որ առաջին վտարումից հետո զբաղեցրեց Գ. Մահարու հեռացումից ազատված` ասոցիացիայի քարտուղարի տեղը: Նա էր, որ երկրորդ վտարման ժամանակ ստանձնել էր ընկերոջ անձնական հարցի վերաբերյալ զեկուցող-դատախազի դերը: Նա էր, որ առանց խղճի խայթի, բռնադատման տարիների թոհուբոհում, իր ծառայությունների շարքում հպարտությամբ նշեց նաեւ այս մեկը. «Ես մերկացրի Գուրգեն Մահարու հակահեղափոխական մի բանաստեղծությունը» (Ն. Զարյան: Ո՞վ եմ ես: «Միտք», Եր., 2005, 4-10 մայիսի):
Ուրեմն «համապատասխան միջոցներն» արդեն ձեռնարկվել էին: Եվ ձեռնարկվել էին տարիներ առաջ եւ ոչ մեկ անգամ: Ուրեմն անավարտ վեպը կառուցված է ոչ թե անկեղծության, այլ խախուտ հիմքի, ավելի շուտ` հոսող ավազի վրա: Ինչպե՞ս հասկանալ այս ամենը, որտե՞ղ է թաղված «շան գլուխը»...
Մեզ անհայտ է անավարտ «Ով-ումի» նպատակադրվածությունը: Ինչո՞ւ է գրվել: Ով` ո՞ւմ էր հաղթելու, վերադաստիարակելու կամ «համապատասխան միջոցների» ենթարկելու... չգիտենք: Բայց վերոհիշյալ շարադրանքից անենք կարեւոր մի հետեւություն, որ նման հրապարակումն ինքնին արդեն մի «համապատասխան միջոց» էր, որտեղ ջրի երես էր հանվում, զարյանական տերմինով` «մերկացվում էր» գլխավոր հերոս Վարդգես Բզնունի-Գուրգեն Մահարու քաղաքական դեմքը: Եվ եթե կամրջենք անավարտ վեպը բռնադատության տարիներին Ն. Զարյանի վարքագծի հետ, ապա չենք կարող չգալ անխուսափելի մի եզրակացության, որ մատնագրերը ոչ թե ժամանակով պայմանավորված կամ ժամանակի թելադրանքով կատարված ստիպողական քայլեր էին Ն. Զարյանի համար, որին նա գնում էր ինչ-ինչ պատճառներով` հակառակ խղճի ձայնի, այլ պարզապես, որքան էլ ցավալի է` հետխորհրդային առաջին իսկ տարիներից ձեւավորված խառնվածք ու բնավորություն...
«Ով-ումը» միակ վկայությունը չէր Ն. Զարյանի կողմից Գ. Մահարու «գրական մերկացման»: Դրանից մեկ տարի առաջ լույս էր տեսել նրա «Ես ու Գուրգեն Մահարին» բանաստեղծությունը, որտեղ կոմունիստական սիրո դիրքերից պայքար էր հայտարարվում «քաղքենի», հնացած հայացքները պահպանող գրչընկերոջը («Գրական դիրքերում», Եր., 1928, թիվ 4, ապրիլ, էջ` 14): Բանավեճային նույն քաղաքականությունը Ն. Զարյանը շարունակեց եւ կյանքի վերջին տարիներին: Նա մեկ գրում էր «Խաչմերուկը» խորագրով պատմվածք, որտեղ գլխավոր հերոսի կողքին պատկերում էր խաթարված, թունավորված ներքինով, Գուրգենի հետ հանգավորվող ինչ-որ Բաբկենի, ըստ որի հիվանդոտ երեւակայությանՙ իր ճակատագրական փորձությունների` բռնադատումների մեղավորը գլխավոր հերոսն էր: Իսկ վերջինս ներկայացվում էր` որպես «անմեղ մեղավոր»: Կամ տպագրում էր առակ` աղվեսի եւ առյուծի մասին, որտեղ աղվեսը մշտապես իր պաշտպանության տակ է վերցնում առյուծին (իմաՙ Գ. Մահարու չարենցապատումը)ՙ նրան հավասարվելու հեռահար նպատակով: Սակայն ամենադատապարտելին եւ աններելին «Այրվող այգեստանների» դեմ բարձրացված արհեստական փոթորիկի օրերին գրված եւ տպագրված Ն. Զարյանի «Ասք էության» պոեմն էր («Գրական թերթ», Եր., 1967, 5 մայիսի, թիվ 19), որտեղ Գ. Մահարին հայտարարվեց... Թալեաթի պաշտպան:
Միայն զարմանալ կարելի է, որ այդքանից հետո, կյանքի տարբեր տասնամյակներում ու պայմաններում, Գ. Մահարին մաքուր պահեց իր գրիչն արտաքին «ներթափանցումներից», գեղարվեստական խոսքով չպատասխանեց Ն. Զարյանին: «Ով-ումից» ընդամենը մեկ տարի անց գրելով «Պատանեկությունը» (1930), Սիբիրում շարունակելով «Երիտասարդության սեմին»-ը (1953-54) եւ կյանքի մայրամուտին վերադառնալով քառագրությանը («Երիտասարդություն», 1969), նա հավատարիմ մնաց պատանեկան հիշողություններին եւ պատկերեց նախախորհրդային տարիների` իր ճանաչած զգայուն սրտով ապագա բանաստեղծին եւ հավատարիմ ընկերոջը... Միակ բացառությունն ասվածից «Զգույշ եղեք, մարդիկ...», բանաստեղծությունն էր, որը գրվեց ի պատասխան «Ասք էության» եւ լույս տեսավ, երբ երկու գրողներն արդեն հեռացել էին կյանքից:
Գուրգեն Մահարին միակը չի եղել Ն. Զարյանի զոհերի պատկերասրահում: Գրական աշխարհին հայտնի են եւ նախկին հրապարակումներում բազմիցս բերվել են մատնիչ քայլերի անհերքելի փաստեր` Ե. Չարենցի, Ա. Բակունցի, Զ. Եսայանի, Վ. Նորենցի, Վ. Ալազանի, Ե. Չուբարի, Է. Չոփուրյանի, Գեւորգ Աբովի հանդեպ: Իսկ անանուննե՞րը...
Եվ այսքանից հետո մեր քաղաքի ղեկավարները, ասես ոչնչից անտեղյակ, հանդուրժում են նույն քաղաքում ունենալ զոհերի եւ դահիճների անունով փողոցներ եւ դպրոցներ: Ձե՞ռ եք առնում, ի՞նչ է... (հասարակական հնչեղություն ունեցող այս հարցը խնդրում եմ համարել բաց` ուղղված գրողների միությանը եւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին):
Եվ վերջում: Չի կարելի վաղ Զարյանին մերժել տաղանդի առանձին փայլատակումները: Երկրորդական հերոսներից մեկի շուրթերով ասվում է դիպուկ մի ասույթ` «տաճկահայ կոմունիստներն ավելի փչացած, ավելի ազգուրաց մարդիկ են, քան ռուսահայերը»: Իհարկե, ե՛ւ ռուսահայ, ե՛ւ տաճկահայ կոմունիստների մեջ եղել են ինչպես «փչացած ու ազգուրաց», այնպես էլ փայլուն դեմքեր: Ասույթի դիպուկությունը վերաբերում է թերեւս իրեն, հեղինակին...