Տպագիր գրքի մշակույթի, հրատարակչությունների առաջ ծառացած հարկային, տպագրական, վաճառքային խնդիրների, գրքի հանդեպ այսօրեական վերաբերմունքի մասին մեր հրապարակումները հետագայում եւս ունենալու են շարունակություն, անդրադառնալու ենք նաեւ հեղինակների մտահոգություներին, ընթերցողական լսարանի սակավությանը, գրող-ընթերցող-գրքի տարածում եւ այլ հարցերի:
Հրատարակիչների հետ մեր նախորդ զրույցներում անդրադարձներ եղան նաեւ պետպատվերային գրականությանը, դրանց բնույթին, որակին, վաճառքին: Մեր հմուտ եւ փորձառու հրատարակիչներից ոմանք վերապահում ունեն գրքերի այն ընտրությանը, որ ներկայացնում են պետպատվերային հրատարակությունները: Վաճառողները դժգոհում էին, որ դրանք ամիսներով մնում են գրադարակներին, գրատան տնօրեններըՙ դրանց տեսականուց, հեղինակներից ոմանքՙ գրքերն ուշ գրախանութ հասնելուց, նույնիսկ մի քանի տարի առաջ տպագրված մի գիրք առհասարակ գրախանութներում չի հայտնվել, ուսանողները ձեռք են բերել թարգմանության պատճենած օրինակներ: Գրողներից ոմանք դժգոհում էին նաեւ հեղինակային սեփական 25 օրինակ գրքերը ձեռք բերելու դժվարություններից: Սա էլ մի առանձին թեմա է, որին նույնպես կանդրադառնանք հետագայում:
Պետպատվերային հրատարակությունը պետք է ուղղորդի գրահրատարակչական քաղաքականությունը եւ անցյալի ու ներկայի ազգային, մշակութային լուրջ իրողությունների քարոզչությամբ ծառայի ազգային գաղափարախոսության ձեւավորմանը:
Ի՞նչ է արվում այս ուղղությամբ, եւ ի՞նչ ենք մենք ներկայացնում հատկապես երկրից դուրս: Տասը եւ ավելի տարիներ մեր հրատարակիչները մասնակցում են Եվրոպայում, հիմնականում Ֆրանկֆուրտում կայացող գրքի միջազգային տոնավաճառներին, որը վստահաբար ժամանակակից պոլիգրաֆիական բարձր մշակույթին ծանոթանալու, սեփական գրահրատարակչական փորձը հարստացնելու, միջազգային հարաբերությունների, նոր ծանոթությունների ստեղծման, հայ հեղինակներին, հայ գիրքն օտարներին ներկայացնելու հրաշալի առիթներ է ստեղծում: Հետաքրքրական էր տարիներ առաջ Ֆրանկֆուրտի հայկական տաղավարում տեղի ունեցած մի միջադեպ, երբ իրեն հայասեր ներկայացնող մի թուրք մոտենում է հայկական տաղավարին եւ ասում, որ իր ձեռքի հաստափոր գիրքը (անգլերենով) հայերի կողմից թուրք ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի ժողովածու է, եւ հարցնումՙ ունե՞ն հայերը ցեղասպանության մասին գիրք: Տաղավարը երկար քրքրելուց հետո գտնվում է լղարիկ մի գիրքՙ հայերենով: Անպատվաբեր այդ վիճակից ազդված հայ հրատարակիչը վերադարձին առաջարկել է հաջորդ տարվա ողջ պետպատվերն ուղղել Հայոց ցեղասպանության մասին գրքերի հրատարակությանըՙ օտար լեզուներով: Իրականությունը բազմիցս է փաստել, որ մեր թերություններից ամենաանուղղելին անցյալից դասեր չառնելն է, փորձ կուտակելու ցանկության կամ ունակության պակասը, որը մեզ միշտ դնում է թերուս կամ անուս երեխայի վիճակներում, երբ ստիպված ենք լինում ամեն ինչ վերսկսել զրոյական կետից:
Ֆրանկֆուրտյան գրքի այս տարվա տոնավաճառի անդրադարձի առիթը գերմանաբնակ մեր հարգելի մտավորականներից մեկի արած առաջարկի կարեւորությունն էր: Միջազգային այդ տոնավաճառը նվիրված էր Թուրքիայի հրատարակություններին, իսկ հոբելյանական հեղինակ համարվել էր նաեւ Վիլյամ Սարոյանը: Այս երկու հանգամանքը սփյուռքահայ մտավորականի հետաքրքրությունները շարժելու լավագույն առիթներից են: Գերմանաբնակ հայ գիտնականը հատուկ Ֆրանկֆուրտ էր գնացելՙ հայկական տաղավարում իր ակնկալած հրատարակությունները տեսնելու: Այնտեղ, սակայն, նա չի հայտնաբերել «հայու ոգին» ներկայացնող գրքեր, Հայ դատին, Ցեղասպանությանը վերաբերող քաղաքական գրականության սակավությունը նրան զարմացրել է. Սարոյանական պատշաճ հրատարակություններ եւս չեն եղել: Դրսի հայը, ինչպես մեր զրուցակիցն է ասում, «ոչնչի մաս չկազմելու տխուր իրականություն է ապրում», իսկ սփյուռքը նման միջազգային ձեռնարկների մասնակցելու հնարավորությունից զրկված է, որովհետեւ հրավեր, սովորաբար, ստանում են պետությունները: Եվ նա առաջարկում է, որ գրքի միջազգային տոնավաճառներում մեր տաղավարը ներկայացնի ոչ թե Հայաստանի գիրքը, այլ հայ գիրքն ընդհանրապես, ընդգրկելով նաեւ սփյուռքի մեր մտավորականներիՙ ազգային-մշակութային կյանքին վերաբերող լավագույն հրատարակությունները: Եվրոպայում, Ամերիկայում նաեւ Բեյրութում, անգամ տպագրական ոչ այնքան հարուստ մշակույթ ունեցող Հալեպում տարեկան տպագրվում են տասնյակ հայագիտական լուրջ ուսումնասիրություններ, որոնք ունեն միջազգային գիտական փորձի առավելություններ:
Չնայած վերջին տարիներին Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացումներինՙ հայկական սփյուռքը մեզ բավարար, կամ գրեթե ծանոթ չէ: Մեր երկրում չի գործում ռադիոհեռուստատեսային որեւէ ծրագիր կամ պարբերաթերթ, որ կանոնավորապես տեղեկություններ հաղորդի սփյուռքի ազգային-մշակութային կյանքից: Ավելին, եթե հայաստանցի հասարակական, մշակութային գործիչները, արվեստը կամ գրահրատարակչությունը, հայահոծ համայնքներում որոշակի հետաքրքրություն ներկայացնում են, ապա մեզանում շատ սակավ շրջանակների է սփյուռքահայ իրականությունը մտահոգում: Մեր գրախանութներում, օրինակ, սփյուռքահայ հրատարակությունների չես հանդիպի:
Հեռախոսազրույցը, որ ունեցանք, գրահրատարակչական գործի գործակալության պետ Էդվարդ Միլիտոնյանի հետ, միանգամայն այլ տպավորություն ստեղծեց, փորձենք հակիրճ ներկայացնել: Նախ պետպատվերային գրականության մասինՙ պետբյուջեից տարեկան 125 մլն դրամ հատկացվում է գիտության, մշակույթի ամենատարբեր ասպարեզներին վերաբերող շուրջ 130 գրքերի: Մամուլում նախապես ծանուցում է տպագրվում, որից հետո հայտեր ներկայացնում են հեղինակները եւ հիմնականում հրատարակչությունները: Մշակույթի նախարարության համապատասխան հանձնաժողովիՙ ներկայացված հայտերի քննարկումից հետո քվեարկությամբ ընտրություն է կատարվում: Գումարի մի զգալի մաս հանրագիտարանային բնույթի գրականության վրա է ծախսվում, այս տարի միայն 20 մլն դրամ հատկացվել է «Դպրոցական հանրագիտարանի» 1-ին հատորի հրատարակությանը:
Ֆրանկֆուրտյան այս տարվա գրքի հայկական տաղավարը, ըստ Էդվարդ Միլիտոնյանի, բավական ներկայացուցչական է եղել: Գրքերի քանակով, գրականության տեսականիով, իհարկե ոչ եվրոպական, այլ ԱՊՀ երկրների համեմատությամբ, զիջել է թերեւս միայն Ռուսաստանին եւ Ուկրաինային (տարածքը փոքր է եղել, ընդամենըՙ 20 քառ. մ): Նախորդ տարիների փորձը հաշվի առնելովՙ մեծ տեղ հատկացված է եղել թարգմանական գրականությանը: Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի առիթով Հայաստանում տպագրված շուրջ 50 գրքից մի քանի կարեւոր հրատարակություններ ներկայացված են եղել, ինչպես Նիկոլայ Հովհաննիսյանի Հայոց ցեղասպանության մասին ուսումնասիրությունը (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն), Վարդգես Միքայելյանիՙ գերմանական արխիվների ուսումնասիրությունների հիման վրա փաստաթղթերի ժողովածունՙ գերմաներենով, Վահագն Տատրյանի գրքերից: Վ. Սարոյանը ներկայացվել է առանձին ստենդովՙ 9 գրքով:
Սփյուռքահայ հրատարակությունները միջազգային տոնավաճառներին համատեղ ներկայացնելու առիթով Էդ. Միլիտոնյանը նշեց բազմաթիվ բարդություններՙ տեղափոխությունների, տաղավարային տարածքի, ֆինանսների եւ նաեւ այլ սուբյեկտիվ հարցերի հետ կապված: Նա գտնում է, որ դրսում ճանաչում գտած հայ հեղինակի օտարերկրյա որեւէ հրատարակություն հնարավորություն ունի մասնակցելու տվյալ երկրի ներկայացրած տաղավարում, ինչպես թուրքականումՙ հայկական «Արաս» հրատարակչությունը, առանձին հայ հեղինակներ, նույնը նաեւ ռուսականում էր: Դրսի հայկական հրատարակություններն արդեն իսկ տարածվում են օտար միջավայրում, մինչդեռ հայաստանցի գրողը մեծ դժվարություններ ունի միջազգային ասպարեզ դուրս գալու: Վերջին տարիներին բացի հայագիտական, Հայ դատին, Ցեղասպանությանը վերաբերող գրականությունից, օտար լեզուներով ներկայացվել են նաեւ հայ գրողների գործերը, ինչպեսՙ 6 լեզվով հայ ժամանակակից պոեզիայի անթոլոգիան:
Հետաքրքրական էր նաեւ Էդվարդ Միլիտոնյանի այն նկատառումը, որ ֆրանկֆուրտյան գրքի տոնավաճառի հայկական մասնակցությանը պատշաճ ձեւով անդրադարձել է միայն Պոլսի «Մարմարա» օրաթերթը: Իսկ մեզ մոտ, ինչպես ասում ենՙ այնպես, իմիջիայլոց:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ