ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2008-12-06 | #24, 2008-12-20 | #1, 2009-05-09


ՄՏՔԻ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ. ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ ԵՎ ՎԻԼՅԱՄ ԲԼԵՅՔ

ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ (ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ)

1927 թվականին Կոստան Զարյանը «անսպասելիորեն» անդրադառնում է անգլիացի բանաստեղծ եւ նկարիչ (փորագրող) Վիլյամ Բլեյքի (William Blake, 1757-1827) կյանքին եւ ստեղծագործությանը: Անգլիացի բանաստեղծի մահվան հարյուրամյակի առթիվ նա գրում է մի հոդված-դիմանկար, որ տպագրվում է «Հայրենիք» օրաթերթում (Բոստոն), 1927 թվականի հոկտեմբերի 29-ի համարում: Վստահաբար կարելի է ասել, որ հոդվածը ոչ թե պատվիրել է թերթը, այլ գրվել է Կոստան Զարյանի ցանկությամբ եւ ներքին մղումով: Բանն այն է, որ անգլիացի բանաստեղծի գրականության, մանավանդ բանաստեղծության հեռավոր արձագանքները լսելի են Կոստան Զարյանի նախորդ տարիների գրությունների մեջ: Կոստան Զարյանը այն գրողներից է, որ չի թաքցնում իր գրական համակրանքներն ու հակակրանքները: Այսպես, օրինակ, «Անցորդը եւ իր ճամբան» վեպում Վիլյամ Բլեյքը հայտնվում է «Ծովի վրա» գլխում (Կոստան Զարյան, Երկեր, Անթիլիաս, 1975, էջ 66-67) իր «Մտային ճամփորդը» («The Mental Traveller») բանաստեղծությամբ: Թվում էՙ Կոստան Զարյանի հայտնի բանաձեւումներից մեկը, որ հաճախ է կրկնվում նրա ստեղծագործություններումՙ «Մենք մտքի հավիտենական ճամփորդներ ենք» , իր ծագումը առնում է նաեւ Բլեյքի ստեղծագործությունից:

«Անցորդը եւ իր ճամբան» վեպի հիշյալ հատվածում Կոստան Զարյանը բերում է Բլեյքի «Մտային ճամփորդը» ընդարձակ բանաստեղծության միայն առաջին հինգ տունը, այն էլՙ ազատ շարադրանքով, խախտելով բնագրի տաղաչափությունն ու կշռույթը: Բանաստեղծության բնագիրը բաղկացած է քսանվեց քառատողից, գրված է հանգավոր, դասական կշռույթով: Կոստան Զարյանի ներկայացրած հատվածը շատ ազատ թարգմանություն է, առավել մոտ տողացի թարգմանությանը: Ինչո՞ւ է այս բանաստեղծությունը արժանացել Զարյանի հատուկ ուշադրությանը, ի՞նչ է ասում հայ գրողը իր ընթերցողին այս բանաստեղծության թարգմանության միջոցով:

Բլեյքի այս բանաստեղծությունը այսպես կոչված «Պիկիրինգի տետրակ»-ի բանաստեղծություններից է: Մինչեւ 1860-ական թվականները Բլեյքի բանաստեղծությունների ինքնագիր այս տետրը պատկանելիս է եղել հրատարակիչ Վիլյամ Պիկիրինգին, ուստի այդ պատճառով էլ բանասիրության մեջ այն անվանվում է «Պիկիրինգի տետրակ»:

Ահա Կոստան Զարյանի թարգմանած հատվածը.

Արու երկրից ես անցայ,

Արու եւ նոյնպէս էգ:

Ես լսեցի ու տեսայ տարօրինակութիւններ այնպիսի,

Որ մահաշունչ ցրտերն իսկ չեն ճանաչում:

Որովհետեւ այնտեղ մանուկը ծնւում է մեծ բերկրութեան մէջՙ

Տառապանքների ծոցից բխած:

Ու այդպէս, քաղում ենք պտուղը բերկրութեան

Մեր արցունքների սերմերով աճած տեղից:

Եւ եթէ մանուկը արական սեռին է պատկանում,

Դնում ենք նրան ձեռքերի մէջ տարիքաւոր կնոջ,

Որպէսզի գամէ ապառաժի զառիվարի վրայ

Ու ժողվէ նրա աղաղակները ոսկէ ըմպանակի մէջ:

Գլխի վրայ դրել է երկաթէ փուշեր,

Ծակծկել է նաեւ ոտքերը եւ ձեռքերը,

Բաց է անում իր կողքը, որպէսզի սիրտը

Զգայ միեւնոյն ժամանակ թէ՛ տաքը եւ թէ՛ ցուրտը:

Նա իր մատերով շօշափել է ամէն մի ջիղ,

Ինչպէս ժլատը իր ոսկիներն է հաշւում

Ու սնանում է իր մսերի աղաղակներով

Եւ երիտասարդանում երախայի աճման հետ:

Թարգմանության ընդգծումները Կոստան Զարյանինն են, բնագիրը ընդգծումներ չունի: Կոստան Զարյանը ընդգծում է «մանուկ» եւ «տարիքաւոր» բառերը, բանաստեղծության թելադրած համադրական իր միտքը զարգացնելու եւ իր մեկնակետը ներկայացնելու համար:

«The Mental Traveller»-ը Բլեյքի ամենահայտնի բանաստեղծություններից մեկն է, որի պատկերային խորհրդավորությունն ու խորհրդանշանական կառուցվածքը տեղի են տվել մեկից ավելի բացատրությունների:

Հետազոտողների մի զգալի մասը այս բանաստեղծության մեջ պատկերված Մանուկը համարում է Ազատության ոգի, իսկ տարիքավոր կնոջըՙ Բլեյքի ժամանակակից անգլիական հանրությունը: Ուսումնասիրողները բանաստեղծությունը դիտում են իբրեւ մի այլաբանություն-փոխաբերություն, որ պատկերում է Ազատության փշոտ ու տատասկալից ճանապարհը մարդկության պատմության դարերի միջով: Բլեյքի գրականության գիտակները այս բանաստեղծության մեջ տեսնում են Ազատության անհրաժեշտության, Ազատության եւ կյանքի (իրականության) մեծ հակասության, Ազատության բաղձանքի, Ազատության ծնունդի շրջապտույտային ընթացքի բանաստեղծական պատկերումը:

Մի այլ բացատրություն հանգում է հետեւյալին. Բլեյքի «Մարգարեական պոեմներ»-ի նշանային համակարգում Տիեզերքը պատկերվում է հոգեկան չորս վիճակների միջով անցնելու միջոցով: Առաջինը Դրախտն է, Արքայությունը, որ ներկայացնում է Արարչի եւ իր ստեղծածի կատարյալ, գերագույն միասնությունը, երկրորդը Ծնունդն է, որ Աստծու եւ մարդու միջեւ, մարդու եւ մարդկանց միջեւ բնականոն կապի կորստի ժամանակն է, երրորդը Բեուլան է, վերը նշված կապի վերականգնման քրիստոնեական իդեալը, եւ չորրորդը Ուլրոն է, որ Դժոխքն է եւ, որ նույնն է ըստ Բլեյքի, իր ժամանակի իրականությունն ու սոցիալական կյանքը:

Ահա, ուրեմն, «The Mental Traveller» բանաստեղծությունը մի այլ բացատրությամբ Բլեյքի նկարագրած Ծնունդի եւ Բեուլայի շրջաններում կյանքի վերջնականապես անիմաստության պատկերումն է եւ որ այդ բանաստեղծությունը մարդու Բանաստեղծական Հանճարի ազատագրության գաղափարի ջատագովումն է: Մարդու էության խորքերում թաքնված Բանաստեղծական Հանճարը, ըստ Բլեյքի, ի զորու է նրա առջեւ բացելու հոգեւոր-ոգեկան կյանքի այն ուղիները, որոնք հնարավոր են դարձնելու մարդկության փրկությունը, իրական զարգացումն ու առաջընթացը:

Կոստան Զարյանը մի կողմ է թողնում Բլեյքի բանաստեղծության մետաֆիզիկական բովանդակությունը եւ յուրովի է մեկնաբանում նրա բանաստեղծության նշանային համակարգը: Թերեւս, ավելի ճիշտ կլինի ասել, որ Բլեյքի բանաստեղծությունը նրա մեջ արթնացնում է միանգամայն այլ, թվում էՙ նույնիսկ անսպասելի, համադրումներ եւ զուգորդումներ:

Մանկան պատկերի մեջ նա տեսնում է հայ ոգին, տարիքավոր կինը, Զարյանի ընկալմամբ, է «պառաւ մեր տատը, որ ցնցոտիներ հագածՙ երերալով ման է գալիս Արարատեան դաշտում, մագլցում է լեռները եւ իր բացւած կողքից, սիրտը կարկառում է թէ՛ տաքին եւ թէ ցրտին» (Երկեր, 66), նա մեր անցյալն է, որ հետապնդում է մեզ:

Հայ իրականությունը ողբերգական իրականություն է, հայ ներկանՙ ողբերգական ներկա. «Կեանքը պառկել է Անիի փլատակների տակ...» (Երկեր, 67):

Պատահական չէ, որ Բլեյքին ու իր բանաստեղծությունը Կոստան Զարյանը հիշում է «Ծովի վրայ» գլխում: Այս հատվածը նավի (ու անցորդ-ճամփորդի) անցքն է Կիրասոն-Սամսոնից Տրապիզոն: Առհասարակ վեպի առաջին գլուխներում 1915 թվականի ողբերգության խորունկ վերապրումն է եւ այդ ողբերգության ծնած պարապի, դատարկության, անհուսության ու աննպատակայնության զգացումը: Չմոռանանք, որ ըստ վեպիՙ 1922 թվականն է, ըստ գրության ժամանակիՙ 1926 թվականը («Ծովի վրայ» գլուխը տպագրվել է «Հայրենիք» ամսագրում 1927 թվականի հունվարին), որ միմյանցից հեռու չեն: Եղեռնից անցել է հազիվ մի քանի տարի, Արեւմտյան Հայաստանը կորսված է, արեւմտահայությունըՙ ջարդված ու սպանված, մի կերպ փրկվածները սփռված են աշխարհով մեկ: Շփոթահար ու սոսկահար ժողովուրդը դեռ չի սթափվել մղձավանջային սարսափից եւ իրականությունից: Կոստան Զարյանը Բլեյքի բանաստեղծության մանկան կերպարը մտովի տեղափոխում է հայ իրականություն եւ նրա մեջ տեսնում է ապագա Հայաստանի պատկերը: Նորածին մանուկի գեղարվեստական պատկերը իբրեւ նոր կամ մի ա՛յլ իրականության խորհրդանիշ խորթ չէ հայ գրականությանը: «Վահագնի ծնունդ»-ի մեզ հասած հատվածից մինչեւ Հովհաննես Հովհաննիսյանի «Վահագնի ծնունդը» հայ մշակույթը բերում է այդ պատկերը: Հայ գրականությունն ու մշակույթը խորհրդանշանական այդ պատկերը ընկալել-դիտարկել են ոչ միայն քրիստոնեական կրոնի պատկերային համակարգի ըմբռնումներով («Տիրամայրը Մանկան հետ» եւ այլն), այլեւ, մեզամոտ ժամանակներում, խորհրդանշանային բանաստեղծության մետաֆիզիկական ընկալումների համակարգում: Այսպես, օրինակ, Միսաք Մեծարենցը պատասխանելով իր գրական հակառակորդներից մեկինՙ Ենովք Արմենին, «Քննադատությունը» վերնագրված իր մի հոդվածում անդրադառնում է իր «Արեւին» բանաստեղծությանըՙ մեջբերելով հետեւյալ երկու տողը.

Թող հոգվույս մեջեն անցնին կարգավ

Մանուկներն ընդարմացած:

Այնուհետեւ Մեծարենցը, պատասխանելով Ենովք Արմենի հնարավոր առարկությանըՙ «Ի՞նչ, հոգիին մեջ մանուկ կրնա՞ ըլլալ» , տալիս է պատկերի իր բացատրությունը. «Ու չի կրնար [Ենովք Արմենը - Ե.Տ.-Խ.] իմաստի պզտիկ կրճատումները լայնել ու հասկնալ անմիջապես, թե, օրինակի համար, մանուկը ամփոփ փոխաբերությունն է հոս մանուկ զգացումներուն, տենչերուն, հույսերուն, բաղձանքներունՙ որոնք երկար ատեն ընդարմացածՙ արեւին կենսաբաշխ ճառագայթներուն պետք ունին վերսթափելու համար» (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու, Երեւան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1981, էջ 258-259):

Այս նույն համադրական մտածողությամբ էլ Վիլյամ Բլեյքի բանաստեղծության նորածին մանկան պատկերը հայ գրողի երեւակայության մեջ կորցնում է իր մետաֆիզիկական իմաստը եւ նոր բովանդակություն է ձեռք բերում, կամ թերեւս ավելի ճիշտ կլինի ասել, որ բլեյքյան պատկերը ծնունդ է տալիս ազգային բովանդակություն ունեցող պատկերի:

Այս պատկերի հետ կապված Կոստան Զարյանը շեշտում է Վիլյամ Բլեյքի բանաստեղծական մտածողության եւ արվեստի եւս մի առանձնահատկությունըՙ տեսողականությունը: Ովքե՞ր են այն մոգերը, որ հասկացան ճաճանչող աստղի խորհուրդը, թանկարժեք եւ իմաստավոր ընծաներ որոնեցին, ձեռք բերեցին ամիսներ առաջ եւ իրենց կյանքը վտանգի ենթարկելովՙ մահալի անապատով հարյուրավոր մղոններ անցանՙ Մանկանը տեսնելու եւ երկրպագելու համար: Ո՞վ է, որ տեսնում եւ ճանաչում է Մանկանը: Բանաստե՛ղծը,- ասում է Կոստան Զարյանը:

«Հայ իրականութեան մօտենալ պարզ նայւածքով, անկարելի է:

Լուսանկարը անողոք է: Յիշատակարանըՙ հակասական:

Միայն բանաստեղծը, իր ենթագիտակցութեան մէջ, աւազների կոյտերում հրաշագործ հատիկներ կարող է ջոկել: Միայն սուրբըՙ քանի դարերից ի վեր անհետացած մեր մէջՙ կարող է տեսնել մանուկը - այն, որ լաթերի մէջ փաթթւածՙ օրօրում է մեր գաղտնի էութիւնը»:

Ուրեմնՙ միայն բանաստեղծը եւ սուրբը:

Նարեկացին կամ սուրբ Ֆրանցիսկուս Ասիզեցին:

Բայց, ըստ Կոստան Զարյանի, սուրբը չկա Հայաստանում, սուրբը բացակա է: Մնում է բանաստեղծը: Եվ բանաստեղծը տեսնում է: Այստեղ է, որ Կոստան Զարյանը մատնացույց է անում Բլեյքի պոեզիայի մի կարեւոր առանձնահատկությունըՙ տեսողականությունը: Երբ Կոստան Զարյանը ասում է, թե «Միայն բանաստեղծը, իր ենթագիտակցութեան մէջ, աւազների կոյտերում հրաշագործ հատիկներ կարող է ջոկել» , սա կապվում է ոչ թե սիմվոլիստական պոեզիայի փիլիսոփայական նախահիմքերի հետ (աշխարհն անճանաչելի է բանականությամբՙ Ռեմի դը Գուրմոն), այլ գեղարվեստական ճանաչողության հետ առհասարակ: Ինչո՞ւ է Կոստան Զարյանը Բլեյքի գրականության մեջ առանձնացնում է նրա առանձնակի տեսողականությունը: Կան մարդիկ, որոնք ընդունում են շրջապատող աշխարհը այնպես, ինչպես որ իրենք տեսնում են պարզ հայացքով եւ «հաւատում են իրենց տեսածի իրականութեան» (Երկեր, էջ 67), եւ կան մարդիկՙ «կրկնակի եւ եռակի տեսիլքի» մարդիկ, որոնք տեսնում են ոչ աչքով, «այլ աչքի մէջից եւ հեռաւորութեան մէջից» : Ըստ Զարյանի, «նրանց ոգին իրերի երեւոյթներից աւելի հեռուն է սահում: Աչքի միջով ստացած պատկերը նրանք մեկնաբանում են եւ այդ մեկնաբանութիւնն է, որ դրոշմւում է նրանց խելքի մէջ» (անդ, էջ 67): Բլեյքը դա ներկայացնում է հետեւյալ ձեւովՙ ներքին աչք եւ արտաքին աչք, հետեւապեսՙ երկու տեսողություն: Արտաքին աչքը տեսնում է առարկայի պատկերը, ներքին աչքըՙ առարկայի էությունը, խորհուրդը, գաղտնիքը:

Իրՙ Կոստան Զարյանի գրականության մեջ ներքին տեսողության յուրահատկությունը ստույգ է ու վավերական. «Փակել են իրենց ներքին աչքը...» (Երկեր, էջ 175):

Անգլիացի բանաստեղծի պոեզիայի այդ հատկությունն է շեշտում 20-րդ դարի նշանավոր մտածողներից մեկըՙ Առնոլդ Ջ. Թոյնբին իր «A Study of History» նշանավոր աշխատության հինգերորդ հատորում, որ կրում է «Քաղաքակրթությունների անկումը» խորագիրը.

«Մարդը երբեմն ունենում է այնպիսի տեսողություն, որ կարող է թափանցել մի այլ չափում: Այդպիսի տեսողությունը բանաստեղծին է տրվում, Վիլյամ Բլեյքը իր «Անմեղության երգեր»-ում ասում է.

Կապույտ երկինքըՙ մի ծաղկի մեջ,

Մի բուռ աճյունի մեջՙ հավիտենությունը,

Ամբողջ աշխարհը պահել ափի մեջ,

Ամեն վայրկյանի մեջ տեսնել հավերժությունը:

(Տողացի թարգմանություն)

Բանաստեղծը, որ ունակ է տեսնելու Այս Աշխարհի Պայծառակերպությունը Աստծո Թագավորության օգնությամբ, պետք է ինչ-որ չափով մարգարե լինի, քանզի նա տիրապետում է աստվածային ճանաչողության ներզգացողությանը, ինչը լոկ պոեզիան նրան չի կարող տալ» [*]:

Կոստան Զարյանը Բլեյքի թելադրանքը ուղղում է ազգային ճակատագրին եւ հայոց պատմությանը.

«Հայ ոգին, մանուկը եռակի տեսիլքի աչքով չի դիտւած:

Հայ պատմութիւնը կարդացւած չէ...» (Երկեր, 67):

«Վիլհելմ Բլեկ» էսսեում Կոստան Զարյանը Բլեյքի պոեզիան դիտարկում է այլ տեսանկյունից: «Երբ Վիլհելմ Բլեկը արտասանեց տասնիններորդ դարու ամենակարեւոր խոսքը, մարդ չեղավ նրան լսելու համար» ( Կոստան Զարյան, «Նավատոմար», Երեւան, 1999, էջ 280): Այդ «ամենակարեւոր խոսքը», ըստ Կոստան Զարյանի, «բացարձակ ազատության» խոսքն է: «Ազատություն մարմնի եւ ոգու, կրքերի եւ մտքի համար, սակայն, պայմանավ, որ մարդկային, ինքն իր մեջ ամփոփված ամբողջ կարողությունը ձգտի երեւակայության, այսինքնՙ հոգեկան աշխարհի դրսեւորման,- միակ իրական եւ հավիտենական աշխարհը, որի առջեւ այդ «բուսական տիեզերքը» դժգույն մի ստվեր է» («Նավատոմար», էջ 281):

«Վիլհելմ Բլեկ» էսսեում Կոստան Զարյանը իր խոսքը կառուցում է գիտական-բանասիրական ստույգ հիմքի վրա: Էսսեն ունի գրականագիտական-տեսական մտքի հավաստիություն եւ զարյանական մտածողության բանաստեղծական պատկերավորություն: Զարյանը գրում է. «Իր մահից երեսունվեց տարի հետո միայն նրա մեծության առաջին գյուտը արին» : Դա ասելով Զարյանը նկատի ունի «պրեռաֆայելյան ընկերության» մարդկանցից մեկիՙ Ալեքսանդր Գիլկրիստի (Alexandre Gilchrist) պատրաստած Վիլյամ Բլեյքի երկու հատորանոց կենսապատումըՙ «The Life of William Blake», որ անգլիացի բանաստեղծի առաջին կենսագրությունն է եւ լույս է տեսել իրոք Բլեյքի մահից երեսունվեց տարի հետոՙ 1863 թվականին Լոնդոնում: Շարունակելով իր միտքը, Զարյանը գրում է. «...մի շարք բանաստեղծներ - Ռոսսետտին, Սվինբուրնը, Իտսը, Սայմոնսը, մոտեցան նրա երկերին սրտադող երկրպագությամբ եւ հուզմունքով» : Այստեղ նույնպես Զարյանը ստույգ է. Ռոսսետտի եղբայրներից Վիլյամ Մայքլը (William Mikael Rossetti, 1829-1919) 1874 թվականին հրատարակել է Բլեյքի պոեզիայի մասին առաջին ուշագրավ աշխատություններից մեկըՙ «The Poetical Works of William Blake, with a Prefatory Memoir» խորագրով: Ալջերնոն Սուինբյորնի (Swinburne, 1837-1909) գիրքըՙ «A Critical Essay on W. Blake» վերնագրով, առաջին անգամ լույս է տեսել 1868 թվականին եւ մինչեւ 1925 թվականը վերահրատարակվել է երկու անգամՙ 1906 եւ 1925 թվականներին: Զարյանը հավանաբար ծանոթ է եղել վերջին հրատարակությանը:

Իռլանդացի բանաստեղծ Վիլյամ Բաթլեր Յեյթսը (Yeats, 1865-1939) առաջիններից մեկն է, որ առանձին ուսումնասիրություն է նվիրել Բլեյքի ստեղծագործությանը, ճիշտ էՙ իր նկարչությանը, «William Blake and his illustrations to Dante» խորագրով, որ հրատարակել է «The Savoy» հրատարակչությունը 1896 թվականին: Այն վերահրատարակվել է 1903 եւ 1908 թվականներին:

Սայմոնս ասելով Զարյանը նկատի ունի անգլիացի բանաստեղծ եւ գրական քննադատ, Յեյթսի եւ Ջորջ Մուրի բարեկամ, «The Savoy» ազդեցիկ գրական պարբերականի խմբագիր (1896) Արթուր Վիլյամ Սայմոնսին (Symons, 1865-1945), որ հեղինակել է «William Blake» աշխատությունը: Զարյանը ծանոթ է եղել այս աշխատության առաջին հրատարակությանը (1907), երկրորդ հրատարակությունը եղել է 1928-ին, երբ Կոստան Զարյանը արդեն գրել էր իր էսսեն:

Կոստան Զարյանի էսսեն փաստորեն բաղկացած է երկու մասից: Առաջին մասում Զարյանը բնութագրում է Բլեյքի ստեղծագործությունը, տալիս է նրա տեղի ու դերի, նրա նշանակության իր գնահատականը, նրա ստեղծագործության իր մեկնաբանությունը, երկրորդ մասում խոսում է Բլեյքի կենսագրության ու գրքերի, կյանքի եւ մահվան մասին:

Իր էսսեի առաջին մասում Կոստան Զարյանը շեշտում է ազատության գաղափարը Բլեյքի ստեղծագործության մեջ, այն բացարձակ ազատությունը, որ, ըստ Կոստան Զարյանի, նախապայմանն է արվեստի եւ կրոնի: Զարյանը Բլեյքի ստեղծագործության մեծագույն իմաստը համարում է ազատությունը, ազատություն մարմնի եւ ոգու, կրքերի ու մտքի համար: Զարյանը այդ ազատությունը համարում է նախապայման ստեղծագործության համար, ուստի եւ այն կապում է ստեղծագործական երեւակայության հետՙ «...սակայն, պայմանավ, որ մարդկային, ինքն իր մեջ ամփոփված ամբողջ կարողությունը ձգտի երեւակայության, այսինքնՙ հոգեկան աշխարհի դրսեւորման...» («Նավատոմար», էջ 281):

Էսսեի երկրորդ մասում Կոստան Զարյանը ընդգծում է գրողի երեւակայության խնդիրը, այսինքնՙ ստեղծագործական ազատության խնդիրը: Ըստ Զարյանի, ստեղծագործական ազատությունը գալիս է մարդ-անհատի ազատությունից: Զարյանը Բլեյքի ստեղծագործության մեջ երեւակայությունը նույնացնում է հոգեկան աշխարհի հետ, ինչը որեւէ ստեղծագործության նախահիմքն է: Բլեյքը ստեղծագործության մեջ մեծ տեղ է հատկացնում երեւակայությանը. «Երեւակայությունը մարդն իսկ է» : Ալբերտ Այնշթայնը գիտության շուրջ խոսելիս մի առիթով ասում է, թե «երեւակայությունը գիտելիքից կարեւոր է, որովհետեւ գիտելիքը սահմանափակ է, երեւակայությունը աշխարհում ընդգրկում է ամեն ինչ, խթանում է առաջընթացը եւ դրա զարգացման սկզբնաղբյուրն է: Խիստ ասած, երեւակայությունը իրական գործոն է գիտական հետազոտության մեջ» [**]:

Ինքը Կոստան Զարյանը նույնպես գեղարվեստական ստեղծագործության մեջ առանձնակի տեղ է հատկացնում գեղարվեստական երեւակայությանը: «Կղզին եւ մի մարդ» վիպակում, որի գլխավոր հերոսը ճարտարապետ է եւ ոչ թե բանաստեղծ, ստեղծագործության մասին մտածում է բանաստեղծորեն: Հերոսը քայլում է փողոցով, եւ նրա ուղեղում սկսում են ուրվագծվել բանաստեղծական խոսքի առաջին տողերը. «Բառերը սկսում են երգել, եւ պատկերները բաց են անում ճապոնական թռչունի վառվռուն իրենց թեւերը: Ձայն, շեշտ, գոյն միանում են, ոլորուն սանդուխներով վեր են բարձրանում եւ շունչդ յանձնում տիեզերքին: Քայլում ես եւ չես նկատում, որ ամբողջ փողոցը մասնակցում է յօրինւող պօէմային, որ մարդկանց դէմքերի վրայ լոյս է նստել, որ նրանց աչքերից վերացան կայծեր են վայր ընկնում, որ նրանց ձեռքերը ողողւել են պայծառութիւնով, որ քո քայլերդ հնչում են համատրոփՙ նրանց սրտերի բաբախման հետ:

  Դու այդ ամէնը չես տեսնում, ոչ ոք այդ ամէնը չի տեսնում, եւ, սակայն, այդ իրողութիւն է» («Կղզին եւ մի մարդ», «Նորք», 1992, N 8, էջ 23):

Պարզ երեւում է, որ Կոստան Զարյանը ստեղծագործության մեջ երեւակայությանը հատկացնում է նույն կամ գրեթե նույն դերը, ինչ անգլիացի բանաստեղծը: Բլեյքյան տեսողականությունը ծնվում է երեւակայությունից կամ, որ նույնն է, հիմնականում պայմանավորված է երեւակայության ուժով: Ուրեմն, ստեղծագործական մեծագույն ուժը երեւակայությունն է: Այստեղ էլ Կոստան Զարյանը համամիտ է անգլիացի բանաստեղծին:

Կոստան Զարյանը Բլեյքի առիթով խոսում է, իհարկե, իր մասին. երկրից ու հայրենիքից, իրականությունից ու միջավայրից երիցս արտաքսված, այսինքնՙ պարզ տեսողությամբ հայեցվող եւ ընկալվող առարկայական աշխարհից զրկված գրողը հետայսու պետք է ապավինի,- եւ ապավինում է,- միայն եւ միայն իր ներքին տեսողականությանըՙ իր երեւակայությանը: Եվ, իսկապես, հաջորդող տարիներին ներքին անկասելի մղումը, գրողական ձիրքը, եւ հզոր երեւակայությունը ծնունդ են տալիս Հայաստանի ու հայության մասին գրված Կոստան Զարյանի մեծ գրականությանը, ուր երկրի եւ իրականության, ժողովրդի նկարագրի ու հոգեկան կացության գեղարվեստական պատկերը զարմանալիորեն ստույգ է, ճշմարիտ, վավերական ու ամբողջական: Բայց սա արդեն ուրիշ խնդիր է:

Այստեղից արդեն անցումը դյուրին է, եզրահանգումըՙ պարզ. ակնհայտ է դառնում, թե համաշխարհային գրականությանը քաջատեղյակ հայ գրողն ինչո՞ւ է «հանկարծ» գրիչ վերցնում գրելու եվրոպական ամենախորհրդավոր ու առեղծվածային բանաստեղծներից մեկի կյանքի ու գրականության մասին:

Վիլյամ Բլեյքի մասին գրելովՙ Կոստան Զարյանն անուղղակիորեն պարզում է իր գրական մտածողության, իր գրականության կարեւոր սկզբունքները: Հայ գրողն իր մեծ գրականության շեմին էր, եւ «Վիլհելմ Բլեկ» էսսեն դա մատնացույց է անում:

Եվ շրջանը փակվում է...

*АДж.  Тойнби.  Постижение истории.  Избранное.  Москва.  Айрис-Пресс,   2002,  стр.   460.

**Альберт Эйнштейн.  Собрание научных трудов в четырех томах.  Под редакцией И.  Е.  Тамма,  Я.  А.  Смороднекого,  Б.  К.  Кузнецова.  Том  IV.  Издательство Наука,  Москва,   1967,  .   142.


Նկար 1. Գործՙ Մինաս Ավետիսյանի, 1966 թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4